Այսօր Կարսի ստորացուցիչ պայմանագրի տարեդարձն է։

Այսօր շատ է խօսւում հայ եւ ռուս ժողովուրդների դարաւոր բարեկամութեան, մշակութային, քաղաքական շփումների եւայլնի մասին: Իսկապէս, հայ եւ ռուս ժողովուրդների այդ բազմաշերտ շփումը դարերի խորքից է գալիս, բայց արդեօք այդ յարաբերութիւնները միշտ բարեկամական են եղել, կամ աւելի ճիշդ կը լինի ասել` երկկողմանի բարեկամական են եղել:

Դեռ մ․թ․ա․ առաջին դարից մեր քաղաքական իրականութեան մէջ ձեւավորուած արեւելք – արեւմուտք ցաւալի եւ իրարամերժ դիրքորոշումները որքան էին շահեկան հայութեան համար, մանաւանդ երբ արեւելք ասածը տուեալ պարագայում ներկայանում էր Ռուսաստանը: Այսօր, երբ լրանում է Կարսի պայմանագրի ստորագրման հերթական տարեդարձը, կարծում եմ, տեղին է մէկ անգամ եւս այդ մասին խորհելը: Որքան է նպատակայարմար պետական, ռազմական ու քաղաքական ողջ ներուժով ռուսական կառքին լծուելը: Չէ որ պատմութիւնը մեզ պարզ ու հայեցի դասեր է տալիս` շեշտելով դրա վտանգաւորութիւնն ու կործանարար հետեւանքները: Միթէ այսօր երաշխիք ունենք, որ «եղբայրական ռուս մեծ ժողովուրդը» եւ Քրեմլը հերթական անգամ չեն դաւաճանի եւ աճուրդի չեն հանի «եղբայրական հայ ժողովրդին» ու նրա շահերը:

Բայց սկսենք սկզբից. 1813 թ. Կիւլիստանի պայմանագրով /որի տարեդարձը լրանում է Հոկտեմբերի 12 – ին/, Ռուսաստանը գրաւեց Արեւելեան Հայաստանը: Դրանից յետոյ Ռուսաստանն իր ծաւալուն քաղաքականութեան արդիւնքում բազմիցս պատերազմի մտաւ Թուրքիայի դէմ` ամրապնդելու համար իր դիրքերը Կովկասում եւ Պալքաններում: Այդ պատերազմների արդիւնքում Հայաստանը եւ հայ ժողովուրդը լծուեց ռուսական ռազմական կառքին եւ արդիւնքում` լքուեց հիւսիսային մեծ հարեւանի կողմից ու քաւութեան նոխազ դարձաւ Թուրքիայի համար: 1828 – 1829 թթ. Ռուս – թուրքական պատերազմի ընթացքում ռուսական բանակը ազատագրում է Արեւմտեան Հայաստանի մի զգալի հատուածը, սակայն հետագայում այն կրկին յանձնում է Թուքիային: 1853 թուական. Ղրիմի պատերազմում ռուսական բանակը մեծ յաջողութիւնների հասաւ Կովկասեան ճակատում, բայց պարտութիւն կրելով արեւմուտքում` զիջեց իր նուաճումները Կովկասում եւ հայ ժողովուրդը միայնակ, դէմ – դիմաց կանգնեց Թուրքիայի առջեւ` դառնալով պետական դաւաճան տարր:

1878 – Ռուս – թուրքական պատերազմից յետոյ ռուսական բանակը փայլուն յաջողութիւնների է հասնում Կովկասեան եւ Պալքանեան ճակատներում, եւ Ատրիանապոլսի պայմանագրով ամրագրում է իր նուաճումները: Սակայն Պերլինի վեհաժողովում Ռուսաստանը հրաժարւում է իր նուաճումների մի մասից եւ, որպէս կանոն, զիջումների է գնում, բացառապէս հայկական տարածքների հաշուին: Հայ ժողովուրդը, որ դարձեալ լծուել էր ռուսական ռազմական կառքին, դարձեալ յայտնուեց լքեալ վիճակում եւ մեն-մենակ մնաց Թուրքիայի դէմ…Դարձեալ եղբայրական ռուս ժողովուրդը լքեց մեզ…

Առաջին համաշխարհային պատերազմ – Ռուսական բանակը հայ աշխարհազօրայինների աջակցութեամբ շռնդալից յաջողութիւնների է հասնում Կովկասեան ճակատում, բայց, դարձեալ… Ռուսաստանին պէտք էր Հայաստանն առանց հայերի եւ ռուսական կառավարութիւնը ոչ միայն գործուն ոչինչ չարեց ցեղասպանութիւնը կանխելու, այլեւ իր վարած քաղաքականութեամբ շատ բանով ջուր լցրեց երիտթուրքերի ջաղացին… (Վանի անհասկանալի նահանջ, հայդուկային խմբերի ջարդը, հայոց դպրոցների փակում…)։

1920 թ. Հայաստանի հանրապետութեան դէմ թշնամական յարաբերութիւններ, հայ – թուրքական պատերազմի ժամանակ Թուրքիային հասցէագրուած ուղղակի օգնութիւն, Հայաստանի նուաճում եւ մասնատում, Սեւրի պայմանագրի վիժեցում… 1921 թ. Կովբիւրոյի որոշմամբ Արցախը յանձնուեց Ատրպէյճանին:

1921 թուականին Մոսկուայի, ապա Կարսի պայմանագրերով, Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի հանրապետութեան արեւմտեան տարածքները յանձնեց իր եղբայր Թուրքիային, Նախիջեւանը՝ Ատրպէյճանին։ Հայաջինջ ու դաւաճանական այդ պայմանագիրը անմռունչ վաւերացրեց Ալեքսանտր Միասնիկեանի կառավարութիւնը․․․

Երկրորդ համաշխարհային պատերազմ․ Հայ ժողովուրդը Խորհրդային Միութեան միւս ժողովուրդների նման լծուեց պատերազմին, հարիւր հազարաւոր զոհեր տուեց… ու թւում էր, թէ եկել է ամէնապատեհ ժամանակը Հայկական հարցի լուծման, բայց, Քրեմլի կառավարութիւնը, հաւատարիմ մնալով ռուս – թուրքական յիրաւի բարեկամութեանը, յապաղեց, աւելի ճիշդ` ուղղակի չցանկացաւ հագուրդ տալ հայ ժողովրդի երազանքներին, երբ, պահն իսկապէս պատեհ էր ու, թւում է` խանգարող լուրջ խոչընդոտներ չկային:

1988 – 1990 Խորհրդային կառավարութեան /իմա` Ռուսաստանի/ վարած քաղաքականութիւնը մեղմ ասած` բարենպաստ չէր Հայաստանի եւ հայ ժողովրդի համար… Իսկ վերջում` որպէս յետգրութիւն։ Այս յօդուածը 16 տարի առաջ է գրուել։ Բայց, տեսնում ենք, որ Կարսի պայմանագիրն իր շարունակութիւնն ունեցաւ․ վերջին արարը 2020 թուականի Նոյեմբերի 9-ի համաձայնագիրն էր։ Պատմութիւնը կրկնուելու յատկութիւն ունի․․․

Յ․Գ․ 2։ Քարտէզում կարմիրով նշուած են այն տարածքները, որոնք մեր «եղբայր» ռուսների ձեռամբ, Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերով անցան Թուրքիային։
Յ․Գ․3։ Կարսի ստորացուցիչ եւ դաւաճան պայմանագիրը վավերացրեց Ալեքսանտր Միասնիկեանի կառավարութիւնը։ Միասնիկեանն այսօր էլ հայ ժողովրդի սիրուած հերոսներից է համարւում։ Ուրեմն չկասկածէք, որ տասնամեակներ անց հայ ժողովուրդը կը հերոսացնի, կը փառաբանի նաեւ 2020 թուականի Նոյեմբերի 9-ին ստորացուցիչ համաձայնագիրը կնքողներին, իրագործողներին, սատարողներին։

Վահէ Լոռենց

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ