Չինաստանից տունդարձի ճանապարհին Թուրքիայի նախագահը ճեպազրոյց է ունեցել ուղկեցող լրագրողական խմբի հետ: «Անատոլուն» փոխանցում է, որ Էրտողանը խօսել է Ուաշինկթընում հայ-ատրպէճանական պայմանաւորուածութիւնների մասին: Նրա գնահատմամբ՝ Հայաստանը եւ Ատրպէյճանը «նշանակալի չափով յաղթահարել են խաղաղութեան ճանապարհի խոչընդոտները եւ հասել եզրագծին»:

Էրտողանը հանրայնացրել է, որ ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում բանակցութիւններ է վարել Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ եւ արդիւնքում «տեսել, որ Ալիեւը եւ Փաշինեանը նոյն դիրքորոշումն ունեն»:

Թուրքիայի նախագահը մասնաւորեցրել է. «Սահմանային անցակէտերի բացմամբ, թրանսփորթային երթուղիների գործարկմամբ տարածաշրջանը դրական լուրջ ազդակներ կը ստանայ»,- ձեւակերպել է Էրտողանը: Ճշդող հարցին, թէ ի՞նչ է սպասւում այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքին»,-Թուրքիայի նախագահը կրկնել է նախորդ սահմանումը. ««Զանգեզուրի միջանցքի» բացումով մեր տարածաշրջանում կ՛իշխի խաղաղութիւն եւ կայունութիւն, կ՛աշխատեն ցամաքային եւ երկաթուղային երթուղիները, կը բացուեն սահմանային անցակէտերը»:

Ըստ էութեան, Թուրքիայի նախագահն ասել է այն, ինչ Իլհամ Ալիեւի համար չափազանց դժուար է խոստովանել եւ, մանաւանդ, մատուցել սեփական հանրութեանը, որին նա աւելի քան երկու տասնամեակ պահել է «Արեւմտեան Զանգեզուրը վերադարձնելու եւ Նախիջեւանի հետ միաւորուելու» էյֆորիայի տակ:

Էրտողանի ձեւակերպումներից յստակ հետեւում է, որ տարածաշրջանում հաղորդուղիների ապաշարջափակումը ծրագրւում է իրականացնել սահմանային անցակէտերի բացման սկզբունքով: Իսկ դա նշանակում է, որ Պաքու-Նախիջեւան հաղորդակցութիւնը Հայաստանի տարածքում ենթարկուելու է սահմանային, ուստի եւ՝ մաքսային ստուգման՝ ՀՀ օրենսդրութեամբ սահմանուած կարգով:

Թուրքիայի նախագահի խօսքից կարելի է ենթադրել, որ Ուաշինկթընում ձեռք բերուած պայմանաւորուածութիւններն սկզբունքօրէն վերաբերելի են նաեւ հայ-թուրքական յարաբերութիւններին: Աւելի վաղ նա ասել է, որ այդ գործընթացում քննարկւում են շօշափելի քայլեր:

Վահրամ Աթանէսեան
1in.am
3 Սեպտեմբեր 2025

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ