Վերջին ամիսներին Ռուսաստանը եւ Ատրպէյչանը յայտնուել են քաղաքական լարուածութեան կիզակէտում․ երբեմնի ռազմավարական գործընկերների յարաբերութիւններն այսօր նմանւում են փոխադարձ անվստահութեամբ լի մրցակցութեան։ Դրա հիմքում ոչ միայն առանձին միջադէպեր են, այլ նաեւ խորքային փոփոխութիւններ՝ արտաքին քաղաքական ուղղութիւնների, հասարակական ընկալումների ու պետական հռետորաբանութեան մակարդակներում։

Ռուսաստանը եւ Ատրպէյճանը ժառանգել են Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ ձեւաւորուած բարդ յարաբերութիւններ՝ նորանկախ պետութիւնների դաշտում։ 1990ականների սկզբին Պաքուն դուրս է եկել Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի կազմակերպութիւնից, ինչը անկախ քաղաքական ուղու ընտրութեան ազդանշան էր։ Պատերազմների ու տարածաշրջանային հակամարտութիւնների համատեքստում, յատկապէս 2020ի Արցախում 44օրեայ պատերազմից եւ Ուքրաինայում յատուկ ռազմական գործողութիւնների մեկնարկից յետոյ, Ատրպէյճանը մեծացրել է իր համագործակցութիւնը Թուրքիայի, Իսրայէլի եւ Փաքիստանի հետ, որոնք այդ երկրին ժամանակակից զէնքեր են մատակարարում։ Արդիւնքում, Պաքուն սկսել է աւելի քիչ յենուել Ռուսաստանի զէնքի վրայ, ինչը փոխյարաբերութիւնների փոփոխութեան կարեւոր ցուցիչներից մէկն է։

Ռուսաստանը, ի պատասխան, խիստ զսպողականութիւն է ցուցաբերել, փորձելով զսպել տարածաշրջանային հակամարտութիւնները, սակայն այժմ սթափ է գնահատում իրավիճակը, հասկանալով, որ նախկին դաշնակիցն աստիճանաբար իրենից օտարանում է։ Այս հանգամանքը Ռուսաստանի ներսում խորացնում է մտահոգութիւններն ու հակադրութիւնները։

Այս ամէնին գումարուել է նաեւ տնտեսական բաղադրիչը, քանի որ տնտեսական յարաբերութիւնները նոյնպէս զգալի փոփոխութիւնների են ենթարկուել։ Ներգաղթեալների եւ աշխատողների՝ ռուսական շուկայում եղած ատրպէճանական համայնքի նկատմամբ բռնութիւնները, ինչպէս նաեւ տնտեսական պատժամիջոցները, զգալիօրէն ազդում են երկու կողմերի փոխյարաբերութիւնների վրայ։ Վերլուծաբանները նշում են, որ ռուսական շուկան կորցնում է ռազմավարական դերը Պաքուի համար, որի տնտեսութիւնը խարսխւում է նաւթի ու գազի արտահանման վրայ։ Ըստ այդմ, տնտեսութիւնը դառնում է եւս մէկ դաշտ, որտեղ արձանագրւում են շահերի բախումներ, ինչը լրացուցիչ հարուած է հասցնում դիւանագիտական յարաբերութիւններին։

Վերոնշեալը կարեւոր է հասկանալու համար, թէ ինչու են այժմ ռուս-ատրպէճանական յարաբերութիւնները այսքան սրուել։ Վերջին շրջանի զարգացումների համատեքստում լարուածութեան առաջին հանգրուանը սկսուել է դեռեւս 2024ի Դեկտեմբերին, երբ Ռուսաստանի տարածքում՝ Տաղստանի երկնքում, խոցուեց ատրպէճանական ուղեւորատար ինքնաթիռը։ Պաշտօնական տուեալներով՝ զոհուեց 38 մարդ։ Ատրպէյճանը մեղադրեց ռուսական կողմը՝ պահանջելով բացատրութիւններ ու պատասխանատուութեան ենթարկում։

Արեւմտեան եւ միջազգային լրատուամիջոցները եւս անդրադարձել են խնդրին՝ սրելով իրավիճակն ու սադրելով Ատրպէյճանին։ Միջազգային վերլուծականները, մասնաւորապէս CNN-ը եւ BBC-ն, չեն բացառել, որ Pantsir-S1 համակարգը գործողութեան է դրուել՝ ենթադրելով, թէ ուղեւորատար ինքնաթիռն անօդաչու թռչող սարք կարող էր լինել։ Այդ վարկածը, բնականաբար, խիստ քննադատութեան է արժանացել Պաքւում։ Ռուսաստանը, իր հերթին, միայն ցաւակցութիւն է յայտնել՝ առանց պատասխանատուութիւն ստանձնելու։ Այդ միջադէպը դարձաւ յարաբերութիւններում վստահութեան ճաքեր տալու մեկնարկային կէտը։

Փաստացի այս ճգնաժամը նոր փուլ էր ռուս-ատրպէճանական յարաբերութիւններում՝ պայմանաւորուած ոչ միայն ռազմաքաղաքական խնդիրներով, այլեւ հասարակական ու տեղեկատուական դաշտերում ձեւաւորուած հակադրութիւններով։ Սակայն ներկայիս ճգնաժամը դուրս է եկել պետական մակարդակից։ Տարածաշրջանային լարուածութիւնն այսօր արտացոլւում է նաեւ տեղեկատուական դաշտում, սոցիալական հարթակներում ու քաղաքացիական ընկալումներում՝ ձեւաւորելով խորքային անվստահութեան մթնոլորտ։

2025ի Յունիսին լարուածութիւնն առաւել սրուեց, երբ լրտեսութեան եւ ֆինանսական խարդախութեան կասկածանքով Եկատէրինբուրգում ձերբակալուեցին մի խումբ ատրպէճանցիներ։ Յայտնի դարձաւ նաեւ ձերբակալութեան ընթացքում երկու ատրպէճանցու մահուան մասին, ինչն Ատրպէճանում ընկալուեց որպէս քաղաքական հաշուեյարդար։ Մահուան դէպքը վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց, իսկ ատրպէճանական թելեկրամեան հարթակներում ներկայացուեց որպէս ցեղային հաշուեյարդար։ Թելեկրամեան ատրպէճանցի օգտատէրերն ու օգտահաշիւները գրում էին, թէ մահացածներից մէկը ենթարկուել է համակարգուած ֆիզիկական բռնութեան, ինչն էլ հէնց ատրպէճանական հանրութեան շրջանում ընկալուեց որպէս հաշուեյարդարի արարք։

Ի պատասխան՝ Պաքուն մի շարք դիւանագիտական եւ տեղեկատուական քայլեր ձեռնարկեց՝ սկսած Ռուսաստանում մշակութային միջոցառումների չեղարկումից, մինչեւ «Sputnik Ադրբեջան» լրատուական գործակալութեան աշխատակիցների ձերբակալումը՝ ապօրինի գործունէութեան մեղադրանքով ։

Աւելին, վերջին շրջանում պաշտօնական Պաքուն սկսել է առաւել կտրուկ արտայայտուել Մոսկուայի հասցէին։ Նախագահ Ի. Ալիեւը յայտարարել է, որ Ատրպէյճանի դէմ իրականացւում է «թաքնուած ճնշում եւ նուաստացում» , իսկ արտաքին գործերի նախարարութիւնը Ռուսաստանին մեղադրել է Հարաւային Կովկասում «միակողմանի եւ երկակի չափանիշների վրայ հիմնուած քաղաքականութիւն» վարելու մէջ։ Պաքուի մամուլում ու հեռուստաեթերում ակնյայտ հակառուսական շեշտադրումներ են աւելացել։ Դրանք ուղեկցւում են հասարակական լայն դժգոհութեամբ՝ յատկապէս ընկերային ցանցերում, որտեղ աշխուժ քննարկւում է Ռուսաստանի՝ Ատրպէյճանի ինքնիշխանութիւնը անտեսելու մարտավարութեան հարցը։

Ռուսաստանի արձագանքը հակասական է եղել։ Մի կողմից՝ պաշտօնական Մոսկուան յայտարարել է, որ պատրաստ է երկխօսութեան եւ յարաբերութիւնների վերականգնման, սակայն միւս կողմից՝ խօսնակներ Մարիա Զախարովան եւ Տմիտրի Պեսկովը մեղադրել են Ատրպէյճանին զգացական եւ չկշռադատուած արձագանգների մէջ՝ ակնարկելով նաեւ երրորդ երկրների՝ մասնաւորապէս Ուքրաինայի, ազդեցութեան մասին։ Ռուսաստանի պետական լրատուամիջոցները սկսել են թիրախաւորել ատրպէճանական իշխանութիւններին՝ ներկայացնելով նրանց որպէս ոչ հաւատարիմ գործընկերներ, իսկ Պաքուի գործողութիւնները՝ որպէս «անյարգալից եւ վտանգաւոր»։

Պետական հռետորաբանութեան մակարդակում կրքերը թէժացել են այնքան, որ Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարը յստակօրէն խօսել է ԵԱՏՄի «դաշնակիցների հետ վստահութեան խաթարման մասին», իսկ Մ. Զախարովան Ատրպէյճանին մեղադրել է «զգացական արկածախնդրութեան» մէջ։

Ընկերային ցանցերում եւ ոչ պետական հարթակներում իրավիճակը դարձել է առաւել պայթիւնավտանգ։ Ռուսաստանում աշխուժացել են ատրպէճանատեաց խմբերը՝ տարածելով կեղծ տեղեկութիւններ եւ ցեղային խտրականութիւն հրահրող կոչեր։ Ատրպէյճանում էլ լայն տարածում են ստացել տեսակէտներն այն մասին, որ Ռուսաստանը վարկաբեկում է ատրպէճանական ինքնիշխանութիւնը եւ փորձում է միջամտել երկրի ներքին գործերին։ Ատրպէճանում հակառուսական նիւթերը յաճախ ներկայացւում են կիսապատերազմական հռետորաբանութեամբ։

Ատրպէճանական ընդդիմադիր եւ անկախ լրատուամիջոցներն անգամ գրում են, թէ Ռուսաստանը «թաքուն վրէժխնդրութիւն է փորձում իրականացնել»՝ Ղարաբաղից դուրս մղուելուց յետոյ։ Ատրպէճանական AZTV պետական հեռուստաալիքն հանրային խօսքում Ռուսաստանի նախագահ Վ. Փութինին անգամ անուանել է «նացիստ»՝ համեմատելով նրան Ի. Ստալինի, իսկ նրա քաղաքականութիւնը՝ 1937ի հետ։ Ատրպէճանական ազգային հեռուստաալիքում արծարծուել է, որ Ռուսաստանն ունի «ազգայնամոլ մշակոյթ», որը շարունակւում է «ցարական եւ խորհրդային ժամանակներից»։ Թելեկրամեան ալիքներում էլ Ռուսաստանի կողմից կազմակերպուած յարձակումների եւ տեղեկատուական ձեռնավարութիւնների վերաբերեալ մեղադրանքներ են շրջանառւում։ Բացի այդ, բողոքներ կան, որ Մոսկուան, իբրեւ թէ, խոչընդոտում է ատրպէճանական ապրանքների մուտքը ԵԱՏՄ շուկայ։

Քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ, լարուածութիւնը դուրս է գալիս սովորական դիւանագիտական միջադէպերի շրջանակից։ Խօսքը տարածաշրջանային ազդեցութեան համար պայքարի մասին է։

Ատրպէյճանը վերջին տարիներին ցուցաբերել է առաւել ինքնուրոյն արտաքին քաղաքականութիւն՝ խորացնելով կապերը մի կողմից Թուրքիայի, Չինաստանի եւ Ուկրաինայի հետ, միւս կողմից՝ Իսրայէլի եւ Փաքիստանի։ Պաքւում սկսել են ակնարկներ հնչեցնել նաեւ BRICS միութեանը մերձենալու նախաքայլերից, ինչպէսեւ Եւրասիական տնտեսական միութեան հետ համագործակցութիւնից հրաժարուելու մասին։ Մոսկուան, իր կարգին, փորձում է վերանայել իր քաղաքականութիւնն ու ամրապնդել վերահսկողութիւնը, սակայն առանց այն նախկին ուժեղ դիրքի, որն ունէր 10-15 տարի առաջ։

Արդիւնքում, այսօր Մոսկուան ու Պաքուն գտնւում են մի կէտում, որտեղ վստահութիւնը թէ՛ քաղաքական, թէ՛ հանրային մակարդակներում խիստ մաշուած է։ Պաշտօնական հռետորաբանութիւնը շարունակաբար կոշտանում է, իսկ հասարակական տրամադրութիւններն արդէն ձեւաւորում են վտանգաւոր աշխարհաքաղաքական պատկեր։ Սա պարզապէս հերթական ճգնաժամ չէ։ Սա տարածաշրջանում քաղաքական ուժերի դասաւորութեան վերափոխման ազդակ է, որտեղ Ռուսաստանը այլեւս միակ որոշողը չէ, իսկ Ատրպէյճանը ձգտում է առաւել ինքնիշխան դերակատարութեան հասնել։

Ինչպիսի զարգացումներ էլ որ տեղի ունենան, ակնյայտ է՝ Մոսկուա–Պաքու յարաբերութիւնները վերադարձ չունեն դէպի նախկին «եղբայրական» համատեքստ։ Նոր դարաշրջանը՝ լարուած, մրցակցային եւ բազմաբեւեռ, արդէն սկսուել է։ Վերջին ամիսներն էլ ցոյց են տալիս, թէ որքան փխրուն է Ռուսաստանի համար տարածաշրջանային խաղաղութեան ձեւաւորման նախատիպը։ Սրա վկայութիւնն է ատրպէճանական հռետորաբանութեան փոփոխութիւնը պետական եւ ոչ պետական մակարդակներում, այն է՝ պաշտօնական մեղադրանքներ՝ ցեղային բռնութիւնների, տեղեկատուական պատերազմի, երկակի չափանիշների դէմ։ Իրական վտանգն այն է, որ սա ոչ միայն զուտ դիւանագիտական գայթակղութիւն է, այլեւ կարող է լուրջ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական խնդիրների յանգեցնել։

Այս փուլում կողմերը կարծես շարժւում են դէպի մրցակցային, ոչ թէ գործընկերային դաշտ։ Եթէ չձեւաւորուի նոր վստահութեան հարթակ, ներկայիս լարուածութիւնը կարող է վերաճել անվտանգութեան համակարգերի բախման վտանգաւոր փուլի։ Յաջորդ փուլում, արդէն, կարող են հակամարտութեանը նոր դերակատարներ աւելանալ, օրինակ, ի դէմս Թուրքիայի։ Ակնյայտ է, որ Մոսկուան, այլեւս ի տարբերութիւն 10 տարի առաջուայ, ուղղակի «լաւ՛ հարեւան» չէ Պաքուի համար։

Լիանա Պետրոսեան
Ասպարէզ
12 Օգոստոս 2025

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ