Ներածական
Իրանի վերջին տասնամեակների քաղաքական, տնտեսական եւ հասարակական զարգացումները հաճախ ներկայացւում են, որպէս առանձին երեւոյթներ՝ տնտեսական ճգնաժամ, քաղաքական փակուղի, ընկերային կեանքի դժգոհութիւն։ Սակայն Իրանի իրականութիւնը երբէք չի՛ ենթարկուել նման պարզ բաժանումների։ Երկրում տնտեսականը, քաղաքականը, գաղափարականը եւ անվտանգայինը միշտ գործել են որպէս միաւորուած համակարգ, որտեղ իւրաքանչիւր ճգնաժամ խորացնում է միւսը։ Այս յօդւածը նպատակ ունի ներկայացնել այդ համակարգային ճգնաժամի արմատները, դրա դրսեւորումները եւ հնարաւոր զարգացումները՝ ներառեալ համեմատութիւնը Խորհրդային Միութեան հետ։

I. Յեղափոխութիւնից յետոյ ձեւաւորուած գաղափարական եւ կառավարման կառուցուածքը.

1. Յեղափոխութեան առեւանգումը եւ գաղափարական մենաշնորհը (monopoly)
1979-ի յեղափոխութիւնից յետոյ, ծայրայեղ կրօնական ուժերը յաջողեցին իւրացնել յեղափոխութեան ամբողջ քաղաքական դրամագլուխը։ Նրանք ձեւաւորեցին «իսկական յեղափոխականի» եւ «դրսի գործակալի» հակադրութիւնը՝ որպէս իշխանութեան պահպանման հիմնական գաղափարական մեքենականութիւն։ Այս բաժանումը դարձաւ ո՛չ միայն քարոզչական գործիք, այլեւ քաղաքական մաքրազարդումների հիմք։
Ժամանակի ընթացքում նոյնիսկ այդ «իսկականների» ներսում տեղի ունեցան մաքրազտումներ։ Շատերը հեռացան, հեռացուեցին, մեկուսացուեցին կամ վերացուեցին՝ ստեղծելով փակ, ինքնավերարտադրւող իշխանական կորիզ։

2. Զուգահեռ կառոյցների ստեղծումը՝ վերահսկման մեքենականութիւն
Խոմէյնիի ղեկավարութեամբ ստեղծուեցին զուգահեռ կառոյցներ՝ բանակին հակակշռող Սեփահը, եւ Ազգային Անվտանգութեան Ծառայութիւններին հակակշռող Սեփահի անվտանգութեան կառոյցներ եւ ենթակառոյցներ եւ այլն։ Այս համակարգերը կառուցուեցին ոչ թէ արդիւնաւետութեան, այլ անվստահութեան հետեւանքով վերահսկման ու զսպման նպատակով։ Ի հետեւանք դրանց, իշխանութիւնը կեդրոնացաւ մի նեղ կրօնա գաղափարական ընտրանիի ձեռքում։

II. Աստուածապետական (theocratic) համակարգի տնտեսական եւ ընկերային հետեւանքները

1. Փտածութեան օրինականացումը
Աստուածապետական եւ գաղափարական բռնապետական պայմաններում բոլոր աղբիւրները կեդրոնացան կրօնա գաղափարական կորիզի շուրջ։ Սա բերեց փտածութեան ոչ թէ պատահական, այլ համակարգային տարածման։ Վարչակաչգը սկսեց գործել վա՛տ վարձուորի տրամաբանութեամբ՝ գիտակցելով, որ իր իշխանութիւնը յաւերժ չէ եւ հետեւաբար պէտք է հնարաւորինս շատ շահոյթ քաղել, մինչեւ հեռացուելը։
Փտածութիւնը ընդգրկեց բոլոր ոլորտները՝
• պետական պիւտճէ․
• դրամատնային համակարգ․
• բնական աղբիւրներ․
• շինարարութիւն․
• կրթական համակարգ․
• դատական համակարգ․
• բանակ եւ Սեփահ․
• բնապահպանական ոլորտներ։


2. Հասարակութեան բարոյական եւ ընկերային կառուցւածքի քայքայումը
Մօտ հինգ տասնամեակների ընթացքում այս համակարգը խոր հետքեր թողեց հասարակութեան վրայ՝
• բարոյական կանոնների անկում․
• օրէնքների նկատմամբ յարգանքի չգոյութիւն․
• փտածութեան բնականոն կացութիւն․
• միջին խաւի (դասակարգի) վերացում․
• պետական կառոյցների անարդիւնաւէտութիւն․
• ընկերային կեանքի վստահութեան կորուստ։
Այսօր Իրանը գրեթէ ոչ մի նմանութիւն ունի իր պատմական նախորդ փուլերի հետ։

III. Ժողովրդական պոռթկումների պատճառները
Ժողովրդական ընդւզումները՝ սկսած վառելանիւթի գների բարձրացումից մինչեւ Մահսա Ամինիի սպանութիւնը եւ վերջին ամիսների արժոյթի անկառավարելի փլուզումը, պէտք է դիտել այս ամբողջ համակարգային ճգնաժամի համատեքստում։ Դրանք ոչ միայն ընկերային կամ տնտեսական բողոքներ են, այլ գոյաբանական արձագանգ՝ մի համակարգի, որը սպառում է երկրի աղբիւրները եւ խաթարում հասարակութեան ապագան։

IV. Վարչակարգի բնոյթը եւ բարեփոխման անհնարինութիւնը
Կրօնա գաղափարական բռնապետութիւնները բնոյթով չեն կարող իրական բարեփոխումներ իրականացնել։ Նրանց գոյութիւնը կախուած է ուժային կառոյցների հաւատարմութիւնից՝ Սեփահ, Բասիջ, հոգեւորականներ, անվտանգութեան մարմիններ։ Այս կառոյցները իրենց գոյութիւնը պայմանաւորում են հենց վարչակարգի շարունակականութեամբ, եւ հետեւաբար դիմելու են բացարձակ բռնի միջոցի՝ պահպանելու համար համակարգը։

V. Արեւմուտքի սահմանափակումները եւ տարածաշրջանի դիրքորոշումը
Արեւմուտքը չունի եւ չի էլ ձգտում ունենալ ռազմական լայնածաւալ միջամտութեան հնարաւորութիւն՝ Իրանում։ Երկիրը չափազանց մեծ է, իսկ վարչակարգի կառուցած բազմաշերտ կառոյցները՝ չափազանց բարդ։ Բացի այդ, տարածաշրջանում կան երկրներ, որոնց շահերը հակասում են Իրանի վարչակարգի փոփոխութեանը։
Ռուսաստանը, Թուրքիան եւ մի շարք իսլամական երկրներ չեն ցանկանում տեսնել Իրանում աշխարհիկ, ժողովրդավարական պետութիւն։ Պատճառը միայն աշխարհաքաղաքական չէ։ Գոյութիւն ունի նաեւ գաղափարական վախ՝ իսլամի վերածնունդի հնարաւորութիւնից։ Եթէ Իրանում իսլամական օրէնքներով կառուցուած վարչակարգը փոխարինուի աշխարհիկ հանրապետութեամբ, դա կարող է տարածուել (domino effect) տարածաշրջանի միւս երկրներում։

VI. Համեմատութիւն Խորհրդային Միութեան հետ
ա. Փտածութեան բնոյթը՝ Իրանը եւ Խորհրդային Միութիւնը

Խորհրդային Միութիւնում
• Փտածութիւնը ձեւաւորուեց որպէս փակ կուսակցական համակարգի անբաժանելի մաս։
• Պետական սեփականութեան մենաշնորհը ստեղծեց «ստուերային տնտեսութիւն»։
• Կուսակցական ընտրանին եւ անուանակաորութիւնը (nomenclature) դարձան արտօնեալ խաւ։

Իրանում
• Փտածութիւնը կրօնա գաղափարական ընտրանիի (կուսակցութեան) ձեռքում է։
• Սեփահը դարձաւ տնտեսական մենաշնորհ՝ վերահսկելով նաւթ, շինարարութիւն, ներմուծում արտահանում եւ այլն։
• Փտածութիւնը ոչ միայն տնտեսական, այլեւ գաղափարական է՝ «յեղափոխական լինելու» անուան տակ։

Ընդհանուր եզրեր
• Երկու համակարգերում էլ փտածութիւնը ոչ թէ շեղում է համարուել (կամ համարուում), այլ համակարգի կառուցուածքային մաս։
• Երկու դէպքում էլ Փտածութիւնը խաթարել է պետական հիմնարկների արդիւնաւէտութիւնը եւ արագացրել գնաժամը։

բ. Ներքին մաքրազարդումներ՝ «իսկական յեղափոխականների» միջոցով

Խորհրդային Միութիւնում
• Ստալինեան մաքրազարդումները վերացրին յեղափոխութեան առաջին սերնդի մեծ մասին։
• «Իսկական համայնավարի» գաղափարը դարձաւ քաղաքական վերահսկման գործիք։
• Մաքրազարդումները ստեղծեցին վախի մթնոլորտ եւ փակ համակարգ։

Իրանում
• Յեղափոխութեան առաջին սերնդի մեծ մասը հեռացուեց կամ մեկուսացուեց։
• «Իսկական յեղափոխականի» կերպարը դարձաւ գաղափարական զէնք։
• Վախի եւ հաւատարմութեան գործընթացը նոյն կերպ ամրապնդեցին վարչակարգը։

Ընդհանուր եզրեր
• Երկու համակարգերն էլ վերացրին իրենց իսկ հիմնադիրներին՝ ստեղծելով ինքնավերարտադրւող ընտրանի։
• Մաքրազարդումները դարձան ոչ թէ բացառութիւն, այլ իշխանութեան պահպանման մգործելաձեւ։

գ. Արեւմուտքի ռազմավարութիւնը՝ «ներսից փլուզման» ոճ

Խորհրդային Միութեան դէպքում
• Արեւմուտքը չմտաւ ռազմական հակամարտութեան մէջ Խորհրդային Միութեան տարածքում։
• Տնտեսական ճնշումները, արուեստագիտական մեկուսացումը եւ գաղափարական մրցակցութիւնը նպաստեցին ներքին փլուզմանը։
• Խորհրդային Միութիւնը փլուզուեց ոչ թէ արտաքին ուղղակի հարւածից, այլ ներքին հակասութիւնների կուտակումից։

Իրանի դէպքում
• Արեւմուտքը չի նախընտրում ռազմական լայնածաւալ ներխուժում։
• Պատժամիջոցները, տնտեսական մէկուսացումը եւ արուեստագիտական սահմանափակումները ստեղծում են ներքին ճնշում։
• Վարչակարգը կարող է փլուզուել ոչ թէ արտաքին ուժի, այլ սեփական համակարգային հակասութիւնների պատճառով։

Ընդհանուր եզրեր
• Երկու դէպքում էլ արտաքին ճնշումը նպատակ ունի ոչ թէ հիմնականում ռազմական յաղթանակ, այլ ներքին ճեղքերի խորացում։
• Երկու համակարգերն էլ ունեն գաղափարական փակութիւն, որը դժուարացնում է պատշաճեցումը եւ արագացնում ճգնաժամը։

• Եզրակացութիւն
• Իրանի ճգնաժամը միայն տնտեսական կամ քաղաքական չէ։ Այն համակարգային է՝ գաղափարական, կառավարման, ընկերային եւ բարոյական մակարդակներում։ Այս պայմաններում հասարակութեան պոռթկումները բնական են, իսկ վարչակարգի հակազդումը՝ կանխատեսելի եւ անխուսափելի։ Ապագայ զարգացումները կախուած են ոչ միայն ներքին պայքարից, այլեւ տարածաշրջանային ուժերի դիրքորոշումից, որոնք ըստ էութեան փորձում են կանխել Իրանի հնարաւոր աշխարհիկացումը։
• Համեմատութիւնը Խորհրդային Միութեան հետ ցոյց է տալիս, որ նման համակարգերը սովորաբար չեն փլուզւում դրսից, այլ՝ ներսից՝ սեփական հակասութիւնների ծանրութեան տակ։

Ս․Ա
Հայրենիք

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ