
1
Փաշինեանի վերջին ուղերձը եւս մէկ անգամ ապացուցեց` Հայաստանում պաշտօնական մակարդակում գերիշխող է մնում` «Ղարաբաղեան հարցի կարգաւորում» միֆաքաղաքական կոնցեպցիան:
Համաձայն դրա` կար/կայ Ղարաբաղեան հարց, որը Հայաստանի գլխաւոր խնդիրն է, եւ որի լուծմամբ Հայաստանը կը հասնի խաղաղութեան, տնտեսական բարգաւաճման, քաղաքական կայունութեան, այլեւ` անկախութեան:
Իսկ տարածաշրջանում կը հաստատուի փաստացի երկրային դրախտ` բոլորը բոլորի հետ առեւտուր կ՛անեն, կը բարգաւաճեն եւ գոհ կը մնան: Ըստ` Փաշինեանի մենք արդէն նոյնիսկ հասել ենք այդ վախճանաբանական կէտի:
2
Ոչ մի նոր բան այս պատկերացման մէջ ոչ միայն չկայ, այլեւ դա Երրորդ Հանրապետութեան գլխաւոր եւ հիմնական քաղաքական միֆն է եղել եւ կայ:
Դրա փաստացի` բաց կամ քօղարկուած կրողն են եղել եւ են Հայաստանի բոլոր ղեկավարները` ցայսօր:
Քոչարեանն ու Սարգսեանը նոյնպէս պոստֆակտում բացայայտուել են որպէս դրա կրող:
Քոչարեանը` երբ անընդատ շեշտում է, որ մինչեւ 2020 թուականի պատերազմը պէտք էր համաձյնուել «լուծմանը», եւ Սարգսեանը, երբ ասում է, թէ 2018 -ին ուզում էր մնար վարչապետ, որպէսզի լուծի հարցը:
Եւ հիմա էլ, երբ այդ գործիչների, ինչպէս եւ միւս տիտղոսաւոր մեծ ու փոքր ընդդիմադիրների հիմնական քննադատութիւնն ու առարկութիւնը Փաշինեանին մնում է` մենք աւելի լաւ կը բանակցէինք, կամ աւելի լաւ խաղաղութիւն կը բերենք քան դու` արժանապատիւ եւայլն:
Ոչ մէկի առաջարկը չէ` պայքարը եւ ուժային գործօնի կրկին վերածուելը:
Նիկոլն, ըստ այդմ, ոչ թէ նորարար է, ինչպէս ուզում է ինքն իրեն ներկայացնել, այլ խտացումն ու մինչեւ վերջ հասցնումն է «լուծման» տրամաբանութեան:
Նա ոչ թե Երրորդ Հանրապետութեան տեղը մի նոր բան ստեղծողն է, այլ Երրորդ Հանրապետութեան գլխաւոր մեղքի եւ արատաւոր մտածողութեան կատարեալը:
Ճիշդ է, հայրերը չեն ուզում ճանաչեն ի դէմս իրեն իրենց որդուն, որովհետեւ նրանք չէին պատկերացնում այդքան հեռու գնալ այս ճանապարհով` նրանք ուզում էին ընդամէնը Արցախը տային ռուսներին, իսկ ազատագրուած տարածքները` թուրքերին, եւ ասէին` կարեւորը հայաբնակ Արցախը պահեցինք (բնականաբար չէր պահուելու այդ դէպքում էլ, բայց ժամանակաւոր պատրանք հնարաւոր էր ստեղծել):
Որդին էլ չի ուզում ճանաչել հայրերին, քանզի ուզում է պատմութեան մէջ մտնի որպէս լիովին նորի հիմնադիր, եւ երկրի վրայ դրախտ հաստատող:
Չի ստացուելու, քանի որ ոչ միայն հայրերի գաղափարական որդին է, այլեւ վերջին առնուազն հարիւր եւ աւելին տարուայ հայկական քաղաքական աւանդոյթի տիպական գծերի մարմնաւորումն է այսօրուայ քաղաքականութիւնը` պարզապէս պատմութիւն չիմանալը օգնում է դա չտեսնել:
3
Ղարաբաղեան հարցի կարգաւորում, այսինքն` Ղարաբաղի դիմաց խաղաղութիւն բանաձեւը հենց վերջին տարիներին բազմիցս եւ աւելցուկով ապացուցել է իր սնանկութիւնը:
Նախ` 2020 -ի Նոյեմբերի 9-ից յետոյ, երբ անսալով ի վերջոյ հայրերի խորհուրդին` Փաշինեանը համաձայնեց ռուսական փլանին, որն արդարացուեց յանուն Արցախի մնացորդների փրկութեան: Փոխարէնը սպասւում էր ճանապարհների բացում, խաղաղութիւն, եւ Արցախի հայաբնակութեան պահպանում: Չեղաւ ոչ մէկը, բնականաբար:
Երկրորդ` երբ Հայաստանը ճանաչեց Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնն ու Արցախն Ատրպէյճանի կազմում: Նոյն սպասումներով` նոյն զրոյական արդիւնքով:
Երրորդ` երբ Արցախը հայաթափուեց` բոլորի լուռ համաձայնութեամբ` Ատրպէյճան-Ռուսաստան-Թուրքիա-Հայաստան: Նոյն սպասումները` նոյն արդիւնքը:
4
Փաստացի արդէն այսօր` «Ղարաբաղի հարցի կարգաւորումը» անցել է յաջորդ` «Սիւնիքի հարցի կարգաւորում» փուլ` մենք ունենք արդէն երկու փաստաթուղթ ստորագրած Հայաստանի կողմից, որտեղ Հայաստանը համաձայնում է Սիւնիքով անխոչընդոտ ճանապարհ տրամադրել Ատրպէյճանին` մի հատ ռուսական, մի հատ էլ ամերիկեան հովանաւորութեամբ: Եւ որքան էլ փորձեն խճճել եւ այլ բաներ ներկայացնել, սա սկիզբն է «Սիւնիքի հարցի»:
Բայց ամէնը չի խանգարում Հայաստանի ղեկավարութեանը պնդել, որ խաղաղութիւնը կը հաստատուի, եթէ վերջնականապէս հրաժարուենք արդէն վիրթուալ «Ղարաբաղեան հարցից»:
Հաւանաբար սա այն գաւաթն է, որից պէտք է մինչեւ վերջ խմենք, որպէսզի Երրորդ Հանրապետութեան արդէն յետմահու` զոմպի գոյութիւնը հասնի իր կատարմանը, եւ մեր ջանքերով վերջնական քաղաքական դաս դառնայ հայ ժողովորդի համար:
5
«Ղարաբաղեան հարցի լուծումը»` որեւէ տարբերակով` հայրերի «չափաւոր» թէ որդու «կատարեալ» չէր բերելու, չի բերել եւ չի բերելու ոչ իրական եւ տեւական խաղաղութիւն, ոչ առաւել եւս` անկախութիւն, ոչ էլ նոյնիսկ Հայաստան-Ատրպէյճան յարաբերութիւնների «կարգաւորում»:
Չի էլ կարող բերել, քանզի ոչ մի առանձին Ղարաբաղեան հարց երբեք չի էլ եղել, ոչ էլ Ղարաբաղեան պատերազմ: Կայ ու եղել է եւ մնալու է` Հայաստան, Հայաստանի հարց, Հայաստանի անկախութիւն` յանուն դրա պայքար:
Ոչ Արցախից հրաժարումը, ոչ Սովետական Հայաստանի սահմանների ճանաչումը որպէս միակ լեգիտիմ, ոչ այլ մոգական` «դիւանագիտական», «աւելի լաւ դիւանագիտական», «իրաւական», «թղթային» գործողութիւն չի բերելու կայուն խաղաղութեան, անկախութեան կամ էլ Ատրպէյճանի հետ խնդրի «լուծման»:
Այդ ամէնն ունի միայն մեկ լուծում` հայ ժողովորդի նորից վերածում ուժային գործօնի` որքան շուտ այնքան լաւ (ոչ թէ անկապ արդարացում` ժամանակ շահենք-ով), պայքարողութենակութեան ցուցադրմամբ, եւ անկախութեան կառուցման իրական ծրագրորվ ու տեսլականով:
Թէ ինչու եւ ինչպէս` ահաւոր շատ եմ խօսել վերջին տարիներին, խնդրում եմ, չստիպել ֆէյսպուքի մեկնաբանութեան մակարդակով ծաւալուել: Կարծում եմ, եթէ մէկին անկեղծօրէն հետաքրքիր է, նա չի ալարի մի երկու բան նայի ու լսի:
Հրանդ Տէր Աբրահամեան







Մեկնաբանէ