Կոռուպցիոն խայտառակութիւնից դեռեւս ուշքի չեկած՝ Ատրպէյճանի Գիտութիւնների ազգային ակադեմիան յայտնուել է նոր սքանտալի կենդրոնում։ Ակադեմիայի նախագահութիւնում նիստի մասնակիցները՝ հիմնականում պատկառելի տարիքի «ակադեմիկոսներ», յայտնուել են բաւականին անյարմար իրավիճակում. տեսախցիկը նիստի անդամների մեծ մասին ֆիքսել է ուղղակի քնած. ըստ երեւոյթին՝ միջոցառումը «մահացու ձանձրալի» է եղել։ Քնել էին կուշտ ու խաղաղ։ Չէ՞ որ կոռուպցիոն սխեմաներն արդէն ձեւաւորուած են, պատմութիւնը՝ կեղծուած, գիտութիւնը՝ զրոյական մակարդակի հասցուած, իսկ ամօթը՝ յաւերժ ապահովուած։ Առաքելութիւնն իրականացուած է։

Կոռուպցիայով (միա՞յն) ախտահարուած գիտութիւնն Ատրպէյճանում

Յատկապէս վերջին երեք տարիներին Ատրպէյճանի Գիտութիւնների ակադեմիան պարբերաբար յայտնւում է կոռուպցիոն սքանտալների կիզակէտում։ Զարմանալի զուգադիպութեամբ ակադեմիայի երեք նախագահներին երեք տարի անընդմէջ մեղադրում են կոռուպցիայի, հովանաւորչութեան, իւրացումների մէջ։ Սա պարզապէս մեղադրանքների շարք չէ, այլ՝ Ատրպէյճանի գիտութեան իրական պատկերը։

Minval.az լրատուական կայքին նախկինում երբեմն յաջողւում էր դիպուկ եւ ճշգրիտ նիւթեր հրապարակել։ Դեռեւս 2013 թուականին «Minval.az»-ը ճշգրիտ բնութագրել էր ատրպէճանական գիտութիւնը՝ որպէս «կոռուպցիայով վարակուած»։ Ժամանակը ցոյց տուեց, որ այդ գնահատականը լիովին համապատասխանում է իրականութեանը։

Գիտութիւնն ակադեմիայի նախագահի դստեր «բարօրութեան» համար

2025 թուականի Հոկտեմբերին կոռուպցիոն նոր սքանտալ բռնկուեց ակադեմիայի նախագահ Իսա Հապիպէյլիի դստեր՝ Կիւնայ Մասիմովայի անուան շուրջ։ Ըստ տեղեկութիւնների՝ Գերմանիայում Կիւնայ Մասիմովայից գողացել էին միլիոն տոլարների եւ եւրոների հասնող կանխիկ գումար, ինչպէս նաեւ՝ ադամանդներ եւ թանկարժէք զարդեր։ Մասիմովային պատկանող սէյֆում, ըստ հաղորդումների, պահւում էին 790 000 ԱՄՆ տոլար եւ 330 000 եւրօ կանխիկ գումար, ադամանդներ, զարդեր։

Փողերի եւ արժէքաւոր իրերի ծագումը պարզելու նպատակով Նիւրընպերկում հետաքննութիւն էր սկսուել։ Ակադեմիայի նախագահի դուստրը, չսպասելով արդիւնքներին, լքել էր Գերմանիան, աւելի ճիշդ՝ փախել։ Գերմանիայում բնակութեան իրաւունք նա ստացել էր շինծու ամուսնութեան վկայականի միջոցով եւ Պերլինի Քուռֆիւռշթէնտամ (Kurfürstendamm) փողոցում ձեռք էր բերել առանձնատուն եւ բնակարան՝ մօտ 1 միլիոն եւրօ արժողութեամբ։ Թւում էր, թէ Մասիմովայի կեանքը բաւական յաջող էր դասաւորուել, սակայն, ինչպէս ասում են, դժբախտութիւնը մենակ չի գալիս․ բաւական չէ՝ գումարն էին գողացել, հետն էլ՝ հետաքննութիւն, խայտառակութիւն ու հարկադրուած փախուստ։

Աւելի ուշ ակադեմիայի նախագահը մասամբ հերքել էր այս տեղեկութիւնները, սակայն, ընդգծենք, որ խնդրել էր իր անունը չյիշատակել տուեալ միջադէպի հետ կապուած (դստեր անունը կարելի է, իրենը՝ ոչ)։

Երեք նախագահ՝ կոռուպցիոն մէկ համակարգ

Ատրպէճանական լրատուամիջոցների հրապարակումների համաձայն՝ 2025 թուականի Հոկտեմբերի վերջին դատական գործընթացների մէջ միաժամանակ ներգրաւուել են Ատրպէյճանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի երեք նախագահներ՝ գործող նախագահ Իսա Հապիպէյլին, ինչպէս նաեւ՝ նախկին ղեկավարներ Ռամիզ Մեհտիեւը եւ Աքիֆ Ալիզատէն։

Զարմանալի զուգադիպութեամբ դեռեւս 2024 թուականի Հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Ատրպէյճանի Գլխաւոր դատախազութիւնն ակադեմիայի ղեկավարութեան դէմ քրէական գործ էր յարուցել՝ հիմնուելով 2022–2023 թուականների աուտիթորական ստուգումների վրայ։ 2019–2022 թուականներին Գիտութիւնների ազգային ակադեմիայի նախագահն էր Ատրպէյճանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիեւը։ Ակադեմիայի գործերի փաստացի կառավարումը 2021 թուականից, ըստ հաղորդումների, իրականացրել է նրա փեսայի եղբայրը՝ Ֆիքրէթ Ալիեւը։

Իւրացումների մեխանիզմներն Ատրպէյճանի Գիտութիւնների ազգային ակադեմիայում պարզունակ, սակայն արդիւնաւէտ

Փողերի լուացման սխեմաները յայտնի են բոլորին․

վերանորոգման եւ շինարարական աշխատանքներ․ կատարուած աշխատանքների ծաւալների կեղծում եւ նախահաշիւների ուռճացում,
կեղծ ծառայութիւններ․ պայմանագրերի կնքում այնպիսի ծառայութիւնների համար, որոնք փաստացի չեն մատուցուել,
գնումներ․ սարքաւորումների ձեռքբերում շուկայական արժէքներից անհամեմատ բարձր գներով։

Ատրպէճանական գիտութեան կոռուպցիոն համակարգին բնորոշ են․

համակարգային հովանաւորչութիւնն ու «մեռած հոգիները» (վառ օրինակ՝ Շամախիի աստղաֆիզիկական աստղադիտարանը),
հովանաւորչութիւն՝ ղեկավար կազմի ազգականների եւ մտերիմների նշանակումը վարչական առանցքային պաշտօններում (Մեհտիեւի փեսայի եղբօր օրինակը),
ոչ փրոֆեսիոնալ քատրերի հաւաքագրում․ գիտական համապատասխան որակաւորում չունեցող անձանց աշխատանքի ընդունում, որն էլ աւելի է խորացնում ոլորտի ողբալի վիճակը։

Եզրակացութիւն

Ատրպէճանական գիտութիւնը վերջին տասնամեակներում թաղուած է կոռուպցիայի, խարդախութեան, միջոցների իւրացման եւ անբարեխիղճ գործունէութեան մէջ։ Ակնյայտ է դառնում, որ նման «գիտնականները» ոչնչի ունակ չեն՝ բացի հարեւան ժողովուրդների պատմութեան եւ մշակոյթի խեղաթիւրումից։ «Ակադեմիական նման էլիտայից» աւելին ակնկալելը դժուար է։

Ի սրտէ խորհուրդ ենք տալիս՝ ցրէ՛ք այս «ննջող ծերակոյտը»՝ իր կոռումպացուած ղեկավարութեամբ, ու կեղծ գիտնականների փոխարէն հաւաքէ՛ք ազնիւ, պատասխանատու ու փրոֆեսիոնալ քատրեր։ Այդ դէպքում ատրպէճանական գիտութիւնը գուցէ չնոյնացուի տարիներ շարունակ իր անուան հետ կապուող կեղծիքների, կոռուպցիայի, յանցաւոր այլ բնորոշումների հետ, ինչի մասին, ինչպէս փաստուեց, վկայում են անգամ ատրպէճանական լրատուամիջոցները։

Գեղարդ Հիմնադրամ

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ