
ռեպորտաժ՝ Հարաւային Կովկաս բարդ տարածաշրջանի մասին
Եթէ դուք խաղաղութիւն էք ուզում, դուք պէտք է պատրաստ լինէք պայքարել դրա համար:
Ահա այս խօսքերով է սկսւում DW-ի «Հայաստան, Ատրպէյճան, Վրաստան. ցոյցեր, հակամարտութիւններ, պատերազմներ եւ երիտասարդների յոյսերը» վերնագրով ռեպորտաժը՝ նուիրուած Հարաւային Կովկաս բարդ տարածաշրջանին եւ այնտեղ տարիներ ի վեր շարունակուող հակամարտութիւններին:
«Դետքը» թարգմանաբար ներկայացնում է ռեպորտաժի բովանդակութիւնը:
Ռեպորտաժի առաջին հատուածում վրացի քաղաքագէտ Մարիամ Ջանպարիձէն խօսում է 2008 թ. ռուս-վրացական պատերազմի, Ռուսաստանի կողմից Հարաւային Օսիայի եւ Աբխազիայի օկուպացման մասին, անցեալ տարի Վրաստանում անցկացուած խորհրդարանական ընտրութիւնների, երկրում ծաւալուող հակակառավարական ցոյցերի մասին՝ ընդդէմ ռուսամէտ իշխանութեան, Եւրամիութեանը միանալու իշխանութիւնների ջանքերի եւ Եւրոպայի մերժման մասին:
1991 թ. Վրաստանը, ինչպէս նաեւ Հայաստանը եւ Ատրպէյճանը, գտնւում էին ԽՍՀՄ կառավարման ներքոյ, որի փլուզումից յետոյ տարածաշրջանում սկսուեցին մի շարք զինուած հակամարտութիւններ, այդ թւում՝ Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ:
90-ական թուականներին հայկական բնակչութիւնը վտարուել է Ատրպէյճանից, իսկ ատրպէճանականը՝ Հայաստանից, երկու երկրում էլ տեղի են ունեցել զանգուածային սպանութիւններ:
Վերջին 10 տարուայ ընթացքում գրեթէ միշտ հենց Ատրպէյճանն է սկսել մարտական գործողութիւնները, ինչպէս 2020 թուականի Ղարաբաղեան պատերազմը:
Ամէնաշատը պատերազմել են Ղարաբաղի համար, որը սովետական ժամանակաշրջանում եղել է Ատրպէյճանի ինքնավար շրջանը, բայց բնակչութիւնը հիմնականում կազմուած է եղել հայերից: 1991 թուականից յետոյ նրանք պայքարել են անկախութեան ձեռքբերման համար, բայց այդպէս էլ չեն ստացել այն:
2023 թուականին Ատրպէյճանը յարձակուել է Ղարաբաղի վրայ, եւ այնտեղի ողջ հայ բնակչութիւնը՝ աւելի քան 100 հազար մարդ, փախել է այնտեղից:
Այժմ այնպիսի տպաւորութիւն է, որ երկրները շարժւում են դէպի խաղաղութիւն: Մի քանի ամսի առաջ երկրների ղեկավարներ Փաշինեանը եւ Ալիեւը ԱՄՆ-ում նախագահ Թրամփի միջնորդութեամբ ստորագրել են համաձայնագիր: Ատրպէյճանը Հայաստանի տարածքով ուղիղ կապ կը ստանյա դէպի իր էքսկլավ՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւն, միջանցքը կառուցուելու է ԱՄՆ օգնութեամբ:
Փոխարէնը երկու երկրները պէտք է զերծ մնան նոր ռազմական գործողութիւններից եւ տարածքային յաւակնութիւններից:
Յիշատակում չկայ ոչ հայ զինուորականների, ոչ Լեռնային Ղարաբաղից վտարուած հարիւր հազարաւոր հայերի մասին:
Գործարքն ընդամէնը հռչակագիր է, եւ Հայաստանում շատերը չեն վստահում այդ խաղաղութեանը:
«Ինձ թիում է՝ Ատրպէյճանի հետ խաղաղութիւնը հնարաւոր չէ իրենց պատճառով,- պատմում է Ժաննա Աւանէսեանը, որը 27 տարեկան իրաւաբան է: 2020 թուականի պատերազմը շատ ցաւոտ էր մեզ համար: Մենք բախուեցինք նոր իրականութեան։ Իմ ընկերներից շատերն այդ ժամանակ ռազմաճակատում էին։ Երկար ժամանակ նորութիւններ չկային, եւ դա շատ տխուր էր։ Ես ինքս ինձ հարցրի՝ ի՞նչ իմաստ ունի իմ կեանքը, եթե չկարողանամ օգնել նման իրավիճակում։Մագիստրոսի կոչում ստանալուց յետոյ ես անմիջապէս գրանցուեցի ՈՄԱ-ի դասընթացների։ ՈՄԱ յապաւումը նշանակում է «Ողջ մնալու արուեստ»։ ՈՄԱ-ն ռազմահայրենասիրական կազմակերպութիւն է, որը հայերին մարտական պատրաստութիւն է սովորեցնում։ Նրանք առաջարկում են մի քանի դասընթացներ, օրինակ՝ առաջին բուժօգնութիւն, դիմացկունութեան մարզումներ եւ հրաձգութիւն»։
«Իմ անունը Վաղինակ Վարդանով է, եւ ես ՈՄԱ-ի փոխնախագահն եմ։ Մեր առաքելութիւնը հիմնուած է ազգի՝ որպէս բանակի, եւ երկրի՝ որպէս ամրոցի հայեցակարգի վրայ։ Սրանով մենք բանակը նկատի չենք ունենում աւանդական իմաստով՝ պարզապէս զինուորներով բանակ։ Մենք խօսում ենք համախմբուած եւ դիմացկուն հասարակութեան մասին, որտեղ իւրաքանչիւր մարդ կարող է արձագանքել արտակարգ իրավիճակներին, նոյնիսկ ծայրայեղ պայմաններում։
2020 թուականից ի վեր մենք նկատել ենք մասնակիցների թուի կտրուկ աճ։
2020 թուականին նախորդող վեց տարիների ընթացքում մեր դասընթացներն աւարտել է մօտ 2000 մարդ, հիմա արդէն 11 հազար»,- պատմում է ՈՄԱ-ի փոխնախագահ Վաղինակ Վարդանովը:
«Մենք ներկայումս անցկացնում ենք մարտավարական վարժանքներ։ Առաջին բուժօգնութիւնը նոյնպես այս վարժանքների մաս է կազմում։ Մենք ներառում ենք հիմունքները եւ կիրառում ենք արտակարգ իրավիճակներում գործողութիւնների ընթացակարգերը։ Ես պատերազմը բոլորովին այլ կերպ էի դիտարկում, բայց 2020 թուականի Ղարաբաղեան պատերազմը ինձ համար եի մեզ բոլորիս համար Հայաստանում տագնապի ազդանշան դարձաւ։ Իմ վերաբերմունքը պատերազմի նկատմամբ կտրուկ փոխուեց, այդ թւում՝ նման վարժանքների»,- պատմում է Ժաննան։
Երիտասարդ իրաւաբանը ցոյց է տալիս Յաղթանակի զբօսայգին եւ ասում՝ պատահական չէ, որ այստեղ կանգնեցուել է հայոց պատմութեան խորհրդանիշը՝ «Մայր Հայաստանը», որը խօսում է մեր յաղթանակների մասին. «Դուք տեսնում էք կնոջ, որը կանգնած է սուրը ձեռքին՝ որպէս հայ ժողովրդի պաշտպան։ Սա նաեւ խորհրդանշում է, որ ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք են պայքարում հայրենիքի համար»:
Կը կարողանա՞ն հայերը երբեւէ կրկին հաւատալ խաղաղութեանը։
«Եթէ միւս կողմը շարունակի անտեսել հրադադարի համաձայնագրերը եւ անտարբերութիւն ցուցաբերի մեր պահանջների եւ ստորագրուած համաձայնագրերի նկատմամբ, եթէ թշնամին հրետակոծի սահմանը եւ բազմիցս կատարի գործողութիւններ, որոնք խախտում են մեր իրաւունքներն ու կնքուած փաստաթղթերը, բնականաբար մենք՝ հայերս, չենք կարող հաւատալ խաղաղութեանը»,- հարցին պատասխանում է Ժաննան։
Ռեպորտաժի վերջին մասում վրացի քաղաքագէտը խօսում է Ատրպէյճանում հաստատուած բռնապետութեան եւ Ալիեւի աւթորիթար կառավարման մասին. «Ատրպէյճանում բռնապետ Ալիեւը իշխանութեան գլուխ է 22 տարի։ Նա պաշտօնը ժառանգել է հօրից։ Մինչ Ալիեւին Արեւմուտքում գովաբանում են, մինչդեռ ԵՄ-ն նրա հետ կազի եւ նաւթի պայմանագրեր է կնքում, Ալիեւը սահմանափակել է իր երկրում բոլոր ազատութիւնները։ Ալիեւը լռեցրել է քննադատական ձայները Ատրպէյճանում։ Իւրաքանչիւր ոք, ով համարձակւում է բարձրաձայնել կամ պաշտպանել Հայաստանի հետ երկխօսութիւնը, կարող է դաւաճան համարուել եւ դատապարտուել տարիների ազատազրկման։
Ահա թէ ինչու այսօր Ատրպէյճանից լրագրողների եւ աքթիւիսթների մեծ մասը ապրում է աքսորում»։
Ատրպէյճանցի լրագրող Արզու Հեյբուլան պատմում է, որ իրեն դաւաճան են համարում Ատրպէյճանում, քանի որ համարձակւում է քննադատել իշխանութեանը, խօսում է երկրում մարդու իրաւունքների խախտումների, կոռուպցիայի, երկրում քննադատական մտածողութեան արգելքի, քաղբանտարկեալների ու լրագրողների հալածանքների մասին:
Դէտք







Մեկնաբանէ