«Հեռուների շԷկ հովիտներում մշուշների տակ գոմէշների շոգած խմբեր էին օրօրւում եւ նրանց մէջ տաք ու զօրեղ մէկը, գլուխը բարձր բռնած, իր կանչը յղում էր սրան: Գոմէշը մռլնգաց ու պոկուեց բլրի գլխից դէպի ձորը…»

Միջակութիւնը յաւերժական խնդիր ունի. միշտ խանգարելիք կայ, որ ոտատակ է ընկնում՝ չթողնելով պատկերացրած վեհն ու չքնաղն իրականացնել։ Մէ’կ արեւը բաւարար չի փայլում, մէ’կ՝ տրամադրութիւնն այն չէ, այ հենց երէկ՝ հեսա-հեսա ամէն ինչ դասաւորւում էր, մէկ էլ՝ դրսից շուն հաչաց։ Խանգարե՞ց։ Խանգարեց։ Խանգարելիքն ամէնուր է։ Մէկ փող չկայ, մէկ՝ ճիշտ լուսաւորութիւն։ Ուզածդ կտորը չկայ, որակեալ թանաքը չկայ, մազդ ծուռ է, պոչդ՝ խուզած, ասես՝ աշխարհն է դէմ, որ անես ու ստացուի, ախր դու՝ խեղճդ, ո՞նց պայքարես աշխարհի դէմ, բա’րդ է, չէ՞ք հասկանում, բա’րդ է էդ անտէրը։

Ես կ՛ուզէի՝ յատկապէս ամէն փոքր քարին մտքի լուծը դէմ առնող ու դադար վերցնող մարդիկ գնային նայելու «Գոմէշը», ու տեսնէին՝ ոնց կարելի է բռաչափ ու տաքուկ տարածքում, սովորական աթոռներով, ծնկի կէսի չափ բարձր բեմով խաղալ այնպիսի ներկայացում, որ մարդիկ անթարթ նայեն քեզ, աչքները գողանաս՝ մոռանաս վերադարձնել, հետդ ճօճուեն, հետդ յուզուեն, հետդ գնան ու գան, գնան ու գան, գնան ու գան։

Փոքր բեմ է՝ վրան լիքը խոտ, պարան, մեծ տակառով ջուր։ Սկզբից դուրս է գալիս նրբամարմին մի կին՝ սիրունիկ աչքունքով, հանդարտ քայլող դէպի տակառը, մէկ էլ՝ հոպ՝ մարդը վերանում է։ Կին չկայ։ Նարինէն վերափոխւում է կենդանու՝ գոմէշի՝ ձայնով ու պոզով-պոչով, ոտքերը մոռանում է՝ քացի է տալիս խոտն այնքան, մինչու չոր խոտի տտիպ հոտը լցուի ռունգերդ, ու Մաթեւոսեանի հրաշալի վիպակի տողերը սկսում ես լսել ու դիտել միաժամանակ՝ բացելով բառերը՝ մոռանալով՝ որտեղ ես դու, ինչ ես դու, մա՞րդ ես դու, բայց հա՞ որ։

Մաթեւոսեանի «Գոմէշը» տրաքում է բեմին, գոռում է ու բառաչում, նվւում է, նուաղում, մէկ էլ ուժ է առնում՝ հայեացքդ շեղես՝ քեզ կը պոզահարի, պատով կը տայ։ Մաթեւոսեանի տեքստերը շատերը մեղմ են համարում՝ չեն հասկանում, Նարինէն իր խաղով ենթատեքստի երկաթը շպրտում է հանդիսատեսի դէմքին, ստիպում յանձնուել բառերին, իր խաղին, ու հայեացքով խմել մարմնի իւրաքանչիւր սօսափը։ Նարինէն չոր խոտի տրցակին նստում է ջաղացքարի պէս՝ մե՜ծ, ծա՜նր-ծանր, պոչը՝ երկա՜ր-երկա՜ր խփում պատով մէկ, որոճում դանդա՜ղ, ալարկո՜տ, տարածւում բեմի վրա՝յ ալիք-ալիք, կրճտացնում նեարդերդ, սեղմում կոկորդդ, մոռացնել տալիս աշխարհը։

Փոքր տարածք է՝ մէջը տիեզերք տեղաւորած։ Մաթեւոսեանն այդպէս է գրում, հա, Նարինէն էլ ճիշտ խաղում է։ Սա է, գաղտնիք չկայ։ Ուզածդ բանը կը ստացուի՝ եթէ համարձակութիւն ունես ու մեծ ցանկութիւն, մնացած արդարացումները մանրուքներ են՝ տշի, գնան։

Նարինէ Գրիգորեանի խաղը դերասանական վարպետութեան փայլուն օրինակ է, կամ, եթէ աւելի մարդերէնով՝ նայելուց յետոյ կը հասկանաք՝ ինչու մեզնից ոչ բոլորը կարող են «դերասանութիւն անել», ու ինչու է դերասանի մասնագիտութիւնը տաղանդի, յամառութեամբ ու գիտելիքով շաղախուած աշխատանքի արդիւնք։ Հայկական առաջին մոնօ ներկայացումն է, որ անպայման նորից պիտի նայեմ՝ չեմ կշտացել։ Ձեզ էլ առաջարկում եմ չուշացնել՝ դուք արժանի էք էդ վայելքին, խաղից յետոյ թողած խումհարին, մտքերի արագ վազքին՝ ուղեղդ քացի տուող։

Նաեւ, առիթից օգտուելով, կ՛ուզէի կազմակերպութիւններին, հովանաւորչութեան հնարաւորութիւն ունեցող մարդկանց ուշադրութիւնը հրաւիրել «Հրանտ Մաթեւոսեանի մշակութային կենտրոնի» շուրջ։ Շէնքում հազար անելիք կայ, միւս տարի էլ գրողի 90-ամեակն է, չմնայ կիսատ։

Կիսատութեան մասով էլ՝ Հրանտ Մաթեւոսեանի որդին՝ Դաւիթ Մաթեւոսեանը ներկայացումից առաջ մի հրաշալի խօսք փոխանցեց Մաթեւոսեանից, որն այստեղ գրել չեմ ուզում։ Գնաք՝ կը լսէք։

Սիւնէ Սեւատա
Ֆէյսպուքեան Էջ

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ