
Հայկական ծագմամբ շուէյցարացի անկախ լրագրող եւ լուսանկարիչ, մարդու իրաւունքների յայտնի պաշտպան Դեմիր Սյոնմէզը, որը 1990-ական թուականներին Թուրքիայից արտաքսուել է Շուէյցարիա, տպագրութեան է պատրաստել «Վիրաւոր արծիւը» ֆրանսերէն եւ հայերէն գիրքը՝ ներկայացնելով 2020թ. Լեռնային Ղարաբաղի դէմ Ատրպէյճանի սանձնազերծած պատերազմը, 2023թ. հայաթափումը:
Արմէնփրէսի հետ զրոյցում նա 2020 թուականի Սեպտեմբերի 27-ը համարեց հայոց պատմութեան նոր սեւ էջ, երբ Ատրպէյճանը՝ տարածաշրջանում ամէնամեծ բանակն ունեցող Թուրքիայի, ինչպէս նաեւ Իսրայէլի ու Փաքիստանի աջակցութեամբ, գերտէրութիւնների լռելեայն հայեացքի ներքոյ յարձակուեց Լեռնային Ղարաբաղի վրայ։ Նրա համոզմամբ՝ դա հայ ժողովրդի նկատմամբ նոր ցեղասպանութեան փորձ էր, ինչի մասին նշել է իր վաւերագրութեան մէջ։ Շուէյցարիայի հայկական միութիւնը տեղի քաղաքական գործիչների, պատգամաւորների եւ այլոց մասնակցութեամբ կազմակերպեց բողոքի բազմաթիւ ակցիաներ՝ հայ ժողովրդին յայտնելով անվերապահ աջակցութիւն։
«Ես նոյնպէս մասնակցում էի ակցիաներին եւ իմ բլոգում («La Tribune de Genève») անդրադառնում դրանց, սակայն այդ ամէնն ինձ չէր բաւականացնում, ուստի որոշեցի մեկնել Արցախ, առաւել եւս, որ նախկինում աշխատել էի Սիրիայում եւ Իրաքում, ունէի անհրաժեշտ փորձառութիւն։ Մի օր ինձ զանգահարեց «Արմէնփրէս» գործակալութեան աշխատակից Րաֆֆի Հերմոն Արաքսն ու յայտնեց, որ Արցախում ընթանում են թէժ մարտեր։ Այլեւս չսպասեցի եւ անմիջապես ժամանեցի Հայաստան: Ես երկու ընկերներիս հետ մեկնեցի Արցախ»,- պատմեց նա։
Նա եղել է Շուշիում, Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում։ Պատերազմն աւելի շատ է ներգործել նրա վրայ։ Սյոնմէզի բնորոշմամբ՝ բարբարոսների կոալիցիան յարձակուել էր փոքրիկ, բայց հերոսական ժողովրդի վրայ։
«Տեսնում էի, թէ ինչպէս 18-20 տարեկան տղաներն առանց վախի մարտնչում էին ու չէին մտածում, որ ընդամէնը մէկ-երկու շաբաթ տեւած վարժանքներից յետոյ դիմակայելու էին ՆԱՏՕ-ի թուակազմով երկրորդ բանակին ու ատրպէճանական զինուժին։ Անհաւանական էր ու աներեւակայելի։ Վախ չտեսայ նաեւ երիտասարդ կամաւորների աչքերում, ովքեր թողել էին ուսումն ու եկել հայրենակիցներին օգնելու»,- ասաց վաւերագրող լուսանկարիչը։
Երբ վերադարձաւ Շուէյցարիա, որոշ ժամանակ գտնւում էր պատերազմում տեսած դրուագների ծանր ազդեցութեան տակ։ Այնուհետեւ որոշեց այդ ամէնը հաւաքել եւ լուսանկարների ու յօդուածների տեսքով ներկայացնել հանրութեանը։ Գիրքը երկու անգամ հրատարակուեց Բուլղարիայում 1400 օրինակով, անգլերէն եւ ֆրանսերեն, որովհետեւ շուէյցարական ոչ մի տպագրատուն յանձն չառաւ գրքի հրատարակումը։ Շուէյցարիան չէր ցանկանում խաթարել յարաբերութիւններն Ատրպէյճանի հետ, որովհետեւ այդ երկրից ստանում է էներգակիրներ։ Գիրքը հետագայում տպագրուեց նաեւ Հայաստանում` ֆրանսերէն եւ հայերէն: Տպագրութեան է պատրաստւում երկրորդ ընդլայնուած հրատարակութիւնը՝ կրկին ֆրանսերէն եւ հայերէն. ներառուած է նաեւ Լեռնային Ղարաբաղի 2023թ. հայաթափումը:
Շուէյցարիայում ամէն տարի կազմակերպւում է մրցանակաբաշխութիւն, որի ընթացքում ընտրուած լաւագոյն լուսանկարներն արժանանում են յատուկ մրցանակների։ 2021 թուականին առաջին երեք մրցանակները ստացան Լիբիայում, Իրաքում եւ Սիրիայում արուած լուսանկարների հեղինակները։ Բայցեւայնպէս, Դեմիր Սյոնմէզի գրքից 2020թ. 44-օրեայ պատերազմին առնչուող չորս լուսանկարներ երեք ամիս շարունակ ցուցադրուեցին Շուէյցարիայի ազգային թանգարանում։
Դեմիր Սյոնմէզը յիսուն տարեկանում է յայտնաբերել իր հայկական ծագումը։ Ծնողները թաքցրել են այդ փաստը՝ անվտանգութեան նկատառումներից ելնելով, քանի որ նա ակտիւօրէն զբաղւում էր հասարակական-քաղաքական գործունէութեամբ եւ դրա համար նոյնիսկ ենթարկուել է ազատազրկման։
«Մեզ միշտ համարում էինք քուրտ, բայց մայրս, երբ բարկանում էր մեզ վրայ, ասում էր, որ քահանայի թոռներ ենք։ Տարիներ անց հայրս եկաւ Շուէյցարիա՝ ինձ տեսակցելու, եւ ես նրան հարցրի, թէ ինչու էր մայրս այդ խօսքերն ասում մեզ նախատելիս։ Նա խոստովանեց, որ իրականում հայ ենք, եւ իմ պապիկը եղել է Պինկէօլի Քիրլի շրջանի Ինաքլը գիւղի քահանան։ Եթէ թուրքական իշխանութիւնն իմանար, որ հայ եմ, կ՛ենթարկուէի աւելի շատ ճնշումների ու կեղեքումների։ Հայրական կողմի ազգականներս իրենց մաշկի վրայ արդէն զգացել էին Հայոց Ցեղասպանութեան արհաւիրքը»,- ասաց Դեմիր Սյոնմէզը։
Նա իր գործունէութիւնը սկսել է 1980-ական թուականներից՝ ընտրելով վաւերագրող լուսանկարչի պատասխանատու մասնագիտութիւնը։ Բանտից դուրս գալուց յետոյ աւելի շատ ժամանակ է յատկացրել պատմագիտական ուսումնասիրութիւններին, աւելի շատ զբաղուել լուսանկարչութեամբ։ Անշուշտ դա Թուրքիայում անելն այդքան էլ հեշտ չէ, առաւել եւս, եթէ մարդիկ գրում են քաղաքական յօդուածներ։ Նկատում է՝ վարչակարգի արատավոր երևոյթները քննադատելուց յետոյ շատերն ուղղակի յայտնւում են ծանր կացութեան մէջ։ Թուրքիայում այսօր գործող լրատուամիջոցների 90 տոկոսը գտնւում է իշխանութիւնների ազդեցութեան ներքոյ։ Այնտեղ բանտարկուած են հարիւրաւոր լրագրողներ, հասարակական գործիչներ, մտաւորականներ, գրողներ։
«Ինձ մի քանի անգամ ազատազրկել են քաղաքական դրդապատճառներով՝ Թուրքիայի իշխանութիւններին քննադատելու պատճառով։ 1978-83 թուականների միջակայքում բանտարկուել եմ հինգ անգամ։ Այն ժամանակ մենք պայքարում էինք քեմալականութեան դէմ քրտական հարցի, Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ ազգային փոքրամասնութիւնների խնդիրների համատեքստում։ Փանթուրքիզմի գաղափարախօսութիւնը եղել է բազմաթիւ փրոպլեմների ծագման պատճառ։ Թուրքական պետականութեան հիմքում եղել են թուրքն ու մահմետականութիւնը, ուստի միւս ազգութիւններին ու կրօններին պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերուել։ Մինչեւ 1990 թուականը փորձեցի մնալ Թուրքիայում՝ շարունակելով իմ պայքարը։ Ցանկացայ նաեւ ուսանել համալսարանում, սակայն ճնշումներն իմ նկատմամբ սաստկացան»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա յիշեցրեց, որ դրանք վարչապետ Թանսու Չիլէրի պաշտօնավարման տարիներն էին, երբ այլախոհները տուն վերադառնալիս փողոցում պարզապէս առեւանգւում էին ու անհետանում։ Բոլոր ընդդիմադիրների դէմ ձեռնարկւում էին որոշակի քայլեր։ Մինչ օրս անհետ կորածների հարազատներն ամէն շաբաթ հաւաքւում են Սթամպուլի «Կալաթասարայ» վարժարանի դիմաց՝ պահանջելով վերադարձնել իրենց զաւակներին կամ գոնէ նրանց մասունքները, մինչդեռ իշխանութիւնները լռում են։
«Կառավարութեան նախկին նախարարներից մէկն իմ ընկերն էր, նա ինձ խորհուրդ տուեց հնարաւորինս կարճ ժամանակում հեռանալ Թուրքիայից, քանի որ իմ մասին ստացել էր խիստ անհանգստացնող տեղեկութիւններ։ Այլեւս չսպասեցի, եւ առաջին իսկ հնարաւորութիւնն օգտագործելով, մեկնեցի Շուէյցարիա ու հաստատուեցի այդ երկրում»,- մանրամասնեց Դեմիր Սյոնմէզը։
Թուրքիան անգամ պահանջել է արտայանձնել Դեմիր Սյոնմէզին, սակայն շուէյցարական կողմը մերժել է այդ պահանջը։
Պատասխանելով հարցին, թէ թուրք հասարակութիւնը պատրա՞ստ է առերեսուել իր պատմութեան հետ, ճանաչել Հայոց ցեղասպանութիւնն ու զղջալ կատարուած համամարդկային ոճրագործութեան համար, մեր հայրենակին ասաց՝ բացարձակապէս ո՛չ։
«109 տարի է անցել Մեծ Եղեռնից, սակայն մինչ օրս գէթ մէկ սանթիմեթր առաջընթաց չկայ այդ հարցում։ Աւելին, մի օր հեռուստատեսութեամբ տեսայ փողոցում կատարուած սոցհարցում, որի ժամանակ մի երիտասարդ աղջկայ հարցրին, թէ ինչ կ՛անէր լիակատար անպատժելիութեան մթնոլորտի դէպքում, ասաց, որ քսան հայի գլուխ կը կտրէր։ Զարհուրելի է, թէ ինչպէս կարող է երիտասարդ աղջիկն այդպիսի բան մտածել, եւ որքան ատելութիւն կար նրա մէջ հայերի հանդէպ։ Թշնամական վերաբերմունքը Թուրքիայի կրթական համակարգի մէջ է, այդ երկրի գոյաբանական հէնքում ժխտողականութիւնն է, եւ դա պետական քաղաքականութիւն է։ Թուրքիայի կառավարութիւնը ձգտում է ուծացնել ազգային փոքրամասնութիւններին։ Ես անձամբ ճանաչել եմ Հրանդ Տինքին, կիսում եմ նրա կարծիքը, որ թէեւ կարեւոր է, երբ բազմաթիւ երկրներ ճանաչում ու դատապարտում են Հայոց ցեղասպանութիւնը, սակայն աւելի կարեւոր է, որ թուրք հասարակութիւնը առերեսուի իր պատմութեան հետ, ճանաչի ցեղասպանութիւնը, մինչդեռ այսօր դա իրատեսական չէ։ Իսկ ովքեր ընդունեն այդ փաստը, շատ ծանր գին կը վճարեն դրա համար»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին՝ Դեմիր Սյոնմէզն ասաց, որ կարգաւորման գործում թուրքական կողմի պահուածքն իրեն հաւատ չի ներշնչում։
Արմէնփրէս







Մեկնաբանէ