
Հայաստանը 2026 թուական է մտնում ոչ թէ որպէս երկիր, որը հանգիստ պատրաստւում է խորհրդարանական ընտրութիւններին, այլ որպէս պետութիւն, որը կանգնած է իր քաղաքական ապագայի շուրջ վճռորոշ որոշումների շեմին։ Յունիսին կայանալիք ընտրութիւնները չեն լինելու ծրագրերի եւ անհատների սովորական մրցակցութիւն։ Նիկոլ Փաշինեանի համար իշխանութեան պահպանումը ոչ միայն քաղաքական, այլեւ անձնական հարց է։ Դժուար է հաւատալ, որ Փաշինեանը չի պատկերացնում, որ այն վնասը, որը իր իշխանութեան օրոք պատճառուել է հայ ժողովրդին, իրաւական գնահատականի չի արժանանալու։ Իսկ հանրութեան մեծամասնութեան համար արդիւնքները գոյաբանական են։
Գաղտնիք չէ, որ Փաշինեանը երկար ժամանակ է պատրաստւում այս ընտրութիւններին։ Մեթոտներն այժմ ակնյայտ են։ Ընդդիմադիր գործիչներ, ազդեցիկ գործարարներ, հոգեւորականներ, լրագրողներ եւ քաղաքացիական աքթիւիստներ ձերբակալուել կամ չէզոքացուել են։ Անկախ լրատուամիջոցները համակարգուած կերպով ճնշւում եւ սահմանափակւում են։ Դատական համակարգը գործում է ոչ թէ որպէս գործադիր իշխանութեան վերահսկողութեան մեխանիզմ, այլ որպէս դրա կիրառական գործիք։ Հայ Առաքելական Եկեղեցին, որը շարունակում է պահպանել բարոյական հեղինակութիւն եւ հասարակական վստահութիւն, դարձել է ենթարկեցման թիրախ, իսկ նրա անկախութիւնը դիտարկւում է որպէս քաղաքական վերահսկողութեանը խոչընդոտ, ոչ թէ ազգային շարունակականութեան հիմնասիւն։
Սրանք առանձին չարաշահումներ չեն․ դրանք կազմում են միասնական եւ հետեւողական ռազմավարութիւն։ Փաշինեանի օրոք Հայաստանը կորցրել է գործող ժողովրդավարութեանը բնորոշ հիմնական յատկանիշները։ Կան չորս տասնեակից աւելի քաղաքական բանտարկեալներ։ Վախը փոխարինել է բազմակարծութեանը։ Նման պայմաններում ընտրութիւնները չեն կարող համարուել ազատ կամ արդար միայն այն պատճառով, որ դրանք տեղի են ունենում։
Այս համատեքստում թուացեալ ընթացակարգային դիւանագիտական որոշումը ստանում է խորը քաղաքական նշանակութիւն։ 2025 թուականի Մայիսին Ալպանիայի Թիրանա քաղաքում կայացած Եւրոպական քաղաքական համայնքի վեցերորդ հանդիպման ընթացքում Փաշինեանը խնդրեց, որպէսզի հերթական գագաթնաժողովը անցկացուի Երեւանում՝ Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններից կարճ ժամանակ առաջ։ Այդ խնդրանքը բաւարարուեց։
Դժուար է ժխտել, որ այս որոշումը արտացոլում է շահերի համընկնում։ Փաշինեանը շարունակում է մնալ Եւրոպայի համար յարմար գործակից, մասնաւորապէս՝ հաշուի առնելով նրա պատրաստակամութիւնը իրականացնել այն, ինչ դեռ աւարտուած չէ, այդ թւում՝ սահմանադրական փոփոխութիւններ եւ Ատրպէյճանի օգտին տարածքային նոր զիջումներ Հայաստանի ռազմավարական նշանակութիւն ունեցող հատուածներում։ Այս քայլերը, թէեւ ժամանակաւորապէս յետաձգուած, կազմում են նրա յետընտրական օրակարգի առանցքը։ Վերընտրուելը գործընթացի աւարտը չէ․ այն դրա շարունակման նախապայմանն է։
Եւրոպացի առաջնորդների բարձր մակարդակի հաւաքը Երեւանում ընտրութիւններից անմիջապէս առաջ անխուսափելիօրէն կը ներկայացուի ներքին լսարանին որպէս Փաշինեանի իշխանութեան միջազգային հաւանութիւն։ Արդէն իսկ իշխանութեան խիստ վերահսկողութեան տակ գտնուող մետիա միջավայրում նման պատկերները կ՛օգտագործուեն լեկիթիմութիւն, անխուսափելիութիւն եւ արտաքին աջակցութիւն ներշնչելու համար։ Անկախ մտադրութիւններից՝ այդ ազդեցութիւնը կը հանդիսանայ արտաքին միջամտութիւն Հայաստանի ներքին քաղաքական գործընթացին։
Կարծում եմ, որ չափազանց տեղին կը լինէր, եթէ բոլոր ընդդիմադիր ուժերը՝ անկախ գաղափարախօսութիւնից կամ անցեալի հակասութիւններից, համատեղ նամակով դիմեն Եւրոպական քաղաքական համայնքի ղեկավարութեանը եւ անդամ պետութիւններին՝ խնդրելով գագաթնաժողովը երկու ամսով յետաձգել՝ ընտրութիւններից յետոյ։
Նման խնդրանքը կ՛ունենայ համոզիչ հիմնաւորում։ Հայաստանի ժողովրդավարական յետընթացը, քաղաքական բանտարկեալների առկայութիւնը, անկախ մամուլի ճնշումը եւ իշխանութեան աւթորիթար կենդրոնացումը փաստեր են, ոչ թէ կարծիքներ։ Քուէարկութիւնից օրեր առաջ Երեւանում խոշոր քաղաքական միջոցառման անցկացումը վտանգում է արդէն իսկ խաթարուած գործընթացի լեկիթիմացումը։ Յետաձգումը կը հանդիսանայ յարգանքի դրսեւորում Հայաստանի ինքնիշխանութեան նկատմամբ։
Քաղաքական ուժերի համաձայնութեան եւ ցանկութեան դէպքում պատրաստ եմ տրամադրել նամակի նախագիծը։
Հաւասարապէս կարեւոր է, որ նախաձեռնութիւնն ինքնին կարող է դառնալ ընդդիմադիր համագործակցութեան խթան։ Միասնական նամակը կը ցուցադրի լրջութիւն եւ ժողովրդավարական նորմերի վերականգնման ընդհանուր յանձնառութիւն։ Այն կը դառնայ համակարգուած ջանքի սկիզբ՝ ուղղուած ոչ միայն մէկ անձի պարտութեանը, այլ իրական մրցակցային ընտրութիւնների եւ իշխանութեան խաղաղ փոխանցման երաշխաւորմանը։
Հայաստանի ընտրութիւնը 2026 թուականին միանշանակ է։ Ներկայ պայմաններում շարունակականութիւնը տանում է դէպի ինստիտուցիոնալ հետագայ քայքայում, անդառնալի տարածքային կորուստներ եւ խորացող աւթորիթարիզմ։ Փոփոխութիւնը կարող է ապահովել Հայաստանի համար յոյս եւ տեսլական՝ հիմնուած կայուն խաղաղութեան, արժանապատուութեան եւ ժողովրդավարական զարգացման վրայ:
Վարդան Օսկանեան







Մեկնաբանէ