Որքան էլ Սերժ Սարգսեանը ջանայ ապացուցել, թէ բանակցային լաւ վիճակ է փոխանցել Փաշինեանին, չի կարողանալու։ Ինքն է 2018-ի Ապրիլի 17-ին Ազգային ժողովում, երբ վարչապետ էր պատրաստւում դառնալու, յայտարարել, թէ «բանակցային գործընթացը լաւատեսութիւն չի ներշնչում, բայց աւելի յստակ ասած, որ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է,- ապա աւելացրել է,- կանգնած է, որովհետեւ այդ բանակցութիւնների արդիւնքից Ատրպէյճանի ղեկավարութեան ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար»,- ապա շարունակել, որ Ատրպէյճանի համար «փոխզիջումները նշանակում են միայն զիջումներ Լեռնային Ղարաբաղի կողմից կամ Հայաստանի Հանրապետութեան կողմից»։

Եթէ մտովի 1998 թուական վերադառնանք ու վերյիշենք, թէ ինչ էր իրենից ներկայացնում այդ շրջանի բանակցային ընթացքը, թէ ուժերի ինչ յարաբերակցութեամբ, ինչպէս եւ ինչի շուրջն էին պայմանաւորւում կողմերը, թէ կողմերից որն ինչ էր զիջում եւ վերջնարդիւնքում ինչ էր ձեռք բերում, ապա 1998-ին Արցախի հարցը շահարկելով իշխանութեան եկած գործիչներին, որոնցից մէկն էլ Սերժ Սարգսեանն էր, մէկ հարց պէտք է ուղղուի․ ի՞նչ են նրանք 20 տարի շարունակ արել, որ հասել են 2018-ի վիճակին:

Այս հարցը նրանք շրջանցում են։ Կը լինի Ռոպէրթ Քոչարեանը, Սերժ Սարգսեանը, թէ նրանց մանր ու մեծ արբանյակները, իրենց սխալը չեն ընդունել ու երբեք չեն ընդունելու։ Ո՛չ իրենց մտքում եւ ո՛չ էլ բարձրաձայն չեն խոստովանի, որ 1998-ին սխալուել են։ Ոչ մի դէպքում չեն ընդունի, որ իշխանութեան գալուց յետոյ իրենց վարած ներքին ու արտաքին քաղաքականութեան արդիւնքում մեր երկիրն անընդհատ ու բոլոր բնագաւառներում նահանջել է եւ չէր կարող 2018-ի սահմանագծին չհասնել, երբ Ատրպէյճանն արդեն այնքան էր վստահ, որ Հայաստանից միայն զիջումներ էր պահանջում։

Նրանք տարիներ շարունակ հասարակութեանը մոլորեցրել են։ Վստահեցրել են, թէ ամուր են մեր դիրքերն, ու յաղթական դիրքերից են բանակցում։ Հաւատացրել են, թէ ուժեղ ենք այնքան, որքան եղել ենք ու պատերազմից չենք վախենում։ Հաշտութեան ու համակեցութեան կողմնակիցներին պարտուողականներ անուանելով լուսանցք են մղել։ Չեն տեսել, չեն կարողացել տեսնել վտանգները, որ առջեւում են։ Չեն հասկացել, որ ժամանակը մեր դէմ է աշխատում։

Չկարողանալով ճիշդ համադրել մեր ցանկութիւնները եւ մեր հնարաւորութիւնները, մեր հնարաւորութիւններին ոչ համարժէք խնդիրներ առաջ քաշելով՝ նրանք են մեզ 2018 թուական հասցրել, երբ բանակցութիւններ չկային արդէն, իսկ մինչեւ 2020-ի պատերազմ ու պարտութիւն մէկ քայլ էր մնացել, որն էլ կատարեց Փաշինեանը։

Փաշինեանն, իհարկէ, ճիշդ է՝ իրեն տապալուած բանակցային գործընթաց է ժառանգուել։ Այլ խնդիր է, որ նման ժառանգութեան պարագայում իր անելիքը չի հասկացել։ Գործել է վիճակին անհամարժէք ու անպատասխանատու։

Ինչ-ինչ հաշուարկներից ելնելով՝ Փաշինեանն այսօր խօսում է իր սխալներից։ Իսկ նրա դէմ պայքարող ընդդիմադիրները, որ հրապարակում են ու խորհրդարանում, որոնց մեղքով է նաեւ, որ ունենք այս վիճակը, իրենց սխալներից չեն խօսում։ Իրենց սխալներից խօսելու փոխարէն Փաշինեանի սխալներն են մատնացոյց անում։ Փաշինեանի սխալների հաշուին միաւորներ են փորձում վաստակել։ Փաշինեանի սխալներով իրենց սխալներն են կոծկում։

Նրանք, որ հարեւանների հետ առկայ հակասութիւնները փոխհամաձայնութեամբ լուծելուն դէմ էին, որ հակամարտութեամբ կայացել ու ապրել են, որ տարիներ շարունակ յայտարարել են, թէ ոչինչ չեն զիջելու, այսօր նոյն ռազմահայրենասիրական կարգախօսներով իշխանութիւնը յետ վերցնելու յայտ են ներկայացնում։ Խօսում են բանակը զինելուց, հզօրացնելուց ու կորցրածը յետ բերելուց։

Ինչպէս պէտք է զինենք, ինչ միջոցներով՝ չեն ասում։ Չեն ասում, թէ ինչպէս ենք սպառազինութիւնների մրցավազքում յաղթելու շատ աւելի մեծ հնարավորութիւններ ունեցող հակառակորդին։ Յաղթանակներ, սակայն, խոստանում են։ Իրենց յետեւից գնալու կոչեր են անում։ Հոգ չէ, որ առջեւում կարող է նոր պարտութիւն լինել։ Կարեւորն իշխանութիւն ձեռք գցելն է։

Վարդան Յարութիւնեան

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ