
Արցախի Անվտանգութեան խորհրդի նախկին քարտուղար Վիթալի Բալասանեանը բաց նամակ է յղել Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութինին: Անկախ այն բանից, որ Քրեմլում նոյնիսկ պարեկա-պահակային գնդի ժամապահը քաղաքական այդ «կողկողանքին» ուշադրութիւն չի դարձնելու, գեներալ Բալասանեանի «չելոբիտիեն» պէտք է «ըստ արժանւոյն գնահատաուի»:
Ի՞նչ է ասում Արցախի հերոս Վիթալի Բալասանեանը: Նա իրավիճակը գնահատում է այսպէս. «Այսօր Ղարաբաղի (սա բացառապէս ռուս-ատրպէճանական տերմին է, ամբողջ աշխարհը ճանաչում է Լեռնային Ղարաբաղ վարչա-տարածքային սուբյեկտը, ինչի վկայութիւն են ԵԽԽՎ եւ Եւրախորհրդարանի բանաձեւերում եւ արեւմտեան դիւանագէտների խօսոյթում առկայ ձեւակերպումները) հայութիւնը, մի շարք հանգամանքներ բերումով, զրկուած է իր պատմական հայրենիքից եւ կարծում ենք, որ այս անարդար գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը եւ ռուսական պետութիւնը»:
Լեռնային Ղարաբաղի պետականութեան եւ նրա հայ բնակչութեան դէմ 2022 թուականի Դեկտեմբերի 12-ին Ատրպէյճանի կողմից ռազմական պաշարման ռեժիմի հաստատումը, իննամսեայ սովամահութեան քաղաքականութիւնը, 2023 թուականի Սեպտեմբերի 19-ին սանձազերծած ահաբեկչական պատերազմը եւ հարիւր հինգ հազար մարդու բռնատեղահանութիւնն անուանել «մի շարք հանգամանքներ»՝ նշանակում է ոչ միայն ուրանալ իրականութիւնը, այլեւ հինգ հարիւր զոհերի յիշատակը, Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարութեան պատանդառութիւնը, նրանց բանտային տառապանքները, զոհուածների եւ գերուածների հարազատների արցունքները, հարիւր յիսուն հազար բռնատեղահանուածների ծանրագոյն ապրումներ:
Իսկ հաւատալ, որ ռուս ժողովուրդը եւ ռուսական պետութիւնը կարող են կանխել «անարդար գործընթացը»՝ նշանակում է սին յոյսեր ներշնչել Արցախից բռնատեղահանուած բոլոր մարդկանց, նրանք յիշողութիւնից մաքրել ռուսական զօրախմբի հրամանատարութեան տմարդի վերաբերմունքի նստուածքը, Ռուսաստանի եւ նրա պետութեան հանդէպ վերստին սնուցել մեծարման եւ հաճկատար ենթակայութեան պատրաստակամութեան նուաստացուցիչ ինքնախաբէութիւն:
Արցախի հերոս Վիթալի Բալասանեանն այնուհետեւ ձեւակերպել է իր բուն ասելիքը. «Դարերի ընթացքում Ռուսական կայսրութիւնը հայ ժողովրդին բազմիցս հնարաւորութիւն է տուել պահպանել իր ինքնութիւնն ու պետականութիւնը իր պատմական հայրենիքում (Կիւլիստանի և Թիւրքմենչայի պայմանագիր)»: Սա արդէն ոչ միայն վիրաւորական, այլեւ չափազանց վտանգաւոր է, որովհետեւ այդ նարատիւը մշակուած է Մոսկուայում եւ ընդօրինակուած Ատրպէյճանի սահմանադրութեան պրեամբուլայում, որի իմաստով առ 1828 թուականը Կովկասում հայ ժողովուրդ, հայկական քաղաքակրթութիւն եւ ինքնութիւն գոյութիւն չի ունեցել:
Ատրպէյճանի պետական տոքթրինը, որ, ինչպէս ասուեց, մոսկովեան մշակում է անցել, այն է, որ «ներկայիս Հայաստանի տարածքում Ռուսական կայսրութիւնն իրականացրել է ատրպէճանցիների էթնիկ զտում, ազատուած բնակավայրերում վերաբնակեցրել Պարսկաստանից եւ Թուրքիայից տեղափոխուած հայերի»: Գեներալ Բալասանեանը փաստացի ընդունում է, որ Ռուսաստանն է «հայերին հայրենիք եւ ազգային ինքնութիւն շնորհել»:
Վիթալի Բալասանյանի «բաց նամակը», ինչպէս ասուեց, Քրեմլում որեւէ վերաբերմունքի չի արժանանալու, ինչպէս ոչ մի նշանակութիւն չունեցաւ Կիւլիստանի պայմանագրի 200-ամեակի առթիւ նոյն Փութինին յղած՝ Զօրի Բալայեանի «չելոբիտիեն»: Բայց Բալասանեանի թեքսթի «խառը» նստուածքը մնալու է եւ հարկ եղած դէպքում օգտագործուելու է թէ Հայաստանի ներքաղաքական կեանքում, թէ նրա շուրջ աշխարհաքաղաքական ծրագրաւորումներում:
Ոչ ոք, իհարկէ, Արցախի հերոս Վիթալի Բալասանեանին չի կարող զրկել պատմա-քաղաքական որոշ «գիտելիքների տիրապետելու» եւ դրանց հիման վրայ տեսակէտ ձեւաւորելու, հնչեցնելու իրաւունքից: Բայց տուեալ դէպքում այդ «գիտելիքները» եւ համոզմունքները քաղաքական բովանդակութիւն ունեն, վերագրւում են հարիւր յիսուն հազար մարդու, ուստի եւ չեն կարող դիտուել որպէս «ազատ խօսք»:
Այդպէս չի կարելի, պարո՛ն գեներալ, որովհետեւ Դուք «չելոբիտիե» հեղինակելու եւ հրապարակելու համար Արցախից բռնատեղահանուած հարիւր յիսուն հազար մարդուց նման լիազորութեամբ օժտուած չէք:
Վահրամ Աթանէսեան
1in.am
1 Մայիս 2025







Մեկնաբանէ