
Թէեւ միջազգային լրատուական ցանցերում փորձ է արւում բացատրել ԱՄՆ-Իրան հակամարտութեան իրական պատճառները, եւ մի շարք ազնիւ ամերիկացիներ, որոնց թւում են ԱՄՆ գնդապետ Douglas Macgregor-ը, ԱՄՆ հետախուզութեան նախկին սպայ Larry Johnson-ը, քաղաքական աքթիւիսթ Tucker Carlson-ը, տնտեսագէտ-փրոֆեսոր Jeffrey Sachs-ը, ԱՄՆ դիւանագէտ Charles W. Freeman Jr.-ը, քաղաքագէտ-փրոֆեսոր John Joseph Mearsheimer-ը եւ այլք, որոնք հանդէս են գալիս Իրանի դէմ ԱՄՆ-ի կողմից սանձազերծուած «անսպասելի» պատերազմի դէմ, փորձում են դրա պատճառը բացատրել ԱՄՆ քաղաքականութեան մէջ հրէական սիոնիզմի ազդեցութեամբ եւ Իսրայէլ պետութեան շահերի սպասարկմամբ, ինչպէս նաեւ կանխատեսում են, որ նման պատերազմը չի կարող երկար շարունակուել, այնուամենայնիւ, մեր համոզմամբ, նրանք սխալւում են ինչպէս պատերազմի իրական պատճառները գնահատելու հարցում, այնպէս էլ դրա հնարաւոր տեւողութեան վերաբերեալ իրենց կանխատեսումներում։
Մեր խորին համոզմամբ, այս պատերազմի իրական պատճառը շատ աւելի խորն է եւ կապուած է ոչ թէ միայն տարածաշրջանային քաղաքականութեան կամ գաղափարական հակամարտութիւնների, այլ համաշխարհային ֆինանսական համակարգի հիմքում գտնուող գործօնի՝ ԱՄՆ տոլարի հետ։ Այս համատեքստում, մեր գնահատմամբ՝ Իրանի դէմ պատերազմի գլխաւոր շահառուն եւ իրական պատուիրատուն այն ֆինանսական համակարգն է, որը վերահսկում է ԱՄՆ տոլարը՝ ամերիկեան «Federal Reserve» մասնաւոր պանքային համակարգը»։
ՄԻ ՔԻՉ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
-1944 թուականին Պրէթոն-Վուտսի համաձայնագիրը հաստատեց ԱՄՆ տոլարը որպէս աշխարհի հիմնական պահուստային եւ խարիսխային արժոյթ՝ այն պաշտօնապէս կապելով ոսկուն՝ մէկ ունցիայի դիմաց 35 տոլար փոխարժէքով։ Խորհրդային Միութիւնը եւ սոցիալիստական երկրների ճամբարը Ստալինի հրահանգով հրաժարուեցին ընդունել այն որպէս միջազգային դրամավարկային համակարգի հիմք։
-1960-ականների վերջում Պրէթոն-Վուտսի համակարգը սկսեց ճգնաժամ ապրել։ Մի շարք եւրոպական երկրներ, յատկապէս Ֆրանսիան, սկսեցին զանգուածաբար փոխանակել իրենց պահուստային տոլարները ամերիկեան ոսկու հետ։ Արդիւնքում ԱՄՆ-ի ոսկու պաշարները արագ նուազում էին, եւ առաջացաւ վտանգ, որ միջազգային ֆինանսական համակարգը կարող էր լուրջ ցնցումների ենթարկուել։
-1971 թուականին ԱՄՆ տոլարը ոսկով ապահովուած արժոյթից վերածուեց ֆիատ արժոյթի՝ այսպէս կոչուած «Նիքսընի շոկի» հետեւանքով, երբ դադարեցուեց դրա փոխարկելիութիւնը ոսկու հետ։ Տոլարի նկատմամբ համաշխարհային պահանջարկը պահպանելու նպատակով ԱՄՆ-ը 1971-1974 թուականներին ձեւաւորեց այսպէս կոչուած «նաւթատոլարի համակարգը»՝ ձեռք բերելով համաձայնագրեր (յատկապէս Սաուտեան Արաբիայի հետ), ըստ որոնց միջազգային նաւթի առեւտուրը պէտք է գնանշուեր եւ իրականացուեր բացառապէս ԱՄՆ տոլարով։
-Այս համակարգը ստեղծեց նաև «նաւթատոլարների վերաշրջանառութիւն» (petrodollar recycling)։ Նաւթ արտահանող երկրները իրենց ստացած հսկայական դոլարային եկամուտների զգալի մասը կրկին ներդնում էին ամերիկեան պանքերում եւ ԱՄՆ պետական պարտատոմսերում։ Այս մեխանիզմը հնարաւորութիւն տուեց ԱՄՆ-ին երկար ժամանակ պահպանել տոլարի կլոպալ դիրքը եւ ֆինանսավորել իր տնտեսական տեֆիցիտները։ Խորհրդային Միութեան Պրեժնեւեան կառավարութիւնը, թէեւ պաշտօնապէս չէր ընդունում ԱՄՆ-ի «նաւթատոլարի համակարգը», փաստացի ներգրաւուեց այդ տոլարային շրջանառութեան մէջ, քանի որ ԽՍՀՄ-ին անհրաժեշտ էին տոլարներ՝ արեւմտեան տեխնոլոգիաներ եւ հացահատիկ գնելու համար։
-Այսօր էլ ԱՄՆ տոլարը (USD) շարունակում է մնալ համաշխարհային շրջանառութեան մէջ գերիշխող արժոյթը՝ ապահովելով արտարժոյթի շուկայի գործարքների մօտ 88%-ը եւ համաշխարհային առեւտրի հաշուարկների աւելի քան կէսը։ Որպէս հիմնական պահուստային արժոյթ՝ այն կազմում է համաշխարհային արտարժութային պահուստների շուրջ 58%-ը եւ հանդիսանում է միջազգային պարտքային թողարկումների մեծ մասի հիմնական շարժիչ ուժը։
Այս պատմական զարգացումները ցոյց են տալիս, որ 20-րդ դարի երկրորդ կէսին ձեւաւորուած կլոպալ ֆինանսական համակարգը հիմնուած է ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական եւ էներգետիկ գործօնների համադրութեան վրայ։ Տոլարի դիրքը ամրապնդուեց այն պատճառով, որ այն դարձաւ միաժամանակ միջազգային առեւտրի, էներգետիկ շուկաների եւ ֆինանսական համակարգի հիմնական հաշուարկային միջոցը։
ԱՅՍՕՐՈՒԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ
-ԱՄՆ տոլարը ներկայում գտնւում է զգալի գնաճային ճնշման ներքոյ։ Միաժամանակ BRICS երկրների տնտեսական պլոքը, յատկապէս Չինաստանը, աստիճանաբար փորձում է շրջանցել տոլարի գերիշխանութիւնը միջազգային առեւտրում։ Այս գործընթացի շրջանակում մի շարք երկրներ իրենց փոխադարձ առեւտուրը, մասնաւորապէս՝ նաւթի գնումը, increasingly իրականացնում են ոչ թէ տոլարով, այլ ազգային արժոյթներով։
-Չինաստանը, լինելով աշխարհի խոշորագոյն էներգետիկ սպառողներից մէկը, իր նաւթի ներմուծման մի զգալի մասը ապահովում է Իրանից, եւ այդ գործարքների հաշուարկները մեծ մասամբ կատարւում են ոչ թէ ԱՄՆ տոլարով, այլ չինական եուանով։ Նմանատիպ մեխանիզմ կիրառւում էր նաեւ Վենեզուելայից նաւթի ներմուծման դէպքում, որը երկար ժամանակ եղել է Չինաստանի կարեւոր էներգետիկ մատակարարներից մէկը։
-Այս ամէնի ֆոնին ԱՄՆ տնտեսութիւնը բախւում է նաեւ լուրջ ֆինանսական ճնշումների։ 2026 թուականի սկզբի դրութեամբ ԱՄՆ պետական պարտքը հասել է մօտ 38.5–38.9 թրիլիոն տոլարի։ Եթէ 2025 թուականին այդ պարտքի սպասարկման համար վճարուած տոկոսները կազմել են մօտ 970 միլիարդ տոլար, ապա արդէն 2026 թուականին այդ գումարը, ըստ կանխատեսումների, կ՛անցնի մէկ թրիլիոն տոլարը։ Փաստօրէն ԱՄՆ պատմութեան մէջ առաջին անգամ պետական պարտքի սպասարկման տարեկան տոկոսային վճարումները մօտենում են երկրի ռազմական ծախսերի մակարդակին։
-Միաժամանակ ԱՄՆ ներքաղաքական համակարգում պարբերաբար առաջանում է նաեւ այսպէս կոչուած դաշնային կառավարութեան աշխատանքի դադարեցման (government shutdown) վտանգը, որը տեղի է ունենում այն դէպքում, երբ Քոնկրէսը չի կարողանում ժամանակին ընդունել պետական պիւտճէն կամ ժամանակաւոր ֆինանսաւորման օրէնքը։ Այս պայմաններում միջազգային ֆինանսական համակարգում ԱՄՆ տոլարի գերիշխող դիրքի պահպանումը դառնում է ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմավարական եւ աշխարհաքաղաքական առաջնահերթութիւն Միացեալ Նահանգների համար։ Ահա այս զարգացումները վկայում են, որ ԱՄՆ-ի կողմից ձեւաւորուած մէկբեւեռ համաշխարհային համակարգը հասել է իր պատմական սահմանագծին եւ կանգնած է խորքային համակարգային ճգնաժամի առաջ։
-Այս համատեքստում աշխարհի տարբեր տարածաշրջաններում առաջացող ռազմական եւ քաղաքական բախումները յաճախ ձեռք են բերում նաեւ ֆինանսատնտեսական ենթատեքստ, քանի որ կլոպալ տնտեսական համակարգում տոլարի գերիշխանութեան պահպանումը Միացեալ Նահանգների համար դառնում է կենսական ռազմավարական խնդիր։ Առաւել եւս, որ ԱՄՆ-ը ունի սեփական նաւթային պաշարներ եւ մեծապէս անկախ է ներմուծումներից։ Միաժամանակ նրա արտադրած թերթաքարային նաւթի մէկ պարէլի ինքնարժէքը միջին հաշուով կազմում է մօտ 45–65 տոլար, եւ համաշխարհային նաւթի գների աճի պայմաններում (օրինակ՝ 100–120 տոլարի դէպքում) այդ արտադրութիւնը դառնում է բարձր շահաւէտ։ Այդ պատճառով ԱՄՆ-ի համար տնտեսապէս շահաւէտ է նաեւ այնպիսի իրավիճակը, երբ Մերձաւոր Արեւելքում ռազմական լարուածութեան եւ ռմբակոծութիւնների հետեւանքով համաշխարհային նաւթի գները կտրուկ բարձրանում են։
Այս տեսանկիւնից Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող գործընթացները, եւ յատկապէս ԱՄՆ-Իրան հակամարտութիւնը, պէտք է դիտարկել ոչ միայն տարածաշրջանային քաղաքականութեան կամ գաղափարական հակասութիւնների շրջանակում, այլ նաեւ համաշխարհային ֆինանսական համակարգի պահպանման եւ վերահսկման պայքարի համատեքստում։ Այդ պատճառով էլ այս հակամարտութիւնը ձեռք է բերում ոչ միայն տարածաշրջանային, այլեւ կլոպալ տնտեսական եւ աշխարհաքաղաքական նշանակութիւն։
Նաւթային շուկայի վերահսկողութիւնը, յատկապէս Չինաստանի տնտեսութեան էներգետիկ կախուածութեան պայմաններում, Միացեալ Նահանգներին հնարաւորութիւն է տալիս պահպանելու իր միաբեւեռ հեկեմոն դիրքը համաշխարհային համակարգում։ Սակայն այստեղ կան երկու կարեւոր գործօններ՝ նաւթարդիւնահանող Ռուսաստանը եւ Իրանը։
-Ռուսաստանի դէպքում նկատելի են ԱՄՆ նախագահ Թրամփի վերջին շրջանի յարաբերականօրէն բարեկամական քայլերը Մոսկուայի նկատմամբ, եւ չի բացառւում, որ այստեղ գործ ունենք որոշակի գաղտնի համաձայնութիւնների հետ։ Ըստ նման վարկածի՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառուող տնտեսական սանկցիաները կարող են մեղմացուել կամ վերացուել, իսկ Ուքրաինական հակամարտութեան շրջանակում որոշ տարածքներ կարող են փաստացի զոհաբերուել հաշտութեան պայմանագրի միջոցով։ Փոխարէնը Ռուսաստանը կարող է պարտաւորուել Չինաստանի հետ իր առեւտրական յարաբերութիւններում վերադառնալ տոլարային հաշուարկների համակարգին, ինչպէս դա երկար ժամանակ եղել էր նախկինում։
Այս համատեքստում ուշադրութփան է արժանի Թրամփ–Փութին հանդիպումը Ալեասկայում (15/08/2025), ինչպէս նաեւ այն հանգամանքը, որ Փութինը այդ հանդիպման ընթացքում Թրամփի կողմից արժանացաւ անսպասելի մեծարանքի։ Այս ամէնը որոշ վերլուծաբանների մօտ առաջացրել է ենթադրութիւններ հնարաւոր գաղտնի պայմանաւորուածութիւնների վերաբերեալ։ Միաժամանակ Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինը յայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստւում է աստիճանաբար հեռանալ Եւրոպայում իր մնացորդային էներգետիկ շուկաներից եւ հիմնականում կենդրոնանալ արեւելեան ուղղութեան վրայ (Ռուսական նորութիւններ, 1-ին ալիք, 06/03/2026)։ Նման պայմաններում չի բացառւում նաեւ այն սցենարը, որ Ռուսաստանը, իր ռազմավարական շահերից ելնելով, պատրաստ լինի որոշ չափով զոհաբերել կամ «վաճառել» իր երկրորդական դաշնակից Իրանին, եթէ դա նպաստի նրա համար նպաստաւոր աշխարհաքաղաքական համաձայնութիւնների ձեւաւորմանը։ Սակայն իրական հարցը հենց այստեղից է սկսւում՝ որքանով է Իրանը պատրաստ նման սցենարին եւ ինչ հետեւանքներ կարող է դա ունենալ Մերձաւոր Արեւելքի ամբողջ ուժային հաւասարակշռութեան համար։
Մենք համաձայն ենք մեր կողմից վերեւում յիշատակուած ամերիկացի աքթիւիսթների հետ, որոնք գտնում են, որ ԱՄՆ-ը եւ Իսրայէլը չեն կարող յաղթել կամ մասնատել 88-90 միլիոնանոց Իրանը, քանի որ դրա համար անհրաժեշտ կը լինի լայնածաւալ ցամաքային ներխուժում՝ Իրանի մօտ կէս միլիոնանոց բանակի եւ միասնական ժողովրդի դիմադրութեան պայմաններում։ Նոյնիսկ Իրաքի քրտերի կամ Իրանի ներսում գործող քրտական ուժերի զինումը, ըստ էութեան, չի կարող ապահովել ԱՄՆ-ի համար որոշիչ յաղթանակ։ Սակայն վերոհիշեալ յարգարժան հեղինակները, մեր կարծիքով, հաշուի չեն առնում մէկ այլ՝ շատ վտանգաւոր եւ կարեւոր գործօն։
2026 թուականի Մարտի 5-ին, ՆԱԹՕ-ի գլխաւոր քարտուղար Mark Rutte-ն յայտարարեց, որ Իրանից արձակուած հրթիռի՝ Թուրքիայի օդային տարածքում (Ինճիրլիք) տեղի ունեցած միջադէպից յետոյ ՆԱԹՕ-ում ԱՌԱՅԺՄ չի քննարկւում դաշինքի պայմանագրի 5-րդ յօդուածի կիրառումը, ըստ որի՝ եթէ ՆԱԹՕ-ի անդամ որեւէ երկրի վրայ յարձակում է իրականացւում, ապա ամբողջ դաշինքը պարտաւորւում է հանդէս գալ այդ երկրի պաշտպանութեան համար։ Սակայն դա չի նշանակում, որ նման սցենարը ապագայում բացառուած է։ Միաժամանակ Իրանի հասցէին յոխորտանքներ հնչեցին նաեւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից, ով յայտարարեց, թէ Նախիջեւանի տարածքում ընկել են երկու իրանական հրթիռներ, ինչից անմիջապէս յետոյ Իսրայէլից հնչեցին Իրանի հասցէին սպառնալիքներ։ Այս հանգամանքը կարեւոր է նաեւ այն պատճառով, որ Ատրպէյճանի ղեկավարութիւնը վերջին տարիներին բազմիցս օգտագործել «Արեւմտեան Ատրպէյճան» եզրոյթը։ Պէտք է հաշուի առնել նաեւ այն հանգամանքը, որ Իրանում բնակուող շուրջ 15–20 միլիոն թուրքալեզու ատրպէյճանցիները հիմնականում կենդրոնացած են երկրի հիւսիս-արեւմտեան հատուածում՝ Իրանական Ատրպէյճանի նահանգներում՝ Թաւրիզի, Ուրմիայի, Արտապիլի եւ Զանջանի շրջակայքում։ Այս պայմաններում որոշ վերլուծաբաններ չեն բացառում այն սցենարը, ըստ որի Թուրքիայի մօտ կէս միլիոնանոց բանակը, ՆԱԹՕ-ի աջակցութեամբ եւ թուրք–ատրպէճանական համագործակցութեան պայմաններում, ի զօրու լինի ռազմական առաւելութիւն ձեռք բերել Իրանի նկատմամբ եւ նպաստել Իրանում ներքին ազգային պառակտումների առաջացմանը։ Թուրք–ատրպէճանական քաղաքական շրջանակներում յաճախ շրջանառւում է նաեւ «Մեծ Թուրանի» գաղափարը։ Իսկ Իրանի նմանօրինակ մասնատումը Միացեալ Նահանգներին հնարաւորութիւն կը տայ վերահսկելու թէ՛ Ռուսաստանին եւ Չինաստանին, թէ՛ դէպի Փաքիստան, Միջին Ասիա եւ Հնդկաստան տանող կարեւոր ռազմավարական գօտիները՝ այսինքն պատմական «Մետաքսի ճանապարհի» հիմնական հաղորդակցական ուղղութիւնները։ Պատահական չէ, որ Իրանի մասնատման սցենարը իրականում քննարկուել է ամերիկեան որոշ ռազմավարական կենդրոններում դեռեւս 2000-ական թուականներից։ Մի շարք ռազմավարական ուսումնասիրութիւններում նշւում է, որ Թուրքիայի ռազմական փլանաւորումը տարածաշրջանային սցենարների շրջանակում դիտարկել է նաեւ Իրանի հիւսիսային սահմանային գօտիների հնարաւոր ռազմավարական դերակատարութիւնը։
Իրանը ունի եզակի աշխարհագրական դիրք, քանի որ այն միաժամանակ կապում է Կովկասը, Միջին Ասիան, Պարսից ծոցը եւ Հարաւային Ասիան։ Ժամանակակից աշխարհաքաղաքական վերլուծութիւնների համաձայն՝ Եւրասիան շարունակում է մնալ համաշխարհային ուժային մրցակցութեան գլխաւոր տարածքը, որի կարեւոր հանգոյցներից մէկը հենց Իրանի տարածաշրջանն է (Zbigniew Brzezinski, The Grand Chessboard)։ Այդ պատճառով Իրանի նկատմամբ վերահսկողութիւնը նշանակում է ազդեցութիւն ունենալ Եւրասիայի կարեւորագոյն աշխարհաքաղաքական հանգոյցներից մէկի վրայ։ Խնդիրը, սակայն, այն է, թէ արդեօ՞ք այսօրուայ Թուրքիան կը գնայ Իրանի դէմ բաց առճակատման։ Ըստ իս, եթէ ԱՄՆ-ն, Արեւմտեան Եւրոպան կամ ՆԱԹՕ-ի երկրները քաղաքական եւ ռազմական աջակցութիւն ցուցաբերեն Անգարային, ապա չի բացառւում, որ Էրտողանի ղեկավարած Թուրքիան կարող է գնալ նման քայլի, թէեւ նման սցենարը կարող է վտանգաւոր հետեւանքներ ունենալ նաեւ հենց Թուրքիայի համար։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ
BRICS-ի գլխաւոր ռազմավարական նպատակներից մէկը միջազգային առեւտրում ԱՄՆ տոլարի գերիշխանութիւնը շրջանցելն էր։ Սակայն Վենեզուելայի դէպքերից յետոյ, ինչպէս նաեւ Իրանի շուրջ զարգացող էներգետիկ եւ ռազմական ճգնաժամի պայմաններում, այդ նախագիծը կարող է հենց իր ձեւաւորման փուլում լուրջ հարուած ստանալ։ Փաստօրէն ձեւաւորւում է մի իրավիճակ, երբ համաշխարհային էներգետիկ շուկաների շուրջ առաջացող ռազմական լարուածութիւնը կրկին ամրապնդում է տոլարի դիրքերը՝ միաժամանակ թուլացնելով այն նախաձեռնութիւնները, որոնք նպատակ ունէին ստեղծել տոլարին այլընտրանքային ֆինանսական համակարգ։
«Bloomberg»-ի տուեալներով (2026 թ. Մարտի 4), Իրանի շուրջ 2026 թուականի հակամարտութեան ֆոնին ԱՄՆ տոլարը կտրուկ ամրապնդուել է՝ որպէս համաշխարհային ֆինանսական շուկաների «ապահով ապաստան»։ Թէեւ չինական եուանը փորձում է պահպանել յարաբերական կայունութիւնը Փեքինի ֆինանսական աջակցութեան շնորհիւ, նաւթի մատակարարումների խաթարման եւ Չինաստանի էներգետիկ կախվածութեան պայմաններում ստեղծւում է մի վտանգաւոր սցենար, երբ եուանը կարող է արագ արժեզրկուել եւ փաստացի «սատկել» միջազգային շուկաներում։ Նման իրավիճակում ոչ միայն տոլարի դիրքերն են կրկին ամրապնդվում, այլեւ լուրջ հարուած կարող է հասցուել BRICS երկրների կողմից առաջ քաշուող տոլարին այլընտրանքային ֆինանսական համակարգի գաղափարին, ինչը կարող է նոյնիսկ նշանակել այդ նախաձեռնութեան փաստացի աւարտը։ Այդպիսի իրավիճակում տոլարը կրկին վերածւում է համաշխարհային ֆինանսական համակարգի միակ իրական յենասիւնի, առաւել եւս այն պայմաններում, երբ համաշխարհային առեւտրի հիմնական ծովային եւ ցամաքային հաղորդակցային ուղիների զգալի մասը գտնւում է Միացեալ Նահանգների ռազմական եւ ռազմավարական վերահսկողութեան ներքոյ։
Ըստ ԱՄՆ ղեկավարութեան յայտարարութիւնների՝ Իրանի դէմ պատերազմը կարող է ունենալ երկարատեւ բնոյթ։ Ստեղծուած իրավիճակում Միացեալ Նահանգները փորձում է առաւելագոյնս ամրապնդել իր միաբեւեռ համաշխարհային հեկեմոն դիրքը՝ ապահովելով տոլարի գերիշխանութիւնը։ Այս գործընթացից շահողներն են Իսրայէլը, ինչպէս նաեւ Թուրքիան եւ Ատրպէյճանը, մինչդեռ անողնաշար Ռուսաստանին բաժին կարող է հասնել միայն ժամանակաւոր շահոյթ եւ Արեւելեան Ուքրաինայի աւերուած տարածքների վերահսկողութիւնը։
Իրանի դէմ պատերազմը եւ նրա հնարաւոր մասնատումը Հայաստանի համար ստեղծում են աննախադէպ գոյաբանական վտանգ։ Սակայն ՀՀ անողնաշար եւ անուղեղ կառավարութիւնն ու օլիգարխիան այս կապակցութեամբ որեւէ մտահոգութիւն անգամ չեն արտայայտում՝ չհասկանալով, որ «Թրամփի ուղին»՝ Զանգեզուրեան միջանցքը, որեւէ կերպ չի ապահովելու հայկական պետականութեան սուվերէնութիւնն ու անվտանգութիւնը։ Եթէ Հայաստանը չգիտակցի այս զարգացումների իրական աշխարհաքաղաքական իմաստը, ապա ձեւաւորուող նոր ուժային վերադասաւորումների պայմաններում հայկական պետականութիւնը կարող է կանգնել իր պատմութեան ամէնավտանգաւոր գոյաբանական փորձութեան առաջ։
Արթիւր Արմին







Մեկնաբանէ