
Ովքեր են նրանք ծագումով. գուցէ`հայե՞ր։
Միայն 1920-ական թուականներին պասքերի հայկական ծագման թեմային անդրադարձավ ազգութեամբ պասք, ակադեմիկոս Պեռնարտօ Էսթորնէս Լասան, ով Վիեննայում ֆրանսերէն լեզուով լոյս ընծայեց պասք ժողովրդի մասին իր սենսացիոն աշխատութիւնը:
Պասքերը Արեւմտեան Եւրոպայի հնագոյն ժողովուրդն են: Նրանց գոյութիւնը տարածաշրջանում աւելի քան երեք հազար տարուայ պատմութիւն ունի: Պասքերի թուաքանակը աշխարհում հասնում է մէկ միլիոնի եւ նրանք այժմ բնակւում են իսպանական Ալաւա, Հիբուսքոա, Պիսքայա նահանգներում եւ ֆրանսիական Նաւարայում: Իրենց ընդհանրական տեսակով, մշակոյթով, լեզուով պասք ժողովուրդը էապէս տարբերւում է Արեւմտեան Եւրոպայի միւս ժողովուրդներից: Որտեղի՞ց են նրանք. տեղաբնա՞կ են, եկուո՞ր… հարցեր, որ արդէն քանի հարիւրամյակ մտատանջում են ուսումնասիրողներին: Յամենայնդէպս, նրանք Եւրոպայի միւս ժողովուրդներից շատ առաջ զբաղուել են մետաղագործութեամբ եւ ցորեն են աճեցրել:
Պասքերի հայկական ծագման մասին շատ է խօսուել. եւ դա սոսկ հայկական սնափառութեան արդիւնք չէ. այդ մասին առաջին բարձրաձայնեցին հենց օտարազգի գիտնականները: Դեռեւս 1610 թուականին իսպանացի պատմաբան Գասպար Էսքոլանօն Վալենսիա քաղաքի մասին իր պատմութեան մէջ գրում է, որ համաշխարհային ջրհեղեղից յետոյ ոմն Դուպալի` Հայաստանից իր ընտանիքով հաստատուել է Իսպանիայի արեւելքում: Ըստ Էսքոլանոյի` հենց հայերն են եղել ներկայիս Իսպանիայի առաջին բնակիչները:
Էսքոլանոյից յետոյ այդ մասին երկար ժամանակ այլեւս ոչ ոք չխօսեց, սակայն երկու հարիւրամեակ անց պասքերի հայկական ծագման մասին մի քանի աշխատութիւններ հրատարակուեցին. մասնաւորապէս, առաջինն այդ մասին 19-րդ դարավերջին արտայայտուեց հանրայայտ պասքագէտ, անգլիացի գիտնական Էտուարտ Սփենսըր Տոճսընը: Հենց նա իր հետազօտութեան արդիւնքում առաջ քաշեց պասքերի հայկական ծագման մասին տեսութիւնը: Իր տեսակէտի հիմնաւորման համար Ճոդսընն անգամ Փարիզի Յատուկ դպրոցում հայերէն ուսումնասիրեց: Ճոտսընը իր տեսութեան հիմքում դրել է հայերէնի եւ բասկերէնի շատ ընդհանրութիւններ: Շատ չանցած` ՙԷուսքերա՚ ամսագրում նա հրատարակեց իր սենսացիոն նիւթը` ՙՊասքերեն բառերը հայոց լեզւում՚ վերնագրով: Յօդուածի մէջ Ճոտսընը բերում էր հայերէնի եւ պասքերէնի մէջ ընդհանրական յիսուն բառեր:
Յօդուածի մէջ, ճիշդ է, Ճոտսընը զերծ է մնացել որեւէ բացատրութիւն կամ եզրայանգում տալուց: Ճոտսընի բառարանում հանդիպում ենք չար, այնտեղ, տեղ, զատել… նմանօրինակ յիսուն բառեր:
Առհասարակ, հայերէնի եւ պասքերէնի հարիւրաւոր բառեր են համընկնում. ելք, եթէ, ժառանգ, մռնչալ, որմ, տեղ, թոյլ, լայն, երեք, հաստատուն, գարի, աճել, ընկոյզ, հերկել, հորթ, այծ, հոտ, մածուն…
Սակայն Ճոտսընն իր ուսումնասիրութեան նիւթը չզարգացրեց, եւ թւում էր` գիտական աշխարհը մոռացաւ նրա տեսութեան մասին:
Միայն 1920-ական թուականներին պասքերի հայկական ծագման թեմային անդրադարձաւ ազգութեամբ պասք, ակադեմիկոս Պեռնարտօ Էսթորնէս Լասան, ով Վիեննայում ֆրանսերէն լեզուով լոյս ընծայեց պասք ժողովրդի մասին իր սենսացիոն աշխատութիւնը: Ինքը, Լասան, իր ուսումնասիրութեան նիւթը վերցրել է մինչ այդ Նաւարայում բանահաւաքչութեան աշխատանքներ կատարելիս եւ յանգել հետաքրքիր եզրայանգման:
Նա իր ուսումնասիրութեան մէջ շատ աւելի հեռուն գնաց եւ առաջ քաշեց տեսութիւնը, համաձայն որի` հայերը հնում վերաբնակեցրել են Ֆրանսիայի Նաւարա նահանգը, որտեղից էլ առաջացել է պասք ժողովուրդը: Նաւարայում հայերի առաջին բնակավայրը Լասան համարում է Իսապա գիւղը: Լասան անգամ յայտնում է առաջին հայի անունը, ով հաստատուել է Նաւարայում: Նա ոմն Այթոր է, ով իր եօթ զաւակներով եւ ընտանիքով Հայաստանից տեղափոխուել է Նաւարա եւ հաստատուել Իսապայում` այնտեղ միաժամանակ եօթ բնակավայր հիմնելով: Նա էլ համարւում է պասէ ժողովրդի նախահայրը: Համաձայն Լասայի` հենց Այթորն է Եւրոպա բերել մետաղի մշակման գաղտնիքները եւ Եւրոպայում հիմքը դրել մետաղագործութեան: Հետաքրքիր է` պասքերէնում Իսաբա գիւղի անունը թարգմանւում է հենց ՙՆախնեաց հետք՚: Աւելին` մինչ օրս Իսապայում Էրմինիա անունով ճանապարհ (փողոց) գոյութիւն ունի, եւ պասքեան ազգային աւանդոյթը պատմում է, որ հենց այդ ճանապարհով է Այթորը եկել Հայաստանից եւ հաստատուել Նաւարայում: Լասան իր աշխատութեան մէջ բերեց շուրջ երեք հարիւր բառեր, որոնք համընկնում են հայերէնում եւ պասքերէնում: Հենց շնորհիւ Լասայի աշխատութեան` յետին փլան մղուեց պասքերի` վրացական ծագման մասին տարածուած վարկածը: Իսկ այս վարկածի ջատագովների հիմնական խաղաքարտը պասքեան այբուբենի նմանութիւնն է վրացական այբուբենին. պասքեան այբուբէնը, ինչպէս եւ վրացականը, չունի մեծատառեր:
Գործին խառնուեցին նաեւ լեզուաբանները. Նրանց ուսումնասիրութիւնն առաւել ցնցող էր. պարզւում է` հին պասքերէնում ՙԱյթոր՚ բառը թարգմանւում է` ՙՀայա-ից եկածներ՚: Բառը կարելի է ստուգաբանել նաեւ հայերէնով` հայի թոռ… այս վերջին տեսակէտն աւելի ուշ առաջ քաշեց գերմանացի տեսաբան եւ լեզուաբան Ժոզէֆ Քարսթը:
Պասքեան աւանդոյթից պարզւում է, որ վերոյիշեալ առեղծուածային Այթորն իսկապէս թոռ է ունեցել Պասքամ անունով, որից էլ` հնարաւոր է, առաջացել է պասք էթնանունը:
Պասքերէնում մինչ օրս առկայ է ՙայթորէն սէմէ՚ արտայայտութիւնը, որ նշանակում է մաքրարիւն պասք. Միգուցէ, դա կարելի է վերծանել որպես Այթորից սերուա՞ծ… ինչը իր էութեամբ տառացի համընկնում է արտայայտութեան` պասքերէն լեզուի իմաստի հետ:
Սակայն սա դեռ յայտնագործութեան չնչին մասն էր. Քարսթը նաեւ ուսումնասիրողների ուշադրութիւնը հրաւիրեց այն փաստի վրայ, որ պասքերը իրենց մարդաբանական տեսակով արմէնոյիտներ են:
Առհասարակ, Քարսթը, ով լաւ ուսումնասիրել էր հայոց լեզուն, գտնում էր, որ հենց հայերէնն է հնդեւրոպական մայր լեզուն… Նրա տեսութիւնն, ինչ խօսք, լուրջ դիմադրութեան հանդիպեց եւրոպացի այլ ուսումնասիրողների կողմից եւ Քարսթը այդ պատճառով շատ թշնամիներ վաստակեց:
Ազգութեամբ պասք Էստեփան Տէ Կարիպայը եւ Պալթազար Տէ Էչաւէն պասքերի հայկական ծագումը հիմնաւորեցին տեղանունների նոյնացման փաստերով. մասնաւորապէս, Պասքոնիայում կայ Արաքս գետ, որը ինչպէս հայերի, այնպէս էլ պասքերի համար սրբազան գետ է համարւում: Պասքերն ունեն նաեւ իրենց Արարատ սարը` Արալարը:
Սա դեռ բոլորը չէ. Պասքոնիայում կան Աշտարակ (Ֆրանսիայի հարաւում), Գորիս, Տեպա (գուցէ Տեպէ՞տ), Շուբրիա (յիշենք Արմենիա-Շուպրիա), Առան, Կառկառ, Կարբի բնակավայրեր… Սա, ինչ խօսք, չի կարող պատահականութեան արգասիք լինել:
Այս ուսումնասիրողները անգամ Միջերկրական ծովի ափին գտնուող Դարակոնա քաղաքի հիմնադրումը համարում են հայերի գործը: Միգուցէ, Տարակօնօն Տարօնն է, որը հնագոյն աղբիւրներում յայտնի է Տարավնա անուամբ:
Վահէ Լոռենց







Մեկնաբանէ