Միանգամից ասեմ, որ խօսքը կոնկրէտ անձերին կամ կուսակցութիւններին ուրիշներով փոխարինելու մասին չէ։ Դա այսպէս, թէ այնպէս ժամանակի ընթացքում տեղի է ունենում։ Խնդիրը ընդդիմութեան բնոյթը, ընդդիմութիւն երեւոյթի մասին մեր պատկերացումները, եւ դրանից բխող մեր դերակատարութիւնը արմատապէս վերանայելն է։

Ո՞ւմ ենք մենք այսօր համարում ընդդիմադիր։

Առաջին հերթին ընդդիմադիր ենք համարում նախկիններին։ Բա էլ ո՞վ, եթէ ոչ նրանք։ Չէ՞ որ ժողովրդավարական աշխարհում իշխանութիւնը կորցրած կուսակցութիւններն են սովորաբար ձեւաւորում խորհրդարանական փոքրամասնութիւնը ու յաջորդ անգամ իշխանութեան վերադառնալու հնարաւորութիւն էլ բոլորից շատ նրանք ունեն։

Երկորդը իհարկէ տարբեր չափի փողի տոպրակներն են։ Բա էլ ո՞վ, եթէ ոչ նրանք։ Չէ՞ որ միայն փողի տոպրակը կարող է կարճ ժամկէտում երկրով մէկ գնել եւ վարձել կուսակցական գրասենեակներ, այնտեղ վարձու աշխատողներ նստեցնել, տարբեր ալիքներով եթերաժամ գնել։ Եւ ուրիշ երկրներում էլ փողի տոպրակները քաղաքականութեան մէջ շատ են։

Երրորդն էլ կուռքերն են։ Ճանաչելի դէմքեր, որ նախկինում ինչ-որ, ոչ քաղաքական կարգավիճակ են ունեցել՝ յայտնի դերասան, հերոս-հրամանատար, սրբազան, գուցէ ինչ-որ ծառայութիւն են մատուցել Երկրին, նրանց աւելի հեշտ է փող հաւաքել հովանաւորներից, ու մարդկանց կարող է թուալ, թէ այդ կերպարների շուրջ բողոքող ժողովուրդը կարող է համախմբուել։ Բա էլ ո՞վ, եթէ ոչ նրանք։ Չէ՞ որ անյայտ դէմքերին մարդիկ չեն ճանաչում եւ չեն կարող վստահել։

Եւ մեր քաղաքական դաշտն այսօր հիմնականում բաղկացած է այս կերպարներից։ Բայց ի՞նչ կապ ունեն նրանք մեզ հետ։ Նախկիններ, որոնք երբեք չեն ընտրուել ու իրենց իշխանութիւնը ժառանգել են իրենց նախորդներից, թալանել են ու դաւաճանել, ու իշխանազրկումից յետոյ էլ չեն հեռացել քաղաքականութիւնից։ Փողի տոպրակներ, որոնք ոչ թէ նուիրատուութիւններ են կատարում այս կամ այն քաղաքական ուժին, կամ գոնէ ֆինանսաւորում են իրենց ներկուսակցական ընտրապայաքարը, այլ իրենք իրենց են քաղաքական ուժ համարում, ձգտում են իվանիշվիլի դառնալ ու նշանակել պետութեան ղեկավարներին։ Յայտնի անուններ, որոնք ինքնակոչ փրկիչներ են, շահարկում են իրենց անունը փող կպցնելու ու դրա հաշուին իրենց շուրջ որոշ քանակի աջակցութիւն բեմականացնելու համար, որոնք երբեք քաղաքական ընտրութեան չեն մասնակցել ու խուսափում են բանավէճից։

Սրանց բոլորին մենք չենք առաջադրել, նրանց ծրագրերի քննարկմանը չենք մասնակցել ու խոշոր հաշուով չենք էլ կարեւորում այդ ծրագրերը։ Ծրագիրը սրանց բոլորի մօտ միշտ նոյնն է՝ հեռացնել ներկայ չարիքը։ Ու կարևոր չէ, որ ներկայ չարիքին առաջարկւում է հեռացնել նախկին չարիքով կամ անյայտ մի բանով, որը ամենայն հաւանականութեամբ աւելի մեծ չարիք կարող է դառնալ։

Հայաստանի քաղաքական դաշտը մեզ միշտ փորձել է չարիք առաջարկել բարիքի կեղծ փաթեթաւորմամբ, դրան չխաբուողներին էլ առաջարկել է տարբեր չարիքներից ընտրել փոքրագոյնը, եթէ դա ընդհանրապէս հնարաւոր է։ Եւ մենք ստիպուած շարունակելու ենք չարիքների միջեւ ընտրութիւն կատարել, քանի դեռ չենք որոշել ինքներս, հանրային միջոցներով, գաղափարական համայնքներով առաջադրել բարի այլընտրանքը, քանի դեռ չենք գտել նման այլընտրանք առաջադրելու մեխանիզմ։

Ուրեմն ինչպիսի՞ ընդդիմութիւն է մեզ հարկաւոր։

Եղած կուսակցութիւններին եւ առկայ ընտրական կարգը քննադատողները սովորաբար ընկնում են միւս ծայրայեղութեան մէջ՝ մերժում են ամէն տեսակի կուսակցութիւնները, իսկ ընտրութիւններին մասնակցելը համարում են ոչ միայն անիմաստ, այլեւ ռեժիմի վերարտադրութիւնը լեգիտիմացնող քայլ։ Եւ ի՞նչ է ստացւում արդիւնքում։ Պատասխանատու քաղաքացիները, ասելիք ունեցող գաղափարական գործիչները, տրուելով այդ քարոզին ապաքաղաքականանում են, չեն կազմակերպւում, չեն միաւորւում կուսակցութիւններում, չեն մասնակցում իրական գաղափարական թեկնածուների առաջադրմանը ու քաղաքական դաշտը եւ երկրի ղեկը փաստացի նուիրում են նիւթապաշտ իշխանատենչներին եւ ամբոխհաճ պատեհապաշտներին։

Ի տարբերութիւն Հայաստանի, որտեղ 35 տարի միաբեւեռ քաղաքական համակարգ է, այն երկրներում, որտեղ քիչ թէ շատ ընտրութիւն գոյութիւն ունի, հիմնական կուսակցութիւնները ոչ մէկին չեն պատկանում, բաց հանրային հաստատութիւններ են, ընտրական ենթահամակարգեր՝ նախատեսուած քաղաքական դաշտի այս կամ այն հատուածի համար, որոնց միջոցով գաղափարական այդ բեւեռում գտնուող աքթիւ քաղաքացիները առաջադրում են թեկնածուներ առաջիկայ պետական ընըտրութիւնների համար։

Իսկ Հայաստանում ընդդիմադիր ընտրազանգուածը զրկուած է այդ տարրական հնարաւորութիւնից ու արդէն 35 տարի։ Պատահական չէ, որ ընտրութիւններով ոչ մի կուսակցութիւն Հայաստանում իշխանութեան չի եկել։ Մեր կեղծ ժողովրդավարութիւնը կարծես ընդհանրապէս նման հնարաւորութիւն չի նախատեսում։

Բայց դա այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք փոխել մեր վերաբերմունքը Երկրի կառավարմանը։ Հայաստանը մեր երկիրն է եւ մենք պէտք է որոշենք, թէ ինչպէս պէտք է այն կառավարենք։ Հինգ տարին մէկ տուփի մէջ պիւլեթէն գցելը երկիր կառավարել չէ։ Չարիքի փոքրագոյն ընտրելը երկիր կառավարել չէ։ Որպէս հրապարակներում հաւաքուած ամբոխ մէկով ոգեւորուելը ու յետոյ հիասթափուելը երկիր կառավարել չէ։

Պետականութիւնն ու Երկիրը կորցնելու սպառնալիքի պայմաններում՝ եթէ իշխանափոխութիւն ենք ուզում եւ ուզում ենք, որ իշխանափոխութիւնն այդ իմաստ ունենայ, ազգային իմաստ, պարտաւոր ենք քաղաքականանալ եւ կուսակցականանալ։

Իսկ կուսակցականանալը հերթական ինքնակոչ ու յաւակնոտ կուսակցապետի յաճախորդ դառնալը չէ, նրա վիտէոները լայքելը չէ, ոչ էլ ինչ-որ ցոյցերի մասնակցելը։ Կուսակցականանալը ներդրում պահանջող, հազարների համատեղ ծանր կազմակերպական աշխատանք է։ Մենք պարտաւոր են մեր անդամավճարներով ֆինանսաւորել այն կուսակցութիւնը, որը պէտք է մեր շահերը ու մեր պատկերացրած ազգային շահը արտայայտի, որովհետեւ ոչ մի օլիգարխ բարերար կամ օտար դրամաշնորհ բաժանող իր հաշուին մեր շահերը չի ֆինանսաւորի։ Մենք պարտաւոր ենք ժամանակ ծախսել, քննարկել, բանավիճել ծրագրերի շուրջ, ծանօթանալ թեկնածուների դիրքորոշումներին եւ միայն դրա հիման վրայ թեկնածուներ առաջադրել։ Այլ ելք չկայ։

Ընդդիմութիւնափոխութիւնը իշխանափոխութեան անհրաժեշտ եւ բաւարար պայմանն է։ Նախընտրութիւնը, այսինքն պետական ընտրութիւններին ընդառաջ, տեւական բովանդակային քննարկումներից յետոյ, հազարաւոր ընտրողների մասնակցութեամբ, բազմաթիւ թեկնածուներից ազգընտիր առաջնորդի ու նրա թիմի ընտրութիւնը, նրանց կ՛օժտի ընդդիմութիւնափոխութեան ու իշխանափոխութեան ծանրակշիռ հանրային մանդատով, խաղից դուրս կը թողնի բոլոր նախկիններին, էլիտար խոպանչիներին եւ ինքնահռչակ փրկիչներին, ու անմիջապէս կը միացնի անհայրենիք ոչինչութիւնների իշխանազրկման մեխանիզմը։

Արմէն Աղայեան

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ