
2023 թուականին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողութիւնը կորցնելուց յետոյ Հայաստանը շրջւում է դէպի Արեւմուտք։ Երեւանի քաղաքական հեռաւորութիւնը Քրեմլից նոր մակարդակի 2025 թուականի Մարտին հասաւ, երբ Հայաստանի խորհրդարանի մեծամասնուիունը քուէարկեց ԵՄ-ին անդամակցութեան գործընթացը սկսելու օգտին։
ԵՄ-ի նկատմամբ Հայաստանի հետաքրքրութիւնը վերջերս ուժեղացել է, սակայն այն նոր չէ։ 2017 թուականին կողմերը ստորագրեցին Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիր՝ տնտեսական, իրաւական եւ քաղաքական համագործակցութիւնը խթանելու համար։ 2023-ին ԵՄ-ն քաղաքացիական մոնիթորինկի առաքելութիւն տեղակայեց հայկական տարածքում՝ Ատրպէյճանի հետ սահմանի երկայնքով, տեղում իրավիճակը դիտարկելու համար։
Թէեւ Հայաստանի կառավարութիւնը դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականութիւնը՝ հաւասարակշռութիւն պահպանելով Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, Հայաստանի տնտեսական եւ ռազմական կախուածութիւնը Ռուսաստանից նպաստում է հասարակութեան բեւեռացմանը։
Հայերի փոփոխուող վերաբերմունքը
Տասնամեակներ շարունակ հայ հանրութիւնը Ռուսաստանը համարում էր իր երկրի «գլխաւոր բարեկամը» եւ պաշտպանող ուժը: Այդ ընկալումը սկսեց փոխուել 2020 թուականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից յետոյ: «Կովկասեան պարոմեթր» հարցման տուեալները ցոյց են տալիս, որ երբ 2023 թուականին ռուս խաղաղապահները չկարողացան պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնք ստիպուած էին փախչել տարածաշրջանից, Ռուսաստանի ժողովրդականութիւնը հանրութեան շրջանում կտրուկ նուազեց:
Նոյն հարցման համաձայն՝ հայերը յստակօրէն հիասթափուած են նաեւ ժողովրդավարութիւնից, թէեւ առկայ են ժողովրդավարացման որոշ խրախուսական նշաններ, ինչպիսիք են կոռուպցիայի դէմ պայքարի բարեփոխումները:
Երբ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպութիւնը հրապարակեց իր 2025 թուականի մամուլի ազատութեան ինտեքսը, Հայաստանը զարմանալիօրէն լաւ արդիւնքներ ցուցադրեց՝ 180 երկրների մէջ զբաղեցնելով 34-րդ տեղը, առաջ անցնելով ԵՄ անդամ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իտալիան, Սլովաքիան եւ Յունաստանը, եւ զգալիօրէն գերազանցեց հարեւան Վրաստանին եւ Ատրպէյճանին:
Սակայն լայն ազատութիւնների առումով «Ֆրիտըմ Հաուսը» բնութագրում է Հայաստանը ընդամէնը որպէս մասամբ ազատ: Երկիրը այս ոլորտում որեւէ էական առաջընթաց չի գրանցել 2018-ի Թաւշեայ յեղափոխութիւնից ի վեր։ Այդ բողոքի շարժման արդիւնքում իշխանութիւնը խաղաղ կերպով փոխանցուեց վարչապետ Նիկոլ Փաշինեանի կառավարութեանը, եւ դա զգալիօրէն փոխեց Հայաստանի քաղաքականութիւնը ու վերագնահատեց երկրի յարաբերութիւնները Ռուսաստանի հետ։
Փաշինեանը ձգտում է աւելի սերտ կապեր հաստատել ԵՄ-ի հետ։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից 2025 թուականի Յունիսին անցկացուած հարցման համաձայն՝ Հայաստանի բնակչութեան գրեթէ կէսը կողմ է ԵՄ անդամակցութեանը։ Միեւնոյն ժամանակ, ընդդիմադիր կուսակցութիւնները, հզօր Հայ Առաքելական եկեղեցին եւ Ռուսաստանի հետ սերտ տնտեսական կապեր ունեցող տեղական օլիգարխները համախմբւում են Ռուսաստանի շուրջ։ Կառավարութեան եւ եկեղեցու միջեւ լարուածութիւնը վերջերս սրուել է։ Սա կարող է է՛լ աւելի խորացնել հասարակութեան պառակտումը։
ԵՄ-ի վերաբերեալ բեւեռացուած տեսակէտներ
ԵՄ անդամակցութեան թեմայի շուրջ հայ հասարակութիւնը գնալով բեւեռացւում է, իսկ որոշում չկայացրած մարդկանց թիւը համապատասխանաբար նուազում է: Աւելի ու աւելի քիչ հայեր որոշակի կարծիք չունեն ԵՄ-ի վերաբերեալ կամ չգիտեն՝ վստահե՞լ միութեանը, թէ՞ ոչ: Եթէ 2019 թուականի հարցման մասնակիցների 45 տոկոսը դեռ չէր կողմնորոշուել՝ վստահե՞լ ԵՄ-ին, թէ՞ ոչ, այս ցուցանիշը 2024-ին նուազել էր մինչեւ 27 տոկոս:
Այլ կերպ ասած՝ աւելի շատ հայեր յստակ դիրքորոշում ունեն՝ կա՛մ կողմ են ԵՄ-ի աւելի սերտ կապերին օգտին, կա՛մ դէմ են: Այսպիսով, չնայած անդամակցութեան աջակցութիւնն աճել է, եւրասկեպտիկները դեռ ազդեցիկ թիւ են կազմում:
Ընդհանուր առմամբ հայ բնակչութեան 44 տոկոսը աջակցում է Հայաստանի ապագայ անդամակցութեանը ԵՄ-ին, իսկ 27 տոկոսը՝ ոչ: Հետաքրքիր է, որ ԵՄ-ի նկատմամբ վստահութիւնը շատ աւելի ցածր է. հայերի միայն 30 տոկոսն է վստահում միութեանը, իսկ 42 տոկոսը՝ ոչ: Հիմնական պատճառներից մէկն այն է, որ միջազգային կազմակերպութիւնների նկատմամբ վստահութիւնը զգալիօրէն ընկել է՝ Լեռնային Ղարաբաղի հայերի 2023 թուականին արտաքսմանը չարձագանքելու պատճառով։
2024 թուականի «Կովկասեան պարոմեթր» հարցման տուեալները չեն հաստատում տարածուած ենթադրութիւնը, որ Հայաստանի երիտասարդները եւրոպամէտ են։ Տարիքով մեծ մարդիկ աւելի հակուած են աջակցել ԵՄ անդամակցութեանը։ Հայաստանի Ամերիկեան համալսարանի սոցիոլոգ Եւգենիա Ճէնի Պատուրեանը ընդգծում է, որ դասական քաղաք-գիւղ բաժանում Հայաստանում չկայ, ինչպէս շատ այլ յետկոմունիստական պետութիւններում, որտեղ երիտասարդ քաղաքային բնակչութիւնը եւ ուսանողները սովորաբար եւրոպամէտ են, մինչդեռ գիւղական վայրերի երիտասարդութիւնն աւելի պահպանողական եւ աւանդապաշտ է։ Հենց Երեւանի կրթուած, քաղաքային երիտասարդութիւնն է, որ չափազանց քննադատաբար է մօտենում ԵՄ անդամակցութեանը։ Եւ հակառակը՝ գիւղական վայրերի տարեց մարդիկ աջակցում են Փաշինեանին եւ նրա քաղաքական երազանքին՝ անդամակցել ԵՄ-ին։
Հարց է, թէ ինչու։ Տարբեր հնարաւոր բացատրութիւններ կան։ Մէկն այն է, որ աւելի երիտասարդ, աւելի կրթուած մարդիկ աւելի իրատեսական պատկերացում ունեն ԵՄ անդամակցութեան հնարաւոր առաւելութիւնների եւ թերութիւնների մասին։ Գիւղական վայրերի տարեց մարդիկ հիմնականում տեսնում են ԵՄ անդամակցութեան մեծ տնտեսական եւ քաղաքական խոստումը։ Փաշինեանի եւ նրա կուսակցութեան քաղաքական աջակցութիւնը Երեւանից դուրս նոյնպէս պատճառներից մէկն է, թէ ինչու ընտրողներն աջակցում են եւրոպամէտ քաղաքականութեանը։
Երիտասարդների շրջանում եւրասկեպտիկութեան մէկ այլ պատճառ կարող է լինել այն հայերի համեմատաբար բարձր տոկոսը, որոնք Խորհրդային Միութեան փլուզումը համարում են բացասական իրադարձութիւն եւ վստահում են եկեղեցուն, զինուորականներին եւ ոստիկանութեանը։ Ֆրիտրիխ Էպըրթ հիմնադրամի 2023 թուականի ուսումնասիրութեան, ինչպէս նաեւ IRI 2025 թուականի հարցման համաձայն՝ երիտասարդ հայերը մի կողմից գնահատում են արեւմտեան արժէքները եւ արտայայտում են լիբերալ դիրքորոշումներ, ընդ որում՝ հայ երիտասարդների 52 տոկոսը համաձայն է, որ ժողովրդավարութիւնը երկրի համար կառավարման լաւագոյն ձեւն է։ Սակայն մյուս կողմից նրանք իրենց հակադրում են Եւրոպային եւ իրենց եվրոպացի չեն համարում։
Հայաստանի երիտասարդութեանը յատուկ են հակասական ընկալումները խորհրդային անցեալի վերաբերեալ։ Աւելի բարձր կրթական մակարդակ ունեցողները առաւել հակուած են մտածել, որ ԽՍՀՄ փլուզումը լաւ բան էր, քան աւելի ցածր կրթական մակարդակ ունեցողները։ Հարցման մասնակից տղամարդիկ զգալիօրէն աւելի հակուած են Խորհրդային Միութեան փլուզումը վատ լոյսի ներքոյ տեսնելուն, քան կանայք։ Գիւղական վայրերում ապրող երիտասարդներն աւելի հակուած են բացասական վերաբերմունք ունենալ այս իրադարձութեան նկատմամբ, քան մայրաքաղաքում կամ այլ քաղաքային վայրերում բնակուողները։
Դժուար հաւասարակշռութիւն
Հայաստանը փորձում է բարդ աշխարհաքաղաքական հաւասարակշռութիւն պահպանել: Չնայած ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցութիւնը խորացել է, մասնաւորապէս՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից յետոյ, ԵՄ անդամակցութեան քաղաքական նպատակը վիճայարոյց է եւ հիմնականում խորհրդանշական: Հաշուի առնելով երկրի մեկուսացումը՝ Նիկոլ Փաշինեանը կողմ է ոչ միայն ԵՄ-ի հետ աւելի սերտ կապերին, այլեւ բազմավեքթոր աշխարհառազմավարական գործընկերութեանը: Այդպիսով նա նպատակ ունի բազմազան եւ հաւասարակշռուած յարաբերութիւններ կառուցել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ՝ առանց լիովին հրաժարուելու Հայաստանի կախուածութիւնից Ռուսաստանի տնտեսական, ռազմական եւ մշակութային հզօրութիւնից: 2026 թուականի Յունիսին կայանալիք խորհրդարանական ընտրութիւնները կարեւոր փորձութիւն կը լինեն վարչապետի քաղաքական ռազմավարութեան համար:
Ցիփիլմա Տարիեւա, Փօլ Վերնիկ
Թարգմանութիւնը՝ Մարիա Սադոյեանի
Մետիամաքս
5 Օգոստոս 2025







Մեկնաբանէ