
Ուքրաինայի դէմ քրեմլի պատերազմն ազդել է ռուսական զինուած ուժերի տրանսպորտային պաշարների վրայ։ Այժմ՝ լայնամասշտաբ ներխուժումից երեք տարի անց, ռուս զինուորականներն աւելի ու աւելի շատ են ստիպուած երթեւեկել քաղաքացիական բեռնատարներով՝ սարքաւորումներ եւ անձնակազմ տեղափոխելու համար:
2022 թուականի Փետրուարի ներխուժումից յետոյ Միացեալ Նահանգների եւ Եւրամիութեան պատժամիջոցներն արգելափակում են արեւմտեան արտադրութեան աւտոմոպիլային պահեստամասերի մատակարարումը Ռուսաստանին։
Բայց Նորկեգական՝ աւտոմոպիլային առաջատար մատակարարներից մէկը, միլիոնաւոր տոլարների պահեստամասեր է արտահանել, որոնք, ի վերջոյ, հասել են Ռուսաստան՝ սնուցելով նախագահ Փուտինի ռազմական մեքենան։ Դրանք տեղ են հասել թուրքական միջնորդի միջոցով, որը վերավաճառել է դրանք՝ շրջանցելով ԵՄ պատժամիջոցները։ Սա պարզ է դարձել «Ազատութիւն» ռադիոկայանի ուքրաինական ծառայութեան «Սխեմաներ» հետաքննական խմբի եւ նորվեկական հանրային հեռարձակողի՝ NRK-ի համատեղ հետաքննութեան արդիւնքում:
Kongsberg Automotive-ը, որը գործում է Նորվեկիայի հարաւում գտնուող Գոնկսպըրկ քաղաքում, առաջատար աւտոմոպիլային ապրանքանիշերի՝ Volvo-ին, Ford-ին, Scania-ին և Jaguar Land Rover-ին պահեստամասեր մատակարարող հիմնական ընկերութիւններից մէկն է։ Ընկերութիւնում ասում են, որ 2022 թուականին սեփական նախաձեռնութեամբ դադարեցրել են բոլոր ուղղակի մատակարարումները դէպի Ռուսաստան՝ «ագրեսոր» պետութեանն ապրանք վաճառելը համարելով «անբարոյական եւ դատապարտելի»։
Սակայն «Սխեմաներ»-ի ձեռքի տակ յայտնուած ռուսական մաքսային փաստաթղթերը ցոյց են տալիս, որ 2022 թուականի Յուլիսից մինչեւ 2024 թուականի Ապրիլը Kongsberg Automotive-ից պահեստամասերի առնուազն 126 առաքում է եղել դէպի Ռուսաստան։ Առաքումներն իրականացուել են նորվեկական ընկերութեան՝ Թուրքիայում գտնուող յաճախորդներից մէկի՝ Hidirusta Otomotiv-ի կողմից։ Այդ ընկերութիւնը չէր միացել Մոսկուայի դէմ սահմանուած արեւմտեան պատժամիջոցներին։
Ըստ «Ազատութեան» տրամադրութեան տակ եղած փաստաթղթերի՝ այդ բեռնափոխադրումների ընդհանուր յայտարարագրուած արժէքը կազմում է մօտ 2,8 միլիոն տոլար։
Սխեման գործել է Ստամպուլում գործող Hidirusta Otomotiv-ի միջոցով, որը 2022 թուականի Փետրուարին տեղի ունեցած ներխուժումից առաջ դէպի Ռուսաստան բեռնափոխադրումներ չի իրականացրել։ Այս մասին են վկայում ImportGenius առեւտրային մաքսային տուեալների ագրեգատորի արձանագրութիւնները: Իրավիճակը, սակայն, փոխուել է կարծես մէկ գիշերուայ ընթացքում. 2023 թուականին Ռուսաստանը դարձել էր թուրքական այս ընկերութեան ամէնամեծ շուկան եւ շարունակում է մնալ առաջատար մինչեւ այսօր՝ ըստ ImportGenius-ի արձանագրութիւնների:
Hidirusta Otomotiv-ի՝ դէպի Ռուսաստան բեռնափոխադրումների մեծ մասը պարունակել է նորվեկական Kongsberg Automotive-ի պահեստամասերը, որոնց նկատմամբ, փաստացի ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել:
Hidirusta Otomotiv-ից չեն պատասխանել այս մասին «Ազատութեան» հարցերին: Նորվեկական Kongsberg Automotive-ը «անընդունելի եւ մեր արժէքներին հակասող» է որակել թուրքական այդ ընկերութեան կողմից իր պահեստամասերի վերավաճառքը Ռուսաստանին։
Նորվեկական պահեստամասեր, ռուսական ռազմական մեքենայ
Մինչ Hidirusta Otomotiv-ը նորվեկական արտադրութեան պահեստամասերի մեծ մասն ուղարկել է ռուսական ընկերութիւնների, այդ թւում՝ A.P.R. և «Գրուզավտոզապչաստ-36»-ին, որոնք փաստագրուած առեւտրային կապեր ունեն պաշտպանական ոլորտի հետ: A.P.R. աւտոպահեստամասեր է մատակարարել «Օրենբուրգագրոսնաբտեխսերվիս»-ին՝ Ռուսաստանի ամէնահին եւ խոշորագոյն մեքենաշինական եւ մետալուրգիական ձեռնարկութիւններից մէկի՝ «Կիրովսկի գործարան»-ի գործընկերոջը, որը 2023 թուականից գտնւում է ամերիկեան պատժամիջոցների ներքոյ։
«Կիրովսկի գործարան»-ի դուստր ձեռնարկութիւններից մէկը՝ Սանկտ Փեթերպուրկում տեղակայուած «Ունիվերսալմաշ»-ը պահեստամասեր է մատակարարում Ուքրաինայի դէմ կիրառուող ռուսական ռազմական տեխնիկայի համար:
«Գրուզավտոզապչաստ-36»-ն էլ կապեր ունի Baltic Leasing («Բոլթիկ լիզինգ») ռուսական ընկերութեան հետ, որն անցեալ տարի Պուլտոզըրներ է մատակարարել Ռուսաստանի ամէնամեծ ռազմաուսումնական հաստատութիւններից մէկին, որն ուքրաինական պատերազմի հետ կապուած պատժամիջոցների տակ է 2023 թուականից:
Ոչ A.P.R., ոչ էլ «Գրուզավտոզապչաստ-36»-ը մինչ այս յօդուածի հրապարակումը չեն պատասխանել մեկնաբանութիւններ ստանալու հարցումներին:
Յարձակողական ԱԹՍ-ների գործարկման համար հարթակ
Քաղաքացիական ֆուրգոններն ու բեռնատարներն աւելի ու աւելի կարեւոր են դառնում Ռուսաստանի համար՝ հաշուի առնելով այն հանգամանքը, որ լայնամասշտաբ ներխուժման ժամանակ ռուսական կողմը ռազմական մեքենաների մեծ կորուստ է կրել, «Ազատութեան»-ն ասել է Նորվեկիայի Մարդու իրաւունքների Հելսինքեան կոմիտէի աւագ խորհրդական եւ պատժամիջոցների ծրագրի համակարգող Օկէ Պորչգրեւինկը:
«Ուքրաինայի պատերազմը մեծապէս կապուած է լոգիստիկայի հետ: Ռուսաստանի ողջ տնտեսութիւնը նպատակն է արտադրել ապրանքներ ու ծառայութիւններ, որոնք հնարաւոր են դարձնում այս պատերազմը: Այստեղ ամէնակարևոր բաներից են բեռնատարներն ու աւտոպահեստամասերը»,- ասել է Պորչգրեւինկը:
Աւելին, քաղաքացիական բեռնատարները կարող են օգտագործուել ոչ միայն փոխադրումների, այլեւ իրանական արտադրութեան «Շահէտ-136»-ի նման յարձակողական անօդաչու թռչող սարքերի արձակման համար։ Ռուսաստանը այս տիպի ԱԹՍ-ներն աքթիւօրէն օգտագործում է Ուքրաինային հարուածներ հասցնելու համար: 2022 թուականի Մարտին իրանական ռազմական ուղղուածութիւն ունեցող IMA Media լրատուամիջոցը հրապարակեց մի տեսանիւթ, որտեղ մանրամասն ներկայացւում է, թէ ինչպէս է դա աշխատում:
«Որպէսզի պատերազմի անիւները շարունակեն պտտուել, Ռուսաստանին անհրաժեշտ է բեռնատարների բոլորովին նոր պարկ, որն իր հերթին պահեստամասեր է պահանջում», – բացատրում է Պորչգրեւինկը:
Մարդու իրաւունքների Հելսինքեան կոմիտէի եւ ռիսկերի վերլուծութեամբ զբաղուող նորվեկական Corisk ընկերութեան իրականացուած հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ Ռուսաստանը 2023 թուականի Փետրուարից տասնապատկել է բեռնատարների ներմուծումը:
Ըստ այդ հրապարակման՝ այս ներմուծումներն ուղղուած են ապահովելու Ռուսաստանի ռազմական լոգիստիկան Ուքրաինայի մարտադաշտում՝ չնայած Արումուտքի կողմից սահմանած խիստ պատժամիջոցներին:
Corisk-ի հետազօտող Էրլէնտ Պոլման Պիորտվեդտն ասում է, որ Ռուսաստանն աւելի ու աւելի է ապաւինում քաղաքացիական աւտոմեքենաներին՝ «ամէն ինչ՝ սննդից մինչեւ զինամթերք եւ նռնակներ առաջնագիծ» հասցնելու համար:
Ռուսական լրատուամիջոցների հաղորդումները գալիս են հաստատելու այս միտումը։ Դրանք քաղաքացիներին կոչ են անում քաղաքացիական աւտոմեքենաներ նուիրաբերել զինուած ուժերին։ Ընդ որում՝ վկայակոչւում է Ուքրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերի լայնածաւալ օգտագործման պատճառով առաջացած աւտոմեքենաների խիստ պակասը:
«Ընդամէնը մի փոքր մասի խափանումը կարող է բեռնատարի անսարքութեան պատճառ դառնալ։ Այնպէս որ, եթէ դուք արեւմտեան ընկերութիւն էք եւ արտադրում էք թէկուզ փոքր պահեստամասեր, որոնք առաջին հաեացքից անմեղ են թւում, ասենք, մի քանի տոլար արժեցող ռետինէ օղակ կամ գնդիկաւոր առանցքակալ, դա կարող է լինել այն փոքր մասը, որն իրականում օգնում է անսարք բեռնատարը նորից աշխատեցնել», – բացատրում է Պիորտվեդտը:
Անփութութի՞ւն, թէ՞ պատժամիջոցների շրջանցում
Այս բացայայտումների հետ առերեսուելով՝ նորվեկական Kongsberg Automotive-ում հերքել են իրենց կապը կատարուած գործարքների հետ՝ պնդելով, որ ընկերութիւնը դեռեւս 2022 թուականին դադարեցրել է ապրանքների ուղիղ վաճառքը Ռուսաստանին։
Նորվեկական ընկերութիւնից ստացած գրաւոր պատասխանում ասւում է. – «Մենք գտնում ենք անընդունելի է եւ ցաւալի, եթէ մեր արտադրանքը յայտնւում է այնպիսի վայրերում, որտեղ կիրառւում են պատժամիջոցներ։ Մեր յաճախորդների կողմից ենթադրեալ վերավաճառքն անընդունելի է եւ հակասում է մեր արժէքներին»:
Kongsberg Automotive-ում պնդում են, որ վաճառքից յետոյ իրենց ապրանքների տեղաշարժին հետեւելը դժուար է:
«Երբ մենք վաճառում ենք մեր ապրանքները, կորցնում ենք սեփականութեան իրաւունքն ու վերահսկողութիւնը մատակարարման շղթայի վրայ, անգամ եթէ դրանք վերավաճառուեն մի քանի անգամ, ինչի ականատեսն ենք կարծես», – ասուած է «Ազատութեան»-ը փոխանցուած պատասխանում:
Միաժամանակ, ընկերութիւնում ընդունել են, որ չեն կարողացել պատշաճ կերպով ստուգել իրենց թուրք յաճախորդին եւ տեղեակ չեն եղել, որ Hidirusta Otomotiv-ի ամէնամեծ արտահանման շուկան Ռուսաստանն է:
«Մենք կարող էինք աւելի լաւ ընթացակարգեր ունենալ այդ գործընթացում», – ասել են Kongsberg Automotive-ում:
«Սխեմաներ»-ի և NRK-ի հարցումներից յետոյ նորվեկական արտադրողը դադարեցրել է իր յարաբերութիւնները թուրքական Hidirusta Otomotiv-ի հետ, ինչպէս նաեւ հրահանգել, որ միւս բոլոր յաճախորդներն էլ զերծ մնան այդ ընկերութեանը պահեստամասեր վաճառելուց: Աւելին, ընկերութիւնն ասել է, որ այժմ պահանջում է յաճախորդներից պայմանագրային պարտաւորութիւններ ստանձնել՝ պատժամիջոցները պահպանելու համար:
Փորձագէտներն ասում են, որ Թուրքիան համարւում է որպէս պատժամիջոցների շրջանցման սողանցք, ինչը նշանակում է, որ այնտեղ ապրանքներ արտահանող ընկերութիւնները պէտք է խիստ ստուգումներ եւ վերահսկողութիւն իրականացնեն՝ Ռուսաստան հնարաւոր վերավաճառքը բացառելու համար:
«Սխեմաներ»-ի և NRK-ի բացայայտումները ուսումնասիրելուց յետոյ Ուքրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի պատժամիջոցների քաղաքականութեան յանձնակատար Վլադիսլավ Վլասիուկը ասել է, որ այդ դէպքը «ստուեր է գցում Եւրամիութեան պատժամիջոցների հետ կապուած ողջ քաղաքականութեան եւ դրա արդիւնաւէտութեան վրայ»:
«Յատկապէս բեռնատարների պահեստամասերը Ռուսաստանին օգնում են ուժեղ լինել մարտի դաշտում։ Դա լուրջ խնդիր է»,- ասել է Վլասիուկը:
Պատժամիջոցների արդիւնաւէտութեան հարցում թերահաւատ է նաեւ ուքրաինացի 28-ամեայ նախկին զինուորական Օլէկ Սիմորոկը, ով մարտադաշտում ստացած ծանր վնասուածքից յետոյ դարձել է հակակոռուպցիոն աքթիւիստ։
«Արեւմտեան երկրները, այդ թւում՝ Նորվեկիան, կարող են արդիւնաւէտ դարձնել պատժամիջոցները։ Ու եթէ նրանք պատշաճ ջանքեր գործադրած լինէին, Ռուսաստանին այս վաճառքները չէին լինի»,- ասել է նա։
Մաքսիմ Սաւչուք
Ազատութիւն
24 Փետրուար 2025







Մեկնաբանէ