
Յունաստանում գործող «Հայաստան» հասարակական մշակութային կենդրոնը արդէն 25 տարի է՝ հայկական համայնքի յենակէտերից մէկն է։ Այն ստեղծուել է 2000 թուականի Մարտի 30-ին՝ այն պահին, երբ հայ ներգաղթեալների թիւը երկրում զգալի էր, իսկ կարիքները՝ հրատապ։ Կենդրոնի համահիմնադիր Մինաս Տէր-Յովհաննիսեանն ասում է՝ թէեւ տարիները փոխել են համայնքի առջեւ ծառացած խնդիրները, իրենց հիմնական առաքելութիւնն անփոփոխ է մնում՝ պահպանել համայնքի կենսունակութիւնն ու հայկականութիւնը, ամրապնդել կապը հայրենիքի հետ։ Մինաս Տէր-Յովհաննիսեանը համոզուած է՝ հայկական ինքնութեան պահպանումը սփիւռքում հնարաւոր է միայն կայուն Հայաստան–Սփիւռք յարաբերութիւնների և հետեւողական մշակութային աշխատանքի միջոցով։ Այսօր Յունաստանում ապրում է 25,000–35,000 հայ՝ աքթիւ համայնքային կարգավիճակով։
Փոփոխվուող պայմաններ, անփոփոխ նպատակ
Տէր-Յովհաննիսեանի խօսքով՝ ժամանակի ընթացքում համայնքի իրաւական խնդիրները մեծապէս լուծուել են։ Եթէ նախկինում կարիք կար՝ աջակցելու մարդկանց օրինական կեցութեան ձեւակերպման հարցում, ապա այսօր հիմնական ուշադրութիւնը սեւեռուած է մշակութային ու ինքնութեան պահպանմանը։
«Մենք դադարեցրել ենք նաեւ «Հայաստան» թերթի տպագրութիւնը, որը գործել է աւելի քան 14 տարի։ Տեղեկատաուկան միջավայրը փոխուել է՝ ինթըրնէթի տարածմամբ, ուստի մենք եւս այսօր օգտագործում ենք այդ գործիքը», – պատմում է Կենդրոնի համահիմնադիրը։
Համայնքի տրամադրութիւնները պայմանաւորուած են հայրենիքի վիճակով
Տէր-Յովհաննիսեանն ընդգծում է՝ հայկական սփիւռքի, յատկապէս՝ եւրոպական համայնքների հաւաքական հոգեբանութիւնը սերտօրէն կապուած է Հայաստանում տեղի ունեցող զարգացումների հետ։
«Շատ ընտանիքներ ազգականներ ունեն Հայաստանում։ Այդ պատճառով ամէն փոփոխութիւն հայրենիքում՝ լինի դրական, թէ բացասական, ազդում է համայնքի վրայ», – ասում է նա՝ յաւելելով, որ իրենց առաքելութիւնն է այդ կապը պահպանել, ամրացնել եւ համայնքը «կենսունակ պահել»։
Յունաստանում հայկական համայնքի կազմակերպուածութեան առաջ ծառացած հիմնական խոչընդոտը տարածուածութիւնն է։ Հայերն ապրում են տարբեր քաղաքներում, ինչն իր բնոյթով բարդացնում է կենդրոնացուած աշխատանքը։
Ի յաւելումն տարածական ցրուածութեան՝ Տէր-Յովհաննիսեանը մտահոգուած է նաեւ եկեղեցական պառակտումներով, որոնք խանգարում են համայնքի համախմբմանը։ Այնուամենայնիւ, նա յոյս ունի, որ այս դժուարութիւնները յաղթահարելի են։
Լեզուամտածողութեան կորուստը՝ վտանգ ազգային ինքնութեան համար
Մինաս Տէր-Յովհաննիսեանի խօսքով՝ նոր սփիւռքի երիտասարդ սերունդը հեռանում է հայոց լեզուամտածողութիւնից։
«Նրանց մեծ մասը, նոյնիսկ եթէ խօսում է հայերէն, չի գրում կամ չի կարդում իր մայրենի լեզուով», – ասում է նա՝ շեշտելով, որ այս միտման դէմ աշխատանքը պահանջում է «տիտանական ջանք եւ համեմատաբար մեծ ռեսուրսներ»։
Ըստ նրա՝ Հայաստանի իւրաքանչիւր վերելք կամ յաջողութիւն մեծ ազդեցութիւն է ունենում սփիւռքում՝ յատկապէս երիտասարդութեան ինքնագիտակցութեան եւ ազգային հպարտութեան վրայ։ Եւ հակառակը՝ նահանջները թուլացնում են կապը։
Տէր-Յովհաննիսեանն անդրադառնում է նաեւ ապատեղեկատուութեան տարածման խնդրին՝ այն դիտարկելով որպէս լրացուցիչ խոչընդոտ, որին համայնքն այսօր բախւում է։
«Պալատական յարաբերութիւններն» աւարտուեցին, նոր ծրագրեր չկան
Հայաստան–Սփիւռք պաշտօնական կապերի ներկայ վիճակը Տէր-Յովհաննիսեանը գնահատում է մտահոգութեամբ։ Նա նշում է, որ 2018-ից դադարեցուել են նախկին՝ այսպէս կոչուած «պալատական» յարաբերութիւնները, սակայն դրանք մինչ օրս չեն փոխարինուել որեւէ համարժէք ծրագրով։
Նրա կարծիքով՝ տարբեր երկրներում համայնքից յանձնակատարներ նշանակելը համակարգային արդիւնք չի տալիս։
«Տարբեր երկրներում տեղական համայնքից յանձնակատար նշանակելը՝ անկախ անձից, չի կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետութիւնը։ Աւելին, նա ո՛չ միջոցներ ունի, ո՛չ ֆինանսներ, ո՛չ գրասենեակ, ո՛չ քարտուղարութիւն՝ աշխատելով մասնատուած համայնքի հետ։ Թւում է, թէ այս քայլը ձեռնարկուել է որոշակի բացեր լրացնելու մտադրութեամբ, բայց այն որեւէ էական արդիւնք չի բերել, քանի որ ի սկզբանէ համապարփակ չի ուսումնասիրուել։ Իհարկէ, մեր համայնքում մենք սերտօրէն համագործակցում ենք նշանակուած յանձնակատարի հետ, եւ մեր ռեսուրսները նրա տրամադրութեան տակ են իւրաքանչիւր ծրագիր իրականացնելու համար», – ասում է զրուցակիցը։
Հայաստանում առկայ բեւեռացումը մեծ մասամբ կառավարելի է Յունաստանի հայ համայնքում
Ըստ Մինաս Տէր-Յովհաննիսեանի՝ Յունաստանում հայ համայնքի նկատմամբ ընդհանուր մթնոլորտը դրական է։ Թէեւ երկրի հիւսիսային շրջաններում ապրող մուսուլմանների հարցը որոշակիօրէն ազդում է ազգային փոքրամասնութիւնների օրենսդրութեան վրայ, դա համայնքին ուղղակիօրէն չի սպառնում։
Ինչ վերաբերում է ներհամայնքային բեւեռացումներին, ապա Տէր-Յովհաննիսեանը նշում է, որ Հայաստանում առկայ առճակատումը մեծ մասամբ կառավարելի է Յունաստանի հայ համայնքում։
«Էջմիածնական թեմում փորձ է կատարւում համատեղ ջանքերով համայնքը հեռու պահել այս դիմակայութիւնից։ Բայց Անթիլիասի թեմի հարցը բոլորովին այլ է։ Այն կամայ թէ ակամայ ենթարկւում է ծայրայեղութիւնների», – ասում է նա։
Տէր-Յովհաննիսեանը համոզուած է՝ կայուն Հայաստան–Սփիւռք կապը, պետութեան կողմից մշակուած ռազմավարութիւնը եւ համայնքների ներգրաւուածութիւնն իրատեսական ծրագրերում՝ հայ ինքնութեան պահպանման հիմնական գործօններն են։
«Մենք պատրաստ ենք աջակցել, մենք աշխատում ենք՝ պահպանելու համար հայկականութիւնը եւ համայնքի կենսունակութիւնը։ Մեր նպատակը չի փոխուել», – եզրափակում է Մինաս Տէր-Յովհաննիսեանը։
Զրուցեց Սթելլա Մեհրապէկեանը
Սիվիլնէթ
14 Օգոստոս 2025







Մեկնաբանէ