Ամերիկացի յայտնի քաղաքագէտ, ռէալիզմի դպրոցի ներկայացուցիչ Ճոն Միրշայմէրի կարծիքով Վենեզուելայում Միացեալ Նահանգների իրականացրած գործողութիւնը՝ երկրի նախագահի առեւանգումը, որեւէ առնչութիւն չունի Մոնրոյի տոքթրինի պաշտպանութեան հետ եւ իրականում բացայայտ իմփերիալիզմ է՝ պայմանաւորուած նաւթային շահերով։
Մոնրոյի տոքթրինը ԱՄՆ արտաքին քաղաքականութեան սկզբունք է՝ ձեւակերպուած 1823-ին, ըստ որի եւրոպական տէրութիւնները չպէտք է միջամտեն կամ ռազմական ներկայութիւն հաստատեն Արեւմտեան կիսագնդում։ Փոխարէնը Միացեալ Նահանգները պարտաւորւում էր չմիջամտել Եւրոպայի ներքին գործերին՝ տոքթրինը ներկայացնելով որպէս փոխադարձ չմիջամտութեան սկզբունք։
Financial Wise ալիքին տուած հարցազրոյցում Միրշայմէրը մերժում է այն միտքը, թէ Վենեզուելան որեւէ ռազմավարական սպառնալիք է Միացեալ Նահանգների կամ Արեւմտեան կիսագնդում նրա աւանդական ազդեցութեան գօտու համար։
«Այս պահին որեւէ հեռաւոր մեծ տէրութեան կողմից Արեւմտեան կիսագունդ ներթափանցելու վտանգ չկայ։ Սա իմփերիալիզմի դասական դէպք է»։
Պատասխանելով այն պնդմանը, թէ Ուաշինկթընը պարզապէս պաշտպանում է իր ազդեցութեան գօտին, Միրշայմէրը շեշտում է, որ Մոնրոյի տոկքթրինը նեղ սահմանում ունի եւ յաճախ սխալ է մեկնաբանւում։ Նրա խօսքով՝ տոքթրինը վերաբերում է Ամերիկայում հեռաւոր մեծ տէրութիւնների կողմից ռազմական դաշինքների ձեւաւորման կամ օտարերկրեայ ռազմական ուժերի տեղակայման կանխմանը, այլ ոչ թէ տնտեսական յարաբերութիւններին կամ քաղաքական կողմնորոշումներին։
«Մոնրոյի տոքթրինը ամբողջութեամբ վերաբերում է նրան, որ մեծ տէրութիւնները չձեւաւորեն ռազմական դաշինքներ Արեւմտեան կիսագնդում եւ այնտեղ չտեղակայեն ռազմական ուժեր։ Դա լիովին խելամիտ մօտեցում է»։
Սակայն, ըստ Միրշայմէրի, Վենեզուելայում այսօր նման սցենար գոյութիւն չունի։ «Վենեզուելայից Արեւմտեան կիսագնդում որեւէ նշանակալի սպառնալիք չկայ, եւ սա որեւէ կապ չունի Մոնրոյի տոքթրինի հետ։ Թրամփին պարզապէս դուր չի գալիս այն փաստը, որ Վենեզուելան ընդդիմանում է իրեն։ Աւելին՝ նա ուզում է Վենեզուելայի նաւթը»։


Ռուսաստան, Չինաստան եւ Իրան. casus belli չկայ


ԱՄՆ պաշտօնեաները բազմիցս մատնանշել են Քարաքասի կապերը Ուաշինկթընի հակառակորդների՝ Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի հետ՝ որպէս միջամտութեան արդարացում։ Միրշայմէրը այդ փաստարկը որակում է մոլորեցնող։
«Ես չգիտեմ, թէ ինչ է նշանակում գաղտնի գործարքներ։ Վենեզուելացիները լաւ յարաբերութիւններ ունեն ռուսների եւ չինացիների հետ, եւ այդ երկրների միջեւ կայ տնտեսական համագործակցութիւն»։
Միրշայմէրն ընդունում է, որ Չինաստանը Վենեզուելայից նաւթ է ներմուծում, սակայն ընդգծում է, որ դա չի խախտում ԱՄՆ որեւէ կարմիր գիծ. «Չկայ որեւէ կասկած, որ չինացիները Վենեզուելայից նաւթ են ստանում, բայց դա հակասութեան մէջ չէ Մոնրոյի տոքթրինի հետ»։
Միաժամանակ, Միրշայմէրը նշում է, որ ռազմական դաշինքը բոլորովին այլ հարց կը լինէր. «Եթէ որեւէ ցուցում լինէր, որ Վենեզուելան շարժւում է Ռուսաստանի կամ Չինաստանի հետ ռազմական դաշինք կազմելու ուղղութեամբ, մենք կը խփէինք նրանց ամբողջ ուժով, եւ դա արդարացուած կը լինէր»։
Նրա խօսքով՝ դա տեղի չի ունենում. «Մենք պարզապէս ուզում ենք նրանց նաւթը»։
Ռազմավարական գերծանրաբեռնուածութիւն եւ «խելագարութիւն»
Միրշայմէրը Վենեզուելայի հարցը տեղադրում է նաեւ ԱՄՆ կլոպալ առաջնահերթութիւնների լայն համատեքստում՝ մատնանշելով աճող ռազմավարական ճնշումները Եւրոպայում, Արեւելեան Ասիայում, Մերձաւոր Արեւելքում եւ Արքթիքայում, որտեղ թէ՛ Ռուսաստանը, թէ՛ Չինաստանը աքթիւանում են։
«Միացեալ Նահանգները ռազմավարական լուրջ շահեր ունի՝ կենսական շահեր՝ Եւրոպայում, Արեւելեան Ասիայում՝ Չինաստանի հետ կապուած, Մերձաւոր Արեւելքում եւ այս պահին նոյնիսկ Արքթիքայում»,- ասում է նա՝ հարցականի տակ դնելով Լատինական Ամերիկայում միջամտութիւն անելու կամ «պետութիւն կառուցելու» տրամաբանութիւնը։
«Իմաստ ունի՞ այս պահին Լատինական Ամերիկայում զբաղուել պետութիւն կառուցելով, երբ փորձում էք գործ ունենալ Ռուսաստանի հետ, փորձում էք գործ ունենալ Չինաստանի հետ, մտահոգուած էք Արքթիքայում տեղի ունեցող զարգացումներով եւ կրկին խօսում էք Իրանի դէմ պատերազմի մասին»։
«Պարզապէս նայէք այն կարեւոր խնդիրների ցանկին, որոնցով զբաղւում ենք,- ասում է Միրշայմէրը։- Յետոյ ինքներդ ձեզ հարց տուէք՝ իմաստ ունի՞ պատերազմ սկսել Վենեզուելայի դէմ։ Իմ կարծիքով՝ սա խելագարութիւն է»։

Ժաննա Աւագեան
Սիվիլնէթ

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ