Հիւսիսարեւելեան Սիրիայում քրտական ինքնավարութեան արագ ապամոնթաժումը Հայաստանի համար հեռաւոր դրուագ չէ, այլ ռազմավարօրէն մօտ եւ զգուշացնող օրինակ։ Այն, ինչ տեղի ունեցաւ մի քանի օրերի ընթացքում՝ աւելի քան մէկ տասնամեակ գոյութիւն ունեցած քաղաքական եւ ռազմական իրականութեան յանկարծակի աւարտը, սեղմ ու խտացուած դաս է այն մասին, թէ ինչպէս է իշխանութիւնն աշխատում յետհեգեմոնիկ միջազգային համակարգում, որտեղ արդէն չկայ համաշխարհային մէկ հեգեմոն ուժ, իսկ տարածաշրջանային ուժերն իրենց դրսեւորում են աւելի ինքնավստահ ու մարտական: Դա դաս է այն մասին, թէ ինչպէս են վերաբերւում փոքր, խոցելի դերակատարներին, երբ տարածաշրջանային եւ համաշխարհային շահերը վերադասաւորւում են։

Ի՞նչ տեղի ունեցաւ Հիւսիսարեւելեան Սիրիայում

Աւելի քան տասը տարի քրտերի առաջնորդած Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDF) վերահսկում էին Հիւսիսարեւելեան Սիրիայի լայն տարածքներ։ Այդ ինքնավարութիւնը ձեւաւորուեց բացառիկ պայմաններում՝ պետական փլուզում, քաղաքացիական պատերազմ եւ «Իսլամական պետութեան» վերելք։ Միացեալ Նահանգները զինեց, պատրաստեց եւ քաղաքականօրէն պաշտպանեց քրտերին ոչ թէ քրտական ինքնիշխանութեան հանդէպ յանձնառութիւնից ելնելով, այլ որովհետեւ նրանք ամէնաարդիւնաւէտ տեղական գործիքն էին ԻՊ-ի դէմ պայքարում։ Քրտական ինքնավարութիւնը, այդպիսով, իրական էր, կայուն եւ նրա վերացումը՝ թանկ հաճոյք. բայց միեւնոյն ժամանակ նրա գոյութիւնը պայմանական էր։

Դրա յանկարծակի փլուզումը չէր պայմանաւորուած մէկ ռազմական պարտութեամբ, այլ որոշումների համընկմամբ։ Թուրքիան, որը վաղուց դէմ էր իր սահմանների մօտ ցանկացած քրտական քվազիպետութեան, վճռականօրէն գործեց այն պահին, երբ պարզ դարձաւ, որ Ուաշինկթընը չի գնալու էսքալացիայի։ Դամասկոսը, օգտուելով տարածաշրջանային լուռ համաձայնութիւնից, վերականգնեց վերահսկողութիւնը։ Իսկ Միացեալ Նահանգները, թէեւ պահպանելով ռազմական ներկայութիւնը, ընտրեց չպարտադրել այն քաղաքական արդիւնքը, որի ձեւաւորման մէջ նախկինում էական դեր էր ունեցել:

Սա ոչ դաւադրութիւն էր, ոչ էլ պատահական դաւաճանութիւն։ Սառը ռէալ-փոլիթիքում, դա արտացոլում էր ԱՄՆ քաղաքականութեան մի փոփոխութիւն, որը տարիներ շարունակ հասունանում էր։ Ուաշինկթընը դեռեւս հզօր է, բայց աւելի ընտրողական։ Այն պահպանում է լծակները բարձրակարգ առաջնահերթութիւնների համար, զոհաբերում երկրորդական գործիքները եւ այլեւս չի պարտադրում արդիւնքներ ամէնուր։ Քրտերը թաքթիքական առումով անփոխարինելի էին, բայց ռազմավարական առումով՝ ոչ. նրանք դարձան փոփոխուող ծախս–օգուտ չոր հաշուարկների զոհ։

Նշանակութիւնը Հայաստանի համար

Այն, ինչ տեղի է ունենում՝ հեգեմոնիկ կարգապահութեան թուլացման պայմաններում շահերի համակարգուած, բայց թոյլ քոորտինացուած համընկնում է: կլոպալ ուժերի համար ոչ առաջնային նշանակութեան աշխարհագրութիւններում, տարածաշրջանային ուժերը գործում են առաջինը, իսկ կլոպալ տէրութիւնները որոշում են, թէ որ կորուստներն են ընդունելի։ Այսպէս են գործում յետհեգեմոնիկ համակարգերը։

Հայաստանի համար դրա համապատասխանութիւնն անմիջական է։ Հարաւային Կովկասն այսօր հենց այնպիսի թատերաբեմ է, որտեղ այս տինամիքաները դրսեւորւում են առաւելագոյն անհամաչափութեամբ։

Նման համակարգերում մեծ տէրութիւնները չեն պաշտպանում իրենց գործընկերներին, եթէ առանցքային շահ վտանգուած չէ։ Նորմերն ու երաշխիքները պայմանական են եւ կարող են յետ կանչուել։ Կորուստները կառավարւում են, այլ ոչ թէ կանխւում։ 2020 թուականից ի վեր Հարաւային Կովկասը գնալով աւելի յստակ է համապատասխանել այս տրամաբանութեանը։

Տարածաշրջանային մակարդակում վճռորոշ ուժը Թուրքիա–Ատրպէյճան առանցքն է, որը փաստացի գործում է որպէս միասնական ռազմավարական համալիր։ Այն ռեվիզիոնիստական է, յարձակողական եւ ժամանակային առաւելութիւն ունեցող՝ հետապնդելով միջանցքային տրամաբանութիւն, ռազմական ինտեկրում եւ աշխարհաքաղաքական շարունակականութիւն։ Այս առումով Թուրքիայի դերը Կովկասում յիշեցնում է նրա դերը Հիւսիսային Սիրիայում։

Ռուսաստանը, մինչդեռ, այլեւս շրջանը վերահսկող պաշտպան չէ, այլ՝ նուազող կարողութիւններով արպիթր։ Այն ընտրողաբար չի դաւաճանել Հայաստանին, այլ վերադասաւորել է իր առաջնահերթութիւնները սահմանափակումների պայմաններում։ Չունենալով էսքալացիայի ռեսուրս եւ խուսափելով Թուրքիային ուղղակիօրէն հակադրուելուց՝ բացի կենսական շահերի դէպքերից, Մոսկուան հանդուրժում է անբարենպաստ արդիւնքները՝ աւելի ցածր գնով մնացորդային ազդեցութիւն պահպանելու համար, ինչպէս դա արեց Սիրիայում։

Իրանը մնում է ներկայ, բայց զգուշաւոր։ Այն պալանսաւորող է, ոչ երաշխաւոր։ Թէեւ սկզբունքօրէն դէմ է թուրքական միջանցքային նախագծերին, խուսափում է դիմակայութիւնից, քանի դեռ չեն խախտւում իր կարմիր գծերը՝ տարածքային ամբողջականութիւնը կամ հաղորդակցային ուղիները։

Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա Սիրիայի հետ զուգահեռը այստեղ ամէնաուղիղն է։ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ներգրաիուած են հռետորաբանօրէն, ֆինանսաւորում են բարեփոխումներ եւ առաջ են մղում «կապակցուածութիւնը», սակայն խուսափում են հարկադրական կիրառութիւնից։ Ինչպէս Ուաշինկթընը չկռուեց քրտական ինքնավարութեան համար, երբ դրա օգտակարութիւնը նուազեց, այնպէս էլ չի կռուի Հայաստանի կոշտ անվտանգութեան շահերի համար Թուրքիա–Ատրպէյճան առանցքի դէմ։ Սա թշնամանք չէ, այլ հիերարխիկ անտարբերութիւն։

Այս կառուցուածքի ներսում Հայաստանի դիրքն իհարկէ շատ աննպաստ է, բայց պարզ։ Հայաստանը այսօր յիշեցնում է Սիրիայի քրտերին ԻՊ-ի պարտութիւնից յետոյ՝ նորմատիւօրէն գրաւիչ, խօսոյթում ռազմավարօրէն օգտակար, ռազմականօրէն մեկուսացուած եւ կառուցուածքային առումով փոխարինելի՝ որպէս որոշում կայացնող դերակատար։ Հայաստանը առանցքային շահ չէ ոչ մի մեծ տէրութեան համար՝ ոչ ԱՄՆ-ի, ոչ ԵՄ-ի, ոչ Ռուսաստանի, ոչ անգամ Իրանի։ Սա չի նշանակում, որ Հայաստանը անկարեւոր է. դա նշանակում է, որ այն ուրիշների համար պատերազմի արժանի չէ։

Արդիւնքում Հայաստանը մղւում է «կառավարուող ինթեկրման» ուղղութեամբ՝ Անգարայի եւ Պաքուի հետ յարաբերութիւնների կարգաւորում, կապակցուածութիւն, հաղորդակցութիւնների ապաշրջափակում, սահմանափակումների ներքոյ խաղաղութեան պայմանագրեր։ Սրանք չէզոք գործընթացներ չեն։ Դրանք այն մեխանիզմներն են, որոնց միջոցով աւելի ուժեղ տարածաշրջանային դերակատարները ձեւակերպում են ձեռքբերումները, իսկ մեծ տէրութիւնները լեկիթիմացնում են այն արդիւնքները, որոնք չեն կանխել։

Դասեր Հայաստանի համար

Սիւնիքը այս համաթեքսթում զբաղեցնում է նոյն կառուցուածքային դիրքը, ինչ Հիւսիսարեւելեան Սիրիան ժամանակին։ Այն ռազմավարականօրէն կենդրոնական է, մշտապէս քննարկուող, եւ ռազմականօրէն խոցելի։ Բայց վճռորոշ կերպով այն նաեւ այն կէտն է, որի միջոցով հենց Հայաստանը ենթակայ է դառնալու դիւանագիտականօրէն «ապսթրաքցուած»: Արտաքին դերակատարների մեծ մասը նախընտրում է կայունութիւն, տարանցում եւ կանխատեսելիութիւն՝ առաւելագոյն հայկական ինքնիշխանութեան փոխարէն, ինչպէս Սիրիայում քրտական ինքնավարութիւնն էր հակասում տարածաշրջանային նախապատուութիւններին։

TRIPP-ի նման նախաձեռնութիւնները պէտք է հասկանալ այս տրամաբանութեան մէջ՝ որպէս գործիքներ, որոնց միջոցով յետհեգեմոնիկ կարգը փորձում է կանոնակարգել այն արդիւնքները, որոնք չի ցանկանում կամ չի կարող պարտադրել կամ յետ շրջել։

Հետեւութիւնը շատ խիստ է։ Հայաստանը չի կարող յենուել երաշխիքների վրայ, սպասել միջամտութեան, սառեցնել սթաթուսքոն կամ դաշնակցային մրցակցութեամբ յաղթահարել տարածաշրջանային ուժերին։ Այս ենթադրութիւնների վրայ կառուցուած ցանկացած ռազմավարութիւն կը ձախողուի։ Այն, ինչ Հայաստանը կարող է տարածաշրջանային առանցքի նկրտումների նկատմամբ անել, աւելի նեղ է, բայց ոչ աննշան․ բարձրացնել հարկադրանքի տեղական գինը, բարդացնել ժամանակացոյցերը, մտցնել անորոշութիւն եւ այդպիսով կանխել պարտադրուած արդիւնքների արագ ամրագրումն ու «մաքուր» լեկիթիմացումը։

Սա չի նշանակում քաոս կամ կարգի մերժում։ Սա նշանակում է իր գործողութիւնները կանխատեսելու հնարաւորութիւնից զրկել իրեն ախոյեան տարածաշրջանային առանցքին, ով ապաւինում է արագութեանը, կատարուած փաստին եւ արտաքին լուռ համաձայնութեանը։ Հայաստանը պէտք է խուսափի «կարգի խոչընդոտ» պիտակաւորուելուց, միաժամանակ հրաժարուելով դառնալ ուրիշների կողմից սահմանուած «կարգի» փասիւ օբյեկտ։

Հայաստանը պէտք է կարողանայ իրեն ներկայացնել որպէս կայունութեան համար անփոխարինելի, տարանցման մէջ՝ անշրջանցելի եւ շրջանցման դէպքում՝ թանկ արժեցող։ Դա’ է նրա մարտահրաւէրը: Այն պէտք է օգտագործի մրցակցութիւնները՝ առանց պատրանքների միջեւ ընտրութիւն կատարելու: Յետհեգեմոնիկ աշխարհում պատրանքները յաճախ թշնամուց արագ են սպանում:

Հայաստանը պէտք է պալանսաւորի․

– Իրանն ընդդէմ Թուրքիայի,

– Ռուսաստանը ընդդէմ Թուրքիայի,

– Արեւմուտքը ընդդէմ այլ (Հարաւ-Հիւսիս) հաղորդուղիներ բացառող միջանցքային տրամաբանութեան,

— բայց առանց պաշտպանութեան ակնկալիքի։

Երբ մեծ տէրութիւնները դադարում են պարտադրել արդիւնքներ, տարածաշրջանային ուժերն են որոշում։ Իսկ երբ տարածաշրջանային ուժերն են որոշում, փոքր դերակատարները դիմանում են միայն ռազմավարական իրատեսութեան շնորհիւ: Սիրիայի քրտերը պարտուեցին ոչ թէ որովհետեւ սխալ էին, այլ որովհետեւ նրանց պաշտպանութիւնը պայմանական էր։ Հայաստանը այսօր կանգնած է նոյն կառուցուածքային պայմանների առաջ։ Ինքնիշխանութիւնը դատապարտուած չէ, բայց այն լինելու է նեղ, բանակցուած եւ դժուարութեամբ ձեռք բերուած։


Ալեք Ենիգոմէշեան

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ