
ԱՄՆ նախագահի ընտրութիւնների մեկնարկից դեռ գրեթէ մէկ տարի առաջ հայերն իրար ապացուցում էին, որ Թրամփի/Հարիսի յաղթանակը մեր փրկութիւնն է։ Ու Թրամփ/Հարիս կողմնակիցների “հայապահպան” թէզերը բացի ծիծաղելի լինելուց նաեւ շատ կարեւոր մի երեւոյթ են ընդգծում՝ օտարից սպասուող փրկութեան աննահանջ հաւատը։
Ո՞վ է փրկելու մեզ։ Թրա՞մփը, թէ՞ Հարիսը։ Կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ այս անգամ Հայ ազատագրական առասպելը երկու ֆավորիտ ունէր՝ Թրամփը եւ Հարիսը։ Կարեւոր չէ, թէ ինչ թէզեր էին առաջ քաշում թրամփասէրներն ու հարիսասէրները։ Կարեւորն այն է, որ նրանք, դժբախտաբար հաւատում են պայմանական Հարիսի յաղթանակի հայանպաստ շարունակութեանը այնպէս, ինչպէս դարերով հաւատացել են տասնեակ արքաների ու առաջնորդների ու “հայաբար” են պատկերացրել նրա գործունէութիւնը։ Ու հաւատացել են, որ տուեալ դէմքը գործելու է յանուն հայերի ու Հայաստանի։
Չհաշուած առանձին անհատների, մենք նորից երազախաբ եղանք, երբ մեր փրկութիւնը սկսուեց պատկերացուել, որ գլոբալիստ Հարիսը կը փրկի նաեւ Հայաստանը։ Այո՛, գուցէ մի թեկնածուի պլանների մէջ Հայաստանին աւելի մեծ ուշադրութիւն էր դարձուած կամ գուցէ նաեւ ԱՒԵԼԻ ՀԱՅԱՍԷՐ ձեւացաւ այս անգամ (ինչպէս եւ միշտ, բոլոր ընտրութիւններից առաջ)։ Իսկ միգուցէ մի թեկնածուն փորձեց լուսաւորուել միւսի կեղտի հաշուին։ Գուցէ, բայց դա մեզ հետաքրքիր չէ։ Մեզ հետաքրքիր է մեր երեւակայութիւնն ու այնտեղ մեզ անձնազոհ փրկող հերթական ներկայացուցիչը։
Քաղաքագիտական շրջանակներում Հարիսի ու Թրամփի մասին խօսելիս, շատերը նշում են, որ այդ թեկնածուների գլոբալ քաղաքականութիւնը տարբերւում է ու ըստ դրա Հայաստանը կրելու է դրա հետեւանքը։ Բայց մենք ի՞նչ գիտենք ամերիկեան քաղաքականութեան հայեցակարգի մասին։ Մենք արդեօ՞ք վստահ ենք, որ գիտենք, թէ Հարիսը կամ Թրամփը ում հետ ինչ են պայմանաւորուելու։ Ի վերջոյ խօսքը գնում է ԱՄՆ մասին, ոչ թէ փոքրիկ ռեգիոնալ մարզի։ Ու ԱՄՆ քաղաքականութիւնը, որ բազմաշերտ է ու բազմատարր, այնպիսի շահեր ու հետապնդումներ ունի, որ մեր փոքրիկ հայկական վերլուծական մտքին մնում է նորից ֆանտազիայի գիրկն ընկնել, ու յետոյ՝ հիասթափուել։ Ինչպես միշտ։
Այնպէս ինչպէս, որ մենք ոչ մի բան չգիտենք Ռուսաստանի, Չինաստանի, ԵՄ խոշոր երկրների հայեցակարգային ռազմավարութեան մասին, բայց “վերլուծութիւններ” ենք անում, այնպէս էլ այս անգամ Թրամփ-Հարիս պայքարը դարձրինք փոքրիկ մի թաղապետի ընտրութիւն, որտեղ շատ լաւ երեւում է, թէ ով ում բարեկամն է։
Բայց մենք չմտածեցինք առնուազն երկու թէզ մշակել՝ թեկնածուներից ամէն մէկի յաղթանակի դէպքում աշխատելու համար, ճկուն լինելու համար։ Մեր մտքով չանցաւ, այնպիսի առաջարկ անել ԱՄՆ-ին, որ թէ՛ Հարիսը, թէ՛ Թրամփը ցանկանան մեզ հետ աշխատել։ Մենք միայն սպասեցինք ու յուսացինք, յուսացինք ու խաբուեցինք, խաբուեցինք, յետոյ հաշտուեցինք, մոռացանք ու նորից ամէն ինչ կրկնւում է այս էլ արդէն քանի հարիւր տարի։
Վաղը Հայ ազատագրական առասպելը նոր ֆավորիտներ է առաջ քաշելու ու մենք էլի փրկութիւն ենք պահանջելու նոր դէմքից։ Ամէն ինչ տարբեր է լինելու, բացի մեր գաւառական պատկերացումներից։ Մենք աշխարհը շարունակելու ենք ընկալել երկու գիւղի միջեւ ընկած մի դաշտի համար տարուող կռիւ, ուր իրար հետ կռուողները խոշոր հաշուով խնամիներ են։
Ու այսպէս մենք կը շարունակենք սպասել ու յուսալ, որ “վաղը” մեզ փրկութիւն ու նորութիւն կը բերի, մինչեւ որ հերթական “վաղը” մեզ գերեզման գլորի։
Դէ իսկ գերեզմանում էլ կը դադարենք սպասել ու յուսալ։ Իսկ մինչ այդ մնում է խմել, զուարճանալ ու աղօթել։
Արայիկ Մկրտումեան
Ֆէյպուքեան Գրառում







Մեկնաբանէ