Իսրայէլում ԱՄՆ դեսպան Մայք Հաքապիի նոր հարցազրոյցը ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսընին քննադատութեան բուռն ալիք է բարձրացրել եւ հարցականի տակ դրել ոչ միայն արաբա-իսրայէլական յարաբերութիւնների ապագան, այլեւ ժամանակակից միջազգային դիւանագիտության հիմքերը: Հիմնական արձագանքը յաջորդեց Հաքապիի այն խօսքերին, որոնք վերաբերում էին Իսրայէլի տարածքային սահմաններին. ըստ նրա՝ դրանք պէտք է որոշուեն ոչ թէ միջազգային համաձայնագրերով, այլ սուրբ գրքերով:

Զրոյցի ամբողջական ձայնագրութիւնը կարելի է դիտել X ցանցում՝ Թաքեր Քարլսընի պաշտօնական էջում։

«ՍԵՓԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ՝ ԱՍՏԾՈՒՑ»

Հարցազրոյցի ընթացքում Քարլսընը բարձրացրեց Աւետեաց երկրի աստուածաշնչեան սահմանների հարցը, որոնք յիշատակւում են Ծննդոց գրքում՝ «Եգիպտոսի գետից մինչեւ մեծ գետը՝ Եփրատը» տարածքը: Այն ուղիղ հարցին, թէ արդեօք դա նշանակում է Իսրայէլի իրաւունքը ժամանակակից Յորդանանի, Լիբանանի, Սիրիայի եւ Իրաքի հողերի նկատմամբ, Հաքապին պատասխանեց.

– «Հիանալի կը լինէր, եթէ նրանք վերցնէին այդ ամէնը»:

Դեսպանն Աստուածաշունչն անուանեց «հողի սեփականութեան վկայական», որն Աստուած տուել է Աբրահամին եւ նրա սերունդներին: Չնայած յաջորդող վերապահմանը, թէ Իսրայէլն «այսօր դա չի խնդրում» եւ միայն խաղաղութիւն է ցանկանում ընթացիկ սահմաններում, համաշխարհային հանրութեանը եւ յատկապէս Մերձաւոր Արեւելքին ուղղուած ազդակը միանգամայն յստակ էր. Թրամփի վարչակազմը նայում է Իսրայէլին, այլ ոչ հակառակը:

ՎՏԱՆԳԱՒՈՐ ՍՏՈՐՋՐԵԱՅ ՔԱՐԵՐ ԵՒ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻՒՆ

Հաքապիի յայտարարութիւնները պարզապէս կրօնական մարդու անհատական կարծիք չեն: Սրանք միջուկային գերտէրութեան պաշտօնական ներկայացուցչի խօսքեր են, որոնք իրենց մէջ լուրջ ռիսքեր են պարունակում.

Միջազգային իրաւունքի կազմաքանդում.

Աշխարհակարգի ժամանակակից համակարգը հիմնուած է ճանաչուած սահմանների, ազգերի ինքնորոշման եւ ՄԱԿ-ի Կանոնադրութեան վրայ: Իրաւական փաստաթղթերը կրօնական թեքսթերով փոխարինելու հնարաւորութիւնը վտանգաւոր նախադէպ է ստեղծում, որի դէպքում ցանկացած երկիր կարող է տարածքային յաւակնութիւնները հիմնաւորել հնագոյն գրութիւններով:

Էկզիստենցիալ սպառնալիք հարեւաններին.

Յորդանանի, Սիրիայի եւ Լիբանանի համար ԱՄՆ դեսպանի շուրթերից հնչող նման խօսքերը հնչում են որպէս ուղղակի սպառնալիք իրենց ինքնիշխանութեանը: Սա խարխլում է տարածաշրջանի կայունացմանն ուղղուած տասնամեակների դիւանագիտական ջանքերը եւ հարուածի տակ դնում խաղաղութեան պայմանագրերը (օրինակ՝ 1994 թ. Իսրայէլի եւ Յորդանանի միջեւ համաձայնագիրը), քանի որ ստացւում է, որ Իսրայէլի կողմից դրանց պահպանումը կախուած է նրա հայեացքներից ու հնարաւորութիւններից:

Կրօնական տեթերմինիզմ քաղաքականութեան փոխարէն.

Մայք Հաքապին համոզուած Պափթիսթ է եւ քրիստոնէական սիոնիզմի ականաւոր ներկայացուցիչ: Նրա համար աստուածաբանական տոկմաները վեր են ԱՄՆ Սահմանադրութիւնից եւ միջազգային պարտաւորութիւններից: Սա ստեղծում է մի իրավիճակ, երբ աշխարհի հզօրագոյն տէրութեան արտաքին քաղաքականութիւնը կարող է առաջնորդուել «ժամանակների վերջի» էսխատոլոգիական սպասումներով, այլ ոչ թէ փրակմաթիզմով:

Տարածաշրջանի արմատականացում.

Նման հռետորաբանութիւնը լաւագոյն նուէրն է արմատական խմբաւորումների, յատկապէս Իրանի համար: Քանի որ այն հաստատում է նրանց թէզն այն մասին, որ Իսրայէլի եւ ԱՄՆ-ի նպատակը Մերձաւոր Արեւելքում լիակատար էքսփանսիան է, ինչն անխուսափելիօրէն յանգեցնում է հակաամերիկեան տրամադրութիւնների աճի եւ բռնութեան նոր ալիքի:

ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԻՒ՞Ն, ԹԷ՞ ՔԱՐՈԶ

Մայք Հաքապին հետագայում փորձեց մեղմել իր խօսքերը՝ ընդգծելով, որ սահմանների ընդլայնումը օրակարգային հարց չէ: Սակայն դիւանագիտութեան մէջ համատեքստը յաճախ աւելի կարեւոր է, քան արդարացումները: Երբ դեսպանն ասում է «հիանալի կը լինէր», նա արտայայտում է իտէալական վերջնական նպատակը:

Խնդիրն այն է, որ ըստ Հաքապիի «իտէալական աշխարհը» Մերձաւոր Արեւելքի քարտէզն է՝ վերաձեւուած պրոնզէ դարի կաղապարներով: XXI դարում նման ռազմավարութիւնը նման է ոչ թէ խաղաղութեան տանող ուղու, այլ անվերջ պատերազմի բաղադրատոմսի, որտեղ միջազգային իրաւունքը կը մղուի երկրորդ փլան:

Divergent

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ