
Հեղինակաւոր The Washington Times պարբերականում հրապարակուել է Գրիգոր Յովհաննիսեանի յօդուածը, ով հանդիսանում է Հայաստանի նախկին արտակարգ եւ լիազօր դեսպանը ԱՄՆ-ում եւ նախկին արտգործնախարարի տեղակալը։ Կից ներկայացնում ենք յօդուածի հայերէն թարգմանութիւնը.
Վերջերս ՆԱԹՕ-ի գլխաւոր քարտուղար Մարք Ռիւթէի հետ հանդիպման ժամանակ նախագահ Թրամփը հնչեցրեց լաւատեսական միտք՝ առաջարկելով, որ Հայաստանը եւ Ատրպէյճանը «կարող են խաղաղութեան ուղու վրայ լինել» երկար տարիների թշնամութիւնից յետոյ։ Սակայն, եթէ հետեւենք Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի հռետորաբանութեանը, կարող ենք այլ եզրակացութեան գալ։ Նրա յայտարարութիւնները ցոյց են տալիս ոչ թե խաղաղութեան ճանապարհային քարտէզ, այլ տարածքային վերանայման քողարկուած փորձի վրայ հիմնուած արշաւ։
Խնդիրը Ալիեւի պահանջն է՝ ունենալու ցամաքային միջանցք Հայաստանի հարաւով, որը կը կապի Ատրպէյճանի հիմնական մասը Նախիջեւանի ինքնավար հանրապետութեան հետ, որն ունի սահման Թուրքիայի հետ։
Սա կը ստեղծի անընդհատ ցամաքային կապ Թուրքիայից՝ Նախիջեւանով դէպի Ատրպէյճան եւ այնտեղից դէպի աւելի լայն թուրքական աշխարհ՝ Կենդրոնական Ասիայում։ Դրան խանգարում է Հայաստանի հարաւային Սիւնիքի մարզը, որը նաեւ Հայաստանի միակ ցամաքային միջանցքն է դէպի Իրան, որը կարեւոր ռազմավարական եւ տնտեսական գործընկեր։
Յուլիսի 10-ին Ապու Տապիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպումից անմիջապես յետոյ Ալիեւը յաղթականօրէն թուիթ արեց ապագայ «Զանգեզուրի միջանցքի իրականացման» մասին՝ օգտագործելով այդ տարածքի ատրպէճանական անուանումը։
Վերջին շրջանում ատրպէճանական մամուլում լայնօրէն մէջբերուած իր ելոյթում նա ասել է. «Ե՛ւ միջազգային հարթակներում, ե՛ւ Հայաստանի հետ երկկողմ շփումներում մենք հետեւողականօրէն ընդգծում ենք մէկ կէտ. … Պէտք է լինի հարթ եւ անխափան անցում Ատրպէճանից Նախիջեւան ՝ առանց որեւէ ստուգման կամ խոչընդոտի։ Սա մեր պահանջն է»։
Այս լեզուն ցոյց է տալիս, որ Ալիեւի տեսլականը սահմանափակուած չէ սովորական տարանցիկ ճանապարհով։ Նա ցանկանում է միջանցք, որը զերծ կը լինի հայկական սահմանային վերահսկողութիւնից, մի ճանապարհ, որը փաստացի կը զրկի Երեւանին իր տարածքի մի մասի ինքնիշխանութիւնից։ Սա սահմանների վերանայման մասին է։
Քանի որ նրա ցանկութիւնը՝ կապ ունենալ Նախիջեւանի հետ, տրամաբանական է թւում, այն արժանի է արդար քննութեան։ Կարո՞ղ է որեւէ երկիր պահանջել անսահմանափակ տարանցիկ միջանցք մէկ այլ ինքնիշխան պետութեան տարածքով՝ պարզապես այն պատճառով, որ ունի անկլաւ։ Օրինակ՝ Միացեալ Նահանգները կը պահանջէ՞ր անխափան անցում Քանատայի տարածքով՝ Ալասքա հասնելու համար։ Իհարկէ ոչ, քանի որ միջազգային նորմերը նման բան չեն նախատեսում։
Թէեւ Պաքուն այս պահանջը ներկայացնում է որպէս խաղաղութեան տրամաբանական քայլ, դրա իրաւական, պատմական եւ աշխարհաքաղաքական հիմքերը թոյլ են։ Այսպէս կոչուած միջանցքի հիմքը Ռուսաստանի միջնորդութեամբ կնքուած հրադադարի համաձայնագիրն է, որը աւարտեց 2020 թուականի երկրորդ Արցախեան պատերազմը։ Այդ համաձայնագրում ասւում է. «Հայաստանի Հանրապետութիւնը երաշխաւորում է տրանսպորտային կապերի անվտանգութիւնը Ատրպէյճանի արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժի կազմակերպման համար»։
Սակայն այս անորոշ կէտը Ատրպէյճանին արտատարածքային վերահսկողութիւն չի տալիս եւ չի օգտագործում «միջանցք» տերմինը։ Միակ վերահսկող մեխանիզմը, որ նշեւած է, ռուս սահմանապահների հսկողութիւնն է։
Հայաստանը այս կէտը մեկնաբանում է որպէս պարտաւորութիւն՝ տրամադրել տարանցիկ ճանապարհ՝ իր լիարժէք իրաւասութեան ներքոյ՝ սահմանային, մաքսային եւ իրաւական վերահսկողութեամբ։
Ոչ մի պայմանագիր, ՄԱԿ-ի դրոյթ կամ նախադէպ չի պարտադրում որեւէ երկրի զիջել իր հողերի վերահսկողութիւնը՝ մէկ այլ պետութեան անջատուած մասերի միջեւ կապ ապահովելու համար։ Տարանցիկ համաձայնագրեր կան, օրինակ՝ Ռուսաստանի եւ Լիտվայի միջեւ Քալինինկրատի համար, բայց դրանք իրականացւում են հիւրընկալող երկրի վերահսկողութեան ներքոյ։ Ալիեւի առաջարկածը փաստացի տարածքային զիջում է։
Աշխարհում շատ անկլաւներ կան, եւ ոչ մէկը նման կարգաւորում չի ստացել։
Արեւմտեան Պերլինը (1945-1990) հասանելի էր Արեւմտեան Գերմանիայից միայն նուրբ բանակցութիւնների արդիւնքում։ Երբ շրջափակում սահմանեցին, Արեւմուտքը պատասխանեց օդային կամրջով, ոչ թե տարածքային զաւթմամբ։
Արեւելեան Փաքիստանը (1947-1971), որը բաժանւած էր Հնդկաստանի տարածքով, երբեք միջանցք չստացաւ։ Հնդկաստանը մերժեց։ Այս հիասթափութիւնը նպաստեց Արեւելեան Փաքիստանի՝ որպէս Պանգլադէշ անկախացմանը։
Սէուտան եւ Մելիլեան՝ Իսպանիայի քաղաքները Հիւսիսային Աֆրիկայում, մնում են Իսպանիայի վերահսկողութեան տակ՝ չնայած Մարոքքոյի պահանջներին։ Իսպանիան երբեք չի թոյլատրել միջանցք, որը կը թուլացնի իր ինքնիշխանութիւնը։ Եւ, Մարոքքոյի տարածքով միջանցք չկայ այդ երկու քաղաքների միջեւ։ Քարտէզը, պարզապէս, այն է, ինչ կայ։
Պատկերը պարզ է. անկլաւ ունենալը որեւէ երկրի իրաւունք չի տալիս առանց վերահսկողութեան անցում պահանջել մէկ այլ ինքնիշխան պետութեան տարածքով։ Այս հարցերը լուծւում են բանակցութիւններով, ոչ թէ պարտադրանքով։ Կը լսենք տնտեսական օգուտների մասին փաստարկներ, բայց ինքնիշխանութիւնը բանակցութեան ենթակայ չէ, եւ լաւ պիզնէսը նման խախտումներ չի պահանջում։
Հայաստանը շատ քիչ մանեւրելու հնարաւորութիւն ունի։ Սիւնիքի միջով իրական «միջանցք» տրամադրելը կը թուլացնի նրա աշխարհաքաղաքական դիրքը՝ կտրելով այն Իրանից, կը վերաձեւի Հարաւային Կովկասը եւ կը դառնայ անտանելի նոր զիջում՝ 2023-ին վիճելի Լեռնային Ղարաբաղի կորուստից յետոյ։
Վերահսկողութեան զիջումը, թէ՛ խորհրդանշական, թէ՛ փաստացի, կը լինի ռազմավարական աղէտ։
Իրանը նոյնպէս զգուշացրել է, որ Հայաստանի եւ Իրանի սահմանի ցանկացած փոփոխութիւն անընդունելի է։ Թեհրանը Զանգեզուրի գաղափարը դիտարկում է որպէս սպառնալիք իր մուտքին դէպի Կովկաս եւ արձագանքել է թաքնուած սպառնալիքներով։
Ալիեւը փորձում է հրադադարի կէտը վերածել տարածքային վերանայման գործիքի։ Պատմութիւնը լի է օրինակներով, թէ ինչպէս են պատերազմները սկսուել անորոշ պայմանագրային լեզուի շահարկմամբ։ Նախադէպը վտանգաւոր կը լինի, եթէ Հայաստանը հարկադրուած լինի զիջել արտատարածքային մուտք։ Դա կը խրախուսի հարկադրանքը, կը թուլացնի դիւանագիտութիւնը եւ կ՛ուղարկի ուղերձ այլ աւտորիտար ռեժիմներին՝ վերցրէք այն, ինչ ուզում էք, յետոյ անուանէք դա միջանցք։
Դա նաեւ կը խրախուսի Պաքուի բռնապետական ռեժիմին, որը երկար ժամանակ վստահ է եղել, որ իր էներգետիկ հարստութիւնը կը ծածկի հակահայկական մոլուցքը։ Միջազգային հանրութիւնը պէտք է սա լրջօրէն ընդունի։ Եթէ պարոն Թրամփը իսկապէս ուզում է խաղաղութեան համար վաստակել հայկական-ատրպէճանական յարաբերութիւններում, դա անցնում է Ալիեւին համոզելուց, որ հրաժարուի «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու իր յաւակնութիւններից։
Անի Վարդանեան
Ժողովուրդ
30 Յուլիս 2025







Մեկնաբանէ