
1
Երէկուայ թատերականցուած կրքերը, ինչպէս նաեւ հայկական համացանցի արեւմտամէտ-ռուսամէտ կրկէսը մի կողմ թողած, իրականութիւնն այն է, որ Ուքրաինական պատերազմը վաղուց սպառել է իրեն, եւ մտել փակուղի:
Սրա մասին նոր չեմ գրում, դեռ անցած տարուանից ասում եմ, մի առանձին հաղորդում եմ նաև տեսագրել ժամանակին, դրա համար հիմա էլ արխային կրկնում եմ:
Ոչ Ռուսաստանը, ոչ Ուքրաինան (դեռ մի կողմ թողած ներգրաւման աւելի լայն սպեկտրը) ի զօրու չեն ռազմական գործողութիւններով լուծել որեւէ ստրատեգիական նպատակ:
Մասնաւորապէս:
Ռուսներն այլեւս ի զօրու չեն Ուքրաինան իրանցով անել, մտցնել իրենց ազդեցութեան գօտի` “եդինիյ նառոդ” իրենց կոնցեպցիայի շրջանակներում: Չխորանամ` բոլոր ադեկվատ մարդիկ յիշում են ու հասկանում, որ Ռուաստանի սկզբնական նպատակը հաստատ Դոնբասի մի քանի քաղաքը գրաւելը չէր, ոչ էլ երեք տարի ծանր կռիւ մղելն էր: Այս հեռանկարը ռուսները կորցրեցին շատ արագ` դեռեւս պատերազմի առաջին մի քանի ամսուայ ընթացքում: Դրանից յետոյ, ռուսների համար մնացին միայն տակտիկական նպատակներ` ինչպէս դուրս գալ այս պատմութիւնից նուազագոյն կորուստներով: Պէտք է ասել, որ տակտիկական էս մակարդակում, ռուսները կարողացան բաւականին յաջողութեան հասնել:
Ուքրաինացիները նոյնպէս արդէն վաղուց ի վեր ի զօրու չեն յետ վերադարձնել այն տարածքները, որոնք կորցրել են, ոչ էլ ի զօրու են որեւէ նոր լուրջ պարտութեան մատնել ռուսական զինուժը` այնպէս, որ դա լուրջ ստրատեգիական ազդեցութիւն ունենայ:
Ուքրաինացիներն իրենց շանսերը կորցրեցին 2023 թուականի հակայարձակման անփառունակ տապալումից յետոյ:
Ինչու դա տապալուեց:
Այստեղ նոյնպէս միստիկա չկայ:
Հակայարձակումը չափից աւելի երկար նախապատրաստուեց, դրա մասին աներեւակայելի շատ քննարկուեց եւ խօսուեց հրապարակայնօրէն` մինչեւ սկսուելը: Դրա բոլոր դետալները նախապէս յայտնի էին նոյնիսկ դպրոցական երեխաներին, էլ չասած ռուս գեներալներին: Արդիւնքում անսպասելիութեան այդքան կարեւոր էֆեկտը հաւասարուեց զրոյի, եթէ ոչ մինուս հարիւրի: Բնականաբար դա արժանացաւ նոյն բախտի, ինչ պատմութեան մէջ արժանացել են նրանից առաջ բոլոր նման “պոմպեզ” ռազմական գործողութիւնները:
Սա ի դէպ, արդէն Արեւմուտքի առկակ ռազմաքաղաքական համակարգի անադեկվատութեան դրսեւորումն էր: Գործողութեան մէջ ներդրուած էր լիքը փող, լիքը զէնք, լիքը փիառ, բայց զրօ միտք: Սա պէտք է լաւ յիշենք, որովհետեւ տիպիկ հայ իմաստունը ռազմական գործողութիւնը նոյնպէս պատկերացնում է այս ոճով` լիքը զէնք առնենք, լիքը փող ծախսենք, դրսից օգնութիւն ստանանք ու ….:
Շատ կարեւոր է, ուրեմն, արձանագրել, որ ուքրաինացիք տարան իրենց կաղթանակներն այն ժամանակ, երբ կռուեցին գերազանցապէս սեփական խելքի, կամքի, հնարամտութեան եւ սուղ հնարաւորութիւնների վրայ յենուելով, նաև ելնելով սեփական երկրի աշխարհագրութիւնից, պատմութիւնից, հոգեբանութիւնից:
Հակառակը` ուքրաինացիք պարտուեցին, երբ Արեւմուտքի ռազմական օգնութիւնն ու նեգրաւուածութիւնը հասաւ առաւելագոյնի, երբ ստացան առաւելագոյն զէնք, պատրաստեցին առաւելագոյն մարդ, եւ փորձեցին վարել “դասական” պատերազմ` կտրուած սեփական պայմաններից:
Սա գրում եմ ադեկվատ հայերի համար, որոնց հետաքրքիր է դասեր քաղել իրական փորձից: Կրկնենք` ուքրաինացիք յաղթում էին, երբ հէնքը սեփականի վրայ առաւելագոյնն էր, իսկ արտաքին օգնութիւնը` նուազագոյն, եւ պարտուեցին, երբ արտաքինն առաւելագոյնն էր: Եւ սա պատահականութիւն չէր, այլ օրինաչափ:
Սրանից յետոյ, պատերազմը վերջնականապէս դեգեներացուեց, վերածուեց Առաջին համաշխարհայինի մի ուրուականի:
Իրականում սա չտեսնուած, անպատկերացնելի երեւոյթ է` Առաջին համաշխարհայինի Արեւմտեան ճակատի 1915, 16, 17, 18 թուականների մռայլ մղձաւանջի վերադարձը ժամանակակից տեխնիկական պայմաններում: Սա մի բան է, որը ոչ ոք չի կանխատեսել եւ չէր ուզենայ կանխատեսել: Նոյնիսկ լուծումները` հետեւակային շտուրմային խմբերով մեթր առ մեթր առաջ գնալը բառացի կրկնում են 18 թուի գարնանային յարձակման Լիւդենդորֆեան տակտիկան:
Սա պատահական չկոչեցի պատերազմի դեգերացիա: Նման պատերազմներն ամէնամեծ զոհերն են ենթադրում, ամէնաքիչ արդիւնքները, հիւծում են երկու կողմերին էլ, ռազմական միտքն այստեղ հասնում է նուազագոյն մակարդակի, եւ պարտւում են նոյնիսկ անուաապէս յաղթողները: Միակ հնարաւոր պլիւսը` նման դաժան փորձառութիւնից դուրս կարող է գալ մարդկանց մի լրիւ նոր, գոյութենական խորքերի փորձ ունեցող մի տիպ:
2
Պատերազմն, ուրեմն, իրեն սպառել է:
Եւ այս իմաստով Թրամփը թեման ճիշդ էր բռնացրել:
Պատերազմի դադարեցումը պէտք է լինէր քաղաքական առաջնորդման հասունութեան ցուցիչ:
Փորձը, սակայն, յատկապէս երէկուանից յետոյ, ցոյց տուեց, որ Թրամփը խնդիը հասկացել էր մօտաւորապէս “սաղ նախկիններն են մեղաւոր” “ես բերել եմ ձեզ խաղաղութեան դարաշջան” կամ “մեր կառավարութիւնը ներկայացնում է խաղաղութեան խաչմերուկ նախագիծը” մեզ ծանօթ մակարդակի:
Պէտք է խոստովանեմ, ինձ համար սա անակընկալ էր գոնէ որոշ չափով:
Թրամփի թիմի պահուածքը քննադատութեան արժանացաւ այդ թւում նրան համակրող անգլիացի պահպանողականների կողմից, եւ աւանդական` թորիների, եւ նորերի` Նայճըլ Ֆարաճի կողմից: Հետաքրքիր է, որ Ամերիկայում էլ Թրափմից շատ աւելի աջ դիրքերց հանդէս եկող հարթակներում, օրինակ Քոնթըր Քարրենթսում նոյնպէս քննադատեց Թրամփենց պահուածքը:
Մի պահ շատերին աշխարհում թուաց, որ Թրամփը իր բոլոր էքսցենտրիկ ու նարգիս դրսեւորումներով հանդերձ կարող է իրօք պատասխան լինել արեւմտեան քաղաքակրթութեան գագաթին հասնող ճգնաժամին, որի մարմնաւորումներից էր դեմենցիայով տառապող աշխարհի թիւ մէկ երկրի նախագահ Պայտընը: Բայց երէկուայ միջադէպը այդ նոյն շատերին ցոյց տուեց, որ Թրամփը ոչ թէ լուծում, այլ հենց ինքն էլ այդ նոյն ճգնաժամի մարմնաւորումներից է` մէկ այլ դէմքով ու կողմով:
Ինչպէս Հին Հռոմի ճգնաժամի տարիներին, մէկը միւսին փոխարինում էին ամէն մէկն իր ձեւի էքսցենտրիկ կայսրեր:
3
Ինչ անենք մենք` հայերով:
Ոչ մի առանձնայատուկ բան:
Շարունակենք գիտակցել, որ ժողովուրդների բախտն իրենց ձեռքում է, եւ մենք նորից ու նորից ստանում ենք դրա ապացոյցները:
Շարունակենք ամրացնել այն գիտակցութիւնը, որ մենք պայքարի մէջ ենք, որը մեզ պարտադրուած է, ու առանց այդ պայքարում յաղթելու, այսպէս թէ այնպէս չունենք հնարաւորութիւններ:
Հասկանանք, որ վտանգն աշխարհի բնական կերպն է, եւ վտանգից պէտք է ոչ թէ ընկճուել, այլ ամրանալ ու մոբիլիզացուել:
Շարունակենք մեռցնել մեր միջի ու մեզ պարտադրուած տխուր, խեղճ, գաւառական “հային”, եւ ուրախանանք, որ ապրում ենք ուրախ, իրադարձութիւններով հարուստ ժամանակներում:
Երբեք ու երբեք, ոչ մի պարագայում, չլսենք որեւէ ռանգի, մաստի ու կողմնորոշման “հայ իմաստուններին”, որոնց միակ քարոզածը միշտ վախն է, տագնապը, թուլութիւնը, կորւոտսը, աղէտը ու փախուստն իրականութիւնից:
Մեր առջեւ դնենք մեծ նպատակներ` Յաղթանակ ու Վերածնունդ, ու իրականացնենք դրանք:
Հրանդ Տէր Աբրահամեան
Ֆէյսպուքեան Գրառում







Մեկնաբանէ