Ժամանակակից տեղեկատուական միջավայրում խօսքը դարձել է ամէնահզօր գործիքներից մէկը։ Մի քանի բառ կարող են ոգեշնչել, միաւորել եւ առաջ մղել, բայց նոյնքան հեշտ կարող են վիրաւորել, պառակտել ու վնասել։ Այդ վտանգաւոր սահմանագիծը կոչւում է ատելութեան խօսք։

Ատելութեան խօսքի մասին յաճախ խօսում են որպէս վերացական խնդիր։ Մինչեւ այն պահը, երբ այն դառնում է քո իրականութիւնը։ Ես էլ եմ դարձել ատելութեան խօսքի զոհ։ Ոչ մէկ անգամ, ոչ պատահաբար, ոչ շատ յաճախ, բայց նպատակային ձեւով։

Սկզբում թւում է՝ դա պարզապէս «մէկի կարծիքն է», «ինթերնէթային աղմուկ» կամ «անտեսելու արժանի բան»։ Բայց երբ վիրաւորանքները դառնում են անձնական, երբ խօսքը թիրախաւորում է քո ինքնութիւնը, գործդ, արտաքինն կամ արժէքներդ, դա այլեւս կարծիք չէ։ Դա ճնշում է։ Դա հոգեբանական բռնութիւն է։

Ատելութեան խօսքը չի ծնւում դատարկ տեղում։ Այն սնւում է նախանձից, վախից, անհանդուրժողականութիւնից եւ սեփական չլուծուած խնդիրներից։ Թուային հարթակները պարզապէս դառնում են այն միջավայրը, որտեղ այդ ամէնը դուրս է գալիս մակերես։ Անանունութիւնը մարդկանց դարձնում է անպատասխանատու, դաժան, ստոր ու տալիս է ազատութիւն իրենց սեփական այլասեռութիւնները փռոյեքթել այլ մարդկանց վրայ։

Ատելութեան խօսքը կարծիք չէ եւ քննադատութիւն չէ։ Այն նպատակ ունի նուաստացնել, վախեցնել կամ թշնամանք սերմանել մարդկանց կամ խմբերի նկատմամբ՝ նրանց ինքնութեան, արտաքինի, հաւատքի, ծագման, սեռի կամ աշխարհայեացքի պատճառով։ Երբ խօսքը դառնում է թիրախային վիրաւորանք, այն կորցնում է իր ազատութեան արժէքը եւ վերածւում է սոցիալական սպառնալիքի։

Սոցիալական ցանցերը եւ թուային հարթակները ատելութեան խօսքի տարածման համար ստեղծել են արագ ու անպատասխանատու միջավայր։ Անանունութիւնը յաճախ մարդկանց ազատում է բարոյական արգելքներից՝ թոյլ տալով ասել այն, ինչ իրական կեանքում չէին համարձակուի։ Արդիւնքում ձեւաւորւում է թունաւոր խօսքի նորմալացում, որը յատկապէս վտանգաւոր է երիտասարդների եւ դեռ ձեւաւորուող արժէքներ ունեցող մարդկանց համար։

Խօսքի ազատութիւնը ժողովրդավարութեան հիմնասօւներից է, սակայն այն չի կարող գոյութիւն ունենալ առանց պատասխանատուութեան։ Ազատ խօսքը չի ենթադրում իրաւունք՝ վիրաւորելու, նուաստացնելու կամ մարդկանց մարդկային արժանապատուութիւնը կասկածի տակ դնելու։ Երբ խօսքը խախտում է այդ սահմանը, հասարակութիւնը պարտաւոր է արձագանքել։

Ատելութեան խօսքի դէմ պայքարը միայն օրէնքների կամ հարթակների մոտերացիայի խնդիր չէ։ Այն սկսւում է իւրաքանչիւրից՝ մեր բառերի ընտրութիւնից, մեր լռութիւնից կամ արձագանքից։ Չարձագանքելը նոյնպէս դիրքորոշում է, որը յաճախ նպաստում է ատելութեան խորացմանը։

Մենք կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ, տարբեր աշխարհայեացքներ եւ սուր բանավէճեր՝ առանց միմիանց ոչնչացնելու։ Յարգանքը չի սահմանափակում ազատութիւնը, այն տալիս է նրան արժէք եւ խորութիւն։ Հասարակութիւն, որը սովորում է խօսել առանց ատելութեան, դառնում է աւելի ուժեղ, կայուն եւ մարդկային։

Ատելութեան խօսքին հակազդելը քաղաքացիական պատասխանատուութիւն է։ Իսկ մարդկային խօսքը միշտ աւելի բարձր է ցանկացած վիրաւորանքից։

Կարէն Գրիգորեան

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ