Մենք չունենք լաւ կրթական համակարգ ու չենք էլ կարող ունենալ։ Դա ոչ թէ նրանից է, որ մենք բութ ենք կամ ի վիճակի չենք փոխել այդ համակարգը, այլ դա անհնար է այն պատճառով, որ չունենք ոչ մի նորմալ բան։ Կրթական համակարգը ողջ ներքին պետաական-հասարակական կեանքի մի մասն է ու երբ ներքին առումով մենք գտնւում ենք գլխաւորապէս նեխած ու քայքայուած վիճակում, ապա չենք կարող ունենալ ընդհանուր վատ ու էդ ֆոնին՝ լաւ համակարգ։

Հնարաւոր չի ունենալ ընտիր տնտեսութիւն, զարգացած հասարակութիւն, որակեալ քաղաքականութիւն, արդիւնաւէտ գիտութիւն, բայց վատ կրթական համակարգ, այսինքն հնարաւոր չէ ներկայիս աւերուած տնտեսութեան, ցածր մակարակի արուեստի ու մշակոյթի, քրէա-ռապիզ վիճակում ունենալ լաւ կրթական համակարգ։ Ճահիճում վարդեր չեն աճում։

Կրթական համակարգը օդում կախուած առանձին երեւոյթ չէ։ Այն կայացնում ու դրան մասնակից են մարդիկ, ովքեր ապրում են պետութիւնում, որը խելքից դուրս խնդիրներ ունի։ Վատ տնտեսութեան, քրէա-ռապիզ մթնոլորտում, յետադիմական, ամէն մի բառի համար իրար վրայ դանակ քաշող, ԽԾԲ-ով ապրող եւ շատ ու շատ նողկալի սովորոյթներ ունեցող, հովանաւորչութիւնը քաջալերող մարդիկ չեն կարող լաւ կրթական համակարգ ունենալ։ Նրանց կողքն ապրող փրոկրեսիւ մարդիկ մեկուսացւում են, չեն կարողանում փոփոխութիւններ կատարել։ Կրթական համակարգը չի կարող լաւը լինել, երբ հասարակութիւնն ինքը մերժում է կրթութիւնը։ Կրթական համակարգը չի կարող ծաղկել այնտեղ, ուր մարդիկ ծաղրում են կրթութիւնը, ուր աճում է յանցաւորութիւնը, թմրամոլութիւնը, սպանութիւնները, կռիվները, խաղամոլութիւնը եւայլն։ Ինչքան էլ լաւ ու որակեալ չափորոշիչներ ներմուծուեն, դրանք չեն աշխատելու, որովհետեւ ո՛չ ուսուցիչը, ո՛չ աշակերտը դրանց ներքուստ չեն հաւատում, չեն վստահում, չեն յարգում։ Այդ չափորոշիչները դպրոցից ու համալսարանից դուրս չեն աշխատում, չեն իրացւում, չկան։ Դպրոցը կամ համալսարանը չեն կարող արդիւնաւէտ ու որակեալ կրթութիւն ունենալ, երբ դրա պատերից դուրս դեռեւս 90-ականների ռապիզն է նոր ծիլեր տալիս։ Ռազբորկաների սովոր աշակերտը չի կարող մտնել դպրոց, դառնալ գիտակից ու խելացի, յետոյ դասն աւարտի, դուրս գայ փողոց, դանակ քաշի մի թեթեւ բառի համար, յետոյ յաջորդ օրը նորից գայ դպրոց ու լաւ եւ համոզուած սովորի։ Սոցիալապէս ճզմուած ուսուցիչը չի կարող մտնել դպրոց ու հրաշքներ կատարել։ Աւելին՝ ուսուցիչն ու աշակերտը ապրում են երկու տարբեր իրականութիւններում, երկու տարբեր պատկերացումներում։ Մեր կրթական պահանջները եւ իրականութեան մէջ ապրող միջին հայը հակասում են իրար։ Դրանք իրական չեն, չեն աշխատելու։

Կրթական համակարգը, ինչպէս նաեւ միւս բոլոր ոլորտները լաւը չեն ու չեն կարող լաւը լինել անհատապէս, երբ մնացած ամէն ինչն անմխիթար վիճակում է։ Երբ ամէն ինչ խեղուած է, կրթութիւնը չի կարող բացառութիւն լինել

Անհատական մօտեցումները, առանձին մասնաւոր կամ պետական մի քանի դպրոցները, մի քանի ուսուցիչն ու աշակերտը չեն կարող համակարգ փոխել։ Հենց էդտեղ է համակարգի ու անհատի տարբերութիւնը։ Մի ծաղկով գարունը նախ ռիսքային է, երկրորդ՝ աշխատում է կարճաժամկէտ ու արագ գործողութիւնների դէպքում, իսկ կրթական համակարգը տասնամեակների ներդրում է պահանջում։ Միայն աշխատավարձ բարձրացնելով (էն էլ մասնակի ու լայն ազդեցութիւն չթողնող) համակարգ չես փոխի։

Կրթական համակարգում իրօք լայն ու դրական տեղաշարժ ունենալու համար նախ պիտի ունենաս ընդհանուր հասարակութեան մէջ գիտական, գիտակցական, տնտեսական փոփոխութիւններ, որ մէկը միւսին օժանդակի ու վեր քաշի։

Կրթական դրական փոփոխութիւններ արձանագրելու համար հարկաւոր է առնուազն 10 տարի, մինչեւ մի սերունդ ամբողջովին այդ համակարգում սովորի, այնուհետեւ եւս 4-6 տարի, որ դպրոցական որակեալ կրթութիւնը կատարելագործուի համալսարանում, իսկ յետոյ եւ մի քանի տարի, որ այդ ընթացքում ստացած լաւ կրթութիւնն իրացուի տնտեսութեան, բանակի, գիտութեան, քաղաքականութեան ու հենց նոյն կրթական հատուածներում, այսինքն առնուազն 20 տարի յետոյ կարող ենք արձանագրել, որ կրթութիւնը լաւն է ու արդիւնքները տեսանելի են։ Բայց դա այն դէպքում, եթե փոփոխութիւնները սկսուեն հենց այսօր ու հենց հիմա։ Ու նոյնիսկ դա դեռ չի երաշխաւորում, որ ամէն ինչ լաւ կը լինի։ Կարեւոր է, որ այդ նոյն կրթութիւնը իրօք սպասարկի պետական ու հանրային շահը։ Այսինքն այն ինչ սովորեցում են, դա մի օր իրօք պէտք գայ, ոչ թէ սովորեն՝ սովորելու համար։ Ե՛ւ սովորեցնողը, ե՛ւ սովորողը ամէն օր իրենց շուրջը նայելիս պէտք է համոզուեն, որ իրենց նիւթը հենց այդ պահին էլ օգտակար է, պէտք է գալիս, հնարաւոր է դրանով անհատական ու հանրային բարիք ստեղծել, հակառակ դէպքում անհնար է մարդուն համոզել, որ նա փիլիսոփայի ջանադրութեամբ սովորի, բայց չհասկանայ, թէ ի՞նչ է անելու այդ կրթութեամբ ստացուած արժէքների հետ։

Գիտէ՞ք, որ աշակերտների մի հսկայ հատուած նորմալ գրել-կարդալ չգիտէ, որ նորմալ գրագէտ խօսք չեն կարողանում ձեւակերպել, չեն կարողանում յիշել։ Գիտէ՞ք, թէ էլի լռենք, որովհետեւ “մեր երեխէքն են, ամօթ է”։

Ես չեմ հասկանում, թէ մեր պատասխանատու մարմինները իրօ՞ք չեն հասկանում խնդրի էութիւնը, թէ՞ հասկանում են, բայց անհնար են համարում դա բարձրաձայնելը, որովհետեւ այդ դէպքում վախ կայ, որ կ՛ունենանք փլուած համակարգ եւ ուրիշ ոչինչ։

Բայց այն հիմա էլ փլուած է։ Եթէ փաստաթղթերով ամէն ինչ նորմալ է, դա դեռ չի նշանակում, որ իրօք ինչ որ բան նորմալ է։ Մարդը չի կարող տասը ծանր հիւանդութիւն ունենալ, տառապել ցաւերի մէջ, բայց ուղեղը շատ լաւ աշխատի, կամ սիրտը շատ լաւ վիճակում լինի։ Մենք հենց այդ քաղցկեղով հիւանդի վիճակում ենք, որ գերադասում ենք ուղեղի բորբոքման դէպքում ճակատին սառը թրջոց դնել։

Յետոյ էլլ զարմանում ենք, թէ էս ինչու աշակերտները չեն սովորում։ Բայց ինչո՞ւ պիտի սովորեն։ Ինչո՞ւ։ Որովհետև Լենին պապին է նման բան ասել, թէ՞ որորվհետեւ ցածր ստանալն ամօթ է ու գնահատականի մրցավազք է, ընդ որում դատարկ ու անօգուտ։ Աշակերտը ոչ մի պատճառ չունի լաւ սովորելու։ Ամէնաշատը որ նա տեսնում է, դա իրաւաբան ու ծրագրաւորող դառնալն է, աւելի քիչ դէպքերում՝ բժիշկ։ Դա էլ դառնում են ոչ թէ այն պատճառով, որ իրաւասիրութիւնը մեր գենի մէջ է, այլ որովհետեւ դա է փող բերում։

Ցանկացած պլոկըր ծալած ունի ողջ կրթական համակարգը։ Ցանկացած մեծահասակների համար նախատեսուած վիտէօ-պլոկըր իր եկամուտով յաղթում է տասնեակ մանկավարժների, ցանկացած գովազդային պլոկըր մի քիչ իր ուսիկը բացելով ու ինչ որ խանութ գովազդելով աւելի շատ հնարաւորութիւններ ունի, քան մանկավարժն ու դասախօսը։ Աշակերտը բութ չէ, նա այդ ամէնը տեսնում է։ Նա տեսնում է, որ ինքն ապրում է մի երկրում, ուր կարելի է յաջողութեան հասնել առանձնապէս չկրթուելով, նա տեսնում է, որ կրթուածների մեծ մասն աղքատ է, վախեցած ու մի կողմ քաշուած, նա տեսնում է, որ քրէական խօսքը, դանակը, լաւ ծանօթն ու պլոկըրութիւնը աւելի ձեռնտու է, քան տարիներով տանջուելը, որի հետեւանքը չգիտես, թէ ինչ է լինելու։

Ինչքան ուզում էք չափորոշիչ մշակէք, սերթիֆիքատ, դասընթաց, հաւաստագրեր, ամառային ու աշնանային դպրոց, մասթըր-քլաս ու Աստուած գիտէ էլ ինչ։ Ոչ մի փոփոխութիւն չկայ ու չի էլ լինելու, որովհետեւ, եթէ նոյնիսկ էդ ամէնը շատ լաւ է, ապա մնացած ամէն ինչը շատ շատ շատ վատ է ու էդ ամէնի ֆոնին լաւ կրթական համակարգն ու Մեծ Հայքի վերականգնումը նոյն քաթեկորիայից են։ Ողջ հանրապետութիւնով մէկ սերթիֆիքաթների հեղեղ է։ Ողջ երկրով մեկ անհատական ու խմբային ինչ որ ցնցող դասընթացներ ու հաւաստագրեր են բաժանւում։ Արդիւնքը՝ զրօ։ Ոչ մի բան չի փոխւում։ Նախարարութիւնն ու իր միւս, օժանդակ կառոյցները առանց դադարի սովորեցնում են, մշակում են, հաստատում են, փոփոխում են․․․․ոչ մի էական տեղաշարժ։ Չկայ ու չի էլ լինի, որովհետեւ մնացած ամէն ինչը վատ է, փլուած է, փլւում է։

Ոչ կրթութիւնը կը լաւանայ, ոչ էլ որեւէ բան, քանի դեռ մեր արժէքները էս ամէն ինչն են ու քանի մեր մօտեցումները էսքան նեղ են ու սահմանափակ։

Աշակերտներին մի կպէք։ Նրանք բութ ու յիմար չեն։ Ընդհակառակը, նրանք ամէն ինչ շատ լաւ են տեսնում, հասկանում ու սովորում։ Այլ հարց է, որ նրանք սովորում են ոչ թէ պաշտօնական նիւթերը, այլ այն, ինչը տեսնում են իրականում, ինչը կիրառւում է իրականում, աշխատում է։ Ցանկացած երեխայ դառնում է այն, ինչ նրա մէջ լցնում է հասարակութիւնը։ Փճացած աշակերտը փճացած հասարակութեան պտուղն է։ Սովորենք տարբերել պատճառը հետեւանքից։

Արայիկ Մկրտումեան

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ