Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ատրպէյճանը պելառուսական զէնք է օգտագործել հայկական կողմի դէմ։ Հակաօդային հրթիռային համակարգերն արիւնալի մարտերի ժամանակ ոչնչացրել են անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին են վկայում «Բիւրօ»-ի տրամադրութեան տակ գտնուող բացառիկ փաստաթղթերը։ Դրանք նաեւ ցոյց են տալիս, թէ ինչպէս է հաստատուել յետխորհրդային երկրների միջեւ ռազմական համագործակցութիւնը: Պելառուսական զէնքն Ատրպէյճան է մատակարարուել օֆշորային ընկերութեան միջոցով, որի յետեւում կանգնած են ազդեցիկ գործարարներ: Մասնագէտները զգուշացնում են՝ նման սխեման մեծացնում է կոռուպցիոն ռիսքերը։ Լրատուամիջոցի տրամադրութեան տակ են յայտնուել աւելի քան 200 կիկապայթ ելեկտրոնային նամակներ պելառուսական զէնք արտադրող «Տետրաէդր» ընկերութիւնից: Ֆայլերը տարածուել են Anonymous Liberland-ի եւ Pwn-Bär Hack Team-ի հաքերների կողմից: «Բիւրօ»-ն եւ գործընկերները հետաքննել են արտահոսքը եւ պարզել Ատրպէյճանի ու Պելառուսի միջեւ Արցախեան երկրորդ պատերազմի նախօրէին իրականացուած գաղտնի գործարքների մանրամասները։ Լրատուամիջոցներն արդէն հաղորդել են պելառուսական զէնքի՝ թէժ կէտ մատակարարման մասին, սակայն փաստաթղթերն առաջին անգամ բացայայտում են, թէ ինչպէս են այդ զէնքերը յայտնուել եւ օգտագործուել պատերազմում։ Հրթիռներով՝ ԱԹՍ-ների դէմ Մինսէի «Տետրաէդր» ընկերութիւնը պելառուսական պաշտպանական արդիւնաբերութեան հպարտութիւնն է: Այս ոչ կառավարական ձեռնարկութիւնը հիմնականում զբաղւում է հին ռազմական տեխնիկայի արդիականացմամբ: Մասնաւոր պաշտպանական ձեռնարկութիւններ հազուադէպ են հանդիպում Պելառուսում: Դրանք սովորաբար հիմնադրւում են պետական ​​հատուածի նախկին աշխատակիցների կողմից, ովքեր օգտագործում են ռազմական եւ արդիւնաբերական շրջանակներում հաստատուած կապերը։ Նշւում է, որ «Տետրաէդր»-ի հիմնադիր եւ անփոփոխ ​​սեփականատէր Անդրէյ Վախովսքին ռազմական գիտութիւնների ոլորտից է: Նրա ընկերութեան յաջողուած նախագծերից մէկը բարելաւուած C-125-2TM «Պեչորա-2TM» զենիթահրթիռային համակարգն է: Մոդիֆիկացիայից յետոյ այս ՀՕՊ համակարգը համարւում է արդիւնաւէտ ցածր թռչող եւ փոքր չափի թիրախների՝ մարտական ​​անօդաչու թռչող սարքերի դէմ պայքարում: «Պեչորա-2TM»-ն այնպիսի երկրների զինանոցում է, ինչպիսիք են Վիեթնամը, Լաոսը, Ղազախստանը եւ Ատրպէյճանը, ասւում է պելառուսական ձեռնարկութեան կողմից իր պոտենցիալ յաճախորդներից մէկին ուղղուած նամակում: Արտահոսած փաստաթղթերը ցոյց են տուել, որ Մինսքում գտնուող «Տետրաէդր» ձեռնարկութիւնը աքթիւօրէն օգնել է ատրպէճանական բանակին արդիականացնել իր ՀՕՊ համակարգը 2020 թուականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի նախօրէին: Արտահոսած փաստաթղթերում լրատուամիջոցը յայտնաբերել է առնուազն 16 պայմանագրի մասին յիշատակում, որոնք  ընկերութիւնը կնքել է 2006-ից 2020 թուականներին ատրպէճանական գործընկերների հետ։ Մասնաւորապէս, 2017 թուականին Մինսքի ձեռնարկութիւնը միանգամից երկու պայմանագիր է կնքել «Պեչորա-2TM» զենիթահրթիռային համակարգերի վերանորոգման, սպասարկման եւ աջակցութեան համար՝ աւելի քան 12 միլիոն տոլար ընդհանուր արժողութեամբ։ Յաջող գործարքը կնքուել է Ատրպէյճանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի՝ Մինսք կատարած այցից կարճ ժամանակ անց, որն այցելել էր ձեռնարկութիւն եւ գոհ մնացել պելառուսական զենքից։ C-125-2TM «Պեչորա-2TM» զենիթահրթիռային համակարգերը նախ մասնակցել են զօրավարժութիւնների Արցախեան երկրորդ պատերազմի նախօրէին, ապա «աքթիւօրէն օգտագործուել» մարտական ​​գործողութիւնների ժամանակ: 2020 թուականի զեկոյցի նախագծում ընկերութիւնը բացայայտել է մանրամասները։ «C-125-2TM ՀՕՊ համակարգի մարտական ​​​​անձնակազմերը ՀՕՊ համակարգը մարտական ​​​​դիրքից տեղափոխել են շարժման դիրք եւ յետ՝ օրական մինչեւ 12 անգամ, շարժուել դէպի նոր մեկնարկային դիրք եւ մարտական ​​​​գործողութիւններ իրականացրել։ Մարտական ​​​​գործողութիւնների արդիւնքում նրանք ոչնչացրել են հակառակորդի 11 անօդաչու թռչող սարք»,- ասւում է փաստաթղթում։ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտնել է, որ Ղարաբաղեան երկրորդ պատերազմի ժամանակ նրանք ոչնչացրել են 22 հայկական անօդաչու թռչող սարք։ ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը, պետական ​​գաղտնիքին յղում անելով, չի մեկնաբանել 11 անօդաչու ԱԹՍ-ների  կորստի մասին տեղեկատուութիւնը: Գերատեսչութիւնը նաեւ չի տրամադրել տեղեկատուութիւն այն մասին, թէ վերջին տարիներին հայ-ատրպէճանական բախման ընթացքում հայկական կողմը քանի C-125-2TM է ոչնչացրել: Պելառուսական  ընկերութիւնը եւ Անդրէյ Վախովսքին չեն արձագանքել հարցմանը: Գաղտնի միջնորդներ «Տետրաէդրը» գաղտնի գործարքներ է կնքել ատրպէճանական զինուորականների հետ։ «Բիւրօ»-ն եւ գործընկերները պարզել են, որ պելառուսական զէնքը վաճառուել է Բրիտանական Վիրճինեան կղզիների միջնորդի միջոցով։ Ընկերութիւնը կոչւում է N.P.O. Navigation Systems։ ՄԱԿ-ի զինաթափման հետազօտութիւնների ինստիտուտի, հակամարտութիւնների զինամթերքի հետազօտութիւնների եւ Սթիմսըն կենդրոնի համատեղ զեկոյցի համաձայն՝ միջնորդութիւնը հազուադէպ երեւոյթ չէ միջազգային զէնքի առեւտրում եւ պարտադիր չէ, որ ներառի անօրինական գործունէութիւն։ Սակայն երբ նման գործարքներում ներգրաւուած են օֆշորային ընկերութիւններ, դա թոյլ է տալիս թաքցնել իրական շահառուների մասին տեղեկատուութիւնը։ «Նման գաղտնիութիւնը կարող է քօղարկել իրական սեփականատէրերի անունը կամ զէնքի արտահանման կամ վերբեռնման իրական երկիրը»,- այս մասին «Հետք»-ին ասել է «Transparency International»-ի աւագ գիտաշխատող Քոլբի Կուտմանը, որն ուսումնասիրում է պաշտպանութեան ոլորտում կոռուպցիան։ Pandora Papers-ից արտասահմանեան տուեալների զանգուածային արտահոսքի շնորհիւ լրատուամիջոցը պարզել է, թէ ում շահերն են թաքնուած N.P.O. Navigation Systems-ի յետեւում։ «Տետրաէդր»-ի հետ համագործակցութեան ընթացքում օֆշորային ընկերութիւնը պատկանել է երկու ատրպէճանցու՝ Ֆուատ Սեիդալիեւին եւ Արիֆ Ռահիմովին: Նրանք ունեն գինու պիզնէս՝ «Սաւալան Ասպի» գինեգործարանը, եւ երկուսն էլ նշուած են որպէս Aspi Consulting Engineers խորհրդատուական ընկերութեան գլխաւոր մենէյճըրներ: Վերջինը մասնակցել է Ատրպէյճանում պետական ​​գոյքի մասնաւորեցման գործընթացին: Մասնաւորապէս, այն խորհրդատուութիւն է տրամադրել տեղական տնտեսական զարգացման նախարարութեանը փոքր հիտրոէլեկտրակայանների վաճառքի վերաբերեալ: Գործարարների համար ոչ պակաս կարեւոր զբաղմունք է զէնքի առեւտուրը: Արտահոսած փաստաթղթերում Սեիտալիեւը եւ Ռահիմովը ներկայացուած են որպէս ատրպէճանական Azairtechservice ընկերութեան թոփ մենէյճըրներ: Այն այժմ կոչւում է Esis Technologies: Այն նորեկ չէ ռազմական արդիւնաբերութեան մէջ: 2011 թուականին Azairtechservice-ը համատեղ ձեռնարկութիւն է ստեղծել պելառուսական «Տետրաէդր»-ի հետ՝ հին զենիթահրթիռային համակարգերի արդիականացման համար: Երեք տարի անց հարաւաֆրիկեան «Պարամաունթ Գրուպ» ընկերութեան հետ ստեղծուել է մարտական ​​ուղղաթիռների արդիականացման համատեղ ձեռնարկութիւն: 2016 թուականին ատրպէճանական ընկերութիւնը պաշտպանութեան ոլորտում համագործակցութեան մասին համաձայնագիր է կնքել թուրքական «Հաւելսան» ընկերութեան հետ, որը մասնագիտացած է կառավարման, մոտելաւորման, անվտանգութեան եւ հետախուզութեան համակարգերի ոլորտում: Azairtechservice-ն ինթըրնեթում անուանում էին «պաշտպանական արդիւնաբերութեան երկրորդ նախարարութիւն»: Լրատուամիջոցը հարցրել է Ատրպէյճանի պաշտպանութեան նախարարութեանը, թէ ինչո՞ւ են նրանք N.P.O. Navigation Systems-ն ընտրել որպէս միջնորդ Պելառուսի ընկերութեան հետ գործարքներում եւ ի՞նչ միջնորդավճար է ստացել օֆշորային ընկերութիւնն իր աշխատանքի համար, բայց պատասխան չի ստացել։ Սեիտալիեւը հեռախօսով ասել է, որ ինքը որեւէ կապ չունի N.P.O. Navigation Systems-ի հետ, սակայն Pandora Papers-ի արտահոսքի փաստաթղթերն այլ բան են ասում։ Նրա գործընկեր Ռահիմովը չի արձագանքել։ Անարդար խաղ  Բարձր մակարդակով Պելառուսն ու Ատրպէյճանը չեն թաքցնում իրենց ռազմական համագործակցութիւնը։ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւն անձամբ է ստուգել պելառուսական «Պոլոնէզ» հրթիռային համակարգերը, որոնք համալրել են ատրպէճանական բանակի զինանոցը։ «Արտադրանքի որակն ամէնաբարձրն է, դրանք արդիւնաւէտ են։ Հետեւաբար, պատահական չէ, որ մեր երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցութիւնն արդէն իսկ ունի լաւ պատմութիւն, բաւականին մեծ ծաւալներ եւ ընդլայնման լաւ միտում»,- ասել է Ալիեւը 2018 թուականին Ալեքսանդր Լուկաշենկոյին այցի ժամանակ։ Լրատուամիջոցն ընդգծում է, որ Պաքուին պելառուսական զէնքի մատակարարումը վաղուց սրել է լարուածութիւնը Երեւանի եւ Մինսքի միջեւ։ Պելառուսը եւ Հայաստանը դաշնակիցներ են ռազմական դաշինքում՝ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնում (ՀԱՊԿ)։ Ատրպէյճանն անդամ չէ։ Երեւանը վախենում էր Պաքուի կողմից ռազմական ագրեսիայից, ուստի անընդունելի էր համարում իր հակառակորդին պելառուսական զէնքի մատակարարումը, ասւում է հրապարակման մէջ։ Լուքաշենքօն Արցախեան երկրորդ պատերազմն անուանել է «ազատագրական» Ատրպէյճանի համար՝ յաւելելով, որ ինքն ու Ալիեւը հաւատում էին յաղթանակին։ Դրանից յետոյ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ այլևս երբեք չի գնայ Պելառուս, քանի դեռ այն ղեկավարում է Ալեքսանտր Լուքաշենքօն։

Թարգմանութիւնը՝ Էմմա Չօպանեանի
factor.am
26 Օգոստոս 2025

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ