
Ըստ իս՝ մեր երկրի քաղաքական դաշտի ԳԼԽԱՒՈՐ ԹԵՐՈՒԹԻՒՆՆ այն է, որ այն կառուցուած է անձերի վրայ։ Չկայ գաղափարախօսութիւն, որն իր հերթին հիմնուած կը լինի քաղաքական կամ տնտեսական ինչ-ինչ պատկերացումների վրայ, չկայ՝ բացակայում է։ Կայ ընդամէնը քաղաքական առաջնորդ, որի շուրջ էլ, ելնելով ամէնատարբեր մոտիվացիայից, հաւաքւում են իր կողմնակիցները։ Արդիւնքում օբյեկտիւօրէն տեղի է ունենում նոյն այդ առաջնորդի «սրբացում»՝ իր անսխալականութեան, «փրկիչ» լինելու հիմքով, դէ իսկ առաջնորդն ինքն էլ, մարդն ի վերջոյ թոյլ արարած է, ի վերջոյ ՍԿՍՈՒՄ Է ՀԱՒԱՏԱԼ իր «սուրբ փրկչական, անսխալ լինելու» առաքելութեանը։ Արդիւնքում առաջանում է մի երեւոյթ, որը քաղաքագիտութեան մէջ կոչւում է «վոժդիզմ»։ Եւ կարեւոր չէ, խօսքը Կարէն Դեմիրճեանի, Լեւոն Տէր-Պետրոսեանի, Ռոպէրթ Քոչարեանի, Սերժ Սարգսեանի, թէ՞ Նիկոլ Փաշինեանի մասին է, կարեւոր չէ՝ երեւոյթն առկայ է։ Աւելին, այն առկայ է նաեւ քաղաքական համակարգի աւելի ցածր աստիճանի անձանց պարագայում՝ լինի դա Վազգէն Մանուկեան, Վանօ Սիրադեղեան, Ստեփան Դեմիճեան, Ռաֆֆի Յովհաննիսեան եւայլն։
«Վոժդը» սուրբ է եւ անսխալական, նա «լուսաւոր մի փրկիչ է»՝ վերջինիս կողմնակիցները ԵԼՆՈՒՄ ԵՆ ՀԵՆՑ ԱՅՍ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԻՑ՝ փառաբանելով իւրայինին եւ նրան երկինք հասցնելով, իսկ կողքի «վոժդին» էլ ստորացնելով եւ խառնելով ցեխին։ Ասեմ, սակայն, որ սա զուտ ներհայաստանեան երեւոյթ չէ՝ սա ընդամէնը միայն ասիական պարզ մի արտացոլում է՝ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ԱՍԻԱԿԱՆ ԲԱՐՔԵՐԻ այն համատեքստում, երբ, ասիական տիպի քաղաքական համակարգերում ամէն ինչ հիմնուած է լինում, առանց բացառութեան, անձի անձնական յատկանիշների վրայ։ Տիպիկ օրինակները նայէք՝ Աթիլլա, Չինկիզ խան, Լենկ-Թեմուր, Շահ-Ապպաս, Նատիր շահ եւայլն, եւայլն, եւայլն։ «Վոժդիզմի» բերող անձնական այս համակարգերում այս առաջնորդներից իւրաքանչիւրին ԿԵՆԱՑ ՈՒ ՄԱՀՈՒ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՊԷՏՔ ԷՐ սեփական «անսխալականութեան», «աստուածընտրեալ» լինելու գաղափարը, քանի որ նրանցից իւրաքանչիւրի իշխանութիւնը հիմնուած էր զուտ միայն անձնական հեղինակութեան վրայ, դէ իսկ սխալուելն էլ, բնականաբար, ենթադրում է հեղինակութեան կորուստ, ինչն իր հերթին բերում էր իշխանութեան կորստի։ Արդիւնքում «անսխալականութեան կանխավարկածը» դառնում է իշխանութիւնը պահելու կարեւորագոյն բաղադրատարր։ Աւելին, այն աճում, ՀԱՍՆՈՒՄ Է պետական ներքին քաղաքականութեան աստիճանի, մտնում է հասարակութեան մտածողութեան մէջ։ Հենց դրանով է, ի դէպ, բացատրւում ասիական այն ֆենոմէնը, որը կենցաղում սեղմ կերպով արտայայտւում է հայերէն յայտնի. «ԸՆԿԵՐՈՋՍ ՍԽԱԼՆ ԻՄ ՃԻՇԴՆ Է» արտայայտութեան մէջ։
Սրան հակառակ՝ Եւրոպական համակարգերում, որտեղ հասարական-տնտեսական վաղուց արդէն ԱՒԵԼԻ ԲԱՐՁՐ կացութաձեւ կայ, քան ասիականում է, մարդիկ արդէն վեր են կանգնել սրանից, այնտեղ չկայ «վոժդ», որն, առաւել եւս՝ անսխալական է։ Թրամփին հանրապետականները կարող են նախընտրական փրայմերիզներում անխնայ ոտնատակ տալ, նոյնիսկ իր ընտրուելուց յետոյ էլ իրեն կարող են քննադատել, իսկ այժմ նոյնը պատկերացրէք մեր երկրում՝ չի լինի, չկայ նման բան, մեր երկրում «վոժդը» անսխալական է, նա «սուրբ է», աստուածընտրեալ է, յայտնւում է «օդից» եւ կոչուած է «սուրբ առաքելութեան»՝ փրկել երկիրը։ Արդիւնքում ստեղծւում էմոցիոնալ, բայց նաեւ քաղաքական անհրաժեշտութեամբ թելադրուող է ԱՆՁԻ ՊԱՇՏԱՆՄՈՒՆՔԻ ՄԻ ԻՐԱՎԻՃԱԿ, որը, գումարուելով մեզ բնորոշ տաքարիւնութեանը, բերում է կրքերի թէժացման՝ մէկը միւսի վիրաւորում են եւ տալիս ամէնատարբեր գնահատականներ, որոնց մէջ «Լեւոնի վկայ», «Քոչի փիցցայակեր», «Սերժի ծախուած» «Նիկոլի զոմպի» եւ այլ արտայայտութիւններն ամէնամեղմերից են։
ՄԵՆՔ ՊԷՏՔ Է ՎԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ԱՅՍ ԱՄԷՆԻՑ, որպէսզի աճենք, որպէսզի ոտքի հանենք մեր պետութիւնը, անձնակենդրոն այս «վոժդիզմը» ասիականութիւն է, այն մեզ ոչ մի տեղ չի տանելու, այն անցեալ է, մեզ պէտք է ՀԱՄԱԿԱՐԳ, այդ թւում նաեւ քաղաքական կեանքում, մեզ պէտք են այդ համակարգում գործող մարդիկ, որոնք ունակ են լսել քննադատութիւնը, քանզի հենց քննադատութիւնն է, որ… աճեցնում է մարդուն։
Մհեր Յակոբեան







Մեկնաբանէ