Իրանի վարչակարգը գտնւում է խաչմերուկում։ Րահբարն (Գերագոյն առաջնորդը) սպանուած է. նա գնաց պատասխան տալու «Արցախը իսլամի հող է» խօսքերի համար։ Մօտ ապագայում նրան կը հետեւեն նաեւ միւսները՝ Էրտողանն ու Ալիեւը, այնուհետեւ Փութինը, ով կրում է հիմնական մեղքը արցախահայութեան ցեղասպանութեան համար՝ Հայաստանից դուրս, առանց հաշուի առնելու յետխորհրդային Հայաստանի իշխող էլիտայի եւ բարձրագոյն ռազմաքաղաքական ղեկավարութեան դերը։ Կարծում եմ՝ ես կը հասցնեմ տեսնել այդ եռեակի մահը։

Սակայն ԱՄՆ-ն Րահբարին ապահովեց նահատակի մահով, ինչը ցանկացած շիայի երազանքն է։ 86 տարեկանում այդպիսի հեռացումը աներեւակայելի նուէր էր, որը նրան մատուցեց ԱՄՆ-ն։

Այժմ Իրանի իշխանութիւնների առջեւ սցենարների խիստ սահմանափակ ընտրութիւն է.

1. Սրբազան պատերազմի սցենար. Րահբարի նահատակութիւնը դարձնել դրօշակ եւ սկսել տեւական պատերազմ ԱՄՆ-ի ու Իսրայելի դէմ։ Իրանը դա գիտի եւ ունի ամէն անհրաժեշտը նմանօրինակ պատերազմի համար։ Թրամփի համար սա դատավճիռ է, Իսրայէլի համար՝ հսկայական ծախսեր եւ այլ կարգի էքզիսթենցիալ սպառնալիք։ Մի երկրում, որտեղ բնակչութեան 50%-ը 30 տարեկանից ցածր է, սա խնդիր չէ։

2. Վենեզուելական սցենար. Յայտարարել Րահբարի նահատակութեան մասին եւ բանակցութիւններ սկսել Թրամփի հետ՝ իշխանութիւնը ԻՀՊԿ-ին (Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուս) փոխանցելու շուրջ։ Սկսել վարչակարգի վերափոխումը թեոկրատականից (աստուածապետական) ռազմականի։ Սա ամէնայարմարն է ԱՄՆ-ի համար եւ անընդունելի՝ Իսրայէլի համար։ Երեք տարուայ զինադադարի սցենար՝ քանի դեռ Թրամփն իշխանութեան ղեկին է։

3. Իսրայէլական սցենար. Թեոկրատական վարչակարգի կողմից իշխանութեան փոխանցում անցումային կառավարութեանը՝ շահի ժառանգորդի գլխաւորութեամբ։ Մի քանի ամսով, որոնք յետոյ կը դառնան տարիներ ու տասնամեակներ։ Իրանի վերածումը խամաճիկային պետութեան՝ Իսրայէլի եը ԱՄՆ-ի անվերապահ ու լիակատար վերահսկողութեան ներքոյ։ Այս սցենարում առաջին տեղում, անկասկած, Իսրայէլն է։

Պարսկական կայսերական հպարտութիւնն ու Կիւրոս Մեծի յիշողութիւնը խորը թաքցնել եւ լիզել նուաճողների կօշիկները, եթէ գտնէք այդ կօշիկը։ Դրա դիմաց բարձրագոյն ռազմաքաղաքական եւ հոգեւոր ղեկավարութիւնը ստանում է երաշխիքներ եւ Իրանից հեռանալու հնարաւորութիւն։ Սա միակ սցենարն է, որը ձեռնտու է Իսրայէլին։

Հաշուի առնելով իրանական վարչակարգի կոռումպացուածութիւնը՝ դժուար է ասել, թէ որ սցենարը կ՛ընտրուի։ Շուտով կը տեսնենք։ Հայաստանին ձեռնտու են երկրորդ եւ երրորդ սցենարները՝ հայկական իշխանութիւնների եւ բարձրագոյն ռազմաքաղաքական ղեկավարութեան՝ պատերազմի եւ խաղաղութեան հատման կէտում ապրելու լիակատար անպատրաստութեան պատճառով։ Ոչ թէ «խաղաղութեան խաչմերուկ», այլ «նշանակէտի խաչմերուկ»։ Սակայն սրանք արդէն զուտ հայկական թեմաներ են։

Կողմերի արձագանքը Րահբարի մահուանը

IRNA (Իրանական լրատուական գործակալութիւն):

«Իսլամական յեղափոխութեան մեծ առաջնորդ Նորին Սրբութիւն Այաթոլլա Խամենէին նահատակուել է շաբաթ օրը՝ Փետրուարի 28-ի առաւօտեան, սիոնիստական վարչակարգի եւ ԱՄՆ-ի կողմից իրականացուած յարձակման հետեւանքով։ Իսլամի սուրբ սկզբունքների, իմամ Ռուհոլլա Խոմէյնիի կողմից շարադրուած Վիլայաթ ալ-Ֆաքիհի ուսմունքի եւ Իսլամական Հանրապետութեան սահմանադրութեան համաձայն՝ այսօր կը սկսուի նոր Գերագոյն առաջնորդի ընտրութեան գործընթացը»։

Մոհամմադ Մոխպէր.

«Նախագահը, դատական իշխանութեան ղեկավարը եւ Պահապանների խորհրդի ֆաքիհներից մէկը կը ստանձնեն անցումային շրջանի պատասխանատուութիւնը յեղափոխութեան առաջնորդ Րահբարի զոհուելուց յետոյ»։

ԱՄՆ-ի արձագանքը (Տոնալտ Թրամփ).

«Խամենէին՝ պատմութեան ամէնաչար մարդկանցից մէկը, մեռած է։ Սա արդարադատութիւն է ոչ միայն Իրանի ժողովրդի համար, այլեւ բոլոր ամերիկացիների եւ աշխարհի բազմաթիւ երկրների մարդկանց համար, ովքեր սպանուել կամ հաշմուել են Խամենէի եւ նրա արիւնարբու աւազակախմբի կողմից։ Նա չկարողացաւ խուսափել մեր հետախուզութիւնից եւ բարձրտեխնոլոգիական հետեւող համակարգերից։ Սերտօրէն համագործակցելով Իսրայէլի հետ՝ մենք հասանք նրան, որ նա եւ նրա հետ սպանուած միւս առաջնորդները ոչինչ չկարողացան անել։

Սա Իրանի ժողովրդի համար իր երկիրը յետ վերցնելու մեծագոյն հնարաւորութիւնն է։ Մենք լսում ենք, որ ԻՀՊԿ-ի, զինուորականների եւ անվտանգութեան այլ ուժերի ու ոստիկանութեան շատ ներկայացուցիչներ այլեւս չեն ցանկանում կռուել եւ մեզնից անձեռնմխելիութիւն են խնդրում։ Ինչպէս ասացի երէկ երեկոյեան. «Հիմա նրանք կարող են անձեռնմխելիութիւն ստանալ, յետոյ նրանց միայն մահ կը մնայ»։ Յուսանք, որ ԻՀՊԿ-ն եւ ոստիկանութիւնը խաղաղ կերպով կը միաւորուեն իրանցի հայրենասէրների հետ եւ միասին կ՛աշխատեն երկրին վերադարձնելու այն վեհութիւնը, որին նա արժանի է։

Այս գործընթացը պէտք է սկսուի մօտ ժամանակներս, քանի որ ոչ միայն Խամենէի մահը, այլեւ հենց երկիրը մէկ օրում խիստ աւերուել է եւ նոյնիսկ ոչնչացուել։ Սակայն ծանր եւ թիրախային ռմբակոծութիւնները կը շարունակվեն առանց ընդմիջման մէկ շաբաթ կամ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կը լինի մեր նպատակին հասնելու համար՝ ՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔՈՒՄ ԵՒ ՆՈՅՆԻՍԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ։ Շնորհակալութիւն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրութեան համար, Թրամփ»։

Թրամփը՝ իսրայէլական 12-րդ ալիքին տուած հարցազրոյցում.

«Ես այս արշաւից դուրս գալու շատ տարբերակներ ունեմ. կարող եմ ձգձգել այն եւ գրաւել ամէն ինչ, կամ աւարտել մի քանի օրում եւ իրանցիներին ասել, որ մենք նորից կը տեսնուենք մի քանի տարի յետոյ, եթէ նրանք սկսեն վերականգնուել։ Ամէն դեպքում, նրանցից մի քանի տարի կը պահանջուի այս յարձակումից ուշքի գալու համար»։

«ԱՄՆ-ն շատ լաւ պատկերացում ունի Իրանի նոր ղեկավարութեան եւ նոր առաջնորդի մասին»։

«Ռազմական գործողութիւնը Իրանի դէմ կը շարունակուի առանց ընդմիջման ողջ շաբաթուայ ընթացքում կամ այնքան, որքան կը պահանջուի»։


Հրաչեայ Արզումանեան

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ