
44-օրեայ պատերազմից յետոյ Հայաստանի իշխանութիւնն ու ընդդիմութիւնը միմիանց գրեթէ ամէնօրեայ ռեժիմով մեղադրում են արտաքին ուժերի օրակարգը սպասարկելու մէջ՝ ՀՀ ինքնիշխանութեան եւ ռազմավարական շահերի հաշուին։
Պետութեան ինքնիշխանութիւնը ապսթրաքթ բառ կամ կարգախօս չէ։ Այն յենւում է քոնքրէթ յենասիւների վրայ՝ ուժեղ բանակ, կայուն դաշնակցային համակարգ, ինքնուրոյն արտաքին քաղաքականութիւն, սեփական տարածքի նկատմամբ վերահսկողութիւն, ազգային ինքնութիւն եւ պատմական յիշողութիւն, տնտեսական ինքնուրոյնութիւն, հանրային համերաշխութիւն, ժողովրդագրական կայունութիւն։ Երբ այս տարրերը թուլանում կամ քայքայւում են, պետութիւնն աստիճանաբար կորցնում է անկախ որոշումներ կայացնելու կարողութիւնը։
Եւ եթէ վերջին տարիներին տեղի ունեցող գործընթացներին նայենք այս չափանիշների փրիզմայով, կարելի է անցկացնել մի հետաքրքիր մտափորձ։ Պատկերացրէք, որ Դուք որեւէ օտար երկրի կամ աշխարհաքաղաքական կենդրոնի (Ատրպէյճան, Թուրքիա, ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, Չինաստան, Իսրայէլ դւայլն, ընտրէք՝ ըստ ճաշակի) ղեկավարն էք եւ պէտք է առաջադրանքներ տաք Հայաստանի ուղղութեամբ գործունէութիւնը համակարգող ստորաբաժանման պետին՝ ՀՀ ինքնիշխանութեան եւ պետականութեան թուլացման նպատակով։ Որո՞նք կը լինէին այդ առաջադրանքի կէտերը․
1. Արցախ.
Երեւի թէ Դուք կը սկսէիք Արցախից։ Հվ․Կովկասի երկրներից Ատրպէյճանն արտաքին աշխարհի համար հետաքրքրութիւն է ներկայացնում իր էներգետիկ պաշարներով, Վրաստանը՝ աշխարհագրական դիրքով եւ թրանսփորթային հանգոյց լինելու հանգամանքով, իսկ Հայաստանն աշխարհի հետ յարաբերութիւններում առաւելապէս ուշադրութեան կեներոնում է եղել Արցախի հիմնախնդրի եւ տարածաշրջանային անվտանգութեան հարցերի պատճառով։
Հետեւաբար որպէս նշուած առաջադրանքի կատարման գերնպատակ կը սահմանուէր մի քանի տարուայ ընթացքում հայկական պետականութեան եւ ազգային ինքնութեան կենդրոնական թեմա հանդիսացող հարցի փաստացի փակումը եւ Արցախի՝ որպէս քաղաքական, տարածքային եւ ժողովրդագրական իրականութեան, գոյութեան դադարեցումը։
Դա կարելի էր իրագործել բանակցութիւնները տապալելով եւ բանակցային ժառանգութիւնը մերժելով, առաւելապաշտական յայտարարութիւններով, արտաքին աշխարհին ուղղուած հակասական ուղերձներով, ինչը կը հանդիսանար casus belli Ատրպէյճանի համար: Չէ՞ որ «արիւնով նուաճուած հողը թղթով չեն յանձնում, այլ յանձնում են աւելի մեծ արիւնով»:
2. Բանակ.
Երկրորդ կարեւոր առաջադրանքը կը լինէր բանակի՝ որպէս պետութեան անվտանգութեան երաշխաւորի, ճգնաժամը, թուլացումը եւ կազմաքանդումը։ Կրկին համեմատելով հարաըկովկասյան հարեւան երկրների հետ՝ կարելի է նկատել, որ Ատրպէյճանում պատմականօրէն իշխանութեան առանցքը եղել են յատուկ ծառայութիւնները (չմոռանանք, որ Հէյտար Ալիեւը 1967-1969թթ․ հանդիսացել է Ատրպէյճանի ՊԱԿ տնօրէն, որից յետոյ ստանձնել է երկրի ղեկավարի պաշտօնը), Վրաստանում՝ ՆԳՆ, իսկ Հայաստանում՝ Զինուած ուժերը։ Վերոգրեալը պայմանաւորուած է եղել նաեւ Արցախեան առաջին պատերազմի ընթացքում բանակի ստեղծմամբ եւ կայացմամբ, տարած յաղթանակով եւ դրա արդիւնքում բանակի հանդէպ ձեւաւորուած վերաբերմունքով։
Նշուած առաջադրանքի կատարման համար կարելի էր իրականացնել լայնածաւալ քատրային փոփոխութիւններ, քրէական գործեր յարուցել հրամանատարական կազմի մի մասի նկատմամբ, այդ թւում` նրանց, ում ամիսներ առաջ շնորհուել էին ազգային հերոսի եւ տարբեր աստիճանի այլ կոչումներ, պարտութեան արդիւնքում բանակում սերմանել թուլութեան եւ անկարողութեան մտայնութիւն, երկարատեւ բարոյահոգեբանական անկում, վերացնել յստակ երկարաժամկէտ ռազմավարութիւնը՝ այդ կերպ ինքնիշխանութեան գլխաւոր երաշխաւոր հանդիսացող ինսթիթութը գցելով մշտական բարեփոխումների, անորոշութեան եւ ներքին հակասութիւնների վիճակում։
3. Դիւանագիտութիւն.
Փոքր պետութիւնների համար արտաքին յարաբերութիւնները եւ մասնաւորապէս դաշնակցային համակարգը գոյաբանական հարց է։
Հետեւաբար հաջորդ առաջադրանքը կը լինէր Հայաստանը ներդնել ռազմավարական անորոշութեան վիճակում՝ կտրուկ վատացնելով յարաբերութիւնները աւանդական դաշնակիցների հետ եւ չձեւաւորելով ռազմավարական եւ անվտանգային յարաբերութիւններ աշխարհաքաղաքական այլ կենդրոնների հետ՝ դրանք սահմանափակելով քաղաքական յայտարարութիւնների մակարդակում։
Որպէս գերնպատակ կը սահմանուէր երկիրը դարձնել առաւելագոյնս խոցելի՝ քանդուած հին եւ դեռեւս չձեւաւորուած նոր անվտանգային ճարտարապետութիւնների միջեւ։
4. Հասարակութեան բեւեռացում.
Հասարակական համախմբուածութիւնը պետութեան կայունութեան կարեւորագոյն հիմքերից մէկն է։ Յատկապէս փոքր պետութիւնների համար ազգային միասնութիւնը յաճախ նոյնքան կարեւոր է, որքան բանակը կամ տնտեսութիւնը, քանի որ արտաքին ճնշումների պայմաններում հենց հասարակական համերաշխութիւնն է թոյլ տալիս դիմակայել վտանգներին։
Այդ իսկ պատճառով առաջադրանքը կը լինէր հասարակութիւնը բաժանել հակադիր ճամբարների եւ խորացնել ներքին թշնամանքը` մարդկանց բաժանելով «սեւերի» եւ «սպիտակների», հակադրելով «նախկիններին» եւ «ներկաներին», խրախուսելով մշտական քաղաքական բեւեռացում, հասարակական քննարկումները վերածելով փոխադարձ մեղադրանքների եւ թշնամանքի։
Վերջնանպատակում պէտք է լինէր մի հասարակութիւն, որը դադարում է իրեն ընկալել որպէս մէկ ամբողջութիւն, եւ ներքին բաժանումները դառնում են այնքան խորը, որ երկիրը կորցնում է համախմբուելու եւ միասին գործելու կարողութիւնը։
5. Սփիւռք.
Հայաստանը, Իսրայէլի (եւ գուցէ Իրլանտիայի) հետ միասին, իւրայատուկ պետութիւն է այն առումով, որ ազգի աւելի մեծ մասն ապրում է հայրենիքից դուրս, քան հայրենիքում։ Սա նշանակում է, որ Սփիւռքը պետութեան համար հսկայական ռեսուրս է՝ քաղաքական, ֆինանսական, մտաւոր եւ դիւանագիտական։ Շատ երկրներում հենց Սփիւռքն է ձեւաւորում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը, ազդում քաղաքական որոշումների վրյ, լոպպինկ անում հայկական շահերը եւ դժուար ժամանակներում աջակցում հայրենիքին։
Հաշուի առնելով սա՝ յաջորդ առաջադրանքը կը լինէր թուլացնել այդ ռեսուրսը՝ աստիճանաբար փճացնելով յարաբերութիւնները պետութեան եւ Սփիւռքի միջեւ։ Դրա համար բավական է ցուցաբերել անվստահութիւն Սփիւռքի նկատմամբ, արժեզրկել նրա դերը, հեռացնել նրան ռազմավարական որոշումների գործընթացից, յարաբերութիւնները վերածել փոխադարձ մեղադրանքների եւ հիասթափութեան աղբիւրի, թիրախաւորել սփիւռքահայ ազդեցիկ գործիչներին՝ ընդհուպ մինչեւ արգելելով նրանց մուտքը ՀՀ կամ յարուցելով քրէական գործեր:
Որպէս նշուած առաջադրանքի կատարման վերջնանպատակ կը սահմանուէր այն վիճակը, երբ Սփիւռքը դադարում է պետութիւնն ընկալել որպէս համազգային նախագիծ եւ աստիճանաբար հեռանում է նրանից։
6. Եկեղեցի եւ քրիստոնէութիւն.
Հայ Առաքելական Եկեղեցին եւ քրիստոնէական ինքնութիւնը դարեր շարունակ կարեւոր դեր են խաղացել հայ ժողովրդի գոյութեան պահպանման գործում։ Պետականութեան բացակայութեան պայմաններում հենց եկեղեցին էր պահպանում լեզուն, մշակոյթը, աւանդոյթները եւ պատմական յիշողութիւնը։ Բացի այդ, քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն առաջինն ընդունած լինելու հանգամանքը երկար ժամանակ ձեւաւորել է հայերի առանձնայատուկ քաղաքակրթական ինքնութիւնը։
Հետեւաբար ՀՀ ինքնիշխանութեան թուլացման ուղղութեամբ յաջորդ առաջադրանքը կը լինէր աստիճանաբար նուազեցնել Եկեղեցու եւ քրիստոնէական աւանդոյթի դերը հասարակական կեանքում։ Այդ նպատակով անհրաժեշտ կը լինէր պետութիւն-եկեղեցի յարաբերութիւնները տեղափոխել քաղաքական հակամարտութիւնների դաշտ, նուազեցնել հասարակութեան վստահութիւնը եկեղեցու նկատմամբ, առանձին բարձրաստիճան եկեղեցականներին ներկայացնել որպէս յանցագործներ, ահաբեկիչներ, օտար երկրների շահերի սպասարկողներ՝ որպէս վերջնանպատակ դիտարկելով հանրային այնպիսի ընկալումը, երբ Եկեղեցին եւ քրիստոնէական ինքնութիւնը դադարում են լինել հասարակութեան բարոյական եւ մշակութային յենասիւնը։
7. Ցեղասպանութիւն, պատմութիւն եւ խորհրդանիշներ.
Ցանկացած ժողովրդի համար պատմական յիշողութիւնն ու ազգային խորհրդանիշները կազմում են նրա հաւաքական ինքնութեան հիմքը։ Հայերի համար այդպիսի հիմնարար տարրեր են՝ Ցեղասպանութեան յիշողութիւնը, ազգային պատմութիւնը եւ խորհրդանիշները՝ օրինակ Արարատ լեռը։ Դրանք ձեւաւորում են պատմական շարունակականութեան եւ ազգային արժանապատուութեան զգացումը։
Այդ իսկ պատճառով յաջորդ առաջադրանքը կը լինէր պատմական յիշողութեան թեման տեղափոխել քաղաքական փրակմաթիզմի դաշտ, քննարկել «մօտեցումների վերանայման» անհրաժեշտութիւնը, ներկայացնել ազգային խորհրդանիշները որպէս արտաքին քաղաքականութեան, անվտանգութեան եւ հարեւանների հետ բարիդրացիական յարաբերութիւնների կառուցման խոչընդոտ։
Վերջնանպատակը կը լինէր վերացնել պատմական յիշողութիւնը՝ որպէս հասարակութեանը միաւորող գործօն։
8. Անկլաւներ եւ Սիւնիք.
Տարածքային ամբողջականութիւնը պետութեան ինքնիշխանութեան կարեւորագոյն տարրերից մէկն է։ Հայաստանի դէպքում առանձնայատուկ նշանակութիւն ունեն Տաւուշի անկլաւների հարցը եւ Սիւնիքի տարածաշրջանը, որոնք կապում են երկիրը Վրաստանի ու Իրանի հետ եւ ունեն ռազմավարական նշանակութիւն ամբողջ Հվ. Կովկասի համար։
Այս ուղղութեամբ առաջադրանքը կը լինէր թուլացնել պետութեան աշխարհաքաղաքական կայունութիւնը եւ վերահսկելի դարձնել միջպետական բոլոր մայրուղիները եւ թրանսփորթային հանգոյցները։ Այդ նպատակով աստիճանաբար օրակարգ կը վերադարձուէին տարածքային վիճելի հարցերը՝ քննարկելով անկլաւների թեման, բանակցելով նոր թրանսփորթային ուղիների, այդ թւում՝ արտատարածքային «միջանցքների» շուրջ, փոխելով ռազմավարական նշանակութիւն ունեցող տարածքների կարգավիճակը։
Որպէս վերջնանպատակ կը սահմանուէր այն իրադրութիւնը, երբ պետութեան վերահսկողութիւնը կարեւոր տարածքների, թրանսփորթային հանգոյցների, արտաքին աշխարհի հետ կապող տնտեսական ուղիների նկատմամբ թուլանում է կամ դառնում է արտաքին ազդեցութեան առարկայ։
9․ Ժողովրդագրական փոփոխութիւններ եւ արտագաղթ.
Ժողովրդագրութիւնը պետութեան կայունութեան կարեւորագոյն հիմքերից մէկն է։ Փոքր պետութիւնների համար բնակչութեան թուաքանակը յատկապէս կարեւոր է, քանի որ այն անմիջապէս կապուած է տնտեսական ներուժի, անվտանգութեան եւ հասարակութեան կայունութեան հետ։
Հետեւաբար առաջադրանքը կը կայանար երկարաժամկէտ հեռանկարում ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դէպքում երկրի բնակչութեան զգալի մասը սկսում է լքել հայրենիքը։ Արտագաղթը խթանող հիմնական գործօններն են՝ անվտանգային (պատերազմներ եւ մշտական ռազմական սպառնալիք), տնտեսական (գործազրկութիւն, ցածր աշխատավարձեր, տնտեսական ճգնաժամ), քաղաքական (ճնշումներ, ազատութիւնների սահմանափակում, ապագայի տեսլականի բացակայութիւն) եւ սոցիալական (անարդարութիւն, սոցիալական բեւեռացում, կրթութեան հնարաւորութիւնների բացակայութիւն, առողջապահութիւն, կեանքի ընդհանուր մակարդակ)։
Միեւնոյն ժամանակ կարելի է առաջ քաշել նաեւ այլ ժողովրդագրական գործընթացներ՝ օրինակ նախկինում այստեղ բնակուած այլ համայնքների (առաջին հերթին` ատրպէճանցիների) վերադարձի հարցը, ինչը անխուսափելիօրէն բարդ սոցիալական եւ քաղաքական հետեւանքներ կ՛ունենայ։
Վերջնանպատակը կը կայանա նրանում, որ հայրենիքում ապրող հայազգի բնակչութիւնն աստիճանաբար նուազում է` փոխարինուելով օտարներով, իսկ հայերի զգալի մասը սփռւում է աշխարհով մէկ՝ դառնալով ազգային փոքրամասնութիւն այլ պետութիւններում։
10. Տնտեսական եւ քաղաքական ներթափանցում.
Ցանկացած պետութեան ինքնիշխանութիւնը մեծապէս կախուած է նրա տնտեսական ինքնուրոյնութիւնից։
Երբ տնտեսութեան կարեւորագոյն ոլորտները սկսում են կախուած լինել արտաքին խաղացողներից, դա անխուսափելիօրէն անդրադառնում է նաեւ քաղաքական որոշումների վրայ։
Հայաստանի ինքնուրոյնութեան սահմանափակման նպատակով տնտեսական եւ քաղաքական ազդեցութեան ոլորտի առաջադրանքը կը կայանար նրանում, որ ուժեղացնել կախուածութիւնն արտաքին ներդրումներից, արտաքին խաղացողներին ներգրաւել ռազմավարական ենթակառուցուածքներում, տնտեսական նախագծերը կապել այլ երկրների շահերի հետ։
Որպէս վերջնանպատակ կը դիտուէր տնտեսական ազդեցութեան աստիճանաբար փոխակերպումը քաղաքական ազդեցութեան, երբ երկրի ներքին որոշումները գնալով աւելի շատ պայմանաւորւում են արտաքին կենդրոնների շահերով։
Ամփոփում․
Պետութիւնները շատ յաճախ չեն կործանւում միանգամից։ Նրանք քանդւում են աստիճանաբար՝ մէկ որոշմամբ, մէկ զիջմամբ, մէկ սխալ ռազմավարութեամբ։
Սկզբում թուլանում են բանակը եւ դաշնակիցները, յետոյ՝ տարածքային վերահսկողութիւնը, յետոյ՝ պատմական հիշողութիւնը, ազգային ինսթիթութները, տնտեսութիւնը եւ ժողովրդագրութիւնը։ Այդպէս պետութիւնները քայլ առ քայլ կորցնում են իրենց սուբյեկտայնութիւնը եւ մի օր պարզապէս վերածւում են ձախողուած պետութեան (failed state)։
Յ․Գ․ առաջադրանքը գտնւում է իրագործման փուլում, ամէն ինչ ընթանում է ըստ փլանի…
Լեւոն Զարգարեան







Մեկնաբանէ