
Վերջերս մի յօդուած է տպուել Science ամսագրում (Heggarty et al.) որտեղ հնդեւրոպական լեզուաընտանիքի հայրենիքը տեղադրւում է Հայկական Լեռնաշխարհում (այսուհետ ՀԼ): Այն ահագին տարածուեց ՖԲ-ում ու քանի որ այնտեղ յղում է արւում գենետիկական հետազօտութիւնների վրայ ապա մարդկանց մօտ կարող է թիւր տպաւորութիւն առաջանալ թէ յօդուածը հենց գենետիկական տուեալների հիման վրայ է կառուցուած։ Դա այդպէս չէ։ Յօդուածի հիմքը լեզուաբանական է, աւելի ճիշտ ոչ թէ դասական համեմատական լեզուաբանական այլ յատուկ հաշուարկային մեթոդ որտեղ ծրագիրն է որոշում լեզուաընտանիքի տարիքը եւ ներքին դասակարգումը։ Հենց նոյն մեթոդով 2003-ին Գրէյը եւ Ատկինսոնը ստացան մօտաւորապէս նոյն թուերը բայց այն ժամանակ այն օգտագործուեց որպէս փաստարկ ի օգուտ Անատոլիական տեսութեան։ Թէ ինչու հիմա Հայկական տեսութիւնը առաջ անցաւ կը հասկանաք վերջում բայց հիմա հերթով նայենք թէ գենետիկական հետազօտութիւնները ինչ բացայայտեցին։
Վերջին 15 տարին կարելի է անուանել հնագենետիկական յեղափոխութեան (paleogenetics) տարիներ: Տեխնոլոգիան այնքան է զարգացել, որ հնարաւոր է ԴՆԹ կորզել վաղուց մահացած մարդկանց մասունքներից եւ համեմատել անցեալի ու ներկայի այլ մարդկանց հետ։ Քանի որ այս յեղափոխութիւնը սկսուել է Արեւմուտքում բնականաբար արեւմուտքցի գիտնականների առաջին խնդիրը եղաւ բացայայտել իրենց ծագումը։
1/ Նախ պարզուեց, որ ներկայիս եւրոպացիների մէջ բաւականին նուազ է հին պալէոլիթիկ շրջանի (20.000-8.0000 տարի առաջ) գեները։ Խօսքը ընդհանուր գենոֆոնդի մասին է ոչ թէ Y ԴՆԹ-ի։
2/ Յետոյ պարզուեց որ Եւրոպայի հնագոյն բնակիչները երկու տեսակի են եղել։ Բուն Եւրոպան ու Արեւելեան Եւրոպան ունեցել են տարբեր որսորդներ-հաւաքողներ։ Նրանց բաժանող գիծը անցել է Սեւ եւ Բալթիկ ծովերի արանքով։
3/ Յաջորդիւ պարզուեց, որ 8500 տարի առաջ Անատոլիայից (չշփոթել Անատոլիան ՀԼ-ի հետ) հողագործները իրենց ընտանի կենդանիներով մտել են Եւրոպա ու տարածուել ամէնուր բացի ծայր հիւսիսից ու արեւելեան Եւրոպայից։ Այս հողագործները շատ արագ դուրս են մղել տեղի որսորդներին։ Նրանց գենոֆոնդը ներկուած է նարնջագոյն գոյնով ստորեւ։ Ինչպէս տեսնում էք անատոլիական գեները աւելի լաւ են մնացել եւրոպացիների մէջ։ Այս անատոլիական ծագման հողագործների գեները լաւագոյնս պահպանուել են Սարդինիա կղզում։ Որտեղ մինչեւ Հռոմէական կայսրութեան ժամանակները խօսել են ոչ հնդեւրոպական լեզուներով։
Այստեղ յաւելեմ որ երկրագործութեան ու անասնապահութեան հայրենիքը ոչ էնքան բուն Անատոլիան է, այլ Պորտասարի, Դիարբեքիրի / Աղձնիքի, Հիւսիսային Միջագետքի կողմերը։ Մօտ 10.000-12.000 տարի առաջ այնտեղ է սկսուել այդ մեծագոյն տեխնոլոգիական յեղափոխութիւնը մարդկութեան պատմութեան մէջ եւ այնտեղից է տարածուել այն տարբեր ուղղութիւններով։
4/ Յաջորդիւ 2015-ին գիտնականները վերջապէս յայտնաբերեցին եւրոպացիների գեների հիմնական պակասող հատուածը, որը նշուած է Yamnaya ու ներկուած է կանաչ գոյնով։ 5000 տարի առաջ Արեւելեան Եւրոպայի տափաստաններից բուն Եւրոպա են ներխուժում անասնապահութեամբ զբաղուող մարդիկ որոնց գենոֆոնդը կոչւում է Եամնայա համանուն հնագիտական մշակոյթի անունով։ Այս ներխուժումը ապոկալիպտիկ մասշտաբի փոփոխութիւններ է բերում Եւրոպայում յատկապէս հայրական Y ԴՆԹ-ի կառուցուածքում եւ ակնյայտ է դառնում որ հենց այս մեծ ու սրընթաց միգրացիան է բերել հնդեւրոպական լեզուները Եւրոպա։ Լեզուներ որոնցով խօսում են եւրոպացիների մեծ մասը (բացառութեամբ աւելի ուշ եկած հունգարների, էստոնացիների ու ֆինների )։
4.1/ Եամնայի գենոֆոնդը յայտնաբերելուց յետոյ գիտնականները որոշեցին նրանց ծագումը պարզել եւ պարզուեց, որ նրանք միայն տեղական արեւելաեւրոպական որսորդներից չեն ծագում։ Այլ ունեն մի 50% Կովկասից ու նրանից հարաւ ընկած տարածքից եկած գեներ։ Ի դէպ 2015-ին երբ կովկասյան որսորդների գեների նմուշ դեռ չկար այդ հարաւային բաղադրիչի անունը դրեցին հայանման (Armenian like). Հետագայում արդէն կովկասեան որսորդներ եզրը սկսուեց օգտագործվել։
5/ Տափաստանային անասնապահների այս միգրացիան բացայայտելուց յետոյ գիտնականները ուզեցին ստուգել, թէ արդեօք այս խմբերը շարժուել են նաեւ այլ ուղղութիւններով նոյնպէս։ Պարզուեց այո։ Գտնուեցին շարժեր դեպի Չինաստանի հիւսիս արեւմուտք, որտեղ վկայուած է մեռած լեզու թոխարերէնը, շարժ դէպի Հնդկաստան որտեղ խօսում են հնդարիական լեզուներով։ Շարժ դէպի Հայաստան 4500 տարի առաջ, որը համընկնում է հնագիտական նիւթի փոփոխութեան հետ։ Եւ շարժ դէպի Բալկաններ, որտեղ հնում եւ այսօր էլ կան հին ծագում ունեցող հնդեւրոպական լեզուներ ի դէմս յունարէնի ու ալբաներէնի։ Միւս տեղերում ընդհանուր գենոֆոնդի ու Y ԴՆԹ-ի փոփոխութիւնները այդքան կտրուկ չեն եղել ինչքան բուն Եւրոպայում բայց ամէն դէպքում այն առկայ է եւ աներկբայ։ Այսօր էլ հնդիկ տղամարդկանց մօտ ամէնատարածուածը հենց այս տափաստանային ծագման Y ԴՆԹ-ն է:
6/ Այս ընթացքում գիտնականները նաեւ փորձեցին պարզել խեթերի ու անատոլիական ճիւղի լեզուների ծագումը։ Նմուշներ վերցուեցին խեթական կայսրութեան տարածքից եւ պարզուեց որ Անատոլիայում էլ է մեծ միգրացիա եղել։ Բայց այն չի եղել արեւելա-եւրոպական Տափաստանից այլ արեւելքից այսինքն Հայկական Լեռնաշխարհից։ Այն սկսուել է մօտ 6500 տարի առաջ եւ կտրուկ փոխել է Անատոլիայի գենոֆոնդը։
Հենց այդ միգրացիայի պատճառով է, որ անհետացել է հին անատոլիական բնակչութիւնը։ Եւ այն պահպանուել է միայն Եւրոպայի Սարդինիա կղզում։
Այստեղ յաւելեմ որ ՀԼ-ից զգալի միգրացիաներ են եղել պղնձէ դարում (7000 տարի առաջ) տարբեր ուղղութիւններով, յատկապես հարավ բայց դա բուն թեմայից դուրս է եւ այն առանձին քննարկելու նիւթ է։
7/ Այս բոլոր միգրացիաները բացայայտելուց յետոյ գենետիկները որոշեցին առաջ քաշել իրենց պատկերացրած հնդեւրոպական հայրենիքի ու շարժերի տեսութիւնը։ 2022-ին Հարուըրդի համալսարանը հրապարակեց մեծ յօդուած որտեղ Հնդեւրոպական լեզուների հայրենիք առաջարկուեց ՀԼ-ն ու յարակից շրջանները։ Այնտեղից մի ճիւղը գնացել է արեւմուտք եւ դարձել խեթերի, լուվիացիներ, անատոլիացիներ իսկ Կովկասից հիւսիս շարժուածները մաս են կազմել տափաստանային անասնապահական մշակոյթների ու գեների մէջ։ Թերեւս անասնապահութիւնը հենց հարաւից է տարուել։ Դրանք էլ 5300 տարի առաջ տարածուել են բոլոր ուղղութիւններով սփռելով այսօրուայ հնդեւրոպական լեզուները, հին հայերէնը ներառեալ։
Սա է եղել գենետիկական գիտութեանը յայտնի փաստերը 2022-ի դրութեամբ։ Այս տարի առանձնապէս նոր բան չի յայտնաբերուել։
Իսկ թե որն է Հարուըրդի գենետիկների ու Հեգգարթիի այս տարուայ առաջարկած տեսութիւնների տարբերութիւնը կը գրեմ յաջորդիւ։
Հայկ Յակոբեան
Ֆէյսպուքեան Էջ







Մեկնաբանէ