
Եկէք ներքաղաքական դաշտը քննենք երեք տարբեր դիտանկիւններից՝
Ա․ Հայոց մեծ երազանքի դիտանկիւնից
Բ․ Ռէալիզմի կամ հաշուարկի դիտանկիւնից
Գ․ Ներկայ թնճուկից որեւէ կերպ դուրս գալու դիտանկիւնից
Կանխաւ ասեմ, որ այս յօդուածում զերծ եմ մնալու անուններ օգտագործելուց, բայց հասկանալի ու պարզ կը լինի ամէն բան։
Ա
Դէ իհարկէ երկրի այս իրավիճակում մեծ երազանքի, հեռահար տեսիլի կամ 100 տարուայ ռազմավարութեան մասին խօսելը ժամանակավրէպ եւ անլուրջ պիտակաւորուելու ամէնամեծ վտանգի տակ է դնում բարձրաձայնողին։ Բայց եկէք մի պահ մոռանանք մեր վիճակը եւ ետ գնանք ժամանակի առանցքով։ Արդեօ՞ք հայկական իրականութեան մէջ եղել է որեւէ ակնթարթ, որ կարող էինք մտածել․ –ահա այս պահն է ամէնայարմարը երկարատեւ ռազմավարութիւն եւ երազանք կառուցելու համար։ Փաստօրէն ո՛չ, ցանկացած պահ ունի իր մեծագոյն խնդիրը յաղթահարելու եւ երազանքը այդպէս էլ մնում է երազանքի մակարդակում։ Բայց քանի որ բոլորս գիտենք, որ բազմաթիւ պետութիւններ յաջողել են այստեղ, ապա հարց է առաջանում, ի՞նչ է, միայն մե՞զ բախտ չի վիճակուած իրական երազանք ունենալու, թէ ուղղակի բանաձեւը չենք գտել։
Այս ծանր թուացող փիլիսոփայական հարցի պատասխանը իրականում այդքան ծանր չէ՛, յատկապէս երբ ուսումնասիրում ես այլոց փորձը։ Պարզւում է, որ երազանքն ու երկարատեւ ռազմավարական ուղղութիւն վերցնելը հակառակի պէս ոչ թէ հանգիստ ու խաղաղ ընթացք է ենթադրում, այլ բուռն ու անցումային։
Այստեղ առաջանում է կրկնակի խնդիր մեզ համար, որովհետեւ ստացւում է, որ մենք ոչ միայն չունենք երազանք, այլ նաեւ չենք կարողանում այն ծնել անցումային թուացող շրջանում։
Իսկապէ՛ս, կարող ենք համարձակօրէն արձանագրել, որ քաղաքական դաշտում որեւէ ուժ հանդէս չի գալիս երկարատեւ ռազմավարական ծրագրով, որն իր մէջ պարունակի պատմական արդարութեան, իրաւունքի, տեմոգրաֆիական, տնտեսական, պաշտպանական, սոցիալական եւ ընդհանրապէս փիլիսոփայական խնդիրների համապարփակ 50-100 տարուայ ռազմավարական ծրագրով, ուր մնաց դրա բացուածքով։
Քաղաքական դաշտը այս առումով մերկ է, այսինքն 2026 թուականին մոռացէ՛ք, որ կարող էք գտնել թեկնածու, ում կ՛ընտրէք ելնելով այս ծաւալներից եւ հեռահարութիւնից։
Իսկ սա յուշում է, որ ցանկացած ոք, ով չունի մի քանի հատորանոց բացուած ծրագիր, որտեղ նկարագրւում են յստակ գործողութիւններ եւ քայլեր, զուգահեռ խօսում է 20 եւ աւել տարուայ անվտանգութեան, բարեկեցութեան եւայլնի մասին, ուղղակի մանիփուլացնում ու ստում է ձեզ, փորձելով օգտագործել ձեր ձայնն ու հաւատը։
Բ
Եւ ահա բոլոր ուժերին թւում է, թէ իրենք այստեղ են՝ սառը հաշուարկի եւ դատողութեան դաշտում։ Բայց իրականում այստեղ միայն նրանք են, ովքեր տիրապետում են իրական վիճակագրութեանը, հասկանում են են այդ վիճակագրական տուեալների պատճառները եւ կարողանում են տրամաբանական լուրջ վերլուծութեան ենթարկել ամէն յաջորդ շաբաթուայ ընթացքը։ Ըստ այդմ էլ կազմակերպում են իրենց գործողութիւնները․․․
Իրականում այստեղ զգացմունքները իսկապէս աւելորդ են։ Հասկանալու համար, թէ 2026 թուականին ինչ ելքեր կարող է լինել, անհրաժեշտ է նախ հաւաքագրել բոլորին յայտնի իրական փաստերը եւ դրանք առանձնացնել կեղծ թէզերից։
Նախ պէտք է մի փոքր ժամանակ յատկացնել եւ ուսումնասիրել այսօրուայ ընտրական կարգը, սա պէտք է կատարի իւրաքանչիւր ընտրող կամ գոնէ իւրաքանչիւր ընտանիքից մէկը։ Որպէսզի չտրվենք մանկական կեղծիքների։ Օրինակ՝
1․ Ընտրութեանը չմասնակցելը դա ոչ մի պարագայում օգտակար չէ, որովհետեւ օրէնքը չի սահմանում մինիմալ շեմ։ Եւ չմասնակցելով չէք կարող չեղարկել ընտրութիւնները։ Ստացւում է չմասնակցելով նպաստում էք միայն ու միայն նրանց, ովքեր ունեն իրենց մինիմալ անցողիկ ընտրազանգուածը։ Երբ օրինակ 100 հոգի է մասնակցում եւ մէկը ունի իր յստակ 20–ը, ինքը հաւաքում է ընդամէնը 20%-ը, բայց երբ 40–նն է մասնակցում, իր 20 հոգին կազմում են արդէն մասնակցածների 50% եւ սա փրիմիթիւ փաստ է։
2․ Ուսումնասիրել թուերը՝ իմանալ քանի ընտրող կայ, քանի տոկոսն է մասնակցել վերջին 10 տարուայ ընթացքում եղած ընտրութիւններին, իմանալ քանի տոկոսն է անցողիկ շեմը եւ այդ տոկոսը միջին հաշուարկով քանի մարդու մասին է խօսքը։
3․ Ուսումնասիրել վերջին տարիների ՏԻՄ ընտրութիւնների արդիւնքները եւ հասկանալ, որ ոչ ոք այս պահին Հայաստանում չունի մեծամասնութիւն եւ ամբողջ զրոյցները, որը սպասարկում է որեւէ ուժի հաստատ յաղթելու մասին, ուղղակի մանկական մետիահնարք է։
4․ Ամէն ինչ լաւ է կամ ամէն ինչ վատ է վարչական կամ տնտեսական, սոցիալական կամ արտաքին քաղաքական ոլորտներում, այս թէզերը կրկին մետիահնարքներ են աւելի ճիշդ տեղեկատուական պատերազմներ, որոնց զոհը մենք յաճախ դառնում ենք։ Փոխարէնը անհրաժեշտ է ուղղակի մտնել եւ ուսումնասիրել տուեալ տեղեկատուական հոսքի տեղեկութիւնների մեծամասնութիւնը ընդհանուր ինչ քարոզ է անում եւ իրեն վերաբերուել որպէս տուեալ հոսանքը առաջ տանող, այլ ոչ թէ ճշմարտութիւն քարոզող։
Այս պահին տոկոսային վիճակագրութիւնը 2026 թուականի ընտրութիւնների համար շատ լողացող են եւ ոչ կայուն։ Ինչը խօսում է այն մասին, որ շատերը կարող են յաջողել եւ շատերն էլ կարող են ձախողել։ Այս նախադասութիւնը որքան տեմակոկիք, այդքան էլ խօսուն է հասկացողների համար։ Ապրիլին՝ ընտրութիւններից երկու ամիս առաջ պատկերը աւելի գնահատելի կը լինի։
Այս պահին կարող ենք ասել, որ փոքր ուժերից դեռ ոչ ոք անցողիկ շեմի թափ չի ցուցադրել։ Հիմնականում զբաղուած են մետիաարշավներով։ Լուրջ միաւորումներ, քաղաքական լուծումներ առաջարկողներ չկան կամ եթէ կան՝ խիստ անլսելի են, որոշ դէպքերի համար ասում եմ ափսոսանքով։
Մեծերը կամ ֆինանսական ռեսուրսակիրները, որովհետեւ քաղաքական դաշտում նրանց մեծ անուանելը մի փոքր արդար չէ, կրկին զբաղուած են մետիաարշաւներով եւ դրան սպասարկող գործողութիւններով՝ բովանդակութիւն չկայ ուստի լուրջ արդիւնքներ չեն ունենալու նաեւ իրենք։
Գ․
Ներկայ թնջուկից դուրս գալու համար 2026 թուականի ընտրութիւնները ընդամէնը անցումային գործողութիւն կարող են ծառայել, այս ընտրութիւնները թնճուկը ամբողջապէս քանդելու փոթենցյալ չունեն։ Նախապէս ասեմ, որ խնդիրը ամբողջապէս լուծելու համար մեզ անհրաժեշէ (Ա) կէտի խնդիրը լուծել, բայց քանի որ այդ խնդիրը դեռ լուծուած չէ, մենք կարող ենք միայն գնալ դէպի այդ խնդրի լուծում։
Այս պահին լաւագոյն լուծումը, որ տեսնում եմ, դա քաղաքական մոնոփոլիան վերացնելն է, այսինքն որեւէ կողմի բացարձակ մեծամասնութիւնը ձեռքից վերցնելը։ Թւում է, թէ այսօրուայ «Սերժի քոստիւմ» անունով յայտնի կարգը թոյլ չի տալիս որեւէ կերպ հաւասարակշռել վարչապետի ինսթիթութը, բայց եթէ պայմանականօրէն դիտարկենք, որ խորհրդարանում յայտնւում են 6 եւ աւել տարբեր ուժեր եւ արագ կարողանում են համաձայնութեան գալ թէկուզ ոչ ցանկալի կերպարի թեկնածութեան շուրջ, ապա այդ պահից ձեւաւորւում է քաղաքական վերահսկողութիւն ընտրուած նոյն թեկնածուի հանդէպ, նրանց ցանկացած պահի ետ կանչելու իրաւունքի ուժով։ Զուգահեռաբար ձեւաւորւում է բազմաթեւ խորհրդարան, որը կարող է մէկ տարուայ ընթացքում յեղաշրջել ողջ օրէնսդրական կեանքը բերելով նոր կարգ։
Այսպէս վարուել կարողանալու համար, անհրաժեշտ է՝
1․ Օգնել ձեւաւորել մի քանի փոքրերից բաղկացած միաւորումներ, որոնք կը կարողանան հատել մինիմալ շեմը եւ յայտնուել խորհրդարանում։
2․ Օգնել, որ այլ փոքրերը, որոնք չեն միաւորուել, չմասնակցեն ու չփոշիացնեն ձայները։
3․ Օգնել, որ «մեծերի» ձայները իրար հաւասարակշռեն եւ մօտ լինեն։
4․ Օգնել, որ ընտրութեանը մասնակցի հնարաւորինս շատ մարդ։
5․ Օգնել նրանց, ովքեր կարող են շեմը զոռով հատել, բայց գնում են «մեծ»–ի օրակարգով, արկածախնդրութեամբ չզբաղուեն ու ձայներ չփոշիացնեն։
6․ Ունենալ քաղաքական մտածողութիւն եւ տրամաբանութիւն։
7․ Առաջնորդուել երկրի, այլ ոչ թէ սեփական ուժի շահերից։
Այս պահի դրութեամբ այսքանը։ Անկեղծ ասած չգիտեմ քանիսը կ՛ընթերցեն եւ քանիսը օգտակարութիւն կունենան սա ընթերցելուց, բայց ինձանից հասնում էր գրելը։ Գրեցի սիրով, որովհետեւ կային սպասողներ։ Միշտ հաճելի է ունենալ ինթելեքթուալ ընթերցող։
Գեղամ Օհանեան







Մեկնաբանէ