Դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարութեան կայքում հրապարակուեցին Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանն առընչուող մի շարք փաստաթղթեր։ Դրանց մի մասը վաղուց պաշտօնապէս կամ ոչ պաշտօնապէս հրապարակուած փաստաթղթեր են, միւս մասն առաջին անգամ էր ամբողջութեամբ հրապարակւում։ Այս փաստաթղթերի հրապարակումը Նիկոլի Փաշինեանի հեռակայ բանավէճի հետեւանքն է ՀՀ նախկին նախագահների հետ, որոնք վերջին տարիներին պահանջում էին հանրայնացնել մինչեւ Ղարաբաղեան երկրորդ պատերազմը քննարկուած բանակցային բովանդակութիւնը։ Փաշինեանը շաբաթներ առաջ խոստացել էր անել դա ԵԱՀԿ Մինսքի խմբի պաշտօնական լուծարումից յետոյ, ինչը տեղի ունեցաւ Դեկտեմբերի 1-ին։
Հրապարակուած փաստաթղթերի ցանկը մի շարք հարցեր է առաջացնում։ Նախ, պարզ չէ, թէ ինչու 2014, 2015, 2016 և 2019 թուականներին համանախագահների կողմից ներկայացուած առաջարկների հետ Կառավարութիւնը հրապարակել է բոլորի համար ի սկզբանէ հասանելի ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի՝ 1993-ին Ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ ընդունուած յայտնի բանաձեւերը, 1994-ի ԵԱՀԿ Պուտափէշտի գագաթնաժողովի եզրափակիչ յայտարարութիւնը եւ նմանատիպ այլ փաստաթղթեր։
Այդ ցանկից բխող երկրորդ հարցն այն է, թէ ինչ տրամաբանութեամբ է որոշուել հրապարակել ինչ-որ ժամանակահատուածի առաջարկներ եւ չհրապարակել այլ ժամանակահատուածների նոյնանման առաջարկներ։ Այդ առումով, օրինակ, հետաքրքրական է, որ Կառավարութիւնը որոշել է ցանկի մէջ ներառել վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում տարիներ առաջ հրապարակուած փաստաթուղթ 1999-ի տարածքների փոխանակման տարբերակի մասին, բայց չհրապարակել 2001-ի Քի Ուէսթի բանակցային տարբերակը, առանց որի այդ տարիների բանակցային գործընթացի վերաբերեալ խեղաթիւրուած պատկեր կարող է ձեւաւորուել (այս տարիների բանակցային գործընթացի վերաբերեալ պատկերացում ունենալու համար կարող էք կարդալ «Ազատութիւն» ռատիոկայանի ծաւալուն նիւթը այդ թեմայով, ինչպէս նաեւ 2000 թուականին ԱՄՆ նախագահ Պիլ Քլինթընի եւ Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինի հանդիպման մասին Պետդեպարտամենտի գաղտնազերծուած փաստաթղթի հիման վրայ գրուած յօդուածս):

Ցանկում ներառուած փաստաթղթերը, որում, օրինակ, կայ նաեւ 2016-ի Օգոստոսին Վլատիմիր Փութինին ուղղուած Սերժ Սարգսեանի նամակը, յուշում են, որ այս պարագայում եւս գործ ունենք ոչ թէ հանրութեանն իրազեկելու մղման, այլ փաստացի մեկնարկած նախընտրական շրջանում սեփական պատումները տարածելու փորձի հետ։
Հրապարակուած փաստաթղթերի ցանկում փորձագիտական տեսանկիւնից հետաքրքութիւն են ներկայացնում 2014, 2015, 2016 եւ 2019 թուականներին համանախագահների առաջարկները, քանի որ վերջին տարիներին բանակցային գործընթացի վերաբերեալ հիմնական բանավէճը դրանցում տեղ գտած կէտերի շուրջ էր։ Չնայած այդ փաստաթղթերի վերաբերեալ մասնակի արտահոսքեր տեղի էին ունենում, մասնաւորապէս՝ նախկին համանախագահների կողմից, եւ ընդհանուր առմամբ այդ փաստաթղթերի տրամաբանութիւնը եւ դրանցում տեղի ունեցած փոփոխութիւնները յայտնի էին թեմայով զբաղուող մարդկանց համար, այնուամենայնիւ, դրանց ամբողջական հրապարակումը հնարաւորութիւն է տալիս ոչ միայն ստուգել նախկինում գոյութիւն ունեցած պատկերացումների իսկութիւնը, այնպէս էլ աւելի մանրամասն դիտարկել բանակցային բովանդակութեան հետ տեղի ունեցած փոփոխութիւնները եւ արդէն աւելի շօշափելի փաստերով արձագանքել դրանց վերաբերեալ վերջին տարիներին արուած յայտարարութիւններին։
Այսպիսով, եթէ Կազանի փաստաթղթի հետ համեմատում ենք 2014-ից ու դրանից յետոյ արուած առաջարկները, մի շարք տարբերութիւններ կարելի է նկատել, որոնք ինչ-որ չափով արտացոլում էին նաեւ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ ուժերի փոփոխուող հավասարակշռութիւնը։
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Ամէնակարեւոր փոփոխութիւններից մէկը տեղի էր ունեցել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերեալ կէտում, ինչը պէտք է որոշուէր ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքոյ համաժողովրդական քուէարկութեան միջոցով, որը կ՛արտայայտէր ԼՂ բնակչութեան ազատ կամարտայայտումը եւ կ՛ունենար իրաւական առումով պարտադիր բնոյթ՝ միջազգային իրաւունքի նորմերի եւ սկզբունքների համաձայն։ Կազանի փաստաթղթում յստակ սահմանւում էր, թէ ինչ էր նկատի առնւում «Լեռնային Ղարաբաղի բնակչութիւն» ձեւակերպման տակ. «ԼՂ բնակչութիւն ասելով հասկացւում են ցանկացած ազգութեան անձինք, որոնք ապրում էին ԼՂ-ում 1988-ին՝ նոյն համամասնութեամբ, որ գոյութիւն ունէր մինչեւ հակամարտութեան սկիզբը»: Յաջորդող բոլոր փաստաթղթերում այս կարեւոր յստակեցումը արդէն չկար, ինչը բնականաբանար բարդացնում էր ԼՂ բնակչութեան կամարտայայտման իրականացման չափորոշիչների համաձայնեցումը։
5+2 ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ
Եթէ կազանեան փաստաթղթով առաջարկւում էր առաջին փուլով Ատրպէյճանին փոխանցել ԼՂԻՄ-ից դուրս գտնուող հինգ շրջանները (Աղտամի, Ֆիզուլիի, Ճապրայիլի, Զանգելանի եւ Կուբաթլուի), իսկ հայկական վերահսկողութեան ներքոյ միւս երկու շրջանը՝ Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատուածն Ատրպէյճանին աստիճանաբար փոխանցուելու էին կարգաւորման առաջին փուլից հինգ տարի յետոյ՝ առանց այլ հարցերի հետ փոխկապակցութեան, ապա յաջորդ շրջանի առաջարկներում այդ երկու շրջանների վերադարձի որեւէ ժամանակացոյց չի նշւում. այդ հարցը լուծւում է կարգաւորման յաջորդ փուլերում քննարկուելիք հարցերի հետ (Լաչինի միջանցքի լայնութիւն, ԼՂ կամարտայայտման իրականացում եւայլն) փոխկապակցուած եւ մէկ փաթեթով: Այն, որ այս հարցերը փոխկապակցուած են, յստակ նշուած է 2019-ին սեղանի դրուած փաստաթղթերից մէկի՝ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւի նախագծում, որը կազմուել էր համանախագահների կողմից։
ՄԻՋԱՆԿԵԱԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Կազանից (2011) յետոյ բանակցային բովանդակութեան մէջ տեղի ունեցած միւս կարեւոր փոփոխութիւններն առընչւում էին Լեռնային Ղարաբաղի միջանկեալ կարգավիճակի վերաբերեալ կէտին։ Կազանի փաստաթղթում այս կէտը յստակ էր ձեւակերպուած, օգտագործւում էր «միջանկեալ կարգավիճակ» եզրոյթը, մանրամասն նշւում էին նաեւ միջանկեալ փուլում Լեռնային Ղարաբաղի իրաւունքներն ու լիազօրութիւնները՝ իշխանութիւն ձեւաւորել, ունենալ ինքնապաշտապանական եւ իրաւապահ ուժեր, ԵԱՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ եւայլն։
2015-ի Օգոստոսից սկսած ներկայացուող առաջարկներում «միջանկեալ կարգավիճակ» եզրոյթը չէր օգտագործւում, իսկ միջանկեալ փուլում Լեռնային Ղարաբաղի իրաւունքները ներկայացնող բառապաշարը շատ աւելի զուսպ էր դարձել՝ ճանաչւում են Լեռնային Ղարաբաղի իրաւունքները՝ բնակչութեան լիակատար կենսագործունէութիւնը ապահովելու համար։ Միեւնոյն ժամանակ, այս փուլում սեղանին Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ կարգաւորման առաջին փուլի վերաբերեալ հռչակագրի հետ միասին դրւում է մէկ այլ փաստաթուղթ՝ համանախագահների յայտարարութիւնը վերոնշեալ հռչակագրի վերաբերեալ։ Միջանկեալ ժամանակահատուածում Լեռնային Ղարաբաղի իրաւունքների եւ լիազօրութիւնների մասին ամբողջական դրոյթը արդէն ներառուել էր այս փաստաթղթի մէջ։ Այսինքն, Ատրպէյճանը հրաժարւում էր հռչակագրով համաձայնեցնել ԼՂ յստակ իրավունքներն ու լիազօրութիւնները միջանկեալ շրջանում, բայց դրանք արձանագրւում էին համանախագահների կողմից։ Այս իրավիճակը պահպանուել էր մինչեւ 2016-ի Յունիս։
2016-ի Ապրիլեան մարտերից յետոյ արուած յունիսեան առաջարկում միջանկեալ կարգավիճակի վերաբերեալ նոր ձեւակերպում է մտցւում, որի մէջ նշւում էր, որ Լեռնային Ղարաբաղը մինչեւ վերջնական կարգավիճակի հարցի որոշումը կ՛ունենայ այն իրաւունքները, որոնք փաստացի ունէր միջպետական համաձայնագիրը ստորագրելուց առաջ։ Ինչպէս նախորդ առաջարկների դէպքում, այդ պարագայում եւս միջանկեալ շրջանում ԼՂ լիազօրութիւնները աւելի բաց եւ ծաւալուն թեքսթով ներկայացուած էին համանախագահների յայտարարութեան մէջ։
***
Լեռնային Ղարաբաղի փաստացի իրաւունքների պահպանան վերաբերեալ ձեւակերպումը, սակայն, արդէն չկար 2016-ի Օգոստոսին առաջարկուած հայ-ատրպէճանական հռչակագրի նախագծում, որում կրկնւում էր նախորդ շրջանի աւելի զուսպ ձեւակերպումը։ Սակայն այդ փուլում, ի յաւելումն հռչակագրի եւ համանախագահների յայտարարութեան, կողմերին ներկայացուել էր նաեւ համանախագահների կողմից մշակուած ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւի նախագիծ։ Այս երեք փաստաթղթերը սեղանին էին դրուած նաեւ 2019-ին։ ԱԽ բանաձևի նախագծի մէջ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին յանձնարարւում է «Կողմերի, ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ Գլխաւոր քարտուղարի հետ խորհրդակցութեամբ, մէկ ամսուայ ընթացքում պատրաստել եւ Անվտանգութեան խորհրդի հաստատմանը ներկայացնել առաջարկներ՝ հռչակագրի 6-րդ կէտի 1-ին պարբերութիւնում եւ Յայտարարութեան 4-րդ եւ 5-րդ կէտերում ամրագրուած պայմանաւորուածութիւնների ուժի մէջ մտնելու իրաւական եւ գործնական մանրամասների մասին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի բնակչութեան լիարժէք կենսագործունէութեան կազմակերպումն ապահովող իրաւունքներին, եւ որոշում է, որ նշուած իրաւունքների ամբողջութիւնը կ՛ապահովի Լեռնային Ղարաբաղի ճանաչուած կարգավիճակը ողջ ժամանակահատուածի համար»՝ մինչեւ Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման մասին համապարփակ համաձայնագրի կնքման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցի լուծումը։
Այս մէջբերմանը 44-օրեայ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում իր ելոյթի ընթացքում անդրադարձ էր կատարել նաեւ Նիկոլ Փաշինեանը՝ եզրայանգելով․ «Սա, ի դէպ, Ատրպէյճանի երկարամեայ ցանկութիւնն է, որ ԼՂ կարգավիճակի հարցը տեղափոխուի ՄԱԿ-ի հարթակ, եւ հայկական կողմի համար սա մշտապէս եղել է ամէնաանցանկալի տարբերակը: Ինչո՞ւ. որովհետեւ եթէ ՄԱԿ-ի ԱԽ-ն պէտք է դա որոշի, ուրեմն պէտք է որոշի իր իսկ ընդունած նախկին բանաձեւերի շրջանակներում»։

Փաշինեանը, սակայն, իր ելոյթում չի նշել, օրինակ, որ համանախագահների յայտարարութեան 4-րդ եւ 5-րդ կէտերը, որոնք մանրամասն ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղի իրաւունքները միջանկեալ փուլում, ԱԽ բանաձեւի նախագծում անվանւում են պայմանաւորուածութիւններ։ Հասկանալի չէ նաեւ, թէ ինչու պիտի ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրների կողմից մշակուած ԼՂ միջանկեալ կարգավիճակի չափորոշիչները փոփոխուեն ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից, որի հինգ մշտական անդամներից երեքը նոյն Մինսքի խմբի համանախագահ երկրներն էին։ Աւելին, ԱԽ նախագծի մէջ, որը, ինչպէս արդէն նշուեց, առաջարկների փաթեթի մաս էր, Ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ 1993-ին ընդունուած բանաձեւերին որեւէ յղում չկայ։
Միջանկեալ կարգավիճակի մասին Փաշինեանի միւս պնդումը եւս յստակ հերքւում է հրապարակուած փաստաթղթերով։ Քննիչ յանձնաժողովում իր ելոյթի ԼՂ միջանկեալ կարգավիճակի մասին հատուածում նա նշել էր, որ Լեռնային Ղարաբաղը կարող էր եւ մեծ հաւանականութեամբ պիտի դառնար հայերի եւ ատրպէճանցիների կողմից համատեղ կառավարուող միաւոր: Կառավարութեան հրապարակած բանակցային փաստաթղթերում, սակայն, որեւէ խօսք չկայ առաջին փուլում նախկին ԼՂԻՄ տարածք ատրպէճանցի փախստականների վերադարձի մասին։ Իսկ միջանկեալ կարգավիճակը ԼՂ-ին տրուելու էր հենց առաջին փուլում եւ գոյութիւն էր ունենալու մինչեւ վերջնական կարգավիճակի որոշումը։

Ամփոփելով՝ պէտք է նշել, որ անժխտելի իրողութիւն է, որ բանակցային բովանդակութեան որոշ տարրեր 2011-ի Կազանի հանդիպումից յետոյ աւելի ոչ նպաստաւոր էին դարձել հայկական կողմի համար։ Միեւնոյն ժամանակ, իշխանութիւնների վերջին տարիների պնդումները, թէ սեղանին աղէտալի փաստաթղթեր էին դրուած, որոնք նրանց ընտրութեան եւ մանեւրելու տեղ չէին թողնում, եւս թիւր են։ 2019-ին ներկայացուած փաստաթղթերով Լեռնային Ղարաբաղը լայն իրաւունքներով միջանկեալ կարգավիճակ էր ստանում, որը ամրագրուած կը լինէր նաեւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւով, պահպանում էր վերահսկողութիւնը Քելբաջարի եւ Լաչինի շրջանների նկատմամբ, Ատրպէյճանին փոխանցուող հինգ շրջանները ապառազմականացուած էին մնում, միջազգային հանրութիւնը Տէ Ժիւրէ ճանաչում էր Լեռնային Ղարաբաղի անվտանգութեան ապահովման հարցում Հայաստանի դերը եւայլն։
Հարցադրումները, թէ արդեօք Ատրպէյճանը կը համաձայնէր այս փաթեթին կամ համաձայնելու դէպքում հետագայում չէ՞ր խախտի պայմանաւորուածութիւնները, լեկիթիմ են, բայց երկրորդական։ Առաջնայինն այն է, որ Հայաստանի կառավարութիւնը խուսափել է բովանդակային բանակցութիւններ վարել այս փաթեթի շուրջ՝ Ատրպէյճանին հնարաւորութիւն տալով լեկիթիմացնել իր ապագայ ակրեսիան։ Սա այս կառավարութեան գլխաւոր տարբերութիւնն է նախորդ բոլոր իշխանութիւններից։

Տիգրան Գրիգորեան
Սիվիլնէթ

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ