
Հայ առաքելական եկեղեցին թուլացնելու փորձերով, Հայաստանի ղեկավարութիւնը կարող է խաթարել Հայկական աշխարհը դեռ միաւորող վերջին հաստատութիւնը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը քիչ ջանք է գործադրում թաքցնելու Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իր թշնամանքը` սեպ խրելով ժողովրդի, որին նա ենթադրւում էր, որ պէտք է առաջնորդի, եւ այն հաստատութեան միջեւ, որը գրեթէ երկու հազարամեակ միասնական է պահել ազգը:Նրան իշխանութեան բերած` «բարեփոխումների» եւ «թափանցիկութեան» սովորական պոպուլիստական (ամբոխհաճ) բառապաշարով քօղարկուած նրա քարոզարշաւն արագօրէն վերածուեց Եկեղեցին իր վերահսկողութեան ներքոյ վերցնելու հաշուարկուած փորձի: Այն, ինչ սկսուեց որպէս քաղաքական հռետորաբանութիւն, վերածուեց քաղաքականութեան միջոցով զտման. կասկածելի իրաւական մեղադրանքներով ձերբակալուեցին հոգեւորականներ, կրօնական առաջնորդներին վարկաբեկելու նպատակով իրականացուեցին զրպարտող արշաւներ, ձերբակալուեցին նրա դիրքորոշումը քննադատող անձիք, եւ ջանքեր են գործադրւում Եկեղեցուն զրկելու իր ինքնավարութիւնից եւ բարոյական կարգավիճակից: Ակնյայտ է, որ վերոնշեալ երեւոյթներից որեւէ մէկն արդիականացման կամ բարոյականութեան մասին չէ: Այն պարզապէս վերահսկողութեան մասին է:
Կարելի է պնդել, որ Խորհրդային Հանրապետութեան փլուզումից ի վեր կազմաւորուած Հայաստանի իւրաքանչիւր կառավարութեան պետական կառոյցներն օգտագործել է որպէս ահաբեկելու զէնք: Սակայն քչերն են դա արել ինքնապահպանման համար այնպիսի դաժանութեամբ, ինչպէս այս վարչախումբը: Հարկային հետաքննութիւններից մինչեւ օրէնսդրական առաջարկներ, «խափանարարութեան» (sabotage) անորոշ մեղադրանքներից մինչեւ կաթողիկոսի հրապարակային նուաստացումը, ուղերձն անհերքելի է` կամ հերթ կանգնէք, կամ ճանապարհից դուրս եկէք: Փաշինեանի պատերազմը Եկեղեցու դէմ հասաւ գագաթնակէտին, երբ նա մեղադրեց Եկեղեցուն պետութիւնը խարխլելու գործում` բառամթերք, որ ուղղակիօրէն վերցուած է խորհրդային թատերագրքից:
Դա պատահական չէ: Խորհրդային Միութիւնը լաւ գիտէր այս բեմագրութիւնը: 1930ականներին, Ստալինի վարչախումբը սպաննեց Խորէն Ա. կաթողիկոսին, փակեց եկեղեցիներն ու քրէականացրեց հաւատքի հրապարակային դրսեւորումները: Խորհրդային քարոզչութիւնն ամրապնդեց ուղերձը` հոգեւորականներին ներկայացնելով որպէս դաւաճաններ եւ ազգայնականներ` քայքայիչ գործունէութիւն ծաւալողներ, ովքեր քօղարկուած էին վեղարներով: Շարժապատկերները, ինչպէս օրինակ` «Սեւանի Ձկնորսները» (1939), առաջ մղեցին այն գաղափարը, որ քահանաները ոչ այլ ինչ էին, քան Դաշնակցութիւն կուսակցութեան գործակալներ, ժողովրդի թշնամիներ, որոնք ծպտուած էին որպէս Աստծոյ ներկայացուցիչներ: Վարչապետը, կարծես, պարզապէս մաքրում է փոշին հին ժապաւէնների վրայից եւ կիրառում է գործածուած փոխաբերութիւններ:
Աւելի՞ անհանգստացնող: Նրա խօսքն այժմ Ադրբեջանի տեսակէտների արձագանգն է: Տարիներ շարունակ ադրբեջանական վարչախումբը հայոց եկեղեցին անուանել է ազգայնականութեան եւ ծայրայեղականութեան ինկուբատոր (incubator՝ թխսարան): Նրանք մեղադրել են հոգեւորականներին` ատելութիւն հրահրելու համար, եւ եկեղեցին ներկայացրել են որպէս խաղաղութեանը սպառնացող վտանգ: Այժմ, Բաքուի տարբեր սրահներից հնչող այդ ուղերձը համընկնում է Երեւանի գրասենեակներում հնչող խօսքերի հետ, այն է` ապաօրինականացնել եկեղեցին, վարկաբեկել նրա առաջնորդներին եւ հեռացնել ժողովրդից:
Այս գործողութիւններով, Փաշինեանը թուլացնում է կենսականօրէն կարեւոր հոգեւոր հաստատութիւնն ու ջուր է լցնում թշնամական հարեւանի ջրաղացին` աշխուժօրէն աշխատելով հայկական ժառանգութիւնն ամբողջութեամբ վերացնելու ուղղութեամբ: Այն, ինչին Ադրբեջանը ձգտում է ջնջելով եւ ժխտելով, Փաշինեանը համարձակւում է իրականացնել օտարացման եւ ներքին փլուզման միջոցով: Կարելի է ենթադրութիւններ անել, թէ ինչ է հոգեւորականների եւ եկեղեցու առաջնորդների դէմ այս հանրային թշնամանքի հիմքում, բայց դա ստիպում է մտածել, թէ ինչու է այս ռազմավարութիւնն այդքան համահունչ այն ամէնին, ինչ Բաքւում գործակալները փորձում են անել աշխարհի ամենահին քրիստոնէական հաստատութիւններից մէկը վարկաբեկելու համար:
Եւ եթէ կարծում էք, որ սա ընդամէնը ներքին խնդիր է, որը չի ազդում Սփիւռքում բնակուող հայերի վրայ, Փաշինեանն ինքը պարզաբանել է հակառակը: Վերջերս Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, նա ասաց, որ ինքը «Սփիւռքի վարչապետը չէ»: Այդ մեկնաբանութիւնը պարզապէս անհասկացողութեան արդիւնք չէր, այլ` քաղաքական յայտարարութիւն էր: Հանրապետութեան սահմաններից դուրս գտնուող հայերի հետ կապերը խզելով, վարչապետը, ըստ էութեան յայտարարեց, որ Սփիւռքը յայտարարեց որպէս ոչ-գոյացութիւն: Եթէ դուք չունէք հայկական անձնագիր, մի՛ սպասէք պաշտպանութեան, գործընկերութեան կամ նոյնիսկ ճանաչման: Սա հարց է առաջացնում. եթէ պետութիւնը, որը վերականգնելու, եւ որին աջակցելու գործում անթիւ հայկական կազմակերպութիւններ քրտնաջան աշխատել են, մերժում է Սփիւռքին, ապա ո՞վ կամ ի՞նչն է միաւորում Սփիւռքի հայերին:
Ոչ մէկի համար զարմանալի չպէտք է լինի, որ այն կառոյցը, որը դարեր շարունակ հայերին կապել է իրենց նախնիների արմատների եւ միմեանց հետ, նոյն մարմինն է, որը ենթարկւում է Հայաստանի կառավարութեան յարձակմանը` Հայ առաքելական եկեղեցին: Եկեղեցին վերապրել է Ցեղասպանութիւն, աքսոր, համայնավարութիւն ու մենատիրութիւն: Այն պահպանել է հայկական ինքնութիւնը, երբ սահմանները վերացել են, եւ հանրապետութիւնը մի փոքր աւելին էր, քան երազանք: Բէյրութից մինչեւ Բուէնոս Այրես, Լոս Անջելեսից մինչեւ Լիոն, Եկեղեցին է, որ ապահովել է շարունակականութեան թելը, ոչ թէ քաղաքականութեան փոփոխուող քամիների միջոցով, այլ` աղօթքի, ծէսի, յիշողութեան եւ հաւատքի միջոցով: Այն սերունդներին կապել է ոչ թէ աշխարհագրութեամբ, այլ ընդհանուր արժէքներով եւ համոզմունքներով: Սփիւռքում շատերի համար Եկեղեցին աւելին է եղել, քան պարզապէս պաշտամունքի վայր. այն միակ մնացած թելն է եղել դէպի կորած, երեւակայուած կամ վերածնուած հայրենիք:
Այսպիսով, երբ Փաշինեանը թիրախաւորում է Եկեղեցուն, նա ոչ միայն պայքար է սկսում Էջմիածնի կամ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Նա աշխարհի միլիոնաւոր հայերի ասում է, որ իրենց խարիսխը, պատմութիւնը եւ հոգեւոր հայրենիքն այլեւս նշանակութիւն չունեն:
Այո, ժամանակակից Հայաստանի Հանրապետութիւնը աշխարհիկ պետութիւն է: Սակայն աշխարհիկութիւնը չի նշանակում հաւատքի նկատմամբ թշնամանք, այլ` ազատութիւն` ե՛ւ Եկեղեցու, ե՛ւ պետութեան համար` գործելու անկախ եւ փոխադարձ յարգանքի շրջանակներում: Ուժեղ ժողովրդավարութիւնները չեն թալանում վանքերը կամ ձերբակալում եպիսկոպոսներին: Նրանք չեն լռեցնում հոգեւոր առաջնորդներին, կամ զրպարտում այն հաստատութիւնները, որոնք գոյատեւել են թագաւորութիւնների եւ վարչախմբերի ժամանակները: Նրանք կամուրջներ են կառուցում նրանց հետ, յատկապէս, երբ ազգը բախւում է արտաքին աշխարհի կողմից գոյաբանական սպառնալիքների:
Փաշինեանը չի բարեփոխում Եկեղեցին: Նա կրկնում է նրանց մարտավարութիւնը, ովքեր փորձել են վերացնել Եկեղեցին: Եւ դա անելով, նա սպառնում է աւելի օտարացնել այն Սփիւռքը, որը պահել է Հայաստանը պատերազմի, տնտեսական եւ մարդասիրական ճգնաժամերի ժամանակ: Հայոց առաքելական եկեղեցին դիմակայել է պարսկական ներխուժումներին, օսմանեան դաժանութեանը, խորհրդային զտումներին եւ յետ-խորհրդային քաոսին: Բայց կարո՞ղ է այն գոյատեւել, երբ իր դէմ արշաւը ներսից է` նպատակով քայքայել եկեղեցու էութիւնն ամբողջ աշխարհում միլիոնաւոր հաւատացեալների համար:
Բայց, թերեւս, առաւել հրատապ հարցն այն չէ, թէ արդեօք Հայ Եկեղեցին կարո՞ղ է դիմակայել այս յարձակմանը, այլ այն, թէ արդեօք մենք Սփիւռքում ոտքի կը կանգնենք եւ կը դիմակայենք: Հայ առաքելական եկեղեցին միշտ եղել է աւելին, քան պարզապէս կրօնական հաստատութիւն. այն մշակոյթի, պատմութեան եւ ինքնութեան անօթ է, որը միաւորել է հայերին ժամանակի եւ մայրցամաքների միջով: Եթէ Հայաստանի պետութիւնը շրջւում է դէպի ներս, ապա Սփիւռքի պատասխանատուութիւնն է դառնալ միմեանց եւ այն Եկեղեցու կողմ, որը կենդանի է պահել մեր լեզուն, մեր ծէսերը եւ մեր հաւաքական յիշողութիւնը:
Հիմա ժամանակը չէ մասնակցութիւնից հրաժարուելու կամ ցինիկ դառնալու: Ժամանակն է ամրապնդելու եւ վերահաստատելու մեր նուիրուածութիւնը` աջակցելու մեր տեղական եկեղեցիներին, մեր թեմերին եւ առաջնորդարանին, ինչպէս նաեւ` հոգեւոր առաջնորդներին, ովքեր շարունակում են ծառայել մեր համայնքներին` չնայած ճնշմանը, հալածանքներին կամ քաղաքական դժուարութիւններին: Ամրապնդելով մեր եկեղեցիները արտասահմանում` մենք պահպանում ենք հայրենիքում պաշարուած ժառանգութիւնը: Այդպէս գործելով, մենք ապահովում ենք, որ հայկական ինքնութիւնը կախուած չլինի միայն որեւէ կառավարութեան քմահաճոյքից, այլ համատեղ պատասխանատուութիւնից` պաշտպանելու այն, ինչի համար մեզանից առաջ սերունդներն են պայքարել կենդանի պահել:
Մեր Եկեղեցին մեզ անցեալում էլ պաշտպանել ու վերապրեցրել է աղէտներից: Մենք չպէտք է ձախողենք եւ չենք ձախողի այսօր:
ԱՐՏԱՇԷՍ «ԱՐԴԻ» ՔԱՍԱԽԵԱՆ
Ասպարէզ
9 Յուլիս 2025







Մեկնաբանէ