Օգոստոսի 28-ը «բացայայտումների» օր էր: 

Մենք ոչ միայն իմացանք, որ Նիկոլ Փաշինեանը իրեն նոյնացնում է Հայաստանի կառավարութեան հետ: «Կառավարութիւնը ես եմ» խօսքերից յետոյ, որոնք, փաստօրէն, շատ էլ ընդունելի են այդ կառավարութեան անդամների համար, Հայաստանի վարչապետը անցաւ Արտաքին յարաբերութիւնների եւրոպական խորհրդի հրաւիրեալ գիտաշխատող, Ճոզէֆ Պայըւնի վարչակազմում ԱՄՆ պետքարտուղարի Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով օգնական Ճէյմս Օ’Պրայընին, որը յօդուած էր գրել «Ուաշինկթընեան պայմանաւորուածութիւնների մասին»

Պաշտօնաթող դիւանագէտին չփրկեց անգամ այն, որ այդ յօդուածում նա Փաշինեանին «քաջ եւ հեռատես առաջնորդ» էր անուանել: 

Նա այնքան քաջ է, որ յայտարարեց.

«Նախ արձանագրենք՝ պարոն Օ’Պրայընը նախագահ Թրամփի պաշտօնավարման արդիւնքում զրկուել է աշխատանքից, հիմա խնդիր ունի բացատրելու, թէ ինչու նախագահ Թրամփի վարչակազմը կարողացաւ անել այն, ինչ իրենք չկարողացան անել: Եթէ պարոն Օ’Պրայընը խօսում է ՀՀ խոցելիութիւնների մասին, պիտի արձանագրեմ, որ ՀՀ-ն ամէնախոցելին եղել է հենց իր եւ իրենց պաշտօնավարման շրջանում: Ուզում եմ յիշեցնել 2021թ., 2022թ., 2023թ. իրադարձութիւնները։ Մենք երբեք բաւարարուած չենք եղել այն արձագանքից եւ աշխատանքից, որ ԱՄՆ-ի այդ պահին գործող վարչակազմը իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղութեան օրակարգը աջակցելու համար:

Նրա էմոցիոնալ գնահատականները չեմ պատրաստւում մեկնաբանել: Իր աշխատանքի կորցնելու մեղքը թող չփորձի բարդել ՀՀ վրայ: ՀՀ-ն այսօր իր նորագոյն պատմութեան ամէնապակաս խոցելի վիճակում է»:

Ու որպէսզի էլ աւելի ուժեղ «պատժի» Ճէյմս Օ’Պրայընին, ճեպազրույցից քիչ անց հրապարակեց Թրամփից ստացուած լուսանկարը՝ «Nikol, you are great» մակագրութեամբ (մի քանի օր առաջ նման լուսանկարներ էր հրապարակել նաեւ Իլհամ Ալիեւը):

Մենք չգիտենք, թէ ԱՄՆ նախկին վարչակազմի ներկայացուցիչների եւ, մասնաւորապէս, Ճէյմս Օ’Պրայընի իր փակ հանդիպումների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ինչ է խօսել հայկական կողմի (այսինքն՝ իր, քանի որ «կառավարութիւնն ինքն է») դժգոհութիւնների մասին եւ արդեօ՞ք առհասարակ խօսել է: Ուստի առաջնորդուենք հասանելի բաց փաստերով:

2023 թուականի Նոյեմբերին ելոյթ ունենալով ԱՄՆ Քոնկրէսի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում ՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերեալ լսումների ժամանակ, նա ասել էր, որ Միացեալ Նահանգները եւ Եւրամիութիւնը ցանկանում են ապահովել Հայաստանի մերձեցումը անդրատլանտեան դաշնակիցների հետ եւ մշակում են դա ապահովելու սխեման։

«Եւրայանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն տեր Լայէնը յայտարարել է, որ մտադիր է հանդիպում անցկացնել մեր եւ Հայաստանի հետ՝ Հայաստանը մեր համայնքին աւելի մերձեցնելու նպատակով։ Ես դա քննարկել եմ մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետի հետ, եւ մենք պարզում ենք, թէ դա ինչպես կարող է լինել»:

Նա նշել էր, որ դաշնակիցները «ճանապարհի կէսին են»։ 

Եւ իսկապէս, այդ ելոյթից մօտ կէս տարի անց՝ 2024 թուականի Ապրիլի 5-ին Պրիւսելում տեղի ունեցաւ Հայաստան-Եւրամիութիւն-ԱՄՆ եռակողմ հանդիպումը, որից առաջ իշխանական փրոփականտան աննախադէպ քարոզչութիւն էր ծաւալել՝ փորձելով այն ներկայացնել որպէս դարակազմիկ իրադարձութիւն: Հանդիպման արդիւնքները, մեղմ ասած, համեստ էին: Ինչպէս երէկ իմացանք, մեղաւորը Պայտընի վարչակազմն էր:

2024 թուականի Յուլիսին Ճէյմս Օ’Պրայընն ասել էր, որ եթէ ԱՄՆ-ն «կարողանայ առեւտրային ուղի բացել Ատրպէյճանի եւ Հայաստանի տարածքով, Կենդրոնական Ասիայի երկրները մուտք կ՛ունենան դէպի համաշխարհային շուկաներ եւ կը նուազեցնեն կախվածութիւնը Ռուսաստանից եւ Չինաստանից»: 

Այսինքն, հենց Օ’Պրայընն էր «եփում» այն, ինչն այսօր ստացել է «Թրամփի միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման միջանցք» (TRIPP) անուանումը՝ ուզի դա Նիկոլ Փաշինեանը, թէ չուզի: Իհարկէ, առնուազն տարակուսելի է, որ իր յօդուածում պաշտօնաթող Օ’Պրայընը ակնարկում է, որ Ռուսաստանին դուրս թողնելը կարող է խնդրայարոյց լինել, բայց դա թողնենք ամերիկացի վերլուծաբաններին:

Ի վերջոյ, եթէ Նիկոլ Փաշինեանն այդքան դժգոհ էր Պայտընի վարչակազմից, ինչո՞ւ դրա հեռանալուց ընդամէնը մէկ շաբաթ առաջ Հայաստանն ու ԱՄՆ-ն Ուաշինկթընում ԱՄՆ կառավարութեան եւ ՀՀ կառավարութեան ռազմավարական գործընկերութեան յանձնաժողովի կանոնադրութիւնը ստորագրեցին: Աւելի տրամաբանական եւ քաղաքականապէս աւելի պարկեշտ կը լինէր ստորագրել այն արդէն նոր վարչակազմի հետ:

Ես շատ լաւ յիշում եմ, որ 2023 թուականի Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ պետքարտուղարի Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Եուրի Քիմը յայտարարել էր.

«Միացեալ Նահանգները չեն հաշտուի որեւէ կարճաժամկէտ կամ երկարաժամկէտ գործողութիւնների հետ՝ ուղղուած Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան դէմ էթնիկ զտումների կամ այլ վայրագութիւնների իրականացմանը»։

Այդ ելոյթից 4 օր հետո 120 000 հայեր էթնիկ զտման ենթարկուեցին: ԱՄՆ պաշտօնեաները յայտարարութիւններ արեցին, Պաքուն դրանց կոշտ արձագանքեց եւ արդէն 2023-ի վերջին ամերիկեան քննադատութիւնը մարեց: 

Կարող եմ ենթադրել, որ այս դրուագը լաւ յիշում է նաեւ Փաշինեանը: Սակայն եթէ նա իրեն պետական գործիչ է համարում, ապա իրաւունք չունի նման կերպով արտայայտուել ԱՄՆ հեռացած վարչակազմի մասին: Յատկապէս՝ այն վարչակազմի, որի վերընտրուելու համար հայկական կողմը փաստացի քարոզչութիւն էր տանում:

Ցաւօք, սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դէպքն է:

2021 թուականի Յունուարի սկզբին Նիկոլ Փաշինեանը գրել էր «44-օրեայ պատերազմի ծագումը» յօդուածը, որտեղ պնդել էր, որ Ռուսաստանն առաջարկում էր «հենց այնպէս» Ատրպէյճանին վերադարձնել 7 շրջանները և մոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին:

Արձագանքելով այդ յօդուածին՝ ԵԱՀԿ Մինսքի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել էր.

«Ռուսաստանեան առաջարկներ ասելիս հաւանաբար խօսքը փուլային կարգաւորման նախագծի մասին է, որը վերջին խմբագրութեամբ կողմերին էր փոխանցուել 2019 թուականի Յունիսին ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների կողմից: Այդ նախագծի հիմքում, որը մեծապէս համընկնում է Կազանի փաստաթղթի հետ, դրուած են հիմնարար սկզբունքները, որոնց թւում են առաջին փուլում Ատրպէյճանին հինգ շրջանների վերադարձը, իսկ երկրորդ փուլում՝ երկու շրջանների, ընդ որում՝ յատուկ շեշտում եմ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանման համակցմամբ: Առաջին փուլի Երեւանի շահերը ներկայացնող տարրերից են Լեռնային Ղարաբաղի բնակչութեան լիարժէք կեանքն ապահովող իրաւունքների ճանաչումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցութիւնը ԵԱՀԿ նիստերին, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման պարտաւորութիւնների ստանձնումը եւայլն: Ուստի պնդումներն այն մասին, որ Ռուսաստանն առաջարկում էր «հենց այնպէս» Ատրպէյճանին վերադարձնել 7 շրջանները, մոռանալ կարգավիճակի մասին եւ հանգստանալ, իրականութեանը չեն համապատասխանում»:

2021-2022 թուականներին Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ «գլխաւոր միջնորդի» դերը ստանձնեց Եւրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշէլը: Քանի որ Նիկոլ Փաշինեանը ամէն ինչ բոլորից լաւ գիտի եւ «տնային աշխատանք» կատարելու սովորութիւն չունի, նա, թերեւս, չէր ուսումնասիրել Շարլ Միշէլի նախորդ նախաձեռնութիւնների ճակատագիրը: Հաւանաբար, տեղեակ չէր, որ հենց Միշէլը ճգնաժամ առաջացրեց Եւրամիութեան եւ Վրաստանի յարաբերութիւններում, երբ վերջիններս մերժեցին ընդդիմութեան հետ երկխօսութիւնում միջնորդելու նրա առաջարկը: Իլհամ Ալիեւը «տնային աշխատանք» կատարում է, ուստի չէր վարանում պարբերաբար Միշէլին «տեղը դնել»: Ի վերջոյ, Նիկոլ Փաշինեանը հիասթափուեց նաեւ Եւրոպական խորհրդի նախագահից՝ այդ մասին մանրամասն գրել եմ 2022թ. Մայիսին։ 
Շառլ Միշէլին «փուռն է տալիս», մեզ էլ ապուշի տեղ է դնում սիւնակում:

Հիմա էլ հերթը հասաւ Պայտընին: Որի «մեղքերից» մէկը, թերեւս, Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն է:

Յաջորդը, թերեւս, կը լինի Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն տեր Լայէնը:

Կարելի է մեղադրել Փութինին, Միշէլին, Պայտընին, այլոց: Բայց դրա արդիւնքում ոչ միայն աւելի լաւ «պարող» չես դառնում, այլեւ միջազգային գործընկերների համար դառնում ես անվստահելի եւ անցանկալի: Յատկապէս որ «Nikol, you are great!» գրողը մի քանի օր յետոյ Հայաստանի ու Ատրպէյճանի անուանումները չի կարողանում ճիշդ արտաբերել:

Արա Թադեւոսեան
Մե
տիամաքս

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ