Ներկայացնում ենք իսրայքլական Globes պարբերականի Armenia unveils suicide drone resembling IAI’s Harop յօդուածի հայերէն թարգմանութիւնը:

Միջազգային յարաբերութիւնները բարդ գործ են, յատկապէս երբ խօսքը վերաբերում է զէնքին: Իսրայէլը յայտնուել է անյարմար իրավիճակում. Հայաստանը ներկայացրել է Israel Aerospace Industries (IAI) ընկերութեան կողմից մշակուած Harop քամիքաձէ ԱԹՍ-ի իր տարբերակը, ինչը դժգոհութիւն է առաջացրել Ատրպէյճանում:

Վիրաբուժական ճշգրտութիւն

Harop-ը տպաւորիչ բնութագրերով «քամիքաձէ» (պարեկող զինամթերք) ԱԹՍ է՝ 200 քիլոմեթր գործողութեան շառաւղով, մինչեւ 9 ժամ թռիչքի տեւողութեամբ: Այն կարող է մօտ 16 քիլոկրամ պայթուցիկ նիւթ կրել, աչքի է ընկնում բարձր ճշգրտութեամբ եւ ի վիճակի է գրոհել ինչպէս ուղղահայեաց, այնպէս էլ հորիզոնական դիրքերից:

2020 թուականի պատերազմի ընթացքում IAI-ի արտադրութեան Harop-ը դարձաւ Ատրպէյճանի ջախջախիչ յաղթանակի խորհրդանիշը: Նրա արդիւնաւէտութիւնը մարտի դաշտում այնքան մեծ էր, որ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը նկարուեց ԱԹՍ-ի հետ:

Իսրայէլական տեխնոլոգիաների արտահո՞սք

Հնդկաստանը իսրայէլական պաշտպանական արտադրանքի խոշոր գնորդ է. 2020-2024 թուականներին նրան է բաժին հասել իսրայէլական պաշտպանական արտահանման մօտ 34%-ը:

Սթոքհոլմի միջազգային խաղաղութեան հետազոտութիւնների ինստիտուտի (SIPRI) տուեալներով՝ այդ գործարքների ընդհանուր արժէքը կազմել է մօտ 20.5 միլիարդ տոլար:

Վարչապետ Նարենտրա Մոտիի «Պատրաստուած է Հնդկաստանում» քաղաքականութիւնը պարտաւորեցնում է օտարերկրեայ ընկերութիւններին արտադրական գծերն ու տեխնոլոգիաները փոխանցել հնդկական կողմին: Այսպիսով՝ Հնդկաստանը ներմուծողից աստիճանաբար վերածւում է ինքնուրոյն սպառազինութեան արտահանողի, ինչը մի շարք դէպքերում հակասում է իսրայէլական շահերին: Թերեւս, հենց սա է տեղի ունենում այժմ Հայաստանում:

Անցեալ տարուայ Մայիսին, Փաքիստանի դէմ գործողութեան ընթացքում, Հնդկաստանը մեծ ծաւալներով կիրառել է Harop-ները: Իսկ 2025 թուականի Հոկտեմբերին հայկական Davaro ընկերութիւնը ներկայացրեց Dragonfly 3 քամիքաձէ ԱԹՍ-ն, որը Harop-ի ճշգրիտ պատճէնն է:

«Հնդկական հետքը» ի յայտ եկաւ անցեալ շաբաթ, երբ Նիւ Տելհիից պատուիրակութիւն այցելեց Հայաստան եւ ծանօթացաւ նոր ԱԹՍ-ի հետ: 

Dragonfly 3-ը ունի 3000 մմ թեւերի բացուածք եւ 5 քկ մարտական բեռնուածութիւն: Ըստ Davaro-ի՝ ԱԹՍ-ն կարող է օդում մնալ մինչեւ մէկ ժամ, արագութիւնը կազմում է 126 քմ/ժ, իսկ գործողութեան շառաւիղը՝ մինչեւ 120 քիլոմեթր:

Իսրայէլի պաշտպանական ոլորտի բարձրաստիճան ղեկավարը Globes-ին յայտնել է, որ իր կարծիքով տեխնոլոգիաները Հայաստան են հասել Հնդկաստանից: Ըստ Globes-ի տեղեկատուութեան՝ Ատրպէյճանը ծայրայեղ դժգոհ է ստեղծուած իրավիճակից, քանի որ Հայաստանի մօտ նման ռազմավարական միջոցի առկայութիւնն ուղղակի սպառնալիք է նրա անվտանգութեանը:
Israel Aerospace Industries ընկերութիւնը յայտարարել է, որ «իրականացնում է միջազգային համագործակցութիւն, ներառեալ Հնդկաստանի հետ, բացառապէս Իսրայէլի օրէնսդրութեանը, պաշտպանութեան նախարարութեան եւ Պաշտպանական արտահանման վերահսկողութեան գործակալութեան (DECA) հրահանգներին համապատասխան»:

Մետիամաքս

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ