
«Աղէտը» ոչ թէ Սեպտեմբերի 27ն էր, այլ Նոյեմբերի 9-ին դիմադրութեան դադարեցման որոշումը:
Սեպտեմբերի 27ին սկսուել է պատերազմը, ոչ թե աղէտը: Աղէտ են` ցեղասպանութիւնը, երկրաշարժը` բոլոր այն դէպքերը երբ մարդը կրաւորական զոհի դիրքում է յայտնւում: Երբ մարդը պայքարում է, կռւում է դա աղէտ չէ, որովհետեւ կռուողը սուպյեքթ է, եւ կռուողի ճակատագիրն իր ձեռքում է: Երբ կռուողը հրաժարւում է կռուից, դիմադրութիւնից, այդ ժամանակ է նա կորցնում իր սուպյեքթութիւնը եւ վերածւում զոհի կամ օպյեքթի, որի ճակատագիրը որոշում են ուրիշները:
Սեպտեմբերի 27ը փոթենցիալ յաղթանակ էր, որը խլուեց, գողացուեց հայ ժողովորդից Նոյեմբերի իննին: Յաղթանակ, որը պէտք է բերէր իրական անկախութեան, եւ Հայաստանի փաստացի կարգավիճակի մի քանի մակարդակ բարձրացման: Այդ փոթենցիալ յաղթանակը գողացան մեզանից: Իշխանութիւն թէ ընդդիմութիւն իրար կոկորդ են կրծում բոլոր հարցերում, բայց մի` կարեւորագոյն հարցում ադամանդէ միասնութիւն ունեն` նրանք պէտք է այնպէս ներկայացնեն իրավիճակը, որ հայ ժողովորդի պարտութիւնն անխուսափելի էր, այլ տարբերակ չկար, եւ միակ ճիշդ որոշումը դիմադրութեան դադարեցումն էր: Վիճում են միայն նրա մասին, թէ երբ էր ճիշդ յանձնուել` պատերազմից առաջ թէ ընթացքում, Մայիսին, թէ Հոկտեմբերին: Սա պարտութեան փարազիտների գարշելի ներընտանեկան բանավէճն է, որից մենք` ազնիւ հայերս պէտք է մեզ քիլոմեթրերով հեռու պահենք:
Հայ ժողովուրդը քաղաքականապէս աշխարհի ամէնամիամիտ ժողովուրդներից է: Պատերազմի ժամանակ, ինչպէս եւ պատերազմից անմիջապէս յետոյ, հայ ժողովրդի մեծամասնութիւնը բնազդով զգում էր, որ իրեն խաբում են: Բայց հետագայ հինգ տարիների ընթացքում անխնայ քարոզչութիւնը բոլոր կողմերից համոզել է ժողովորդի մեծ մասին, որ իրա պարտութիւնն անխուսափելի էր` դա դարձել է իւրայատուկ դաւանանք, պարտութեամբ հպարտների աղանդ: Որովհետեւ դա ձեռնտու է բոլորին` արատքին եւ ներքին հիմնական խացաղողներին` ռուսներին եւ թուրքերին, երեք նախագահներին եւ միակ վարչապետին:
Բայց հայ ժողովուրդը պէտք է իմանայ, եւ մի օր իր մեծամասնութեան մէջ իմանալու է ճշմարտութիւնը` իրենից գողացել են իրա յաղթանակը եւ կարգավիճակը: Ու դա ոչ թէ նրա համար պէտք է իմացուի, որ լացենք ու ողբանք արդէն եղածը, այլ նրա համար, որ սովորենք ապագայի համար:
Քսան թուի պատերազմի արդիւնքը ոչ թէ խաղաղութիւնն է, այլ հայ ժողովորդի կարգավիճակի իջեցումը: Ցաւօք սրտի, մեր սերունդները ստիպուած են լինելու նորից պայքարել կարգավիճակի համար, ու թերեւս, նոր զոհեր տալ: Ով կարծում է, որ հրաժարուելով դիմադրութիւնից ու պայքարից, ստանում է տեւական խաղաղութիւն եւ խուսափում զոհերից, նա ապրում է մեծ պատրանքի մէջ: Ցաւօք սրտի, ամէն պահի, երբ մենք հրաժարւում ենք պայքարից հանուն ժամանակաւոր հանգստութեան եւ քոմֆորթի, մենք ընդամէնը փոխանցում ենք պայքարի բեռն ապագային: Ու մենք դա ենք արել` իբր փրկել ենք մեր երեխէքին, բայց իրականում իրանց վրայ ենք դրել ապագայի բեռը: Միջազգային յարաբերութիւնները փլեաժ չեն, այլ կարգավիճակի համար մշտական պայքար, եւ ոչ ոք չի կարող խուսափել դրանից: Մենք դեռ չգիտենք, եւ նոր ենք սսվորելու, թէ ինչ է նշանակում` ինչ բան է ապրել ամրագրուած պարտուածի կարգավիճակում – դա նոյնը չէ, ինչ պարզապէս ճակատամարտ թէ պատերազմ պարտուել – դա առանձին փրոցէս է, եւ նոյնպէս անխուսափելի հետեւանք չէ ռազմական պարտութեան` դրանք թշնամիներդ պէտք է հասնեն յատուկ ջանքերով:
Մենք` բանական եւ ազնիւ հայերով, այդ օրը պէտք է յիշենք ոչ թէ որպէս սգոյ ու առաւել եւս “աղետի” օր, այլ որպէս պայքարի օր:
Ինչու:
Որովհետեւ պէտք է յիշենք, որ մեր ընկերները ռազմի դաշտում պայքարել եւ կռուել են` ամէն մէկն իրա չափով, ոչ թէ ինչ որ աղէտի կրաւորական զոհ են եղել, ոչ թէ անբան միս են եղել, այլ իրենց կամքով, իրենց գիտակցութեամբ, իրենց կարողութեան չափով իրենց սեփականի համար կռուող:
Ու ոչ միայն զոհուածների, այլեւ ողջ մնացածների պայքարը պէտք է յիշենք եւ գնահատենք, որովհետեւ այդ կամքն ու պայքարն է մեր ապագայի յոյսն ու յենարանը, այլ ոչ թէ “իմաստունների” փթած իմաստութիւնները եւ պատմութիւնները` պարտութեան, թուլութեան, խեղճութեան եւ անխուսափելիութեան մասին:
Աւելին համարձակուեմ ասել` լաւ օր էր Սեպտեմբերի 27ը` հնարաւորիւնների լուաբաց էր, որը բաց թողեցինք, բայց յանուն մեր ապագայի յիշենք ոչ թէ այն, ինչին մեզ բերեցին այդ օրուանից սկսած, այլ այն թէ ով էինք եւ ինչ էինք մենք այդ օրը` հպարտ, վստահ, արժանապատիւ եւ բանական ազգ:
Որովհետեւ բանական էակը հաւատում է եւ վստահ է սեփական ճշմարտութեան ու յաղթանակին, եւ միայն անբան անասունն է, որ վստահ է, որ ինքը թոյլ է, եւ դատապարտուած է պարտութեան, առաւել եւս միայն անբանն է սեփական պարտութիւնը դարձնում գաղափարախօսութիւն եւ գոյութեան հիմք:
Յիշէք, հայեր ջան, մենք շատ լաւն էինք այդ օրը` ինքնավստահ, յաղթական ու կամքով լի: Այդ յիշողութիւնը հիմքն է մեր ապագայի:
Հրանդ Տէր Աբրահամեան







Մեկնաբանէ