
Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստւում է 2026 թ․ ընտրութիւններին։ Բոլորի համար պարզ է, որ այդ ընտրութիւնների արդիւնքում վճռուելու է Հայաստանի ապագայի հարցը։ «4-րդ հանրապետութի՞ւն», թէ՞ Հայաստանի Հանրապետութիւն, այս հարցն է դրուած լինելու առաջիկայ ընտրութիւններում։ Այլ կերպ ասած՝ դրուած է լինելու մի կողմից ՀՀ-ի փոխարէն Էրմենիսթան վիլայէթի ձեւաւորման քաղաքական դանդաղ գործընթացի ապահովման խնդիրը, իսկ միւս կողմից՝ տարածաշրջանում Հայաստանի քաղաքական դերի ու նշանակութեան վերարժեւորման կամ յստակեցման խնդիրը։
Հարկ է նկատել, որ երկրորդ խնդրի ձեւակերպման ու լուծման հարցը վերաբերում է Հայաստանի ընդդիմադիր քաղաքական հսկայ շերտին։ Բայց, ցաւօք սրտի, դեռեւս ոչ մի ուժ մինչ օրս չի կարողացել յստակեցնել, թէ որն է Հայաստանի Հանրապետութեան գոյութեան ու զարգացման տեսլականն առաջիկայ տարիների համար, երբ աշխարհում ու նաեւ մեր տարածաշրջանում դեռեւս յստակեցւում են նոր աշխարհակարգի սահմաններն ու սկզբունքները։ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը չունեն ո՛չ առաջարկ, եւ ո՛չ էլ անգամ պատկերացում, թէ ինչպիսի Հայաստանի Հանրապետութիւն է պէտք կառուցել ապագայում՝ որպէս անկախ պետութիւն աշխարհի քաղաքական ընտանիքի մասը մնալու եւ դրա հետ մէկտեղ հայ ժողովրդի դարաւոր իղձերն ու նպատակաները կեանքի կոչելու համար։
Ներկայումս հայ քաղաքական միտքը մոլորուել է իր աւանդական քաղաքական բանաձեւի սահմաններում՝ փորձելով աշխարհի քաղաքական քարտէզի վրայ տեսնել մի կողմում Ռուսաստանին (Չինաստանին), իսկ միւս կողմում՝ Արեւմուտքին։ Սակայն, մեզ յուզող հիմնական հարցը բոլորովին էլ այդ դիխոտոմիան չպէտք է մնար։ Այսօր հայ քաղաքական միտքը պէտք է կենդրոնանար աշխարհի քաղաքական քարտէզի վրայ նոր տարածաշրջանային ուժի՝ Թուրքիայի զարգացումը կասեցնելու ճանապարհներ գտնելու վրայ՝ շատ լաւ հասկանալով, որ թուրքական (թուրանական) աշխարհում անկախ Հայաստանի Հանրապետութիւն չի կարող լինել, եւ անգամ՝ Մերձաւոր Արեւելքում հայ ժողովրդի գոյութիւնն է հարցականի տակ։ Այո՛, այսօր Արեւմո՞ւտք, թէ՞ Ռուսաստան հարցը մեր քաղաքական օրակարգում դրուած չպէտք է լինի, քանի որ Թուրքիան ե՛ւ Արեւմուտքին է ներկայացնում, ե՛ւ Ռուսաստանին, իսկ Փաշինեանի վարչախումբը՝ իրականում ո՛չ Արեւմուտքին եւ ո՛չ էլ Ռուսաստանին։ Ու այդպէս է լինելու առաջիկայում, մինչեւ որ կը յստակեցուի նոր աշխարհակարգի ինչ լինելը։ Թուրքիան այդ հարցում շատ աւելի առաջադէմ է եւ կողմնորոշուելու ու «ճամբարափոխ» լինելու որեւէ խնդիր չունի։ Այդ մենք ունենք խնդիր աշխարհը լաւ հասկանալու եւ ցանկացած իրավիճակում սեփական պետական շահերը առաջ մղելու հարցերում։
Այսօր Հայաստանի քաղաքական դաշտը պատրաստւում է 2026 թ․ ընտրութիւններին։ Ու հիմնախնդիրը, որը շարունակաբար մնում է անլուծելի, ընդդիմադիր քաղաքական միաւորների պետական գաղափարական հայեցակարգերի ու ծրագրերի բացակայութիւնն է մնում։ Դրա փոխարէն հայ քաղաքական գործիչները շարունակում են հանդէս գալ բովանդակազուրկ, ապագաղափարական առաջարկներով ու քայլերով, որոնք նրանց ոչ մի քայլ առաջ չեն տանում Հայաստանի ընտրողների վստահութիւնը շահելու հարցում՝ ձեւաւորելու համար այնպիսի պատկերացում, որտեղ առարկայական կը լինի, թէ ինչպիսի Հայաստան են իրենք կառուցելու, եթէ ստանան ընտրողների մեծամասնութեան քուէն։
Սարօ Սարոյեան







Մեկնաբանէ