Թէ ինչեր կարող են պատահել, երբ մէկ ազգը ունենում է մի քանի պետութիւններ եւ դրանք չեն միաւորւում իրենցից առաւել հզօրի կազմում։

Մոլորակի վրայ կան մօտ 3000 ազգեր։

Մոլորակի վրայ կան մօտ 200 պետութիւններ։

Մոլորակի վրայ ապրող ազգերից պետութիւն ունեն մօտ 160 ազգեր։

Առաջին հայեացքից թւում է, թէ վերեւում գրուած 3 մտքերի մէջ հակասութիւն կայ, բայց դա միայն թւում է։ Իրականում այո, աշխարհում կան մօտ 200 ճանաչուած պետութիւններ, սակայն մօտ 160 ազգեր ունեն պետութիւն։ Սա խօսում է այն մասին, որ այսօրուայ աշխարհում անկախ պետութիւն ունենալը մեծ շքեղություն է, իսկ դա ունենալու պայքարի մէջ հազարաւոր ազգեր անընդհատ տապալուել են ու տապալւում են (գնահատենք անկախութիւնը)։ Պետութիւն ունեցող ազգերի թուի ու գոյութիւն ունեցող պետութիւնների թուի անհամապատասպանութիւնը պայմանաւորուած է նրանով, որ կան ազգեր, որոնք ունեն մի քանի պետութիւններ։ Յոյները՝ 2 (Կիպրոս, Յունաստան), քորէացիները՝ 2(Հւ. Քորէա եւ Հս.Քորէա), գերմանացիները՝ 3 (Գերմանիա, Աւստրիա, Շուէյցարիա?), արաբները՝ 22 (Մարոքոյից մինչեւ Օման ու Եմէն), թուրքերը (թուրքալեզուները)՝ 7, չինացիները՝ 2 եւայլն։ Այսինքն միայն նշածս 6 ազգերը (թուրքերին ազգ չհամարելով հանդերձ ) միասին ունեն 38 պետութիւններ։

Քննարկենք արաբներին, որպէս ամէնամեծ թուով պետութիւններ ունեցող ազգ։

Արաբական 22 պետութիւնների ընդհանուր տարածքը մօտ 15 միլիոն քառակուսի քմ է (մի քիչ փոքր է միայն Ռուսաստանից, որի տարածքը 17 040 000 քառ. քմ է), իսկ բնակչութիւնը՝ մօտ 400 միլիոն մարդ է (աշխարհում 3֊րդը)։ Արաբները տիրապետում են համաշխարհային նաւթի ու կազի մօտաւորապէս կէսին։ Թւում է թէ արաբական աշխարհը պիտի կարողանար աշխարհի մասշտաբով որոշիչ ու ազդեցիկ ուժ լինել, բայց այդպէս չի։ Այսօր արաբական շատ երկրներ ունեն միայն տարածաշրջանային որոշակի ազդեցութիւն եւ այն էլ ոչ որոշիչ՝ Սաուտեան Արաբիա, ԱՄԷ, Քաթար, Եգիպտոս։ Արաբական աշխարհը մոլորակի թիւ մէկ ուժը կը լինէր, եթէ միաւորուած լինէր 1 պետութեան կազմում։ Բայց արաբական երկրների միաւորման ջանքերը, չնայած ունեցած ահռելի ռեսուրաներին, միշտ անարդիւնք են աւարտուել՝ բախուելով գերտէրութիւնների շահերի հետ։ Այդ ուղղութեամբ որոշակի քայլեր արուել են 1950-ականներին, երբ Եգիպտոսի նախաձեռնութեամբ ստեղծուեց Միացեալ Արաբական պետութիւնը, որն իր մէ ջ էր ընդգրկում արաբական մի քանի երկրներ (կարծեմ 5)։ Սակայն դա եւս երկար կեանք չունեցաւ։ Այսօր արաբները ձեւաւորել են Արաբական Լիկա կոչուող կառոյցը, որը միասնական պետութեանը բնորոշ որեւէ լուրջ ռազմաքաղաքական գործառոյթ չի իրականացնում։ Արաբական Լիկան չկարողացաւ կանխել՝ Լիպիայի, Իրաքի, Սիրիայի վրայ արտաքին յարձակումները, չկարողացաւ երաշխաւորել Պաղեստինի արաբ ժողովրդի խաղաղ ու անվտանգ կեանքը, չկարողացաւ անգամ արաբական 22 պետութիւններում բացառել օտար ռազմական ներկայութիւնն ու երաշխաւորել արաբական գործօնի գերակայութիւնը։ Արդիւնքում օտարի ոտքի տակ յայտնուեցին՝ Լիպիան, Պաղեստինը, Սիրիան, Իրաքը։ Սա է 1 պետութեան գիտակցութեան բացակայութիւնը, սա է անջատ ու իրարից անկախ ապրելու արդիւնքը։ Պաղեստինի արաբներն արդէն 5֊6 անգամ տրորուել են Իսրայէլի կողմից, սակայն յատկապէս 1990-ականներից յետոյ, Եգիպտոսի ու Սաուտեան Արաբիայի պէս հարուստ ու հզօր արաբական երկրները ոչ միայն չեն համարձակուել կամ չեն կարողացել ռազմականապէս միջամտել իսրայէլապաղեստինեան հակամարտութեանը, այլեւ չեն կարողացել որեւէ կերպ արգելել կամ հաւասարակշռել Իսրայէլին յատկացուող արտաքին օգնութիւնը։ Ինչո՞ւ, որովհետև ՄԷԿ ՊԵՏՈՒԹԻՒՆ ՉԵՆ։ Պաղեստինի ցաւը փաստացի իրենցը չի։ Պաղեստինին օգնելու իրաւական հիմքեր չունեն կամ ունեցածը չեն կարողանում իրացնել։

Արաբական աշխարհի որոշ երկրներ ունեն իրար հակադիր շահեր ու յաճախ թշնամական դիրք են բռնում մէկը միւսի նկատմամբ։ Յիշենք Իրաքի ներխուժումը Քուէյթ կամ Քաթարի ու ԱՄԷ-ի հակադիր շահերը արաբական այլ երկրների հետ։

Նոյն ազգի երկու հատուածների միջեւ թշնամանքի տիպիկ օրինակ է նաեւ քորէաների օրինակը, ովքեր ունենալով իրար սահմանակից 2 ազգային պետութիւն, պատերազմել են իրար դէմ եւ ունեն փակ սահմաններ։ Նման օրինակ է նաեւ Չիանաստան-Թայուան թշնամանքը, որը նախորդի պէս հետեւանք է ԽՍՀՄ-ԱՄՆ պայքարի եւ հանդիսանում է դրա մնացորդային երեւոյթներից մէկը։ Նոյնը չի, բայց նմանտիպ օրինակ է նաեւ Ռուսաստան-Ուքրաինա թշնամանքը։ Սա ամէնաիսկական ինքնաոչնչացում է, որից շահում են միայն օտարները։

Հետեւաբար, պիտի բոլորիս համար պարզ դառնայ, որ իր բնօրրանի վրայ ապրող ժողովրդի միասնական շահը պահանջում է, որ նա իր բնօրրանի վրայ ունենա 1 ամբողջական պետութիւն, ոչ թէ մի քանիսը։ Տրոհումը պարունակում է հետեւալ վտանգները.

1. Առաւել թոյլ երկրի հանդէպ արտաքին ռազմական ագրեսիայի վտանգ

2. Ներազգային թշնամանքի առաջացում եւ եղբայրասպան պատերազմի վտանգ

3. Առաւել թոյլ երկրի վրայ արտաքին ազդեցութեան մեծացում եւ ի վերջոյ դրա փաստացի ոչնչացում

Հայքի պատմութեան մէջ եղել են նման ժամանակաշրջաններ, երբ հայկական լեռնաշխարհի վրայ գոյութիւն են ունեցել մի քանի հայկական պետութիւններ, որոնցից առաւել փոքրերը ժամանակի ընթացքում ուղղակի ոչնչացել ու անհետացել են։ Օրինակ՝ Երուանդունիների արքայատոհմի անկումից անմիջապէս յետոյ, Հայքը տրոհուեց 4 մասի՝ Մեծ Հայք, Փոքր Հայք, Կոմմագենէ, Ծոփք (Մ.թ.ա. 189թ)։ Սրանցից առաւել հզօրը Մեծ Հայքն էր, որը կարողացաւ իրեն միաւորել միայն Ծոփքը եւ Կոմմագենէն (մ.թ.ա. 94֊66թթ) սակայն 25-30 տարի անց կորցրեց Կոմմագենէն։ Արդիւնքում Մեծ Հայքից անջատ մնացած Փոքր Հայքն ու Կոմմագենէն աստիճանաբար թուլացան ու դադարեցին գոյութիւն ունենալ որպէս անկախ հայկական պետական միաւորներ։ Ծոփքը Մեծ Հայքի կազմում շարունակեց իր կեանքը երկար դարեր։

Նման պատկեր էր նաեւ 9-10-րդ դարերում, երբ 500 տարուայ ընդմիջումից յետոյ Բագրատունեաց գահի ներքոյ վերջապէս վերականգնուեց Մեծ Հայքի անկախութիւնը, նրա տարածքի մօտ 70%֊ի վրայ (869թ)։ Անիի Բագրատունիների գերիշխանութեան տակ գոյութիւն ունէին 7 մանր հայկական թագաւորութիւններ՝ Տարօնի, Վասպուրականի, Տայքի, Լոռու, Սիւնիքի, Վանանդի, Արցախի եւ մի քանի օտար թագաւորութիւններ ու իշխանութիւններ՝ Աբխազիա, Վիրք, Աղուանք, Կայսիկների ամիրայութիւն, Դուինի ամիրայութիւն։ Սրա հետեւանքը եղաւ այն, որ Անիի Բագրատունիների թուլացման շրջանում, այս մանր թագաւորութիւնները սկսեցին Անիից անկախ արտաքին քաղաքականութիւն վարել եւ հովանաւորութիւն փնտռել օտար տիրապետութեան ներքոյ՝ Բիւզանդիայի։ Եւ սկսած 971թ-ից, հայոց վերջին քիչ թէ շատ միացեալ անկախ պետութիւնը սկսեց տրոհուել։ 971թ-ին Տարօնը, 1000թ-ին՝ Տայքը, 1021թ-ին՝ Վասպուրականը, առանց կռուի ինքնակամ անցան Բիւզանդիայի տիրապետութեան տակ։ Փաստօրէն Անիի Բագրատունի արքաները կորցրեցին Հայքի տարածքի կէսից աւելին՝ առանց կռուի, ինչը հետեւանք էր այն բանի, որ հենց Անիի արքաներն էին արտօնել միւս մանր իշխանութիւններին՝ իրենք իրենց կոչել արքայ, իրենց տիրոյթների սահմաններում։ Հետեւանքը եղաւ պառակտումը եւ երկրի տրոհումը։

Նման մի պատկեր ունեցանք մեր պատմութեան նորագոյն շրջանի վերջին փուլում՝ 1991-2023թթ, երբ 1 միացեալ պետութեան փոխարէն ստեղծուեցին 2 հայկական պետութիւններ՝ ԼՂՀ եւ ՀՀ։ Ի սկզբանէ սխալը կայանում էր նրանում, որ ԼՂՀ֊ի անկախութեան հռչակումը հակասում էր Հայաստան+Արցախ 1989թ դեկտեմբերի միաւորման որոշմանը։ Բացի այդ յայտնի չէր թէ ինչպէս կ՛աւարտուեն ռազմական գործողութիւնները եւ արդեօ՞ք կը յաջողուի ազատագրել Արցախի ու ՀՀ միւս մարզերի միջեւ ցամաքային անջրպետը (Օմարից մինչեւ Կովսական)։ Այսինքն, ի սկզբանէ Արցախն ունէր պետութեան գոյութեան համար բացարձակապէս անբարենպաստ դրութիւն եւ շրջապատուած էր թշնամական օղակով։ Այդ դրութեան մէջ փրկուելու միակ շանսը առաւել մեծ ու առաւել հզօր հայկական պետութեան կազմի մէջ միաւորուելն էր՝ ինչը տեղի չունեցաւ անգամ 1994թ-ից յետոյ։ Աւելին՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը բազմիցս բացայայտ դէմ է արտայայտուել Արցախի միաւորմանը Հայաստանի հետ, թէեւ պարզից էլ պարզ էր, որ առանց Հայաստանի Արցախը գոյութիւն ունենալ չի կարող։

Արցախի անկախութեան ուղին անհեռանկարային էր նաեւ այն պատճառով, որ այն հանդիսանում էր տարածաշրջանում Ռուսաստանի ամէնաամուր յենարանը, հետեւաբար Արցախի միջազգային ճանաչումը բերելու էր տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարման մեծացման, ինչը ոչ մի երկրի շահերից չի բխում։ Հետեւաբար, եթէ Արցախը գնալու էր անկախութեան ճանապարհով, ապա դա կարող էր արդիւնաւէտ լինել միայն ռուսական շահերի տիրոյթից դուրս գալու դէպքում, ինչը 1991թ-ից ի վեր երբեք տեղի չունեցաւ։

Արցախի անկախութեան ուղին անհեռանկար էր նաեւ նրանով, որ Արցախ պետութիւն որպէս այդպիսին երբեք գոյութիւն չի ունեցել, սակայն Արցախի մարզ՝ Հայաստանի Հանրապետութեան կազմում, գոյութիւն է ունեցել 1919-1920թթ եւ դա ճանաչուել է միջազգային ամէնահզօր խաղացողների կողմից։ Հետեւաբար, եթէ Արցախի անկախացման իրական վերջնանպատակը Հայաստանին միաւորուելն էր, ապա Արցախը պիտի գնար 1919-1920թթ Հայաստանի մաս լինելու իր իրաւունքի իրացման ճանապարհով։ Իհարկէ այստեղ կայ եւս մէկ մեծ սխալ՝ Հայաստանը 1991թ-ին իրեն հռչակել է Խորհրդային Հայաստանի իրաւայաջորդ, ոչ թէ 1918-1920թթ Հայաստանի Հանրապետութեան իրաւայաջորդ, ինչը լուրջ խոչընդոտ էր եւ է միաւորման գործընթացին։

Անջատողականութեան այս դրսեւորման արդիւնքը տեսանք մեր աչքերով՝ երբեք լրիւ չհայաթափուած Արցախը լրիւ հայաթափուեց։ Կը վերատիրանա՞նք Արցախին թէ ոչ՝ կախուած է 1991թ-ից ի վեր մեր գործած սխալների շտկումից։ Բայց ռազմական տեսանկիւնից Արցախի ազատագրումն արդէն իրատեսական կարող է համարուել միայն Նախիջեւանի ազատագրումից յետոյ։

Մխիթար Յարութիւնեան

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ