Նիկոլ Փաշինեանի հնարած «Իրական Հայաստան» գաղափարախօսութեան մէջ հայրենիքը ընկալւում է որպէս այստեղ եւ հիմա գոյութիւն ունեցող, իրաւականօրէն ճանաչուած պետութիւն, որի արժէքը պայմանաւորուած է ոչ թէ պատմական իտէալներով կամ Հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի ստեղծած հսկայ մշակութային ժառանգութեամբ, այլ ներկայ ինքնիշխանութեամբ, կառավարելիութեամբ եւ քաղաքացիական պատասխանատուութեամբ։ Կարեւոր է հասկանալ, թէ ինչ պատկերացումներից է սնուել ու ձեւաւորուել այդ «գաղափարախօսութիւնը»։

Մեզանում, օրինակ, տարածուած է մի պատկերացում, ըստ որի հայրենիքի հանդէպ սէրը նախ եւ առաջ նշանակում է սէր ու հոգատարութիւն այն անմիջական միջավայրի հանդէպ, որտեղ ապրում ենք։ Սա ինքնին ազգային բարձրարժէք մշակոյթի դրսեւորում է։ Սակայն դրանից բխեցւում է նաեւ մէկ այլ, խնդրայարոյց մեկնաբանութիւն․ եթէ մարդը չի կարողանում իր ունեցած միջավայրը բերել իտէալական վիճակի, ապա իբր իրաւունք չունի որեւէ պահանջ կամ յաւակնութիւն ունենալ այլ տարածքների նկատմամբ։ Հայրենիքի հարցում այդ միտքը ձեւակերպւում է հետեւեալ կերպ՝ եթէ չենք կարողանում լիարժէք շէնացնել մեր ունեցած 29 հազար քառակուսի քիլոմեթրը, ապա իրաւունք չունենք խօսելու պատմական հայրենիքի մասին։ Այս մօտեցմամբ հայրենիքը սիրելը վերածւում է պարտադիր ինքնաբաւութեան՝ բաւարարուել ունեցածով, քանի որ «մաքրելու ու կառուցելու» դաշտն արդէն իսկ չափազանց մեծ է։

Իրականում սա ոչ թէ իրատեսութիւն է, այլ հայրենասիրութեան իմաստային նեղացում, որը անուղղակիօրէն յայտարարում է նախորդ սերունդների ձգտումներն աւելորդ, իսկ ներկայ սահմանները՝ բաւարար՝ հայրենիքի սահմանները որոշելու համար։ Այս տրամաբանութիւնը ժամանակի ընթացքում վերածւում է պարտուողական ինքնաբաւարարուածութեան՝ մարդուն վարժեցնելով մեծի կամ մասշտապայինի մասին մտածելը ընկալել որպէս վտանգաւոր շեղում, որը կարող է հայ ժողովրդին կրկին կանգնեցնել լինել-չլինելու խնդրի առաջ։

Քաղաքական տարրական տրամաբանութիւնը յուշում է, որ աշխարհում չկայ այնպիսի իտէալական պետութիւն, որը կ՛առանձնանայ իր անթերի մաքրութեամբ, լիարժէք կարգաբերուածութեամբ ու բոլորի համար սիրելի կառավարման համակարգով։ Սակայն կատարեալ պետութիւն կառուցելու ձգտումը բնորոշ է բոլոր հանրութիւններին։ Իսկ այդ ճանապարհին ոչ մի ժողովուրդ երբեք չի հրաժարւում սեփական պատմական, քաղաքական ու մշակութային ժառանգութիւնից եւ իրաւունքներից։

Բոլոր պետութիւնների համար բնական է ունենալ բանակ, վարել ազդեցութեան ծաւալման քաղաքականութիւն, կառուցել երկարաժամկէտ պետական ռազմավարութիւն՝ հիմնուելով պատմական փորձի ու ժառանգութեան վրայ։ Մեզ համար, սակայն, այսօր նոյնիսկ անցեալից փոխանցուած պետական եւ ազգային խորհրդանիշների պահպանումն է յաճախ ներկայացւում որպէս «չափազանցութիւն»։ Այս տրամաբանութեան արդիւնքում ձեւաւորւում է մի մտածողութիւն, որը ոչ ինքնուրոյն է, ոչ էլ բխում է ազգային շահից․ այն մարդու մէջ ամրապնդում է հարմարուողի դերակատարումը՝ սնուելով պարտուողական հոգեբանութեամբ եւ աստիճանաբար նորմալացնելով զիջումը որպէս սովորական վարքագիծ։

Միեւնոյն ժամանակ մեզանում տարածուած է նաեւ մէկ այլ պատկերացում, ըստ որի հայրենասիրութիւնը սահմանափակւում է լեզուի ու մշակոյթի պահպանութեամբ, իսկ պետական, քաղաքական կամ պատմական պահանջատիրութիւնը ներկայացւում է որպէս վտանգաւոր հռետորաբանութիւն։ Հենց այսպիսի պատկերացումներից է սնւում նաեւ «Իրական Հայաստան» կոչուող գաղափարախօսութիւնը՝ հայրենասիրութիւնը սեղմելով անվտանգ, ոչ պահանջատէր շրջանակի մէջ եւ զրկելով այն քաղաքական ու պատմական չափումներից։

Սակայն այստեղ անխուսափելիօրէն բացւում է հիմնարար հակասութիւնը։ Եթէ հայրենասիրութիւնը միայն մշակոյթի պահպանությունն է, ապա անհրաժեշտ է յստակեցնել՝ ո՞ր մշակոյթի մասին է խօսքը։ Հայ մշակոյթը երբեք չի եղել ինքնամփոփ համակարգ՝ կտրուած պատմական տարածքից, պատմական յիշողութիւնից եւ խորհրդանիշներից։ Դրա առանցքային յենարաններից մէկը Արարատն է՝ ոչ միայն որպէս լեռ, այլ որպէս ինքնութեան, պատմական յիշողութեան եւ հաւաքական ինքնագիտակցութեան խորհրդանիշ։ Չարենցի «ճերմակ գագաթը» չի կարող վերածուել «սար է էլի»-ի՝ առանց մշակութային բովանդակութեան աղքատացման։

Հայ մշակոյթն առանձին անհատական ձեռքբերումների հանրագումար չէ, որքան էլ դրանք արժէքաւոր լինեն։ Այն ամբողջական համակարգ է՝ հոգեւոր, նիւթական, գաղափարական եւ սիմվոլիկ առանցքներով, որոնք ձեւաւորել են ժողովրդի պատմական դիմագիծը։ Երբ հայրենասիրութիւնը սահմանւում է միայն լեզուով ու մշակոյթով՝ դիտաւորեալ դուրս թողնելով մեր նշած առանցքները, այն վերածւում է անվնաս, յարմարեցուած եւ քաղաքականապես դատարկ հասկացութեան։ Իսկ սա արդէն այն պատկերացումների տրամաբանական շարունակութիւնն է, որոնց վրայ կառուցւում է «Իրական Հայաստան» կոչուող կեղծ գաղափարախօսութիւնը։

Սարօ Սարոյեան

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ