Կարելի է վստահութեամբ պնդել, որ ընդդիմադիր քաղաքական դաշտում կան երեւոյթներ ու կերպարներ, որոնք պայմանաւորում են վարչախմբի կենսունակութիւնը։ Պէտք է նաեւ արձանագրել, որ մեր երկրում քաղաքական իրավիճակի փոփոխութեանը հասնելու հարցում գլխաւոր խոչընդոտն ամենեւին Նիկոլ Փաշինեանը կամ նրա թիմը չեն։ Վարչախմբի ունեցած ո՛չ վարչական լծակները, ո՛չ ֆինանսական ռեսուրսները, ո՛չ Փաշինեանի որոշ թիմակիցների ինթելեքթուալ մակարդակը, եւ ո՛չ էլ արտաքին տարբեր օժանդակութիւնները չեն կարող օգնել Նիկոլ Փաշինեանին, եթէ նրա դէմ գործի մի այնպիսի համակարգային ընդդիմութիւն, որն իրապէս քաղաքական է իր մտածողութեամբ ու վարքով։

Իսկ ո՞րն է իրապէս քաղաքականը, հարց կը տան շատերը։

Ներքաղաքական գործընթացների համատեքստում քաղաքական մտածողութիւնն այն է, երբ քաղաքական միաւորները գիտակցում են իրենց սուպյեքթ դառնալու ներուժը՝ հնարաւորութիւնների ու կարողութիւնների սահմանը, ու գործում են ըստ այդ տրամաբանութեան։ Թւում է, թէ շատ պարզ մի բանաձեւ է։ Սակայն, այստեղ է «թաղուած շան գլուխը»։

Ցաւալիօրէն, Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտը ներկայացնող երեւի թէ բոլոր միաւորները կարծում են, որ իրենք սուպյեքթ դառնալու ներուժ ունեն, քանի որ ունեն ինչ-որ քանակի համակիրներ, ինչ-որ չափի ֆինանսական հնարաւորութիւններ, ինչ-որ տարածքներ՝ հաւաքներ անցկացնելու համար, ինչ-որ լրատուամիջոցներ՝ ներկայանալի դառնալու համար եւայլն։

Սակայն այդ ամէնը քաղաքական խաղատախտակի վրայ իրականում ոչինչ է։

Հայաստանում քաղաքական ոչ մի միաւոր հանրային ընկալումների տեսանկյունից իր իրական կերպարը բացայայտելու համար քաղաքական գնահատականի ինքն իրեն չի արժանացնում։ Կարելի է ասել, որ քաղաքական բոլոր շրջանակները թքած ունեն, թէ ինչ բացասական ընկալումներ գոյութիւն ունեն հանրային տարբեր շերտերի մօտ իրենց անձերի նկատմամբ։ Ըստ այդ գործիչների՝ կարեւորը դրական իմիջն է եւ դրա ձեւաւորման տեխնոլոգիան։ Իսկ այն, որ իրենք, լինելով ղեկավար նախկին պաշտօնեայ, կամ բանակում չծառայած անձ, կամ կոռուփցիոն ինչ-որ սքանտալի մէջ յայտնուած անձ, կամ անպատուաբեր արարք գործած անձ՝ չեն կարող ձեռնոց նետել Նիկոլ Փաշինեանին, դա այդ գործիչներին կարծես թէ չի հետաքրքրում։

Սակայն, փախչել իրականութիւնից հնարաւոր չէ։ Անգամ եթէ շատերին թւում է, թէ իրենք միայն իրենց դրական որակներն ու բարի համբաւը ցուցանելով կարող են քաղաքական դաշտում երանգ ստեղծել, ապա՝ չարաչար սխալւում են։ Իշխող վարչախումբը երբեք հանգիստ չի թողնի ոչ մէկին։ Նիկոլ Փաշինեանը, իր երկարամեայ լրագրողական փորձառութեամբ, դրա վարպետն է։ Յիշեցնելով բոլորի անցեալը եւ կիրառելով քոմփրոմաթներ շատերի նկատմամբ՝ նա կառավարելու է հանրային տրամադրութիւններն ու ձեւաւորելու է հանրային այնպիսի կարծիք, թէ ինքը չարեաց փոքրագոյնն է եղած մրցակցութեան ու համեմատութեան մէջ։

Ուստի, համակարգային ընդդիմութեան կազմաւորման համար երբեւէ իրական հանրային ընտրութիւն չի կարող տեղի ունենալ, քանի դեռ ընդդիմադիր միաւորները շարունակելու են մանիփուլացնել հանրութեանը՝ ներկայացնելով իրենց թուացեալ առաւելութիւնները՝ դրա հետ միաժամանակ արհամարելով ու չնկատելով վարչախմբի կողմից իրենց դէմ կիրառուող քոմփրոմաթները։

Բոլոր ընդդիմադիր գործիչները պէտք է գտնուեն հանրային խոշորացոյցի տակ ու մեծ ճնշման ենթարկուեն։ Նրանց բոլորին հարց պէտք է տրուի՝ ինչ ակնկալիքով են նրանք ձեռնոց նետում Նիկոլ Փաշինեանին, եթէ նրանց նկատմամբ կան այնպիսի փաստացի քոմփրոմատներ, որոնք ուղղակիօրէն օգտագործւում եւ օգտագործուելու են իշխող վարչախմբի կողմից՝ տապալելով նրանց մասնակցութեամբ բոլոր նախաձեռնութիւնները։

Քանի դեռ քաղաքական դաշտը չի զտուել ու զատուել ակնյայտ պարտութեան յանգեցնող երեւոյթներից ու կերպարներից՝ համակարգային ընդդիմութիւն չի կազմաւորուի Հայաստանում։ Բոլոր «նախկիններին», ազդեցութեան գործակալներին, խոշոր գործարարներին, բարերարներին ու նման կարգի դէմքերին պէտք է մշտապէս հարց տրուի՝ իրենք արդեօ՞ք հենց Նիկոլ Փաշինեանի յաջողութեան համար չեն գործում քաղաքական դաշտում։

Սարօ Սարոյեան

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ