Առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը ilur.am-ի խնդրանքով պարզաբանել է այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքի» խնդրի հանգուցալուծման իր պատկերացումը: Նա ի սկզբանէ մերժելի է որակել «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը եւ աւելի ճիշդ համարել «Զանգեզուրի տրանսպորտային հանգոյց» բնորոշումը:

Առաջին նախագահի գնահատմամբ, այդ տրանսպորտային հանգոյցի վերահսկողութիւնը «բնականաբար, սուվերէն իրաւունքի ուժով պէտք է իրականացուի բացառապէս Հայաստանի կողմից», իսկ ինչ վերաբերում է շահագրգիռ այլ պետութիւնների քաղաքական եւ տնտեսական նպատակադրումներին, ապա նրա համոզմամբ, Հայաստանն ի վիճակի է, միջազգային իրաւունքի պահանջների համաձայն, երաշխաւորել նրանց անխափան գործունէութիւնը:

Ըստ նախագահ Տէր-Պետրոսեանի՝ այդ հարցում Հայաստանը կամայ, թէ ակամայ, ակնկալում է իր ռազմավարական գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Իրանի աքթիւ համագործակցութիւնը, հակառակ նրանց միջեւ առկայ ակնյայտ տարաձայնութիւնների: Նրա բնորոշմամբ՝ մեծ տէրութիւնների միջեւ հակասութիւնները, որպէս կանոն, աւելի հեշտութեամբ են լուծւում, քան փոքր երկրների միջեւ, ինչը բացատրւում է մեծերի հասունութեան հանգամանքով:

Առաջին նախագահի այս շատ էական մեկնաբանութիւնը յաջորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Քոփիրքինի հետ նրա աւելի քան մէկ ժամ տեւած առանձնազրոյցին: Ինչպէս կարելի է հասկանալ, այդ ընթացքում նա յանգել է եզրակացութեան, որ, իր բնորոշմամբ, «Զանգեզուրի տրանսպորտային հանգոյցի» գործարկումը Ռուսաստանի համար անվտանգային լուրջ խնդիր չի ներկայացնում, եւ այդ հարցում Մոսկուան եւ Ուաշինկթընը «մեծերի հասունութեան հանգամանքով» կարող են սկզբունքային համաձայնութեան հասնել կամ արդէն իսկ «շատ մօտ են դրան»:

Նախագահ Տէր-Պետրոսեանը միաժամանակ անուղղակի գնահատում է Իրանի պաշտօնական մօտեցումը: Այսպիսով նա միանգամայն հնարաւոր եւ օպտիմալ է համարում, որ «Զանգեզուրի տրանսպորտային հանգոյցը» գործի Հայաստանի իրաւազօրութեան ներքոյ եւ երաշխաւորի շահագրգիռ այլ պետութիւնների «անխափան գործունէութիւնը»:

Ըստ էութեան՝ առաջին նախագահի այս վերլուծութիւնը «գծում է ընդդիմութեան բաժանարարը». Նա հանրայնացնում է, որ ՀԱԿ-ը չի կիսում գործող իշխանութեան դէմ քարոզչութիւնը, որ կառուցուած է «թղթով այդպէս չէ, իրականում Ատրպէյճանը Սիւնիքում արտատարածքային միջանցք է ստացել» թէզի վրայ:

Վահրամ Աթանէսեան
1in.am
12 Սեպտեմբեր 2025

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ