
ԱՄՆ կենսական շահերը գոնէ վերջին 100-150 տարում չեն փոխուել։ Անկախ նախագահի անձից՝ ԱՄՆ-ի 3 ստրատեգիական նպատակներն են.
1. Տիրել աշխարհի 4 ովկիանոսներին
2. Բացառել ոչ ռեգիոնալ ուժերի միջամտութիւնը արեւմտեան կիսագնդում
3. Կանխել գերիշխող ուժի առաջացումը Եւրասիայում
Միջուկային մարտագլխիկների քանակը չէ, որ ԱՄՆ դարձնում է աշխարհի թիվ մէկ տէրութիւն, այլ ովկիանոսում ամերիկեան աւիակիրների «ուժային մենաշնորհը»։ 19-րդ դարում ծովերի տիրակալը Մեծ Բրիտանիան էր, բայց 20-րդ դարում ԱՄՆ դարձաւ մարդկութեան պատմութեան առաջին տէրութիւնը, որ գերիշխեց բոլոր ովկիանոսներում՝ ծածկելով երկրագնդի 70% ու ապահովելով միջազգային առեւտրի 90%։ Աշխարհի ցանկացած կէտում ուժ կիրառելու կարողութեան շնորհիւ՝ այդ երկիրը դարձաւ համաշխարհային առեւտրի «անվտանգութեան երաշխաւորը»։
Համեմատութեան համար՝ Ռուսաստանը շրջափակուած է սառուցեալ ջրերով ու հսկայածաւալ այդ երկրին թթուածնի պես անհրաժեշտ է տաք ծովային նաւահանգիստ։ Նոյնիսկ եթէ Վլադիվոստոկում ձմրանը սառցահատ նաւերի շնորհիւ հնարաւոր է ջարդել սառցածածկոյթը, այն շրջափակուած է Ճափոնական ծովով ու ճափոնական ռազմածովային ուժերով։ Իսկ Ղրիմից Միջերկրական Ծով մտնելու համար ռուսական ռազմածովային ուժերն ու նաւթային տանկերները ստիպուած են անցնել թուրքական նեղուցներով։ Աւելին՝ պատերազմի դէպքում Պալթիկ ծովից ռուսների ելումուտը նոյնպէս խնդրայարոյց է դառնում, քանի որ դանիական նեղուցներն ամբողջութեամբ ՆԱԹՕ-ի վերահսկողութեան տակ են։ Իհարկէ տաք նաւահանգիստներ կարելի է նաեւ վարձակալել, ինչպէս օրինակ սիրիական Լաթաքիայում կամ Թարթուսում, բայց դա էլ ահռելի ծախս է, առաւել եւս որ դրանց անվտանգութիւնը ապահով է միայն պրոռուսական ռեժիմի պարագայում։
Իսկ Չինաստա՞նը։ Չնայած աճող ռազմածովային հնարաւորութիւններին ու արհեստական կղզիների ստեղծմանը՝ Չինաստանը խնդիրներ ունի նոյնիսկ սեփական հարեւանութեամբ՝ Հարաւ-չինական ծովում: ԱՄՆ-ի ազդեցութիւնը Հնդկ-Խաղաղովկիանոսեան տարածաշրջանում, ներառեալ Մալակայի նեղուցում եւ Ճափոնիայի եւ Աւստրալիայի նման երկրների հետ դաշինքը, սահմանափակում են Չինաստանի ազատ տեղաշարժը իր իսկ տարածաշրջանում: Ի տարբերութիւն ԱՄՆ-ի՝ Չինաստանը շրջապատուած է ոչ բարեկամական երկրներով ու խճճուած տարածքային վէճերի մէջ։ Իհարկէ, Չինաստանը փորձում է իր իշխանութիւնը տարածել ցամաքում նոր «Մետաքսի ճանապարհի» միջոցով, բայց սա շատ երկար ու «փշոտ» ճանապարհ է։
Այնպէս որ միաբեւեռ աշխարհի փլուզման մասին խօսակցութիւնները խիստ չափազանցուած են եւ մօտ ապագայում Ամերիկեան գերիշխանութեանը ոչինչ չի սպառնում։ ԱՄՆ-ը դեռեւս վայելում է զգալի մրցակցային առաւելութիւն՝ շնորհիւ իր ռազմածովային հզօրութեան, Չինաստանի ու Ռուսաստանի քթի տակ ունեցած դաշնակիցների, տեխնոլոգիական առաջնորդութեան եւ միջազգային տնտեսութեան մէջ տոլարի մնայուն դերի…
Սեւան Ղազարեան
Ֆէյսպուքեան Գրառում







Մեկնաբանէ