Փետրուարի 28ին ԱՄՆ–Իսրայէլ դաշինքի կողմից Իրանի դէմ սկսուած պատերազմը չի սահմանափակւում Իրանի միջուկային կարողութիւնների ոչնչացմամբ, այլ նպատակ ունի ձեւել նոր Մերձաւոր Արեւելք՝ իսրայէլական գերիշխանութեամբ։ Եւ Իրանի դէմ այս պատերազմը վերջինը չի լինելու…
2003-ի Մարտի 20-ին նէօպահպանողականների գաղափարական ազդեցութեան ներքոյ ԱՄՆ վարչակազմը չհրահրուած յարձակում սկսեց Սատտամ Հուսէյնի Իրաքի դէմ։ Պատրուակը Իրաքի «զանգուածային ոչնչացման զէնքերն» էին, որոնք իբր սպառնալիք էին ԱՄՆ անվտանգութեան համար։ Այդ ժամանակ ոչ ոք չէր պաշտպանում Սատտամի գանգստերական ռեժիմը՝ նոյնիսկ նրա սեփական զինուորները։ Սկզբնական զանգուածային ռմբակոծութիւններից յետոյ ամերիկեան զօրքերը հարաւից առաջ շարժուեցին, քաղաք առ քաղաք գրաւեցին եւ երկու շաբաթում հասան Պաղտատ։ Նրանք բռնեցին փոսում թաքնուած բռնապետին եւ յանձնեցին նրա իրաքցի շիա թշնամիներին, որոնք նրան կախաղան հանեցին։
Ամերիկացի նէօպահպանողականները Մերձաւոր Արեւելքի համար մեծ ծրագրեր ունէին։ Իրաքը գրաւելով եւ նրա անսահման նաւթային պաշարներն օգտագործելով՝ նրանք ծրագրում էին ֆինանսաւորել նոր Մերձաւոր Արեւելք՝ ԱՄՆ-ի գերիշխանութեամբ եւ Իսրայէլի հանդէպ բարեկամական դիրքով։ Նրանք չէին վստահում իրենց աւանդական դաշնակիցներին՝ սաուտցիներին, որոնք սալաֆի-ջիհատական գաղափարախօսութեան ազդեցութեան ներքոյ էին։ Իսկ Մերձաւոր Արեւելքի ածխաջրածինների նկատմամբ (համաշխարհային արտահանման 25%-ը) վերահսկողութիւն հաստատելով՝ ԱՄՆ-ն կարող էր իր ազդեցութիւնը տարածել նաեւ Եւրոպայի, Հնդկաստանի եւ յատկապէս Չինաստանի վրայ։
Սակայն պատերազմներն ունեն վատ սովորութիւն՝ շեղուել ծրագրուածից։ Սատտամի անվտանգութեան ուժերի ազդեցիկ սուննի սպաները, որոնք ԱՄՆ յարձակման արդիւնքում զրկուեցին իշխանութիւնից, ապստամբեցին բռնազաւթման դէմ, կիրառեցին ճանապարհամերձ ռումբեր, որոնց ամերիկեան զօրքերը պատրաստ չէին, եւ ամերիկացիներին պատճառեցին աւելի քան 4,000 զոհ ու թրիլիոնաւոր տոլարների վնաս։ Սակայն դա ամէնավատը չէր․ ամերիկեան բռնազաւթումը Պաղտատի բանալիները յանձնեց Իրանի կողմնակից շիա կուսակցութիւններին՝ ալ-Դաավային եւ Իրաքում Իսլամական յեղափոխութեան գերագոյն խորհրդին, որոնք սերտօրէն կապուած էին իրանական վարչակարգի հետ։ 2003-ի ներխուժմամբ ամերիկացիները ոչ միայն վերացրին Իրանի գլխաւոր թշնամի Սատտամին եւ Իրաքն ու նրա ռեսուրսները յանձնեցին մոլլաներին, այլեւ մէկ գիշերուայ ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետութիւնը վերածեցին տարածաշրջանային կայսրութեան՝ Թեհրանից մինչեւ Հարաւային Լիբանան եւ աւելի հեռու տարածուող ազդեցութեամբ։
Իրանի Իսլամական Հանրապետութիւնը չափազանցեց իր ազդեցութեան տարածումը՝ պատերազմներ վարելով Սիրիայից մինչեւ Եմէն։ Թէեւ Պարաք Օպաման հանդուրժում էր իրանական ընդլայնումը եւ նոյնիսկ համագործակցում Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի՝ Քասէմ Սուլէյմանիի հետ՝ Իրաքում եւ Սիրիայում ԴԱԵՇ-ի դէմ պայքարում, Տոնալտ Թրամփն ու նրա իսրայէլցի դաշնակիցները դա չհանդուրժեցին։ Սուլէյմանիի սպանութիւնը 2020-ին՝ դեռ մինչեւ 2023-ի Հոկտեմբերի 7-ի Համասի յարձակումները, դարձաւ տարածաշրջանային կարգի/անկարգութեան վերաձեւման յետհաշուարկի սկիզբը։ Պատրուակը իրանական միջուկային զէնքն է, ինչպէս ժամանակին Սատտամի քիմիական եւ կենսաբանական զէնքերը, սակայն դա միայն պատրուակ է, քանի որ նպատակը Մերձաւոր Արեւելքում լիակատար գերիշխանութիւնն է։
Այնուամենայնիւ, Իրանի ղեկավարութիւնը չհասկացաւ, որ ժամանակները փոխւում են։ Կազայի պատերազմի մեկնարկից յետոյ լիբանանեան Հեզպոլլահը սկսեց իր «աջակցութեան պատերազմը» (Հարպ ալ-Իսնատ)՝ Իսրայէլին տալով պատրուակ՝ պաղեստինցիների դէմ ցեղասպանական պատերազմը վերածելու Մերձաւոր Արեւելքի քարտէզը վերաձեւելու համընդհանուր պատերազմի։
Իրանի ազդեցիկ գործիչներից Ալի Լարիճանին 2026-ի Մարտի 2-ին «X»-ում արաբերէն գրեց․ «Մենք չենք բանակցելու Միացեալ Նահանգների հետ»։ Նրա խօսքերը միայն հաստատում են անելանելի իրավիճակը այն բանից յետոյ, երբ իսրայէլա-ամերիկեան օդային յարձակման հետեւանքով սպանուել է Իսլամական պետութեան հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէին։ Սա համընդհանուր պատերազմ է, որը Իրանի իշխող շրջանակներին մղում է նահատակութեան խորհրդաւոր զգացողութեան։ Նրանք այժմ իրենց ունեցած ամէն ինչ նետում են այս համընդհանուր պատերազմի մէջ․ կա՛մ կը պահպանեն իրենց վարչակարգը եւ կ՛ապրեն, կա՛մ կը կործանուեն՝ կռուելով մի պատերազմում, որը իրենք չեն ընտրել։
Այս ինքնասպանական, «աշխարհի վերջի» մտածելակերպն արտայայտւում է նրանով, որ Իրանը անօդաչու թռչող սարքեր եւ հրթիռներ է ուղարկում Ծոցի բոլոր երկրների ուղղութեամբ։ Այն երեւում է նաեւ նրանից, որ Լիբանանի Հեզպոլլահին հրահանգուել է հիւսիսային Իսրայէլի ուղղութեամբ մի քանի «Քատթիւշա» հրթիռ արձակել, թէեւ 2024-ին Իսրայէլի հետ հակամարտութեան ընթացքում լիբանանեան շիա աշխարհազօրը փաստացի գլխատուել էր։ Այդ մի քանի պարզունակ «Քաթիւշաները» ռազմական առումով իմաստ չունեն, բացի այն, որ Լիբանանը եւ յատկապէս նրա շիա բնակիչներին կը դնեն իսրայէլական անողոք հակահարուածի տակ։
Մերձաւոր Արեւելքում ներկայում ընթացող պատերազմը 2003-ին Իրաք ամերիկեան ներխուժման փոփոխուած շարունակութիւնն է։ Սակայն ի տարբերութիւն 2003-ին Իրաքում տեղի ունեցածի՝ Իրանում չի լինելու օտարերկրեայ բռնազաւթում, չեն լինելու ամերիկեան «զինուորական կօշիկներ գետնի վրայ»։ Ամերիկա-իսրայէլական դաշինքի նպատակը Իրանի գործող վարչակարգը մէկ այլ՝ իրեն հաւատարիմ վարչակարգով փոխարինելը չէ։ Յեղափոխութեան պահապանների կորպուսին, Բասիջին եւ նոյնիսկ ոստիկանութեան բաժիններին ուղղուած ռմբակոծութիւնների ալիքները յուշում են, որ նպատակը կենդրոնական պետական կառոյցները թուլացնելն է եւ Իրանը «ձախողուած պետութեան» վերածելը։
Չկան երաշխիքներ, որ Իրանի թուլացումը կը յանգեցնի տարածաշրջանային կայունութեան։ Հորիզոնում արդէն ձեւաւորւում է նոր տարածաշրջանային հակամարտութիւն՝ Իսրայէլի եւ Թուրքիայի միջեւ նոր դիմակայութիւն։ Իսրայէլցի պաշտօնեաները՝ թէ՛ նախկին, թէ՛ ներկայ, աւելի յաճախ են Թուրքիան բնութագրում որպէս «Նոր Իրան»՝ պնդելով, որ Թուրքիան «սուննիական դաշինքի» միջոցով սպառնալիք է իրենց համար։ Հետեւաբար, ներկայիս ռազմական խելայեղութիւնը «բոլոր պատերազմներին վերջ տուող պատերազմ» չէ, այլ ընդամէնը եւս մէկը՝ Իսրայէլի անվիճարկելի տարածաշրջանային հեգեմոն դառնալու ճանապարհին։

Սակայն Ամերիկայի եւ Իսրայէլի ղեկավարները կարծես չեն գիտակցում, որ հնարաւոր չէ տիրապետել եւ իշխել միայն արեամբ ու երկաթով։

Վիգէն Չըթըրեան
Սիվիլնէթ

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ