
Օգոստոսի 22-ին Աւազա առողջարանային քաղաքում Թուրքմէնստանի փաստացի առաջնորդ Կուրպանգուլի Պերտիմուհամետովը հիւրընկալել է Ատրպէյճանի եւ Իւզբէկստանի նախագահներին: Բանակցութիւնների աւարտին Իլհամ Ալիեւը հանդէս է եկել յայտարարութեամբ, որտեղ փակագծեր չի բացել, միայն հաւաստել է, որ երեք առաջնորդները համապատասխան յանձնարարականներ տուել են:
Խօսքը, ամենայն հաւանականութեամբ, իւզպէքական նաւթի եւ թուրքմէնական կազի տարանցման մասին է: Պաքուի մամուլը մէջբերել է Ատրպէյճանում Միացեալ Նահանգների նախկին դեսպան Սեկութային, որի գնահատմամբ՝ Հայաստանին ատրպէճանական էներգակիրների մատակարարումը թոյլ կը տայ յաղթահարել Ռուսաստանից կախուածութիւնը, բայց «տարածաշրջանն իրականում կը վերափոխի Թրանսկասպեան երկար սպասուած խողովակաշերը, որ թուրքմէնական կազը Եւրոպա կը հասցնի Ատրպէճանով»:
Թուրքմէնստան մեկնելու նախօրէին Իլհամ Ալիեւի Քելբաջարում «տեղի բնակչութեան հետ հանդիպմանը» խօսել է ռազմական ծախսերի աւելացման, նոր սերնդի կործանիչներ ձեռք բերելու, ռազմածովային ուժերի կատարելագործման, յատուկ նշանակութեան զօրամիաւորումների թուաքանակը մեծացնելու մասին:
Հայաստանում Ալիեւի այդ յայտարարութիւնը գնահատւում է հայ-ատրպէճանական յարաբերութիւնների կտրուածքով: Այդ հանգամանքն, իհարկէ, պէտք է անպայման հաշուի առնել: Այդուհանդերձ, Ատրպէյճանի ռազմական նախապատրաստութիւնները, կարծես, աւելի շատ հետապնդում են Կասպից աւազանում անվտանգութեան լուրջ համակարգ ստեղծելու նպատակ:
Եթէ Թրանսկասպեան խողովակաշարի գաղափարը կրկին արդիականացւում է, իսկ Պաքւում ԱՄՆ-ի դեսպանի դիտարկումը դրա մասին է, ապա այդ նախագիծը չի կարող չյարուցել Ռուսաստանի եւ Իրանի հակազդեցութիւնը: Երկու երկրներն էլ սեփական էներգակիրների արտահանման խնդիր ունեն: Այս իմաստով Սիւնիքում հաղորդուղիների բացման նախագծի շուրջ Թեհրանի եւ Մոսկուայի «մտահոգութիւնները» բոլորովին այլ ենթաթեքսթ են ստանում:
Թրանսկասպեան խողոկաշարի կառուցումը ենթադրում է ափամերձ բոլոր երկրների համաձայնութիւն: Ռուսաստանը եւ Իրանը կը համակերպուե՞ն թուրքմէնական կազի եւ իւզպէքական նաւթի տարանցման ծրագրին: Փաստացի առկայ է Պաքու-Ճէյհան նաւթամուղի շուրջ քննարկումներին շատ նման իրավիճակ: Հայաստանը կարո՞ղ է ներգրաւել աշխարհաքաղաքական այդ ծրագրաւորումներին: Ատրպէյճանը պատրաստւում է ռազմական ուժով Ռուսաստանին եւ Իրանին համոզե՞լ, թէ «կասպեան պատերազմն անխուսափելի է»:
Վահրամ Աթանէսեան
1in.am
23 Օգոստոս 2025







Մեկնաբանէ