Լոս Անճելեսի Քալիֆորնիայի համալսարանի (UCLA) «Խոստում» հայկական ինստիտուտի շրջանակներում գործող Հայոց ցեղասպանութեան հետազօտական ծրագիրն (AGRP) անցեալ շաբաթ մեկնարկեց մի բեկումնային նախագիծ, որը հայերին հնարաւորութիւն կը տայ փոխհատուցում ստանալ իրենց ունեցուածքի համար, որը բռնագրաւուել էր թուրքական կառավարութեան կողմից ցեղասպանութեան ընթացքում եւ դրանից յետոյ։
Բացի 1.5 միլիոն հայերի զանգուածային սպանդից, թուրքական կառավարութիւնը բռնազաւթել է նաեւ նրանց հայրենիքը՝ Արեւմտեան Հայաստանը, եւ բռնագրաւել նրանց ունեցուածքը։ UCLA-ի նախաձեռնութեան շնորհիւ առաջին անգամ բոլոր բացակայող տեղեկութիւնները հաւաքուած են մէկ պահոցում։

Յունիսի 16-ին կայացած վեբինարի ժամանակ AGRP-ի տնօրէն, փրոֆեսոր Թանէր Աքչամը լուսաբանեց ցեղասպանութեան ընթացքում եւ դրանից յետոյ հայկական հարստութեան համակարգուած բռնագրաւումն ու վերաբաշխումը, որը թուրքական կառավարութեան կողմից նկարագրուել է որպէս «լքուած ունեցուածք» (Emval-i Metruke): Անկախ թուրք հետազօտող Սայիտ Չեթինօղլուն տարիներ է անցկացրել հաւաքելու այս գոյքերի համար կառավարութեան աճուրդի յայտարարութիւնները, որոնք 1920-ական եւ 1930-ական թուականներին յայտնուել էին թուրքական 34 մեծ ու փոքր քաղաքների տեղական թերթերում: Չեթինօղլուն այս յայտարարութիւնները յանձնել է UCLA-ին, որը թուայնացրել եւ թարգմանել է դրանք օսմաներէնից ժամանակակից թուրքերէնի եւ անգլերէնի: Դրանք հասանելի են հետեւեալ հասցէով: UCLA-ի կայքում տեղադրուած 31 էջանոց համապարփակ զեկոյցում Չեթինօղլուն եւ Աքչամը մանրամասն նկարագրել են թուրքական կառավարութեան հակասական եւ խաբուսիկ հրամանները բռնագրաւուած հայկական ունեցուածքի տնօրինման վերաբերեալ. «1915 թուականի Մայիսի 27-ին պաշտօնական հրաման է տրվուլ, որից կարճ ժամանակ անց սկսուել է հայկական ունեցուածքի լայնածաւալ բռնագրաւումը։ 1915 թուականի Մայիսի 31-ին Օսմանեան նախարարների խորհուրդը հրամանագիր է հրապարակել, որը պաշտօնապէս կարգաւորում է հայկական աքթիւների «բռնագրաւումը», որին յաջորդել է Յունիսի 10-ի աւելի մանրամասն 34 յօդուածից բաղկացած հրամանագիրը։ Ամրան ընթացքում տարբեր նահանգներ են ուղարկուել յատուկ շրջաբերականներ, որոնք աւարտուել են 1915 թուականի Սեպտեմբերի 26-ի պաշտօնական օրէնքով եւ նոյն թուականի Նոյեմբերի 8-ի կիրառման հրամանագրով։ Այս օրէնքներն ու հրամանագրերը սահմանում էին, որ հայկական բոլոր շարժական եւ անշարժ գոյքերը պէտք է գրանցուեն պաշտօնական գրանցամատեաններում, եւ դրանց արժէքը պէտք է յատկացուի հայերին իրենց նոր բնակավայրերում… [Սակայն], Օսմանեան արդարադատութեան, ֆինանսների եւ ներքին գործերի նախարարութիւնների համատեղ յանձնաժողովի 1918 թուականի զեկոյցում յստակ նշուած է, որ ոչ մի հայ փոխհատուցում չի ստացել իր բռնագրաւուած ունեցուածքի համար։ Փաստօրէն, Օսմանեան պետութիւնն է դարձել … աւարի գլխաւոր շահառուն՝ օգտագործելով այս աքթիւները եւ դրանց վաճառքից ստացուած եկամուտները տարբեր պետական հաստատութիւններ ֆինանսաւորելու համար»։ Չեթինօղլուն եւ Աքչամը բացատրել են, որ 1922 թուականին Օսմանեան կայսրությեն փլուզումից յետոյ նորաստեղծ Թուրքիայի Հանրապետութիւնը «վերահսկողութիւն ստանձնեց մնացած հայկական ունեցուածքի մեծ մասի նկատմամբ։ Սակայն նորաստեղծ պետութիւնը բախուեց զգալի ֆինանսական դժուարութիւնների։ Դրա հետեւանքով, սկսած 1923 թուականից, տարբեր պետական հաստատութիւններ սկսեցին աճուրդի հանել այդ թալանուած հայկական ունեցուածքը։ Այս վաճառքների մասին պաշտօնական ծանուցումները պարբերաբար հրապարակւում էին տեղական թուրքական թերթերում»։ Օրինակ, 1931 թուականի Սեպտեմբերի 14-ին «Տիարպեքիր»ի (Տիգրանակերտ) թերթում յայտարարւում էր, որ 1931 թուականի Սեպտեմբերի 17-ին Ալի Փինար գիւղում Օհանի դստեր՝ Հաթունի (Խաթուն) անունով գրանցուած տան համար աճուրդ կ՛անցկացուի, որը 20 լիրայով վաճառուել է Կարա Քիլիսէի փախստականներից Շէյմուսին (Ահմէտի որդուն): Հաշուարկուած է, որ բռնագրաւուած հայկական ընդհանուր ունեցուածքը, այդ թւում՝ հարիւր հազարաւոր տներ եւ շէնքեր, գործարաններ, հանքեր, մէկ միլիոնից աւելի ակր հողատարածք, խաղողի այգիներ, ձիթենու այգիներ, թթենու այգիներ, մօտ 2500 եկեղեցիներ եւ 1000 դպրոցներ, այժմ արժեն հարիւրաւոր միլիարդ տոլարներ։ Բռնագրաւուած հայկական ունեցուածքը բաշխուել էր տարբեր թուրքական կառոյցների։ Ըստ Չեթինօղլուի եւ Աքչամի՝ «ինչպէս Միութիւն եւ առաջադիմութիւն կոմիտէի ժամանակաշրջանում», Թուրքիայի Հանրապետութիւնն այս ունեցուածքների մի մասը փոխանցել է «ընկերութիւններին՝ ազգային արդիւնաբերութիւնը եւ մահմետական բուրժուազիան զարգացնելու համար, իսկ մի մասը յատկացուել է Հանրապետական ժողովրդական կուսակցութեանը՝ այդ ժամանակաշրջանի միակ կուսակցութեանը… Շատ անշարժ գոյք, ըստ անհրաժեշտութեան, բաշխուել է տարբեր հաստատութիւնների, ինչպիսիք են՝ ասոցիացիաները, պետական հաստատութիւնները, քաղաքապետարանները, առեւտրի պալատները, արդիւնաբերութիւնը եւ գիւղատնտեսութիւնը, Կարմիր մահիկը եւ պանքերը։ Մի խօսքով, կարելի է ասել, որ [թուրքական] հասարակութեան իւրաքանչիւր հատուած օգտուել է հայկական ունեցուածքից»։ Քեմալական ժամանակաշրջանում բռնագրաւուած հայկական կալուածքները բաշխուել են հետեւեալ կերպ. «Հողի վաճառք եւ բաշխում մահմետականներին»։ «Յատկացում եւ վաճառք ներգաղթեալներին (մուհաճիր)»։ «Փոխանցում եւ յատկացում պետական հաստատութիւններին»։ «Յատկացում զինուորականներին»։ «Յատկացում եւ վարձակալութիւն պանքերին, Առեւտրի պալատին եւ ապրանքային բորսային»։ «Վաճառք ընկերութիւններին»։ «Յատկացում, վարձակալութիւն եւ վաճառք վարչակազմի հետ կապուած հաստատութիւններին, ինչպիսիք են «Թուրքական օջախը», «Կարմիր մահիկը», «Ուսուցիչների միութիւնը» եւ «Տրապիզոնի մարզական ակումբը»։ «Յատկացում «Միութիւն եւ առաջադիմութիւն» երիտթուրքական կուսակցութեան ղեկավարների ընտանիքներին», որոնք սպանուել են հայերի կողմից, ինչպիսիք են Թալէաթ եւ Ճեմալ փաշաները, Ճեմալ Ազմին եւ Պէհաետտին Շաքիրը՝ համաձայն 1926 թուականի Մայիսի 31-ին Թուրքիայի խորհրդարանի կողմից ընդունուած օրէնքի։
Այժմ հայ համայնքի պարտականութիւնն է վերցնել UCLA-ի կողմից հաւաքուած այս արժէքաւոր տեղեկատուութիւնը եւ դատական հայցեր ներկայացնել Թուրքիայի դէմ ԱՄՆ դաշնային դատարաններում՝ պահանջելով արդարացի փոխհատուցում բռնագրաւուած հայկական ունեցուածքի համար։ Ինչպէս գրել էի անցեալ ամիս, ամերիկահայերը պէտք է կոչ անեն ԱՄՆ Քոնկրէսին ընդունել օրէնք, որը պէտք է ստորագրի Միացեալ Նահանգների նախագահը, որը հնարաւորութիւն կը տայ դատական հայցեր ներկայացնել Թուրքիայի Հանրապետութեան դէմ՝ բռնագրաւուած գոյքի դիմաց փոխհատուցում ստանալու համար: Այս նոր օրէնքը հայերին թոյլ կը տայ դատական հայցեր ներկայացնել վաղեմութեան ժամկէտի լրանալուց շատ աւելի ուշ: ԱՄՆ դատարանները կարող են պարտաւորեցնող որոշումներ կայացնել Թուրքիայի դէմ՝ հայերին իրենց կորուստների համար փոխհատուցում վճարելու համար: Եթէ Թուրքիան հրաժարուի կատարել դրանք, դատարանները կարող են որոշում կայացնել Միացեալ Նահանգներում գտնուող թուրքական կառավարութեանը պատկանող բոլոր աքթիւների, ինչպիսիք են շէնքերը, պանքային հաշիւները եւ «Թուրքական աւիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռները բռնագրաւելու մասին: UCLA-ը, որպէս ակադեմիական հաստատութիւն, իր բաժինը կատարել է հայ ժողովրդի կողմից բռնագրաւուած ունեցուածքի այս արժէքաւոր ցուցակը կազմելու գործում: Այժմ հայ համայնքի հերթն է դատական գործողութիւններ սկսել՝ Թուրքիայից լիարժէք փոխհատուցում պահանջելու համար:


Թարգմանութիւնը՝ Ռուզաննա Աւագեանի
Առաւօտ
24 Յունիս 2025

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ