NBS News-ը, յղելով Սպիտակ տան բարձրաստիճան մի պաշտօնեայի, յայտնել է, որ Իսրայէլը եւ տարածաշրջանի «մի քանի արաբական երկրներ ԱՄՆ նախագահին խնդրել են առայժմ Իրանի դէմ ռազմական ուժ չկիրառել»: Ըստ երեւոյթին, նոյն առաջարկութիւնը Տոնալտ Թրամփին արել է նաեւ Թուրքիայի նախագահ Էրտողանը: «Անատոլուի» փոխանցմամբ՝ վերջին քսանչորս ժամում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիտանը երկու հեռախօսազրոյց է ունեցել իրանցի պաշտօնակից Արաքճիի հետ:

Նախօրէին Ֆիտանը լրատուամիջոցներին ասել է, որ Իրանի ներքաղաքական ճգնաժամի հիմնական պատճառը տնտեսական եւ քաղաքական մեկուսացուածութիւնն է: Նա Իսլամական հանրապետութեան առաջնորդներին յորդորել է «բանակցութիւններ սկսել» եւ հաւաստիացրել, որ Թուրքիան «անհրաժեշտութեան դէպքում պատրաստ է միջնորդ լինել»: Ըստ տեղեկութիւնների, ԱՄՆ նախագահի ուղղակի յանձնարարութեամբ նրա յատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆը դադարեցրել է Իրանի արտգործնախարար Արաքճիի հետ «բոլոր տեսակի շփումները»: Այլ աղբիւրների ներկայացմամն՝ «ԱՄՆ-Իրան դիւանագիտական երկխօսութիւնը խզուել է այաթոլլա Ալի Խամենէիի հրահանգով»:

Յունուարի 13-ին ԱՄՆ նախագահն առաջին անգամ ուղղակի դիմել է իրանցի ցուցարարներին եւ կոչ արել, որ նրանք «գրաւեն հաստատութիւնները»: Տոնալտ Թրամփը նրանց վստահեցրել է, որ «օգնութիւնն արդէն ճանապարհին է»: Անցեալ շաբաթասկզբին բառացիօրէն նոյն հաւաստիացումն արել է հանրապետական սենաթոր Կրէմը: Փորձագիտական տեսակէտ կայ, որ «այս անգամ Իրանին առաջին հարուածը կը հասցնի ԱՄՆ-ը, իսկ Իսրայէլը կը շարունակի եւ կը փորձի աւարտին հասցնել կրօնապետութեան տապալումը»:

Աւելի վաղ նկատել ենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարքօ Ռուպիոյի հանդիպումը կայանում է Իրանի շուրջ չափազանց բարդ, բազմաշերտ իրավիճակի ֆոնին: Այդ բանակցութիւններից և «Թրամփի ուղի» նախագծի իրացման մասին հայ-ամերիկեան համատեղ յայտարարութիւնից մէկ օր յետոյ Երեւանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին մամուլի ասուլիս է անցկացրել և Հայաստանին կասկածել իր երկրի «թշնամիների կենդրոնի վերածուելու» մէջ:

Ներկայումս Իրանի ներքին կացութիւնը բաւական անորոշ է եւ դժուար է ասել, թէ դեսպան Շիրղոլամին քոնքրէթ ո՞ւմ տեսակէտն է հնչեցրել՝ նախագահ Փեզեշքիանի՞, հոգեւոր առաջնորդ Խամենէիի՞, թէ՞՝ Իսլամական յեղափոխութեան պահապանների քորփուսի, բայց դրանից չի հետեւում, թէ նրա բնորոշումները կարելի է «ձայն բարբառոյ յանապատի» գնահատել: Մանաւանդ պէտք է պարզ լինի, որ ակնարկը ոչ այնքան Երեւանից Իրանի ներքին գործերին միջամտութեան, որքան՝ հայ-ամերիկեան յարաբերութիւններից Թեհրանի զգուշաւորութեան մասին է:

Հայաստանի համար, անշուշտ, ցանկալի կը լինէր, որ Իրանը Թուրքիայի կամ Պարսից ծոցի արաբական միապետութիւններից մէկի միջնորդութեամբ Միացեալ Նահանգների հետ բանակցութիւններ սկսէր եւ հասնէր թէ ներքին, թէ արտաքին միջավայրի բարենորոգման: Հայաստանեան մամուլում եւ սոցիալական հարթակներում Իրանին «դիմանկար վերադարձնելու» կոչերը, որքան էլ դրանք հոգեբանօրէն հասկանալի են, ստեղծուած իրավիճակում պարզապէս վնասաբեր են: Անհրաժեշտ է «ոսկերչական դիւանագիտութիւն» կիրառել: Հայաստանի հարաւում հաղորդուղիների բացման նկատմամբ իրանական վերնախաւում կարող են «չափազանց կոշտ» եւ «ընկալունակ» գտնուել, բայց դա Իրանի համար սկզբունքային նշանակութեան հարց է, որ նոյնիսկ ռեժիմի փոփոխութեան դէպքում, ամենայն հաւանականութեամբ, աքթուալութիւնը չի կորցնելու:

Վահրամ Աթանէսեան
1in.am

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ