Հայաստանի Անկախութեան տարեդարձի նախօրէին իշխող ՔՊ կուսակցութիւնը իր համագումարում յայտարարեց իր ընտրած քաղաղական ուղղութեան մասին՝ ստեղծել Չորրորդ Հանրապետութիւն 1991 թուականի Ալմա-Աթայի հռչակագրով սահմանուած տարածքում (այսինքն՝ 1921 թուականի ռուս-թուրքական համաձայնագրով եւ Կարսի պայմանագրերով սահմանուած Հայաստանի վարչական տարածքում): Ինչպէս նշուեց, Չորրորդ Հանրապետութեան ձեւաւորումը սկսւում է Հայաստանի Հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունմամբ, ինչը նշանակում է, 1990 թուականին հռչակուած ներկայիս Հայաստանի Հանրապետութեան լուծարում։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան լուծարման մասին 2023 թուականի Սեպտեմբերին յայտարարելուց յետոյ յաճախ կարծիքներ էին հնչում, որ այս քաղաքական միտումը կը շարունակուի՝ պայմանաւորուած Ատրպէյճանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ վարուող քաղաքականութեամբ: Այլ կերպ ասած, մտահոգութիւններ էին հնչում, որ Արցախեան նախադէպը մի օր կը կրկնուի ամբողջ Հայաստանում: Ենթադրւում էր, որ որոշակի «քաղաքական նպատակայարմարութեան» պատրուակով Հայաստանի Հանրապետութիւնը կը լուծարուի: Ինչպէս տեսնում ենք, իշխող կուսակցութիւնն արդէն յայտարարել է նման ժամկէտի մասին։

Սակայն, նրանք, ովքեր մեծ նշանակութիւն չեն տալիս այս հանգամանքին, կարող են առարկել, որ ծրագիրը պարզապէս նոր Հանրապետութիւն ստեղծելն է ներկայիս Հանրապետութեան փոխարէն: Սա նպատակայարմար է համարւում, քանի որ դա կը թեթեւացնի հարեւան Ատրպէյճանի հետ յարաբերութիւնները եւ կը հաստատի խաղաղութիւնը: Ի վերջոյ, պարզ է, որ Ատրպէյճանը ցանկութիւն չունի խաղաղութեան պայմանագիր կնքել ներկայիս Հայաստանի Հանրապետութեան հետ։

Իրավիճակը թւում է բաւականին պարզ եւ բացատրութեան կարիք չունի: Ի վերջոյ, խաղաղութեան հասնելու համար բոլոր քոնֆլիքթային հարցերը պէտք է վերացուեն Հայաստանի հարեւանների հետ յարաբերութիւններից: Եւ սա այս պահի ամէնահրատապ հարցն է։

Հնարաւոր է՝ «մաքուր թղտի» վրայ սա համոզիչ է թւում անկայունութիւնից յոգնած հայ հասարակությունների համար: Թող խաղաղութիւն հաստատուի ցանկացած գնով: Եւ քչերն են մտածում, թէ արդեօք գործողութիւնների այս ընթացքը յանգեցնում է խաղաղութեան: Թէ սա ամբողջովին իւրօրինակ հաշուարկուած, «վատ հաշուարկուած» մօտեցում է: Իբր Ատրպէյճանի հետ խաղաղութեան պայմանագիր արդէն ստորագրուել է, եւ մնում է միայն այն իրականացնել: Իբր Հայաստանի վարչապետը չգիտի, որ Ատրպէյճանի հետ խաղաղութեան պայմանագիր չկայ: Իբր Հայաստանն իրականում ընդհանրապէս Հայաստան չէ, այլ վարձակալուած բնակարան ուրիշի շէնքում: Ասես ոչ ոք չէր լսել Ատրպէյճանի նախագահ Ալիեւի այն յայտարարութիւնը, որ հայերը կը կարողանան պետութիւն ունենալ միայն այն դէպքում, եթէ ընդունեն Ատրպէյճանի բոլոր պայմանները։

Որո՞նք են այդ պայմանները։ Եթէ միակ պայմանը Սահմանադրութիւնից Լեռնային Ղարաբաղի մասին յիշատակող նախաբանը հանելն է, ապա նոր Սահմանադրութիւն ընդունելն իմաստ չունի։ Գործող Սահմանադրութեան մէջ փոփոխութիւններ կարող են ընդունուել, եւ վերջ։ Բայց ոչ՝ նպատակը նոր Հանրապետութեան ձեւաւորումն է։ Սա նշանակում է, որ կան այլ հանգամանքներ։

Եւ եթէ սա ճիշդ է, ապա Հայաստանում նոր պետութեան ձեւաւորման հետ կապուած ճակատագրական ռիսքերի հարցը դառնում է հրատապ։ Նախ, ի՞նչ պայմաններ պէտք է Ատրպէյճանը նախատեսի նոր Սահմանադրութիւնում։ Բայց ամէնակարեւորը՝ արդեօ՞ք այս նոր հանրապետութեան անկախութիւնը կը ճանաչուի իր հարեւանների եւ նրանց շատ դաշնակիցների կողմից։ Ինչո՞ւ է Հայաստանին դրդւում ստեղծել նոր պետութիւն։ Ի՞նչ են ակնկալում Հայաստանից այս ընթացքւմ։ Կրկնում եմ՝ խօսքը հայկական պետութեան առկայ քաղաքական եւ իրաւական հիմքերի վերացման մասին է։

Բոլոր այն «մասնագէտները», ովքեր չափազանց ինքնավստահ Հայաստանի վարչապետին դրդում են լուծարել գործող Հանրապետութիւնը եւ ստեղծել մէկ այլ Հանրապետութիւն, այս բոլոր մարդիկ պէտք է իմանան, որ խաղաղութեան հասնելու համար «առանձնակի խելօք անվտանգային մանեւրները» երբեմն շատ վատ են աւարտւում։ Նրանք, ովքեր 1914 թուականին համոզեցին հայ ժողովրդին զօրահաւաք անել իրենց որդիներին Օսմանեան բանակում՝ խոստանալով անվտանգութիւն, նաեւ վստահ էին, որ օսմանցիների հետ նման համաձայնագիրը կ՛առաջացնէր բարի մտադրութիւններ՝ կառավարութեան եւ հայ ժողովրդի միջեւ խաղաղութիւնը պահպանելու համար: Սակայն ի պատասխան նրանք ստացան հայ զինուորների կոտորած եւ հետագայ ամբողջ հայ ժողովրդի ոչնչացում: Այն ժամանակ աշխարհում ոչ ոք աչք չթարթեց. հայերը քաղեցին իրենց կարճատեսութեան պտուղները: Այնուհետեւ մենք նմանատիպ բան տեսանք 2020 թուականից յետոյ Արցախում: Եւ կրկին, ոչ ոք աչք չթարթեց:

Եւ հիմա ոչ ոք աչք չի թարթի: Եթէ որեւէ մէկը յոյս է կապում ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, ապա պէտք է պատշաճ կերպով գնահատի նրա երկրի ներկայիս իրավիճակը եւ նրա յարաբերութիւնները այլ ինքնիշխան երկրների հետ: Մենք չպէտք է մոռանանք, որ մենք ապրում ենք համաշխարհային կարգի քայքայման եւ միջազգային յարաբերութիւնների սկզբւնքների ու մեխանիզմների լիակատար վերադասաւորման ժամանակաշրջանում: Ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան եւ մարդու իրաւունքների միջազգային սկզբունքները արժեզրկւում են: Ցանկացած պետութեան ճակատագիրը կախուած է մազից: Մարդիկ զանգուածաբար ոչնչացւում են եւ վտարւում իրենց հայրենիքներից: Եւ նման պայմաններում սեփական պետութեան քաղաքական եւ իրաւական հիմքերը ջնջելը դավաճանութիւնից էլ վատ է՝ դա ճակատագրական սխալ է։ Խաղաղութեան էութիւնը սխալ տեղում է փնտռւում։

Մանուէլ Սարգսեան

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ