Սա չափազանց կարեւոր թեմա է, որը թոյլ է տալիս հասկանալ եւ ճիշդ գնահատել Իսրայէլի եւ Թուրքիայի միջեւ արդէն ընթացող և հնարաւոր բախման իրական բնոյթը։

Իսրայէլի եւ Թուրքիայի յարաբերութիւնների սրացումը երկու համարժէք ուժային կենդրոնների բախում չէ։ Սա հիմնարար հանգամանք է։ Թուրքիան աղմկոտ տարածաշրջանային դերակատար է, մինչդեռ Իսրայէլը՝ փոքր տարածքով, բայց համակարգային առումով չափազանց ուժեղ պետութիւն։

Եթէ մի կողմ դնենք յուզական հռետորաբանութիւնը եւ դիմենք իրական իշխանական փարամեթրերին, ակնյայտ է դառնում, թէ ինչու է Թուրքիան բազմաթիւ առանցքային ոլորտներում էապէս զիջում Իսրայէլին։ Չնայած բնակչութեան թուին, տարածքի մեծութեանը եւ բանակի ֆորմալ ցուցանիշներին՝ Թուրքիան «քանակի պետութիւն» է, ոչ թէ «որակի»։ Դա մեծ մարմին է՝ առանց լիարժէք կառավարման «գլխի»։

Թուրքիան սուբյեկտային պետութիւն էր այն ժամանակ, երբ նրա էլիտայում առկայ էին հայկական եւ յունական մտաւոր ու կառավարչական շերտերը, որոնք հետագայում ոչնչացուեցին։ Այսօր Թուրքիան իրեն ընկալում է որպէս ինքնուրոյն պետութիւն, սակայն իրականում գտնւում է արտաքին ֆինանսական, ռազմական, տեխնոլոգիական եւ տնտեսական վերահսկողութեան ներքոյ։

Թուրքիայի քաղաքական համակարգը փերսոնալիստական է եւ կենսականօրէն կախուած Ռեճէփ Թայիպ Էրտողանի անձից։ Ինստիտուցիոնալ կայունութեան բացակայութիւնը պետութիւնը դարձնում է խոցելի. կենդրոնական ֆիկուրի բացակայութեան դէպքում ամբողջ կառուցուածքը փլուզւում է։ Երկրի տնտեսութիւնը տառապում է քրոնիկ ինֆլեացիայից, ազգային արժոյթի անկայունութիւնից եւ մտաւոր քափիթալի մշտական արտահոսքից։

Իսրայէլը, հակառակը, որակի պետութիւն է։ Նրա համակարգը կառուցուած է այնպէս, որ գործում է անկախ կոնկրէտ անձերից։ Սա ինստիտուցիոնալ կայուն մոտէլ է՝ հիմնուած բարձր տեխնոլոգիաների, կրթութեան, գիտական ներուժի եւ մտաւոր քափիթալի մշտական ներհոսքի վրայ։ Չնայած փոքր տարածքին եւ համեմատաբար քիչ բնակչութեանը՝ Իսրայէլը պահպանում է կայունութիւն նոյնիսկ մշտական արտաքին ճնշման պայմաններում։

21-րդ դարում պետութեան իրական ուժը որոշւում է ոչ թէ զանգուածով, այլ որակով՝ նախեւառաջ ինթելեքթով, տեխնոլոգիաներով եւ արդիւնաւէտ համակարգեր կառուցելու կարողութեամբ։ Սա կարեւոր է հասկանալ ոչ միայն Իսրայէլի, այլ նաեւ Հայաստանի, Վրաստանի, Ուքրաինայի եւ Մոլտովայի համար։

Թուրքիայի ռազմական հզօրութիւնը մեծապէս պատրանքային է։ Այո, բանակը մեծ է, սակայն դրա զգալի մասը ուղղուած է ներքին խնդիրների լուծմանը՝ քրտական դիմադրութեան ճնշմանը եւ ներքին քաղաքական վերահսկողութեանը։ Թուրքիան արհեստականօրէն ձեւաւորուած, հատուածական պետութիւն է՝ առանց կայուն քաղաքակրթական միջուկի։

Թուրքական բանակի սպառազինութիւնը հիմնականում նախորդ սերունդների արդիականացուած նմուշներ են։ Կենսական նշանակութեան բաղադրիչները լիովին կախուած են ներմուծումից, որը ցանկացած պահի կարող է փակուել։ Թուրքիան չունի հաւասար մակարդակի հակառակորդի դէմ պատերազմի իրական փորձ, իսկ 2016-ից յետոյ բանակում իրականացուած մաքրումները լրջօրէն վնասել են մասնագիտական միջուկը։

Իսրայէլական բանակը, հակառակը, փոքր է, բայց մշտապէս գտնւում է իրական մարտական կիրառման մէջ եւ ներկայացնում է ինթեկրուած համակարգ, որտեղ միաւորուած են հետախուզութիւնը, կիբերտարածքը, ռազմաօդային ուժերը եւ յատուկ ստորաբաժանումները։ Բացի այդ, միջուկային զսպման գործօնը, թէեւ պաշտօնապէս չի ընդունւում, հաշուի է առնւում բոլորի կողմից։

Իսրայէլը կարող է պատերազմել պետութիւնների եւ բարդ համակարգերի դէմ։ Սա ռազմական գիտութեան եւ ռազմավարութեան մակարդակ է, ոչ թէ յուզական կողմնորոշումների։ Նրա առաւելութեան հիմնական տարրը հետախուզութիւնն է եւ միջավայրի ինթելեքթուալ վերահսկողութիւնը։ Իսրայէլական յատուկ ծառայութիւնները գործում են կլոպալ, աշխատում են կանխարգելիչ սկզբունքով եւ ձեւաւորում են իրականութիւնը, մինչդեռ թուրքական կառոյցները հիմնականում սահմանափակւում են մօտակայ տարածաշրջանով եւ արձագանքում են իրադարձութիւններին։

Երկու երկրների տնտեսական մոտէլներն էապէս տարբեր են։ Թուրքիայի տնտեսութիւնը հիմնուած է ծառայութիւնների ոլորտի, շինարարութեան, տարանցման, թուրիզմի եւ էժան վարկերի վրայ՝ բոլոր այն բաղադրիչները, որոնք կարող են մէկ ակնթարթում անջատուել։ Երկիրն չունի սեփական տեխնոլոգիական միջուկ, իսկ ազգային արժոյթը խիստ անկայուն է։

Իսրայէլի տնտեսութիւնը կառուցուած է բարձր տեխնոլոգիաների վրայ՝ արհեստական բանականութիւն, կիբերանվտանգութիւն, կենսատեխնոլոգիաներ եւ երկակի նշանակութեան ռազմական մշակումներ։ Այն խորապէս ինթեկրուած է ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ արեւմտեան աշխարհակարգի տնտեսական ու տեխնոլոգիական շղթաներին։ Թուրքիան վաճառում է հոսքեր եւ լոգիստիկա, Իսրայէլը՝ տեխնոլոգիաներ, իմաստներ եւ ինթելեքթուալ լուծումներ։

Միջազգային ասպարէզում Թուրքիան գտնւում է մշտական լարուածութեան մէջ հիմնական գործընկերների հետ եւ ստիպուած է հաւասարակշռել Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ՝ ձեւաւորելով ոչ վստահելի խաղացողի կերպար։ Իսրայէլը ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է, ունի ոչ ֆորմալ տարածաշրջանային ալեանսներ եւ գործում է կլոպալ ազդեցութեան բարդ համակարգի միջոցով։

Թուրքական հակաիսրայէլական հռետորաբանութեան սրացման պատճառը իրական ուժը չէ, այլ ներքին ճգնաժամը՝ տնտեսական ճնշումը, ընտրազանգուածի մոպիլիզացիայի անհրաժեշտութիւնը եւ արտաքին քաղաքական գործիքների սպառումը։ Անգարան դիմում է այդ հռետորաբանութեանը որպէս երեւակայական մեծութիւն ցուցադրելու վերջին միջոցի։

Իրականում Թուրքիան մեծ, բայց կառավարչական եւ ինթելեքթուալ առումով թոյլ պետութիւն է։ Իսրայէլը՝ փոքր, բարձր ինթելեքթուալ համակարգ՝ կայուն կլոպալ կապերով։ Ցանկացած ուղիղ բախման դէպքում Թուրքիան պարտւում է Իսրայէլին ինթելեքթով, կառավարմամբ, միջազգային աջակցութեամբ եւ ռազմավարական խորութեամբ։ Այդ պատճառով էլ Անգարան սահմանափակւում է բարձրաձայն յայտարարութիւններով եւ չի անցնում իրական սահմանները։

Քաղաքականութիւնը յոյզերի եւ հիսթերիայի մասին չէ։ Այն փրակմաթիզմի, համակարգային մտածողութեան եւ կայուն կառոյցներ ստեղծելու մասին է։ Այն պետութիւնները, որոնք կարողանում են որակապէս ինթեկրուել արդիւնաւէտ կլոպալ համակարգերին, ստանում են գոյատեւման եւ զարգացման իրական հնարաւորութիւն կլոպալ դիմակայութեան դարաշրջանում։


Տիգրան Աւագեան

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ