Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, որ եթէ Յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւններում ինքը պարտուի, եւ ընդդիմութիւնը գայ իշխանութեան, երկիրը կը կանգնի պատերազմի առաջ՝ «ոչ միայն տարածքների, այլեւ ինքնիշխանութեան կորստով»։ 

«Այդ բոլոր ուժերը, եթէ անհրաժեշտ լինի, անուններն էլ կը տամ յստակ, ենթադրում եմ, որ մի մասը չի էլ հասկանում, թէ ինչ է ասում, բայց նրանք պատրաստում են նոր սեպտեմբերեան պատերազմ՝ ծանր հետեւանքներով»,- Մարտի 19-ի ասուլիսին ասել է նա։  

Նիկոլ Փաշինեանի այս պնդումը ենթադրում է, որ պատերազմը կամ խաղաղութիւնը կախուած են նրանից, թէ ով է կառավարում Հայաստանը, այլ ոչ թէ Ատրպէյճանի որոշումներից, ռազմավարական հաշուարկներից կամ արտաքին գործօններից։ Սա պատճառահետեւանքային կապի հիմնովին սխալ մեկնաբանութիւն է։ Եթէ ձեւակերպումը աւելի հասկանալի ասենք, ապա պատերազմ սկսելու որոշումը կայացնում է Ատրպէյճանը, ոչ թէ հայ ընտրողը։ Պատերազմի ռիսքը հիմնականում որոշւում է Պաքուի ռազմավարական հաշուարկներով, ոչ թէ Հայաստանի ներքաղաքական ընտրութիւնների արդիւնքով։

Ընտրութիւնները որպէս «պատերազմի կամ խաղաղութեան» հանրաքուէ ներկայացնելը շրջում է որոշումների կայացման իրական կառուցուածքը։

Վարչապետի այս պնդումը ոչ այլ ինչ է, քան ընտրական ահաբեկման գործիք՝ «քուէարկէք իմ օգտին կամ էլ ստացէք աղէտ»։ Սա փոփուլիսթական յայտնի մեթոտ է, երբ առաջնորդն իրեն ներկայացնում է որպէս ազգային գոյատեւման միակ երաշխաւոր՝ ընտրութիւնները դարձնելով կեղծ երկընտրանք իր եւ աղէտի միջեւ։ Սա ժողովրդավարական ընտրութեան «անվտանգայնացումն» է, ինչը խաթարում է ընտրական գործընթացի լեկիթիմութիւնը։

Համեմատական քաղաքականութեան մէջ այս հռետորաբանութիւնն ունի բազմաթիւ նախադէպեր։ Բենիամին Նեթանիահուն, որը յաճախ կոչւում է «պարոն անվտանգութիւն», Իսրայէլի ընտրութիւնները բազմիցս ներկայացրել է որպէս երկընտրանք իր ղեկավարութեան եւ գոյաբանական վտանգի միջեւ՝ իւրաքանչիւր մրցակցի ներկայացնելով որպւս վտանգավոր եւ անփորձ անվտանգային հարցերում։ Յետխորհրդային տարածքում Ալեքսանտր Լուքաշենքօն է օգտագործել արտաքին սպառնալիքների եւ անկայունութեան ուրուականի խօսոյթը՝ ընտրական մրցակցութիւնը վարկաբեկելու եւ իր իշխանութեան շարունակականութիւնն արդարացնելու համար։ Ընդհանուր գիծը ազգային գոյատեւման հարցերում բացառիկ, չփոխանցուող կարողութեան պահանջն է՝ պնդում, որը բնոյթով անստուգելի է․ ցանկացած աղէտ, որը յաջորդում է իշխանութեան փոփոխութեանը, վերագրւում է առաջնորդին «խաթարածներին», իսկ ցանկացած կայունութեան շրջան՝ նրա անփոխարինելիութեան ապացոյց է։ Ընտրութիւնների այսպիսի «անվտանգայնացումը» բնորոշ է աւթորիթար ռեժիմներին, քանի որ այն քայքայում է ընտրութեան նորմատիւ հիմքը՝ այն սկզբունքը, որ իշխանութիւնները կարող են փոխուել առանց աղէտի։

Բացի այդ, Նիկոլ Փաշինեանը անտեսում է այն կառուցուածքային գործօնները, որոնք որոշում են պատերազմի ռիսքերը։ Պատերազմի ռիսքի աւելի վերլուծական գնահատականը պէտք է անդրադառնայ հետեւեալին․

– Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ խաղաղութեան պայմանագրի գործընթացի վիճակը՝ ստորագրուա՞ծ է արդեօք կայուն համաձայնագիր, եւ ինչպիսի՞ն է դրա իրականացումը։

– Ատրպէյճանի ներքին քաղաքական-տնտեսական իրավիճակը. արդեօք նախագահ Իլհամ Ալիեւը կանգնա՞ծ է ներքին ճնշումների առաջ, որոնք կարող են ռազմական արկածախնդրութիւնը դարձնել գրաւիչ՝ անկախ նրանից, թէ ով է ղեկավարում Հայաստանը։

– Միջազգային զսպման միջավայրը՝ Ռուսաստանի դիրքաւորումը, ԵՄ-ն եւ նրա դիտորդական առաքելութիւնը, ԱՄՆ-ի ներգրաւուածութիւնը, ինչպէս նաեւ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի՝ Իրանի դէմ պատերազմի հետեւանքով առաջացած անկայունութիւնը։

– Եւ Հայաստանի սեփական ռազմական պատրաստուածութիւնն ու զսպման կարողութիւնները, որոնք ինստիտուցիոնալ բնոյթի հարցեր են եւ կապուած չեն կոնկրետ մէկ ղեկավարի հետ։

Այս փոփոխականներից ոչ մէկը կախուած չէ նրանից, թէ արդեօք Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագիրը» Յունիսին կը ստանայ մեծամասնութիւն։

Կառուցուածքային այս գործօնների շարքում առանձնակի կարեւորութիւն ունի Ռուսաստանի էապէս փոխուած դերը. դա Հայաստանի անվտանգութեան միջավայրում սերունդների ընթացքում տեղի ունեցած ամէնակարեւոր փոփոխութիւնն է։ Տասնամեակներ շարունակ Հայաստանի ռազմավարական հաշուարկը հիմնուած էր Ռուսաստանի հետ դաշնակցութեան, ՀԱՊԿ անդամակցութեան եւ Ատրպէյճանի հնարաւոր ակրեսիան զսպելու համար Մոսկուայի ռազմական աջակցութեան ակնկալիքի վրայ։ Սակայն Ռուսաստանի անգործութիւնը 2020-ի պատերազմի ընթացքում, նրա փասիւութիւնը 2022-ին Ատրպէյճանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի մօտ 240 քառ. քմ-ի գրաւման եւ 2023-ին Լեռնային Ղարաբաղի անկման ժամանակ, ինչպէս նաեւ Հայաստանի կողմից ՀԱՊԿ աքթիւ մասնակցութեան սառեցումը հիմնովին քանդել են այդ համակարգը։

Այսօր Հայաստանը կանգնած է զսպման նոր համակարգ կառուցելու խնդրի առաջ եւ բազմազանեցնում է անվտանգութեան գործընկերութիւնների շրջանակը՝ աշխատելով ԵՄ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի եւ այլ ուղղութիւններով, սակայն դեռեւս չունի կայացած այլընտրանքային շրջանակ։ Այս վերափոխումը բոլորովին կապ չունի, թէ որ քաղաքական ուժն է խորհրդարանական մեծամասնութիւն ձեւաւորում Երեւանում։ Դա կառուցուածքային իրողութիւն է, որին պէտք է բախուի Հայաստանի որեւէ կառավարութիւն։

Ռուսաստանի հետ անվտանգութեան յարաբերութիւնների փլուզումը տեղի է ունեցել հենց Փաշինեանի կառավարութեան օրոք։ Նաեւ ինքը Փաշինեանն է նախաձեռնել նոր գործընկերների որոնումը։ Սա այն քաղաքական ժառանգութիւնն է, որը պէտք է գնահատուի ըստ բովանդակութեան։ Դրա յանգեցումը յունիսեան ընտրութիւնների արդիւնքին աւելի շուտ մթագնում, քան լոյս է սփռում Հայաստանի առջեւ կանգնած ռազմավարական մարտահրաւէրին։

Վարչապետի այս սպառնալիքը խաթարում է այն հնարաւոր զսպման կարողութիւնները, որոնք Հայաստանը կարող էր ձեւաւորել վերջին տարիներին։ Որքան էլ հակասական է, առաջնորդը, որը իր վերարտադրութիւնը կապում է ազգային անվտանգութեան հետ, կարող է թուլացնել Հայաստանի զսպման դիրքերը։ Սա Պաքուին ազդակ է փոխանցում, որ Հայաստանի պաշտպանութիւնը անհատականացուած եւ խոցելի է՝ կախուած մէկ մարդու քաղաքական ճակատագրից, այլ ոչ թէ ինսթիթուցիոնալ կայունութիւնից։ Ռացիոնալ պետութիւնը, հակառակը, հաղորդում է ռազմավարական շարունակականութիւն՝ անկախ ընտրութիւնների արդիւնքներից։ Եթէ Նիկոլ Փաշինեանի պնդումն ընդունուի բառացի, ապա նա իր սեփական քաղաքական ժառանգութեան համար դուրս է գալիս հաշուետուողականութիւնից։ Նրա խաղաղութեան քաղաքականութեան, արած զիջումների, ստորագրած փաստաթղթերի եւ Արցախի կորստի ցանկացած քննադատութիւն յանգում է «պատերազմ հրահրելու» մեղադրանքի։ 

Սա հռետորական առումով յարմար է, բայց իմացաբանական առումով՝ անազնիւ։ Ընտրողը պէտք է կարողանայ գնահատել առաջնորդի գործունէութիւնը՝ առանց մտավախութեան, որ այդ քննադատութիւնն ինքնին կը յանգեցնի պատերազմի։

Հենց Փաշինեանն էր իշխանութեան, երբ 2020-ին սկսուեց պատերազմը, եւ 2023-ին, երբ Արցախը ընկաւ։ Եթէ որեւէ կոնկրետ առաջնորդի ներկայութիւն իսկապէս պատերազմի եւ խաղաղութեան հիմնական որոշիչ գործօնն է, ապա այդ իրադարձութիւնների ժամանակ նրա իշխանութեան փաստը պէտք է լուրջ հարցեր առաջացնի նրա այսօրուայ հռետորաբանութեան առումով։ Այս իմաստով պատմական փաստերը չեն հաստատում նրա պնդումները։

Միեւնոյն ժամանակ, Փաշինեանի ձեւակերպման խիստ քննադատութիւնը պէտք է ազնուօրէն անդրադառնայ նաեւ ընդդիմութեան իրական քաղաքական դիրքորոշումներին եւ դրանք չներկայացնի որպէս միատարր ամբողջութիւն։ Հայաստանի մասնատուած ընդդիմութիւնը բաղկացած է տարբեր ուժերից․ ոմանք կոչ են անում ամբողջութեամբ մերժել կամ վերանայել խաղաղութեան գործընթացը, միւսները՝ վերականգնել սերտ համագործակցութիւնը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ, ոմանք էլ՝ աւելի կոշտ դիրքորոշում որդեգրել տարածքային եւ սահմանային հարցերում։ Սրանք միանգամայն տրամաբանական թեմաներ են ժողովրդավարական քննարկումների եւ ընտրողների գնահատման համար, եւ անօրինական ոչինչ չկայ, որ ընտրողները քուէարկելիս հաշուի առնեն թեկնածուների արտաքին քաղաքական մօտեցումները։

Խնդիրն այն չէ, որ անվտանգութեան հարցերը տեղ ունեն ընտրական արշաւում․ դրանք ակնյայտօրէն պէտք է լինեն։ Խնդիրն այն է, որ Փաշինեանի ձեւակերպումը բոլոր քաղաքական տարաձայնութիւնները միաւորում է մէկ՝ աղէտալի արդիւնքի ներքոյ։ Քաղաքական թափանցիկ համեմատութիւնը, որտեղ իւրաքանչիւր ուժ պատասխանատու է իր անվտանգութեան ռազմավարութեան պատեհութեան եւ վստահելիութեան համար, հենց այն է, ինչ պէտք է ապահովի ժողովրդավարական մրցակցութիւնը։ Իսկ այն, ինչ չպէտք է տեղի ունենայ, այդ համեմատութեան բացառումն է, երբ յայտարարւում է, թէ գործող իշխանութեանը ցանկացած այլընտրանք նոյնական է պատերազմի։

Աւելի ազնիւ եւ ռացիոնալ հանրային քննարկումը պէտք է դնի հետեւեալ հարցը՝ ինսթիթուցիոնալ, դիւանագիտական եւ ռազմական ի՞նչ պայմաններ կան կամ պէտք է ստեղծուեն, որպէսզի պատերազմը դառնայ պակաս հաւանական՝ անկախ նրանից, թէ ով է կառավարում։ Այսպիսի ձեւակերպումը ուշադրութիւնը առաջնորդի անձից տեղափոխում է կայուն անվտանգութեան կառուցուածքային պահանջների վրայ՝ ստորագրուած խաղաղութեան պայմանագիր՝ միջազգային երաշխիքներով եւ չլուծուած կարեւոր հարցերով, այդ թւում՝ Պաքւում պահուող հայ պատանդների ազատում, սահմանների նորմալացում եւ ատրպէճանական զօրքերի դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքների աւելի քան մէկ տասնեակ հատուածներից, բարեփոխուած եւ արդիւնաւէտ բանակ, բազմազանեցուած արտաքին քաղաքական յենարաններ եւ վստահելի զսպման համակարգ։

Այս հարցերը կարող են ձևավորել պատերազմի և խաղաղության թեմայի ավելի կառուցողական շրջանակ, որում կքննարկվեն Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները։ Սա այն տեսակ հանրային քննարկումն է, որն անհրաժեշտ է Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար, և սա հենց այն է, ինչ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը փաստացի խոչընդոտում է։

Հրայր Պալեան

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ